Monday, October 20, 2008

«ԲՐԻՏԱՆԻԱ ԿՂԶՈՒ ԱՌԱՋԻՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԵԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ»






ՄԱՐԻՆԵ ՎԱՀՐԱԴՅԱՆ, ՎԱՉԱԳԱՆ ՎԱՀՐԱԴՅԱՆ

Այս ուսումնասիրությունը կատարվել է «Վասպուրական նոր սերունդ» հայրենակցական միության շրջանակներում: Հեղինակները շնորհակալություն են հայտնում Կարեն Բալայանին («Այաս» ակումբի նախագահ, «Կիլիկիա» նավի նավապետ)՝ ուսումնասիրությունների ընթացքում աջակցության եւ համագործակցության համար, Մարի Բարսեղյան-Խանջյանին (լեզվաբան եւ հրապարակախոս)՝ շարադրանքի ոճաբանական քննարկումների համար:


--------------------------------------------------------------------------------


Սխալվե՞լ էին, արդյոք, անգլիական տարեգիրները

Զարմանալի, նույնիսկ տարօրինակ տեղեկություններ ենք երբեմն գտնում պատմության տարեգրքերում: Այնքան տարօրինակ, որ դրանք կարող են որոշ դեպքերում անգամ փոխել մեր պատկերացումները ոչ միայն այս կամ այն ժողովրդի պատմության, այլեւ ողջ մայրցամաքի եւ նույնիսկ ողջ մարդկության պատմության մասին: Ըստ էության, այդպես էլ պետք է լիներ: Չէ՞ որ պատմագիտությունը նույնպես գիտություն է եւ նրա հետեւությունները, ինչպես մյուս՝ բնական ու հումանիտար գիտությունների հետեւությունները, նույնպես հիմնվում են (ամեն դեպքում պետք է հիմնվեն) փաստերի վրա: Պատմական գիտության համար փաստագրական նյութերը հավաքվում են պատմագրական տվյալների, հնագիտական պեղումների, համեմատական լեզվաբանության ուսումնասիրության, դիցաբանության տվյալների հիման վրա եւ այլն: Յուրաքանչյուր նոր փաստ` պատմագրական տեղեկություն, հնագիտական գտածո, կամ լեզվաբանական նոր զուգահեռների պարզաբանում, որը սովորական պատկերացումների շրջանակից դուրս է, պետք է ստանա իր տրամաբանական հիմնավոր բացատրությունը, եթե այդ բացատրությունն անգամ փոխում է ժամանակակից` ընդունված տեսությունը:

Պատմագրական նման փաստի է վերաբերում մեր հոդվածի վերնագիրը դարձած նախադասությունը: Այժմ, ինչպես ասում են, խոսքը գիտնականներինն է, որոնք պետք է պարզաբանեն դարերի խորքից մեզ հասած, առաջին հայացքից տարօրինակ այս տեղեկությունը:

Եվ այսպես, ըստ կարգի ի մի բերենք եղած տվյալները:

Անգլիայի հնագույն տարեգրությունը` «Անգլո-սաքսոնական քրոնիկոնը», ընդգրկում է հռոմեական տիրապետության շրջանը` մ.թ.ա I դարից մինչեւ մ.թ. XII դարը: Տարեգրքի կազմելուն ձեռնամուխ են եղել Ալֆրեդ արքայի օրոք` IX դարի վերջին` հիմք ունենալով Բեդե Պատվելու «Եկեղեցական պատմությունը», մերսիական եւ ուէսեքսյան քրոնիկոնների պահպանված հատվածները եւ ավանդազրույցները: Պահպանվել է անգլո-սաքսոներեն (հնագույն անգլերեն) եւ լատիներեն ինը ձեռագիր: Քրոնիկոնի հնագույն մասը, որը նկարագրում է մինչեւ 731թ.-ի իրադարձությունները, հիմնականում վերցված է Բեդեի գրվածքից, բայց ներառում է շատ լրացումներ, որոնք վերաբերում են հարավային Անգլիայի (հատկապես Ուէսեքսի) պատմությանը:

Ներկայացնենք մեզ հետաքրքրող մասը` հին ձեռագրի տեքստի առաջին պարբերությունը բնագրով` համապատասխանաբար արդի անգլերեն եւ հայերեն թարգմանությամբ.

The island Britain is 800 miles long, and 200 miles broad. And there are in the island five nations; English, British, Scottish, Pictish, and Latin. The first inhabitants were the Britons, who came from Armenia, and first peopled Britain southward. (Bede Ecclesiastical history I.1, The Anglo-Saxon Chronicle, part 1: a.d. 1-748)

«Բրիտանիա կղզին ունի 800 մղոն երկարություն ու 200 մղոն լայնություն: Այդ կղզում հինգ ազգություն կա` անգլիացիներ, բրիտներ, սքոթեր, պիկտեր, լատիններ: Կղզու առաջին բնակիչները եղել են բրիտները, որոնք եկել են Արմենիայից ու ի սկզբանե բնակվել են Բրիտանիայի հարավում» (Բեդե «եկեղեցական պատմություն», մաս I, Անգլո-Սաքսոնական Քրոնիկոն, 748թ.:

Անգլո-սաքսոնական քրոնիկոնը ակտիվորեն ուսումնասիրվում է շուրջ 180 տարի: Բեդե Պատվելու այս տեղեկությունը ժամանակակից անգլերենի վերածած առաջին թարգմանիչ Ջեյմս Ինգրեմը, որեւէ խելամիտ բացատրություն չգտնելով, «Արմենիա» բառը տեքստում օգտագործել է հետեւյալ մեկնաբանությամբ. «Հնարավոր է, որ սա սաքսոնական գրագրի պատահական սխալը լինի, որը «Արմորիկա» բառի փոխարեն գրել է «Արմենիա»:

Ջեյմս Ինգրեմի տարակուսանքը կարելի է հասկանալ: XIX դարի առաջին քառորդում մարդկության հնագույն պատմությանը վերաբերող շատ հիմնարար փաստեր դեռեւս հայտնի չէին: Մասնավորապես, նոր-նոր էր սկսում զարգանալ համեմատական լեզվաբանությունը` որպես գիտություն, որի ուսումնասիրման հիմնական արդյունքը եղավ երբեմն նույնիսկ տարածությամբ միմյանցից շատ հեռու լեզուների ու ժողովուրդների ազգակցության բացահայտումը: Ուսումնասիրված չէին նաեւ ժողովուրդների մեծ տեղաշարժերի փաստերը եւ դրանց արտագաղթերի օրինաչափությունները: Դեռեւս չէին կատարվել շատ հնագիտական բացահայտումներ, հատկապես այն, որ մարդկային քաղաքակրթության ծագման ու զարգացման հնագույն կենտրոնները եղել են Հայկական լեռնաշխարհն ու նրան հարակից Հայկական Միջագետքը:

Իսկապես, Ջեյմս Ինգրեմին թույլատրելի էր սխալվել եւ ենթադրել, որ Բեդե Պատվելու տեքստի արտագրության ժամանակ սխալմունք է տեղի ունեցել, քանի որ այն ժամանակվա գիտության շրջանակներում որեւէ այլ` խելամիտ բացատրություն ուղղակի չէր կարող լինել:

Բայց ահա թե ինչն է զարմանալի:

Հին ձեռագրերի եւ ոչ մի անգլիացի ուսումնասիրող (իսկ նրանք շատ-շատ են) քննադատական մոտեցում չի ցուցաբերել Ջեյմս Ինգրեմի մեկնաբանությանը: Դեռ ավելին, տեղի է ունեցել անբարյացակամ կերպափոխություն: Անգլո-սաքսոնական քրոնիկոնի վերջին հրատարակությունների հիմնական տեքստում, իբրեւ «բարեկրթության» ապացույց է դարձել «Արմենիա» բառի փոխարեն գրել «Արմորիկա»` կից մեկնաբանությամբ. «Բնագրում, իբր սխալմամբ գրվել է «Արմենիա»: Ի՞նչ է սա՝ տգիտությո՞ւն, անտեղյակությո՞ւն, գիտական ծուլությո՞ւն, թե՞ տիպիկ անգլիական ինքնագոհ արհամարհանք վերջին տասնամյակների ընթացքում գրանցված գիտական տվյալների նկատմամբ, որոնք ստացվել են տարբեր երկրների այնպիսի մեծ գիտնականների ջանքերի շնորհիվ, ինչպիսիք են Գավուկչյանը, Գամկրելիձեն, Իվանովը, Կլիչկովը, Հերունին, Հաուպտմանը ու շատ ուրիշներ:

Բայց փորձենք գնահատել այն վարկածի հավաստիությունը, թե անգլո-սաքսոնական քրոնիկոնը արտագրելիս սխալ է թույլ տրվել:

Հարց է առաջանում. ինչպե՞ս եւ ո՞ր դեպքում գրագիրը կարող էր սխալվել: Արտագրելիս սխալ թույլ տալու հոգեբանությունը ընդհանրապես այսպիսին է` գրագիրը տեսնում է արտագրվող բառի առաջին տառերը եւ, եթե այդ տառերը համընկնում են իրեն շատ ծանոթ ու հաճախակի կրկնվող ուրիշ բառի տառերի հետ, ապա նրա ուղեղը մեքենայորեն կրկնում է ոչ այն բառը, որը կարդացել է ինքը, այլ այն, որը ենթագիտակցության մեջ այդ սկզբնատառերի հետ զուգորդված է: Եվ ուղեղը թելադրում է գրել հենց այդ` ենթագիտակցության մեջ առաջ եկած բառը:

Ասվածը հիմնավորելու համար կրկնենք ընթերցանության հոգեբանության մեջ հայտնի գիտափորձը: Փորձեք արագ (վարժ) կարդալ հաջորդ նախադասությունը. «Ուղեղը մեքաենոերն կրնկում է ծոնաթ բռաը»: Ամենայն հավանականությամբ դուք հեշտությամբ կարդացիք նախադասությունը եւ միայն հետո ընկալեցիք, որ այնտեղ «ինչ-որ բան այնպես չէր»: Որոշ բառերում տառերը, բացի առաջինից եւ վերջինից, պատահականորեն տեղափոխված են: Հենց այդպես էլ մենք միշտ կարդում ենք: Մարդն արագ կարողանում է կարդալ եւ, որ կարեւորն է, արագ ընկալել ու հասկանալ կարդացածը՝ շնորհիվ այն բանի, որ մեր ուղեղը ընթերցանության գործընթացին զուգահեռ լրացնում է բառը, երբ աչքերը հասցնում են կարդալ վերջինիս միայն սկզբնատառերն ու վերջնատառերը: Եվ եթե դուք փորձեիք անմիջապես գրանցել այդ նախադասությունը, ապա դուք կգրեիք այն, ինչ ընկալել է ձեր ուղեղը, այլ ոչ թե այն, ինչ կարդացել են ձեր աչքերը:

Բնականաբար, միշտ չէ, որ այդպես է լինում: Հատկապես այդօրինակ սխալները բացառվում են, երբ գրվածքը, ինչպես տվյալ դեպքում, կալիգրաֆիկ է: Բայց երբ մարդն ինչ-որ պատճառով (հոգնածություն, անուշադրություն, քնատություն եւ այլն) արագ գրելիս, թույլ է տալիս նմանօրինակ սխալ, ապա դա կատարվում է նկարագրած սխեմայով:




Այժմ երկրորդ հարցադրումը. որքանո՞վ է հավանական, որ միջնադարյան անգլիացի գրագրին «Արմենիա» բառը քաջ ծանոթ է եղել ու նրա կողմից բազմիցս կրկնվել է: Հարկ է ասել, որ սա քիչ հավանական վարկած է: Նման եզրահանգման գալու պատճառն այն է, որ միջնադարի քաղաքական դաշտում Հայաստանը (Արմենիա)` որպես առանձին միավոր, հանդես չէր գալիս, քանի որ անգլո-սաքսոնական քրոնիկոնը կազմելու ժամանակ Հայաստանը նվաճված էր արաբների կողմից, որոշ ժամանակ անց բաժանվեց Բյուզանդիայի ու Պարսկաստանի միջեւ: Այնպես որ, դժվար թե միջին կրթվածության անգլիացի գրագիրը (այլապես նա կլիներ գիտնական, եւ ոչ թե գրագիր) իմանար այնպիսի մի հեռավոր եւ հյուսիս-արեւմտյան Եվրոպայի համար ոչ էական նշանակություն ունեցող երկրի գոյության մասին, ինչպիսին Հայաստանն էր (Արմենիա): Իսկ դրան հակառակ «Արմորիկա» բառը, հավանաբար, նրան քաջ ծանոթ էր, որովհետեւ Անգլիային հարեւան երկրի` Ֆրանսիայի սահմանակից գավառներից մեկի` Բրետանի կենտրոնի անունն է:

Եվ այսպես, եթե անգամ ենթադրենք, որ Բեդե Պատվելու մոտ գրված է եղել «Արմորիկա», ապա առաջին երեք (համընկնող) տառերը` «Արմ», գրագրի ենթագիտակցությանը անտարակույս կհուշեին ծանոթ «Արմորիկա» բառի զուգորդումը, այլ ոչ թե անծանոթ «Արմենիա» բառի:

Այն ենթադրությունը, թե «Արմենիա» բառն իր աշխատանքի ընթացքում հաճախ է հանդիպել գրագրին, անհավանական է, քանի որ այդ բառը հանդիպում է Բեդե Պատվելու «Եկեղեցական պատմության» (որտեղից էլ քրոնիկոն է անցել) միայն մի տեղում` տեղագրական առաջաբանում:

Եվս մեկ կարեւոր հանգամանք: Գրագիրները ամենաքիչը երկուսն էին, եւ գրել են նրանք տարբեր տեղերում եւ տարբեր ժամանակ, քանի որ նույն տեղագրական առաջաբանը (Բեդե Պատվելու գրքից վերցրած) հանդիպում է «Անգլո-սաքսոնյան քրոնիկոն»-ը կազմող 9 գրքերից երկուսում: Այն բանի հավանականությունը, որ երկու տարբեր մարդիկ նույն տեղում նույն սխալն են կատարել, չափազանց (ինչպես ասում են` անտեսելու չափ) փոքր է:

Եվս մի կարեւոր պահ: Ֆրանսիացի հետազոտողները (մասնավորապես` Ronan le Coadic. Les Contrastes Bretons. Ethnologie franջaise, XXXIII, 2003, 3, P. 373-379.) գտնում են, որ բրիտները կղզուց եկել են Ֆրանսիա եւ հիմնել Բրետան նահանգը, որի կենտրոն են հռչակել Արմորիկա քաղաքը: Եվ բրետոնցիները ցայժմ պահպանում են իրենց էթնոմշակութային յուրահատկությունները, որոնցով էլ շատ են տարբերվում մյուս ֆրանսիացիներից: Բայց դա առանձին թեմա է:

Այսպիսով, հոդվածի վերնագրում մեջբերված նախադասությունը, ամենայն հավանականությամբ, հավաստի է եւ պահանջում է ուշադիր ու մանրազնին լրացուցիչ ուսումնասիրություն: Հնարավոր է, որ այդ գործընթացը շրջադարձային լինի անգլիական քաղաքակրթության ու մշակույթի ծագման մասին մեր եւ հատկապես՝ անգլիացիների ունեցած պատկերացումներում:




Բրիտների հետքերը Հայաստանում

Դիտարկենք «բրիտ» բառի բացատրությունը: Նախ եւ առաջ նշենք, որ արդի անգլերեն կրկնակի tt գրելաձեւը չի համապատասխանում հին անգլո-սաքսոներենին: Անգլո-սաքսոնյան քրոնիկոնում (եւ, ըստ ամենայնի, Բեդե Պատվելու մոտ) այդ բառում գրվում է մեկ t:

Այսպիսով, գործ ունենք BRIT («բրիտ») բառի հետ: Քանի որ անվիճելիորեն այդ բառը հնդեվրոպական ծագում ունի, ապա այն կարող է եւ պետք է դիտարկվի երկու մասից բաղկացած` հնդեվրոպական «բր» արմատից եւ նույն լեզվաընտանիքին պատկանող «-իտ» վերջածանցից:

Սկսենք հանրահայտից. «-իտ» եւ «-իդ» վերջածանցները («տ» եւ «դ» հնչյունները ակնհայտորեն փոխադարձելի են) հնդեվրոպական լեզուներում ցույց են տալիս պատկանելություն արմատին, ծագումը արմատային բառ-հասկացությունից: Օրինակ` «սեմիտ» (Սեմի ցեղին պատկանող) կամ «դրուիդ» («դր» ցեղին պատկանող): Հնդեվրոպական «դր» արմատը «ծառ» է նշանակում: Արդի ռուսերենում պահպանվել է "др-ево" բառը: Իսկ հայերենում ունենք «դր-ախտ» (եդեմական այգի): «Դրուիդ» բառով անվանում էին անտառում ապրող ցեղի կամ այլ կերպ ասած, այն նշանակում է «անտառի մարդ»:




Եզրակացություն` «բրիտ» բառը նշանակում է «բր» ցեղին պատկանող:

Սկսենք «բր» արմատի բացատրության որոնումները հնդեվրոպական լեզուներում: Երեք հանգամանք հուշում է մեզ, որ «բր» արմատի բացատրությունը պետք է փնտրել հայոց լեզվի բառապաշարի շրջանակներում:

Առաջին. Բեդե Պատվելու հաղորդումն այն մասին, որ բրիտները եկել են Հայաստանից:

Եկրորդ. արդիական պատկերացումներն Հայկական լեռնաշխարհի մասին` որպես հնդեվրոպական լեզվաընտանիքի նախահայրենիքի, եւ հայոց լեզվի` որպես հնդեվրոպական լեզվաընտանիքի արմատային լեզվի:

Երրորդ. բրիտների միգրացիան դեպի Բրիտանիա կղզի մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջում 3-րդ հազարամյակի սկզբներին: Այսինքն այն ժամանակ, երբ հնդեվրոպական մայր լեզվի տրոհման գործընթացը դեռ ավարտված չէր: Հետեւաբար «բր» արմատը լայնորեն օգտագործելի էր հնդեվրոպական ընդհանրության մեջ (այդ թվում նաեւ հավերժ մառախլապատ կղզում հայտնված առաջին բրիտների ուղղակի նախնիների կողմից):

Այսպես, հայոց լեզվում «բր» արմատը կարելի տեսնել «բր-ել» բայի մեջ: «Բրել» բայը, ըստ Աճառյանի, հին հայերենում մի քանի իմաստ է ունեցել: Այդ թվում նաեւ` փորագրել: Այսինքն` գրել պինդ նյութի մակերեսին կտրող գործիքով: Հնագիտական տվյալներն ասում են, որ մ.թ.ա. 3-րդ հազարամյակում գրել են միայն այդ եղանակով: Փորագրում էին կամ քարի կամ կավե սալիկների վրա: Այսպիսով, գրել հասկացությունը հնում ունեցել է միայն մեկ անվանում` փորագրել կամ հնագույն` մ.թ.ա. 3-րդ հազարամյակի հայերենով`«բրել»:




Մեր ենթադրությունն այն է, որ «բր» արմատը «բր-իտ» եւ «բր-ել» բառերում նույնն է: Այսպիսով, մենք առաջ ենք քաշում մի վարկած, ըստ որի` «բրիտ» բառը նշանակում է «գրել իմացող ցեղին պատկանող»:

Փորձենք հիմնավորել այս թեզը: Սկսենք նրանից, որ բրիտները կառուցել են Սթոունհենջը: Այս տեսակետն ընդունում են այս հարցի բոլոր լուրջ հետազոտողները: Սթոունհենջը մարդու կողմից ստեղծած ամենախորհրդավոր կառույցներից մեկն է: Շատ հետազոտողներ համոզիչ փաստարկներ են բերում համարելով, որ Սթոունհենջը ծառայում էր որպես յուրատեսակ աստղադիտարան, որը թույլ էր տալիս կատարել աստղագիտական շատ դիտարկումներ եւ համապատասխան եզրահանգումներ անել, օրինակ, աստղաբաշխական տարվա սկզբի, արեւի եւ լուսնի խավարումների ժամանակի եւ այլ պարբերական երեւույթների մասին (Дж. Хокунс, Дэк Уайт, Разгадка тайны Стоунхенджа., М., "Мир", 1984): Որպեսզի նմանօրինակ ահռելի եւ բարդ աստղագիտական գործիքի ստեղծման մասին անգամ միտք հղացվեր (էլ չենք ասում շինարարության իրականացման մասին), անհրաժեշտ էր ունենալ համապատասխան գիտելիքների (աստղագիտա-մաթեմատիկականից մինչեւ ճարտարագիտական եւ շինարարական) հսկայական պաշար: Այդպիսի պաշար ստեղծել առանց գրային որեւէ համակարգի իհարկե հնարավոր չէր: Մի քանի տասնյակ տարվա (եւ անգամ հարյուրամյակների) պարբերականությամբ աստղագիտական երեւույթների դիտարկումները պահանջում են գրավոր արձանագրում: Առանց գրային համակարգի նման դիտարկումներն անհնարին են: Եվ իհարկե, գրաճանաչությունը կտրուկ առանձնացնում էր բրիտներին՝ Հյուսիսային Եվրոպայի այն ժամանակվա փաստորեն վայրենի տեղաբնիկ ցեղերի մեջ:

Դիտարկման ամբողջականության համար նկատենք, որ այդ զարմանալի կառույցի նպատակա-կիրառականության կապակցությամբ այլ տեսակետներ էլ կան` կրոնական կենտրոն, գերեզմանատուն եւ անգամ հիվանդանոց... Այս առիթով հետեւյալն ասենք: Շատ հնարավոր է եւ, անգամ, ամենայն հավանականոթյամբ, Սթոունհենջը բազմագործանքային կառույց է եղել (չէ որ հնում գիտելիքները եւ մասնավորապես՝ աստղագիտական գիտելիքները ձեռք էին բերվում կրոնի շրջանակներում) եւ այդ գործանքներից ցանկացածն իրականացնելու համար, այդ ենթադրություններից ցանկացածի դեպքում ոչ թե չի բացառվում, այլ հակառակը, հաստատվում է գիտելիքների գրի առնելու համակարգի առկայությունը:




Հիմա դիտարկենք «Սթոունհենջ» բառի ստուգաբանությունը: Ակնհայտորեն այն բաղկացած է երկու արմատից` «սթոուն» եւ «հենջ»: Եթե առաջին արմատի նշանակությունը կասկած չի հարուցում եւ թարգմանվում է որպես «քար» կամ տվյալ ենթատեքստում` «քարե», ապա երկրորդ արմատի` «հենջ» իմաստը երկար ժամանակ չէր հաջողվում բացատրել անգլերեն լեզվի միջոցներով: Վերջերս առաջ էր քաշվել երկու ենթադրություն, եւ թվում է` դրանք ընդունված կարծիք են դառնում անգլիացի հետազոտողների շրջանում:

Ըստ առաջինի` «հենջ» արմատը կարելի է թարգմանել որպես «ցանկապատ»: Անհասկանալի է, թե որտեղից է վերցրած «հենջ» բառի այդպիսի մեկնաբանությունը: Մեզ չհաջողվեց բառարաններում գտնել այդպիսի բառ: Կարծում ենք, որ քսանհինգ տոննանոց այդ զարմանահրաշ քարերը ցանկապատ անվանել նույնն է, թե Պարթենոնի սյուները «չափառ» անվանել:

Ըստ երկրորդի` «հենջ» արմատը («հանգ» ձեւափոխմամբ) կարելի է թարգմանել որպես «կախված»: Նկատենք, որ` քարերը դրված են մյուսների վրա, այլ ոչ թե կախված:

Այսպիսով, «հենջ» բառի այդպիսի մեկնաբանությունները մենք համարում ենք անհիմն:

Աշխարհում Սթոունհենջի նման մի քանի կառույց կա: Շոտլանդիայում` Կալենիշը, Ռուսաստանում` Ռյազանի կառույցը Օկա գետի ափին (ըստ ավանդության՝ անհիշելի ժամանակներում հարավից եկվորներն են կառուցել այդ կառույցը), Արեւմտյան Հայաստանի հարավ-արեւմուտքում` ժամանակակից Սիրիայի սահմանից մոտ 40 կմ դեպի հյուսիս հայտնաբերված կառույցը (գերմանացի գիտնական Շմիդտի գնահատմամբ կառույցն ունի 11,5 հազար տարվա հնություն) եւ այլն:

Այդպիսի կառույց կա նաեւ Հայաստանի Հանրապետության այժմյան տարածքում` Սյունիքում: Հայկական այս կառույցի առանձնահատկությունն այն է, որ (եւ դա ամենազարմանալին է) այն ունի նաեւ Սթոունհենջին շատ նման անվանում` Քարահունջ եւ կառուցված է նրանից ամենաքիչը երեք հազար տարի ավելի վաղ:

Երկու բառերում էլ առաջին արմատը անգլերենում եւ հայերենում միանշանակ նույն իմաստն ունեն` «քար» կամ «քարե»:

«Քարահունջ» բառի երկրորդ` «հունջ» արմատը հնչողությամբ շատ նման է «Սթոունհենջ» բառի երկրորդ արմատին եւ հայերենում նույնպես ունի ոչ միարժեք մեկնություն:

Կարծիք կա (Paris M. Herouni, Armenians and Old Armenia, Yerevan, 2004. P. 9), որ այդ երկրորդ արմատը պետք է կարդալ ոչ թե «հունջ» այլ «հունչ», ինչը հնարավորություն է տալիս նրան «հնչողություն» իմաստը վերագրել եւ «քարահունչ» բառը բացատրել հետեւյալ կերպ` «հնչող (կամ խոսող) քարեր» այն իմաստով, որ այդ քարերը մեզ ասում են աստղագիտական երեւույթների մասին: Ինչպես տեսնում ենք, սա բավականին արհեստական բացատրություն է՝ տրված թե՛ երկրորդ արմատին, թե՛ ամբողջ բառին:

Մենք հակված ենք «հունջ» արմատի իմաստը դիտարկել հայոց լեզվի տեղական` Սիսիանի բարբառի հիման վրա, որում «հունջ» բառը նշանակում է «փունջ»:




Այսպիսով, ստանում ենք «քարե փունջ» մեկնությունը այն իմաստով, որ ոչ թե քարերի անկանոն կույտ է, այլ որոշակիորեն կազմակերպված քարերի հավաքածու: Նկատենք, որ «փունջ» բառի անգլերեն թարգմանությունն է bunch, «բանչ» արդի հնչողությամբ: Սա ցույց է տալիս, որ «Սթոունհենջ» բառի երկրորդ` «հենջ» արմատը մեծ հավանականությամբ ունեցել է, ինչպես եւ հայերենի «հունջ» արմատը, «փունջ» նախնական իմաստը:

Մոտակա գյուղերի բնակչությունը այս կառույցը նաեւ «Ցից քարեր» է անվանում, չնայած հուշարձանի տարածքում շատ կան նաեւ հատուկ ձեւով տաշված հորիզոնական դիրքում տեղակայման համար նախատեսված հսկայական քարեր:

Կա այս կառույցի եւս մեկ (նույնպես ժողովրդական) անվանում` «Զորաց քարեր»: «Զորաց» բառի իմաստն այստեղ մինչեւ վերջերս հստակորեն պարզված չէր եւ մեկնվում էր վերջին 20 տարիների ամենատարածված իմաստով` որպես «զորք» («բանակ» իմաստով) բառի սեռական հոլով:

«Զոր» արմատն ունի նաեւ զորություն (հզորություն) իմաստը (օրինակ «հզոր» եւ «զորավոր» բառերում): Տվյալ բառարմատի այդպիսի մեկնության դեպքում «Զորաց քարեր» անվանումը ստանում է հետեւյալ իմաստները` «Հզորների քարեր» կամ «Հզորություն ներշնչող քարեր»:

