Friday, October 31, 2008

Ջիվան Գասպարյանի հոբելյանին կգան աշխարհահռչակ երաժիշտներ

Հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Մարզահամերգային համալիրում նոյեմբերի 11-ին կայանալիք □Ջիվան Գասպարյան եւ ընկերներ□ համերգին մասնակցելու են աշխարհահռչակ աստղեր Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Միացյալ Նահանգներից:

Երեւան կգան Պիտեր Գաբրիելը, Զուկերոն, □Փլանեթ Իքս□-ը, այլ աստղեր ու աշխարհահռչակ խմբեր, ովքեր Գասպարյանի հետ հանդես են եկել ամենատարբեր երկրներում եւ բեմահարթակներում:

Լրագրողների հետ հանդիպմանը Ջիվան Գասպարյանը երեկ ասաց, որ իր հյուրերը Երեւանում հանդես կգան նաեւ առանձին համերգներով:

□Աշխարհից մոտ երկու հարյուր մարդ պետք է գա, եւ աշխարհի աստղերը, որոնց հետ ես երկար տարիներ աշխատել եմ, գործակցել եմ□, - ասաց Գասպարյանը:

Իր 80-ամյակը, որ լրացել է հոկտեմբերի 12-ին, Ջիվան Գասպարյանը նշել է ընկերների ու հարազատների հետ, երեկ էլ ասաց, թե հոբելյանը հատուկ նշելու կարիք էլ չուներ:

□Բայց մտածեցինք, որ թող մի տոնական օր լինի մեր ժողովրդի համար, որպեսզի մեր ժողովուրդը լավ համերգներ նայի: Որեւիցե մեկը չի կարող տեսնել Պիտեր Գաբրիելին Երեւանում: Որեւիցե մեկը Զուկերոյին չի կարող տեսնել Երեւանում□:

Համերգի տոմսերը կարժենան 10-50 հազար դրամ:

Ջիվան Գասպարյանը ասաց, որ կուզենար, որ տոմսերի գները ավելի մատչելի լինեն, անգամ` անվճար:

□Ես որեւիցե շահ այդտեղ չունեմ: Ես դուրս եմ գալու բեմ որպես նվեր իմ ժողովրդին□, - ասաց դուդուկահարը:

Առանց հոնորարի են ելույթ ունենալու նաեւ հրավիրված աստղերը:


Գայանե Դանիելյան

No comments: