Օրերս խմբագրություն այցելած տարեց տղամարդը խորհրդավոր տեսքով եւ, չգիտես ինչու, շշուկով տեղեկացրեց, որ իր ունեցած հավաստի տվյալներով, ԱՄՆ Պետդեպարտամենտը մի քանի միլիոն դոլար է հատկացրել մեր երիտասարդության բարոյական ու գաղափարական այլասերման համար։
Կցանկանայինք հավատալ։ Է՜հ։ Եթե ավելի երիտասարդ լինեի, այդպիսի փողերի դիմաց այնպե՜ս կայլասերվեի։ Բայց վախենամ, որ ֆինանսավորումն այդ դարձյալ չի հասնի ժողովրդին։ Դատախազությունը պիտի հատուկ հսկողության տակ առնի այդ գործը։ Երիտասարդությունը սպասո՛ւմ է։
Իսկ առայժմ երիտասարդության այլասերմամբ որոշել է զբաղվել Բաբկեն Արարքցյանը։ Հատկապես երիտասարդության, քանզի փոքրիշատե հասուն մարդկանց մեջ երեկ հհշական թերթերից մեկում տպագրված խորհրդարանի նախկին խոսնակի □Քաղաքակրթությունների բախում□ հոդվածը կարող է միայն հեգնալից քմծիծաղ առաջացնել։
Այս ահավոր շոգին ձեռքը գրիչ վերցնելու համար Արարքցյանին առիթ ծառայեց, ինչպես ինքներդ արդեն հավանաբար կռահեցիք, Հայ ազգային կոնգրեսի ստեղծումը։ Առիթն այդ, միանգամից նշենք, չափազանց մանր է մտքի սույն տիտանի համար։
□Վրանից դուրս է գալիս ազգային հերոսը։ Նրա աչքերը փայլատակում են։ Նրա դեմքը սարսափազդու է։ Շարժումները՝ սրընթաց։ Նա հիասքանչ է□ միզանսցենը, ինչ խոսք, տպավորիչ է, բայց եթե պարբերաբար դուրս գաս վրանից նման կերպ, չխորշելով առիթի անկարեւորությունից, ապա կարող է տեղի ունենալ գործողության արժեզրկում։
Եւ այսպես, ի՞նչ եզրակացությունների հանգեց Աստծո ծառա Բաբիկը։ Պարզվում է, այսօր Հայաստանում տեղի է ունենում ոչ թե քաղաքական տարբեր դիրքորոշումներ ունեցող կուսակցությունների կամ ուժերի գաղափարական պայքար, այլ ընթանում է քաղաքակրթությունների բախում։
Մի բեւեռում գտնվող կոալիցիան ձգտում է Հայաստանում ամրապնդել ասիական ոճի բռնապետություն։ Դե, իսկ □մյուս բեւեռում օրեցօր հզորացող Համաժողովրդական շարժումից ստեղծված Հայ ազգային կոնգրեսը որդեգրել է ազատության եւ համամարդկային արժեքների վրա խարսխված պետության կերտումը, ուր գերագույն արժեքը՝ ժողովրդավարական, իրավական պետության քաղաքացին է□։
Այո՜... Ո՛ւժ տուր նրանց, Տեր Աստված։
□Համլետի□ երկրորդ գործողության երկրորդ տեսարանում Պոլոնիուսն ասում է. □Նա խենթ է, բայց իր խենթության մեջ մեթոդ կա□։ Հհշական ավազակները պատրաստվում են ստեղծել ժողովրդավարական եւ իրավական պետությո՞ւն։ Ճի՞շտ հասկացա Արարքցյանին։ Մինչեւ 1998 թվականը մենք ապրում էինք ազատության եւ համամարդկային արժեքների վրա խարսխված պետությա՞ն մեջ։
Ժողովուրդը մեզանում, ինչպես հայտնի է, ասես փոքր երեխա լինի. ինքն էլ չգիտի, թե ինչ է ուզում, չի հասկանում, թե ինչպես եւ որտեղ է ապրում, բայց նա՝ այդ ժողովուրդն էլ կարող է անչափ զարմանալ նախկին խոսնակի խոսքերից։
Գուցե բավակա՞ն է զբաղվել խեղկատակությամբ, պարոնայք։ Թեպետ յուրաքանչյուր նկարիչ ինքն է որոշում, թե երբ պիտի կտավին դնի վերջին վրձնահարվածը։ Դա արարման գաղտնիքն է. եթե ժամանակին կանգ չառնես, ապա ինչ□որ բան կփոխվի։ Ինչո՞վ է արտասովոր □Ջոկոնդան□։ Նրանով, որ մի գեղեցիկ պահ Լեոնարդո դա Վինչին որոշեց. վերջ, բավական է, հերիք եղավ։ Մի ավելորդ վրձնահարված, եւ նկարը կփչանա։
Քանի որ դժվար է հասկանալ, թե երբ է հարկավոր կանգ առնել, ցանկացած գիրք կա՛մ չափազանց կարճ է լինում, կա՛մ չափազանց երկար։ Ցանկացած նկարի մեջ ինչ□որ բան կա՛մ չափազանց քիչ է, կա՛մ չափազանց շատ։ Իհարկե, յուրաքանչյուրն էլ փորձում է կռահել, թե երբ է անհրաժեշտ կանգ առնել, բայց դա հազվադեպ է ստացվում։
Հհշականները կանգ առնել չեն կարողանում ու էշի համառությամբ ներկայացնում են ամեն ինչ այնպես, ասես մենք իրենց իշխանության օրոք չենք ապրել։ Եւ արեւն էլ Արարքցյանի ժամանակ ավելի վառ էր շողշողում, խոտը ավելի կանաչ էր, իսկ ջուրը՝ ավելի թաց։ Եւ խոշոր եղջերավոր անասուններն էլ անկասելի ծնելիությամբ ու կաթնատվությամբ հասցնում էին գյուղացիներին սեւ մելամաղձի։ Եւ ամենուր այնպիսի՜ երանություն էր տիրում, այնպիսի՜ հոգեպարար թախիծ, որ ցանկություն էր առաջանում հասցնել մեկնումեկի մռութին, գլորվել առուն ու շնչահեղձ լինել երջանկությունից։
Ամերիկյան հոգեբուժության հայր Բենջամին Ռաշը 1812 թվականին հրատարակեց իր գլխավոր աշխատությունը՝ □Մտքի հիվանդությունների բժշկական հետազոտություններ եւ դիտարկումներ□ վերնագրով։ Նա գրում էր. □Պատերազմի նպատակին հասնելու հաջողությամբ խթանված ազատության ձգտման ավելցուկը բազմաթիվ մարդկանց մեջ ձեւավորել է կարծիքներ եւ պահվածք, որոնք հնարավոր չէ ո՛չ վերացնել հորդորներով, ո՛չ էլ սահմանափակել իշխանությամբ... Չափազանց մեծ ազդեցությունը, որ այդ կարծիքները գործել են բազմաթիվ քաղաքացիների պատկերացումների, ձգտումների եւ բարքերի վրա, հանգեցրել են խելագարության հատուկ տարատեսակի առաջացման□։
Փայլո՛ւն ախտորոշում։ Հանցավոր վարչախմբից, ավազակապետությունից եւ ասիական ոճի բռնապետությունից ազատության հանդեպ հհշականների ձգտման ավելցուկը՝ խթանված պատերազմի նպատակին հասնելու հարաբերական հաջողությամբ (քանզի այդ թափթփուկի նպատակը Հայաստանի վարկաբեկումն էր, ինչն էլ նրանք արեցին մարտի 1□ին) հանգեցրեցին խելագարության հատուկ տարատեսակի առաջացման։
Հորդորներով այդ աննորմալներին խելքի չես բերի։ Հարկավոր են այլ միջոցներ։ Ի դեպ, նույն Ռաշը գրել է. □Խելագարությունը չեղյալ է հայտարարում հասարակական պայմանագիրը հիվանդի համար, զրկում նրան իրավունակությունից, զրոյի հավասարեցնում դատարանում նրա վկայությունը, բարոյական պարտավորությունները եւ այլն։
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
No comments:
Post a Comment