Սակայն կա «զոր» բառի մեկ այլ, արդի հայերենում պոետիկ համարվող, իմաստ` «օր», «ցերեկ», «լույս» (օրինակ, «Գիշեր ու զօր» բառակապակցության մեջ): «Զօր» բառի այս իմաստը շատ հին է եւ սլավոնական «Заря» (օրվա սկիզբն ազդարարող վաղորդյան լույս) բառը հավանաբար նույնպես առնչվում է այս բառի հետ: Այս դեպքում «Զորաց քարեր» բառակապակցությունը հետեւյալ իմաստն է ստանում` «Օրերի քարեր» կամ արդի լեզվամտածողությանը տուրք տալով` «Օրացույց քարեր»: Դիտարկվող մեգալիթյան կառույցի անվանման այսպիսի մեկնությունը եղածներից առավել գործանքային է (ֆունկցիոնալ) եւ խոսում է այն մասին, որ կառույցը օգտագործվում էր նաեւ որպես օրացույց: Նշենք, որ, ըստ ակադեմիկոս Պ. Հերունու հաշվառման, հիմա առկա է 223 կանգուն եւ շուռ եկած, բայց ուղղահայաց կանգնեցնելու համար նախատեսված քարեր: Հարեւան գյուղերի բնակիչների պատմածով, հուշարձանի տարածքի մի մասը 20-րդ դարի 30-ական թվականներին` կոլեկտիվացման տարիներին, մաքրվել է եւ օգտագործվել է որպես կոլտնտեսության դաշտ: Այդ պատճառով կարելի է ենթադրել, որ քարերի քանակը իրականում ավելի շատ է եղել: Հնարավոր է, որ դրանց քանակը 365 է եղել` ըստ տարվա օրերի: Այսինքն` թե Քարահունջ-Զորաց քարերը եւ Սթոունհենջը աստղագիտական կառույցներ են եղել:

Մեր նպատակը ոչ թե Քարահունջ-Զորաց քարեր հուշարձանի գործանքային նշանակությունը դիտարկելն է, որն առանձին լայնածավալ ուսումնասիրության նյութ է, այլ Սթոունհենջի հետ անալոգիաների բացահայտումը: Այդ պատճառով մենք միայն կներկայացնենք այստեղ մի փաստ, որը միարժեքորեն Քարահունջ-Զորաց քարեր հուշարձանը կապում է աստղագիտության եւ աստղերի հետ: Մենք ենթադրեցինք, որ հուշարձանի քարերի անսովոր տեղադրվածությունը կարող էր որեւէ համաստեղության մեջ աստղերի դասավորվածության արտապատկերումը լինել երկրի վրա: Դիտարկման համար առաջին թեկնածու-համաստեղությունը Կարապի համաստեղությւունն էր, քանի որ Հին Հայաստանում (ի դեպ, նաեւ Շումերում) այն կոչվում էր Անգղի համաստեղություն: Ինչպես մենք կտեսնենք ստորեւ, որոշակի հիմք ունեինք նման ենթադրության համար:

Այդ վարկածի ստուգումը գերազանցեց մեր բոլոր սպասումները: Մեր ենթադրու-թյունը, անգամ մեզ համար զարմանալիորեն, իդեալական հաստատվեց: Դրա համար բավական էր համեմատել Կարապի համաստեղության մեջ «կարապի» «թեւերի» ձեւը Քարահունջ-Զորաց քարեր հուշարձանի հյուսիսային ու հարավային քարուղիների ձեւի հետ: Հուշարձանի քարերի համալիրի կառուցվածքային նմանությունը, անգամ, նույնությունը կարապի ձեւը կազմող գծերի հետ ուղղակի ապշեցնող է: Ինչպես տեսնում ենք անգամ «կարապի» «թեւերի» անհամաչափությունը (ասիմետրիան) հստակ կրկնվում է համալիրի ճարտարապետության մեջ: Այս տեսակետից մոտեցումը հուշարձանի ուսումնասիրությանը հնարավորություն տվեց որոշ, շատ կարեւոր, բացահայտումներ կատարել: Այսպես, պարզվեց, թե ինչու որոշ քարեր մտցված չէին հողի մեջ, այլ դրված էին հատուկ պատվանդանների վրա: Դրանք «Կարապի» համաստեղությունը կազմող աստղերին համապատասխանող քարերն են: Դրանց շարժունակությունը հնարավորություն էր տալիս պտտել նրանց իրենց առանցքի շուրջը եւ հետեւել համապատասխան երկնային մարմնի շարժմանը երկնակամարում: Իսկ մի քարի համար (համապատասխանում էր Ջենախ աստղին, որի տարեկան պարալաքսը կազմում է 0,294") պատրաստված է երեք հարթ քար-պատվանդան, որոնց վրա այն (Ջենախ-քարը) կարող էր տեղափոխվել մի քանի մետր: Շարժունակ, այն է` ասղերին համապատասխանող բոլոր քարերը ընկած են գետնին: Հավանաբար դա տեղի է ունեցել երկրաշարժի հետեւանքով: Կարապի դելտային համապատասխանող քարը ընկած է հարթ հողի վրա եւ ժամանակի ընթացքում հողի մակերեսը հավասարվել է ընկած քարի մակերեսին: Սա կարող է հիմք լինել քարի ընկնելու ժամանակը որոշելու համար:

Ակնհայտ է դառնում, որ դիտարկվող հուշարձանը թե ՛պաշտամունքային, եւ թե՛ միաժամանակ աստղագիտական նշանակություն է ունեցել: Նույն նշանակությունն է ունեցել նաեւ Սթոունհենջը:

Դիտարկենք այն հարցը, թե ո՞վ կարող էր կառուցած լինել հայկական Սթոունհենջ-Քարահունջ-Զորաց Քարերը:

Ինչպես հպանցիկ արդեն հիշատակվել է՝ դիտարկվող կառույցը Սիսիան քաղաքի մոտակայքում է: Այնտեղ կա նաեւ երկու գյուղ` ոչ սովորական անվանումներով: Քարահունջ-Զորաց Քարեր հուշարձանից հյուսիս-արեւելք Անգեղակոթն է, եւ հարավ-արեւմուտք` Բռնակոթը: Պետք է ասել, որ գյուղերի անվանումները բավականին անսովոր են եւ նրանց նշանակությունը երկար ժամանակ չէր հաջողվում բացատրել: Եղած փորձերը բավական անհեթեթ են` հորինովի եւ շինծու (Հ. Առաքելյան, Հ. Հակոբջանյան, «Բռնակոթի պատմությունը» Երեւան, 1997, էջ 19-21), քանի որ հիմնվում են միայն այդ բառերը կազմող արմատների հնչողության եւ արդի հայերենի բառերի նմանության վրա` չունենալով ոչ մի տրամաբանական կապվածություն եւ հիմնավորում: Օրինակ, Բռնակոթ բառի երկու ակնհայտ արմատներին տրվում են հետեւյալ իմաստները` «բռն»-փորձում են բացատրել արդի հայերենի «բռունցք» բառով, իսկ «կոթ» արմատին տրվում է հայտնի իմաստը` գյուղգործիքների փայտյա, բռնելու մասը: Մեկ ուրիշ բացատրություն կապում է առաջին արմատը «բուռն» բառի հետ, թե իբր գյուղեր կային «Բուռն» եւ «Կոթ» անուններով: Ու նորից ստացվում է անհեթեթ բացատրություն, որը գիտական չէ եւ, բնականաբար չի բավարարում անգամ բացատրությունների հեղինակներին, քանի որ այդ դեպքում անբացատրելի է մնում Անգեղակոթ բառի իմաստը:

Չէր հաջողվում բավարար բացատրություն տալ այդ գյուղերի անվանումներին այնքան ժամանակ, քանի դեռ ուշադրություն չէինք դարձրել երրորդ գյուղի անվանմանը: Այն գտնվում է հուշարձանից արեւելք` մոտ 27 կիլոմետր հեռավորության վրա` Գորիս քաղաքի մոտակայքում: Այդ գյուղի անվանումը Բռուն է:

Պարզ դարձավ, որ «Բռնակոթ» բառի առաջին արմատը պետք է նույնացվի Բռուն անվանմանը, քանի որ ըստ հայերենի բառակազմական կանոնների «ու» ձայնավորը երբեմն սղվում է:

Սակայն կա նաեւ չորրորդ գյուղը` Քարահունջ անվամբ: Այն հուշարձանից հարավ-արեւելք է` մոտ 30 կմ հեռավորոթյան վրա: Եթե քարտեզի վրա միացնենք այս չորս գյուղերը, ապա կստացվի զուգահեռագիծ: Աներեւակայելի մի փաստ, որը դեռ բացատրություն չունի:

Մենք առաջ ենք քաշում մի վարկած, որի մասին կխոսենք առանց մանրամասնությունների, քանի որ այդ վարկածը դեռ ստուգման փուլում է:

Վարկած. ստացված զուգահեռագծի կարեւոր կետերում գոյություն ունեն նաեւ այլ կառույցներ, օրինակ, անկյունագծերի հատման կետում:

Այս վարկածի մասնակի ստուգումը նույնպես հուսադրող արդյունք տվեց: Սիսիանի հուշարձանների պահպանության կոմիտեի տվյալների համաձայն, մոտավորապես նշված զուգահեռագծի անկյունագծերի հատման կետում դամբարանադաշտ է գրանցված:

Եվս մի ուշագրավ փաստ ներկայացնենք, որի բացատրությունը նույնպես դեռ չունենք: Զորաց քարեր համալիրը ստացված զուգահեռագծի Անգեղակոթ եւ Քարահունջ գյուղերը միացնող անկյունագծի վրա է եւ բաժանում է այն 1/4 : 3/4 հարաբերությամբ:

«Բռուն» բառի ստուգաբանությանը մենք դեռ կանդրադառնանք, իսկ հիմա դիտարկենք «կոթ» բառի մեր առաջարկած նշանակությունը: Հայոց լեզվի այդ տեղանքի` Սիսիանի բարբառում կա շատ հին մի բառ՝ «կոտ», որի հիմնական իմաստն է «մեծ»: Հին Հայաստանում կշռի (ծավալի) չափի «կոտ» կոչվող միավոր կար: «Մի կոտ ոսկի» արտահայտությունը հայկական հեքիաթներում մեծ հարստություն է նշանակում` այնքան մեծ, որ մի հեքիաթում թագավորը վախի-շփոթության մեջ է ընկնում երբ լսում է, թե մի գյուղացու նա մի կոտ ոսկի է պարտք: Արդի հայերենում հետաքրքրական մի արտահայտություն է պահպանվել. «Կոտ-կոտ խոսել», որի իմաստը «մեծ-մեծ խոսելն» է:

Մեր ենթադրությունը հետեւյալն է: Անգեղա-կոթ եւ Բռնա-կոթ գյուղերի անվանման երկրորդ արմատը իրականում հնչում է «կոտ» ձեւով (Հ. Առաքելյան, Հ. Հակոբջանյան, «Բռնակոթի պատմությունը» Երեւան, 1997, էջ 19) եւ կրում է «մեծ» իմաստը: Եթե թարգմանենք արդի գրական հայերեն, կստացվի Բռուն, Մեծ Բռուն եւ Մեծ Անգեղ: Հնարավոր ենք համարում, որ «Անգեղակոթ» առաջին արմատի իրական հնչողությունը լինի «Անգղ», քանի որ այդպես էր կոչվում նաեւ Անգեղ տուն նախարարաց տոհմի իշխանանիստ քաղաք-ամրոցը Աղձնիքում:

Այսպիսի անվանումներ տալ գյուղերին ընդունված ձեւ է ամբողջ աշխարհում: Մեր դեպքում մնում է միայն բացատրել, թե ինչպես «տ» հնչյունը փոխվել է «թ»-ի: Լեզվի զարգացման ընթացքում հաճախ տեղի է ունենում այդպիսի անցում: Դա օրինաչափ է համարվում բոլոր արեւմտաեվրոպական լեզուների համար: Հայերենում էլ նկատելի է դա: Օրինակ, «մարդ» բառը արդի ընթերցմամբ հնչում է«մարթ»:

Դիտարկենք «Բռուն» բառը: Այս բառը կազմված է «բռ(ր)» արմատից եւ «-ուն» ածականակերտ վերջածանցից: «Բռ» կամ «բր» արմատի մասին մենք արդեն խոսել ենք: Այն կրում է «գիր» իմաստը կամ «-ել» բայակերտ վերջածանցի հետ կրում է «փորագրել-գրել» իմաստը: Ածականակերտ «-ուն» վերջածանցը հայերենում եւ որոշ հնդեվրոպական լեզուներում, բայական արմատին կցվելով, ցույց է տալիս արմատային գործողություն կատարելու ընդունակություն, հատկանշական լինելը: Օրինակ, հայերենում եւ ռուսերենում` թռչել-թռչուն (летать-летун), գիտենալ-գիտուն (ведать-ведун), խոսել-խոսուն (говорить-говорун) եւ այլն:

Այսպիսով, «բռ(ր)ուն» բառը նշանակում է «գրել կարողացող (իմացող)»: Իսկ որպես գյուղի անվանում հետեւյալ մեկնությունն է ստանում` «Գրագետ` գրել իմացող մարդկանց գյուղ»:

Զարմանալի փաստ-1.

Հայաստանում, ինչպես եւ, ի միջիայլոց, շատ այլ երկրներում, տարբեր գավառների բնակիչներն ունեն ընդհանրական հատուկ մականուններ, որոնք արտացոլում են տվյալ սուբէթնոսի յուրահատկությունը: Ապշեցուցիչ է, բայց Սիսիանի եւ Գորիսի (Բռուն եւ Քարահունջ գյուղերը գտնվում են Գորիսի մոտակայքում) շրջանների բնակչությունը ընդհանուր սուբէթնոս է կազմում եւ ունի ընդհանուր մականուն` «գրողներ», այսինքն` գրել իմացող մարդիկ:

Զարմանալի փաստ-2.

Անգլերեն «գրել» բայն է` «write»: Արդի հնչողությունն է` «ռայթ»: Սակայն նախկինում, ըստ լեզվաբանական հայտնի օրինաչափության, այն հնչել է այնպես, ինչպես գրվել է` «վրիտե»: Մինչդեռ ռոմանա-գերմանական մյուս լեզուներում, որոնց թվին է պատկանում անգլերենը, «գրել» բայի արմատը նույն է եւ էապես տարբերվում է անգլերենից` «scribe»: Մասնավորապես` schreiben` գերմաներեն, escribir` իսպաներեն, scrivere` իտալերեն, scriber` լատիներեն, ecrire` ֆրանսերեն: Հաշվի առնելով հնդեվրոպական լեզուներում «բ»/«վ» հնչյունափոխությունը (օրինակ` լատիներենից իտալերենին անցնելիս` «scriber»/ «scrivere») վստահորեն կարելի է ենթադրել, որ ժամանակակից «write» գրելաձեւը ստացվել է նախկին «brit» ձեւից:

Դիտարկենք «Անգեղակոթ» բառի առաջին` «Անգեղ» արմատը: Հայոց առասպելաբանության մեջ կա Տորք Անգեղ անունով առասպելական հերոս: Նա մի հսկա էր, ամեհի ուժով օժտված, եւ հայտնի էր իր բարի գործերով, մասնավորապես, հայրենիքի պաշտպանության գործում: Հին Հայաստանում կար նաեւ իշխանական տոհմ՝ Անգեղ կամ Անգեղյաց տուն անվանումով, որն, ըստ երեւույթին, իր ծագումնաբանությունը հասցնում էր մինչեւ դիցաբանական Տորք Անգեղ: Իշխանական այդ տոհմի նստավայր քաղաքը Աղձնիքում էր եւ կոչվում էր Անգղ: Կարծում ենք «Անգեղյաց» բառի մեջ «ե» հնչյունը հայտնվում է «Անգղ» բառի հոլովման հետեւանքով:

Այսպիսով, ենթադրում ենք, որ Տորք Անգեղն էլ պետք է լինի Տորք Անգղ: Հաշվի առնելով Մովսես Խորենացու հունամետ լինելը, կարելի է ենթադրել, որ նա «Անգղ» բառը «Անգեղ» է ներկայացրել («տգեղ» իմաստով)՝ նմանեցնելու համար, ինչպես գրում է ակադ. Ստ. Մալխասյանը (Ստ. Մալխասյան, Ներածություն, Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» գրքի, Եր., «Հայաստան» 1990. Էջ XXVII-XXX), հունական դիցաբանության մեջ հայտնի, այլանդակ դեմք ունեցող, կիկլոպ Պոլիսֆենին, որը նույնպես ժայռաչափ քարեր է նետում փախչող Ոդիսեւսի նավի հետեւից:

Այսպիսով, կարելի ենթադրել, որ «Անգեղակոթ» բառի մեջ «ե» հնչյունը նույնպես հայտնվում է «Անգղ» արմատի հոլովման պատճառով:

Զարմանալի փաստ-3.

Արեւելահայերեն գրական լեզվում (բարբառներում նույնպես) «Անգլիա» բառը ընդհուպ մինչեւ 1925 թվականը գրվում եւ ընթերցվում էր որպես «Անգղիա»: Իսկ արեւմտահայերենում այդ գրությունը եւ հնչողությունը շարունակվում է մինչ օրս:

Մենք հակված ենք կարծելու, որ խոր կապ կա «Անգլիա»-«Անգղիա», «Անգղ» եւ «Անգեղ» բառերի միջեւ:

Ինչպես տեսնում ենք, չափից շատ են համընկնումները, որպեսզի դրանք պատահական համարենք: Ահա թե ինչու, կարծում ենք, որ բավական մեծ համոզվածությամբ կարող ենք տալ այդ բառերի իմաստային ստույգ թարգմանությունը եւ ասել, որ «Բռուն» գյուղի անվանումը նույնանում է «Բրիտանիա» անվան հետ, «Բռնակոթ»-ը նույնանում է «Մեծ Բրիտանիա»-ի հետ, իսկ «Անգեղակոթ»-ը` «Մեծ Անգլիա»-ի:

No comments: