Այն, որ Տեր-Պետրոսյանը մեր ժամանակների ամենամեծ ստախոսն է, հանրահայտ է։ Բայց մեկ բան է՝ հերթական անգամ «ձեռքի հետ» արձանագրել սույն տխուր փաստը, եւ միանգամայն այլ բան՝ անել դա փաստացի նյութի վրա։
«Հայոց Աշխարհ»-ը շարունակում է հրապարակումների շարքը, որոնց նպատակն է՝ առանց զգացմունքների, բացառապես թվերի հիման վրա անդրադառնալ վերջին միտինգում Տեր-Պետրոսյանի ներկայացրած ծիծաղելի մեղադրանքներին։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի նախագահության 10 տարիներին, հուլիսի 4-ի հանրահավաքում Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարեց.
-Համարյա ողջ պետական գույքը եւ պահուստային հողատարածքները խորհրդանշական գներով վաճառեց իր մերձավորներին։
Եկեք տեսնենք, թե իրականում ով ինչքան գույք է վաճառել եւ ինչ է ստացել պետությունը դրա դիմաց։
Ինչպես հայտնի է, Հայաստանում պետական գույքի մասնավորեցման գործընթացը սկսվեց հողերի ապապետականացմամբ։ Դա 1992 թվականն էր։ Կարճ ժամանակահատվածում պետական հողերի ավելի քան 90 տոկոսը սեփականաշնորհվեց։ Մնացին միայն համայնքային նշանակության շատ սահմանափակ պահուստային հողատարածքները։
Հողի սեփականաշնորհմանը զուգահեռ, ամբողջությամբ ապապետականացվեց նաեւ գյուղատնտեսական տեխնիկան։ Պետությունը հողը հանձնեց գյուղացուն եւ դրանով ավարտված համարեց իր գործը։ Չստանալով որեւէ աջակցություն, արդեն հաջորդ տարվանից գյուղատնտեսական նշանակության շատ վարելահողեր ուղղակի վերածվեցին խոտհարքերի։
Դրա հետեւանքով խիստ կրճատվեցին ցանքատարածությունները, նվազեց գյուղատնտեսության արտադրողականությունը։ Գյուղատնտեսական տեխնիկան, չստանալով համալրում, սկսեց արագ շարքից դուրս գալ։ Լ.Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին պետական աջակցությամբ գրեթե ոչ մի միավոր գյուղտեխնիկա չի ներկրվել Հայաստան։
Գյուղատնտեսական նշանակության հողատարածքները, առանց որոշակի դասակարգման, միեւնույն սխեմայով մասնավորեցվեցին գյուղացիական տնտեսություններին, որոնք ստացան չնչին տարածքներ՝ համայնքների տարբեր հատվածներում։ Ընդ որում, շատ դեպքերում միեւնույն սեփականատիրոջը պատկանող հողակտորները հայտնվեցին իրարից մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ լրացուցիչ բարդություններ ստեղծելով եւ ծախսեր առաջացնելով դրանց մշակման համար։
Այսինքն՝ հողի մասնավորեցման որդեգրված քաղաքականությունը հանգեցրեց դրանց մասնատմանը, մշակման արդյունավետության նվազեցմանը։ Պատահական չէ, որ մասնավորեցումից նույնիսկ 15 տարի հետո ժամանակին բարձր բերքատվություն ապահովող շատ վարելահողեր շարունակում են մնալ անմշակ, որովհետեւ դրանց մաս-մաս շահագործումը շահավետ չէ։
Գյուղատնտեսական հողերի մասնավորեցմանը Ռ.Քոչարյանը չի մասնակցել։ Փոխարենը՝ նրա նախագահության տարիներին ստեղծվեցին պայմաններ գյուղտեխնիկայի համալրման համար։ Սկսած 1998 թվականից իրականացվել են մի շարք դրամաշնորհային ծրագրեր, որոնց շնորհիվ Հայաստան են ներմուծվել եւ շուկայականից էապես ցածր գներով գյուղացիական տնտեսություններին են մատակարարվել շուրջ 110 հացահատիկահավաք կոմբայն եւ 745 միավոր տարբեր տեսակի տրակտոր։
Ռ.Քոչարյանի նախագահության տարիներին իրացվել են արտադրական նշանակության հողատարածքներ, ընդ որում, հիմնականում Երեւանում։ Դրանք այն հողերն են, որոնք հատկացվել են քաղաքաշինական ծրագրերի իրականացման նպատակով։
Ի վերջո, մայրաքաղաքում կառուցվեցին բազմաթիվ շենքեր, կյանքի կոչվեց «Հյուսիսային պողոտայի» ձեւավորման գաղափարը եւ այլն։ Այս ամենը նպաստավոր ազդեցություն թողեց Հայաստանի ամբողջ անշարժ գույքի շուկայի վրա։ Եթե մինչ այդ անշարժ գույքի գները անընդհատ իջնում էին, ապա մայրաքաղաքում մեկնարկած լայնածավալ շինարարությունից հետո դրանք սկսեցին թանկանալ։
Այժմ տեսնենք, թե ինչ է տեղի ունեցել արտադրական ձեռնարկությունների մասնավորեցման ոլորտում։
1997-2007թթ., որը համընկնում է Ռ.Քոչարյանի վարչապետության եւ նախագահության տարիների հետ, Հայաստանում մասնավորեցվել է շուրջ 4590 օբյեկտ։ Ընդհանուր առմամբ դրանից պետությունը ստացել է ավելի քան 122 մլրդ դրամ եւ 108 մլն դոլար։
Ռ.Քոչարյանի նախագահության տարիներին փոփոխություն կատարվեց մասնավորեցման հայեցակարգում։ Եթե մինչ այդ պետական գույքը օտարվում էր սեփականաշնորհման սերտիֆիկատներով, առանց որեւէ պայմանի, ապա 1998 թվականից վերանայվեց այդ մոտեցումը։ Դադարեցվեց, այսպես կոչված, անհեռանկար վաուչերային սեփականաշնորհումը։ Փոխարենը՝ պետական գույքը սկսվեց մասնավորեցվել ներդրումային փաթեթով հանդերձ։ Դրանով սեփականատերերը ստանձնում էին նաեւ թե՛ ընկերությունները գործարկելու, եւ թե՛ աշխատատեղեր ապահովելու պարտավորություններ։ Այս մոտեցումը հնարավորություն տվեց վերաշահագործել տարիներ շարունակ անգործության մատնված բազմաթիվ ձեռնարկություններ։
Լ.Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին, երբ սկսվեց մասնավորեցման գործընթացը, ապապետականացվել է 4917 օբյեկտ։ Այսինքն՝ շուրջ 230-ով ավել, քան 1997-2007թթ.։ Ընդհանուր առմամբ այս շրջանում մասնավորեցումից պետությունը ստացել է ընդամենը 40,2 մլրդ դրամ, որը 4,5 անգամ պակաս է, քան 1997-2007թթ. ստացված դրամական մուտքերն են։
Եթե ընդունենք, որ Ռ.Քոչարյանը պետական օբյեկտները վաճառել է «խորհրդանշական» գնով, ապա կարելի է ասել, որ Լ.Տեր-Պետրոսյանը դրանք ուղղակի նվիրել է։ Ասենք՝ Երեւանի «Արարատ» գինու կոմբինատը 1996թ. վաճառվել է ընդամենը 200 հազար դոլարով։ Եւս մոտ 1 մլն դոլար կազմել են պետական բյուջեի եւ այլ կազմակերպությունների նկատմամբ կուտակված պարտքերը։
Ի դեպ, դա եղել է յուրահատուկ քաղաքականություն մասնավորեցման գործընթացում։ Այդպիսի պարտքեր ունեցել են մասնավորեցված գրեթե բոլոր ձեռնարկությունները։ Շատ դեպքերում, պետության կողմից տնօրինվող ձեռնարկությունները դիտավորյալ դրել են պարտքերի տակ, սնանկացրել եւ իրացրել չնչին գումարներով։
Պանրի մի ամբողջ գործարան վաճառվել է ընդամենը 20 վաուչերով, որի շուկայական արժեքն ընդամենը 3-4 հազար դրամ էր։ Դժվար չէ հաշվել այդ գործարանի մասնավորեցման գինը, որը տեղի է ունեցել սեփականաշնորհման առաջին փուլում։ Այսպիսի օրինակներ, անշուշտ, կարելի է երկար թվարկել, բայց դրանից երեւույթի էությունն ամենեւին չի փոխվում։
Էժան գներով եւ առանց պարտավորությունների ձեռնարկությունների վաճառքը հանգեցրեց դրանց արագ քայքայմանը։ Շատ գործարաններ, որոնք վաուչերներով հաջողացրել էին իշխանությանը մոտ կանգնած, այսպես կոչված, սկսնակ գործարարները, ապամոնտաժվեցին եւ որպես մետաղի ջարդոն արտահանվեցին։
Պատահական չէր, որ Լ.Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին արդյունաբերության 1 տոկոս աճի պայմաններում արտահանումը հանկարծ ավելանում էր 25-26 տոկոսով։ Սակայն սա այլ թեմա է, որին կանդրադառնանք առաջիկայում։
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
Friday, July 11, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment