Monday, August 11, 2008

ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ՀԱՅԱՊԱՀՊԱՆ

Վերջին ժամանակներս մեր երկրի ներկայացուցիչները սկսել են ավելի հաճախ բարձրացնել հայ□թուրքական սահմանի փակ լինելու հարցը, համարելով դա հակահայկական քաղաքականության դրսեւորում, անհասկանալի ու վրդովեցուցիչ փաստ։
Իսկ մեզ թվում է, որ Թուրքիան դրանով, հակառակը, հայապահպան քաղաքականություն է վարում։
Ինչո՞ւ է թուրքերի այս դիրքորոշումը, որը, չգիտես ինչու, անհասկանալի ու վրդովեցուցիչ է որակվում, հայապահպան։ Որովհետեւ թուրքերը սկզբունքային հետեւողականությամբ թույլ չեն տալիս եւ արգելում են մեզ մոռանալ, թե մենք ով ենք։ Մենք՝ թշնամի ենք։
Եթե նույնիսկ մենք բոլորս վերջնականապես տխմարանանք, ինչը շատերն արդեն հաջողացրել են, եւ սկսենք համարել, թե թուրքերը մեր թշնամին չեն, իրենք՝ թուրքերը, մեզ թույլ չեն տա մոռանալ, որ մենք ենք իրենց թշնամին։
Որովհետեւ համարձակվում ենք հայտարարել, թե իրենց երկրի կեսն իրականում մեր պատմական հայրենիքն է։ Որովհետեւ իրենց պապերի արածը ոճրագործություն եւ ցեղասպանություն ենք անվանում եւ դեռ պահանջում ենք, որ ուրիշներն էլ անվանեն։ Եւ այլն։
Այս առումով հատկանշական է, որ հայրենի իշխանությունները թուրքի հետ բարեկամաբար հարաբերվելու ոչ մի նախապայման չեն դնում։ Իսկ սկզբունքային ու հետեւողական թուրքը դնում է, եւ իհարկե, մեծ հաճույքով պատրաստ է մեզ էլ մարդատեղ դնել եւ անգամ սահման բացել ու հետներս բարեկամություն անել, եթե հրաժարվենք մեր փուչ եւ դատարկ պահանջներից, Ղարաբաղն էլ զիջենք Ադրբեջանին։
Դրանից հետո թուրքը մեզ հետ առեւտուր էլ կանի, էքսկուրսիաներ էլ կկազմակերպի դեպի Արարատ։ Հակառակ պարագայում մենք թուրքի թշնամին ենք, այսինքն՝ հայ։
Ստացվում է, որ թուրքը մեզ հայ է պահում, ստիպում է հայ մնալ։ Եթե այդքան սկզբունքային եւ հետեւողական չլիներ, այլ լիներ, ասենք, այնքան նենգ ու խորամանկ, ինչպիսին երբեմն պատկերացնում ենք իրեն, ապա կմեղմեր իր կարծրությունն ու կբացեր սահմանը։ Նույնիսկ առժամանակ մոռանալով Ղարաբաղը։ Հետեւանքները կարող էին անկանխատեսելի լինել։
Հայաստանի Հանրապետության այսօրվա քաղաքացիների մի շատ որոշակի մասի նախասիրած երաժշտության եւ խոսքի ոճին, հայացքին ու ականջների ձեւին, կեցվածքին ու պահվածքին նայելով՝ նույնիսկ մոտավոր թիվ կարելի է ենթադրել, թե քանի հազարներ անմիջապես կմղվեին դեպի... պատմական հայրենիք։ Իհարկե, ոչ Արարատի գագաթը ելնելու համար, այլ ավելի, այսպես ասած, մարդկային նպատակներով։
Եւ հնարավոր է, որ աշխարհի, թե ինքներս մեր աչքում խաղք դառած, ստիպված լինեինք արձանագրել, եթե հայերն այս աննորմալ երկիր Հայաստանից արտագաղթում են դեպի ավելի նորմալ երկիր Թուրքիա։
Իսկ թուրքերը տասնյակ բարի նպատակներով հազարներով այցելում են Հայաստան։ Գործ են հիմնում, տուն են առնում։ Եւ կպրծներ մի հիսուն տարում Հայաստանն էլ, Հայկական հարցն էլ։
Խե՛լք չունեն թուրքերը, խե՛լք։ Բայց սկզբունքային են։ Եւ առայժմ դա ոչ թե վատ է, այլ լավ։
Սահմանը լավ բան է, սիրելի հայրենակիցներ։ Մեր հասարակության մեջ մենք ինքներս այնքան սահմաններ ենք ջնջել ու ջնջում, որ լավ է, եթե թուրքը դեռ սահմանազատում է իրեն մեզանից։
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ

No comments: