Վերհիշելով անցյալը եւ տեսնելով ներկան, ակամա եւ ցավով երկմտում ես` արդյոք արժանապատվության պակասը չի՞ դարձել մեր ժողովրդի բնորոշ հատկանիշը դեռ պատմահայր Խորենացու ժամանակներից: Այլապես ինչպե՞ս մեկնաբանել այն փաստը, որ մեր նախկին եւ ներկայիս պատմաբանները նախանձելի ջանասիրությամբ Հայքի կամ Հայաստանի պատմությունը վերտառել են մեր իսկությունը վիրավորող եւ ամոթալի «Հայ ժողովրդի պատմություն», իսկ վերջերս «ուղղված» (՞) եւ, իհարկե, նույն իմաստով, «Հայոց պատմություն» դասագրքերը: Թերթում ես հանրագիտարանները եւ ամենուրեք՝ «История Грузии», «История Казахстана», «История Азербайджана» եւ այլն, բոլորը, բայց ոչ մենք, քանի որ դրանով ուզում ենք ասել` «Այո, դուք ճիշտ եք, մենք անհայրենիք, թափառական ազգ ենք եւ չենք կարող ունենալ հայրենի երկիր, անօրինական զբաղեցնում ենք Ադրբեջանի տարածքները»: Ապացույց` խնդրեմ, թույլ ենք տվել, որ նույնիսկ նախասովետական Արեւելյան Հայաստանի գյուղերի եւ քաղաքների ավելի քան 80 տոկոսի անվանումները լինեն թուրքերեն` Ղարաքիլիսա, Ղուրդուղալի, Ջաֆարաբադ, Քյոռփոլու... եւ համարյա թե բոլորը, իրենց հայ բնակչությամբ, չնչին բացառությամբ:
Նույնը չե՞նք եւ այսօր, երբ խանութների, «օֆիսների» եւ բազմաթիվ ֆիրմաների ցուցանակներում տեսնում ենք ամենատարբեր անվանումներ` պատահաբար լսած, անհեթեթ, իմաստին անտեղյակ, բայց, իհարկե, ոչ հայկական (էդ էր պակա՜ս): Ո՞վ պետք է մտածի այդ մասին, ո՞վ է հսկում... Չկա, դատարկություն է, ոչ մեկին ի պաշտոնե չեն հետաքրքրում ազգային արժանապատվությունը վիրավորող, աչք ծակող երեւույթները:
Քայլում ես քաղաքի փողոցներով` հոյակապ շինություններ, էստակադաներ, անցուղիներ եւ թեկուզ երկու մետրանոց, բայց իսկապես գեղեցիկ Հյուսիսային պողոտան: Շատ բաներ կան, որոնք հպարտությամբ ցույց են տալիս բարձրաստիճան հյուրերին մայրաքաղաքի քաղաքապետները եւ թաղապետները: Բայց հենց այստեղ, մայրաքաղաքի կենտրոնում, խնդրեմ` մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայանի ստորգետնյա մուտքային շրջանաձեւ հարթակում եւ այնտեղից հրապարակ տանող անցուղում գարշահոտությունն է թագավորում: Ես պատահաբար անցնում էի դեպի դուրս եւ ամոթից կարկամեցի, երբ երկու գերմանացի հյուր քիթ-բերան ձեռքով պահած զզվանքով իջնում էին վերաբացված աստիճանամուտքով, չկարողացան իրենց զսպել եւ չարտահայտվել` schweinen (խոզեր): Ով է մեղավոր այս կարգի խայտառակ փաստերի համար, եթե ոչ քաղաքապետները: Ես չեմ ուզում կարմրել նրանց փոխարեն, ովքեր ի պաշտոնե եւ հանգստանալիս լինում են աշխարհի բազմաթիվ, այդ թվում՝ քաղաքակիրթ երկրներում եւ զլանում են, չեն հետաքրքրվում փորձի փոխանակության կարգով օգտագործել առաջավոր փորձը աղբահանության կազմակերպման եւ հասարակական զուգարանների ցանց ստեղծելու գործում:
Այո, բնակիչներն էլ են մեղավոր: Բայց ինչո՞ւ այլանդակ ծամածռություններով եւ աղբանոցային լեզվով գովազդների փոխարեն հեռուստատեսությունում չկազմակերպել պարբերաբար հնչող, դիպուկ, բարձրարվեստ զրույցներ եւ տեսահոլովակներ, թեկուզ «թաքնված» խցիկներով: Ո՞վ է ձեր ձեռքը բռնել (ինչպես ասում են), թե՞ դուք զբաղված եք ավելի հաճելի հարցերով, օրինակ, ինչպես ամեն տարի գարնանը ցուցադրաբար տնկի դնել հավանաբար նույն տեղում նախորդ տարվա չորացածի փոխարեն, քանի որ չի նկատվում սարալանջում խոստացած վերածնվող անտառը: Վերջ ի վերջո անհրաժեշտ է դաստիարակել եւ, ինչու չէ, դաստիարակվել եվրոպական չափանիշներին հասնելու համար:
Ազգային արժանապատվության ոտնահարում չէ՞ արդոք, երբ ամենուրեք` փողոցում, շոու-հավաքույթներում, շուկաներում, դպրոցի միջանցքներում, փողոցում հանպատրաստի հարցումներում լրագրողի կողմից, գովազդում լսվում է միայն` «էտի», «էսի», «վաբշե», «դաժե», «ուժե», «սամսեմ» եւ այսպիսի անթիվ այլանդակված, բռնաբարված, հայի պատմական էությունը վիրավորող եւ վարկաբեկող «վայ» հայերենը: Երբ իրենց կիրթ ձեւացնող, ռուսերենից բառացի թարգմանելու տենդով տառապող ակադեմիկոսի, հասարակական կամ պետական գործչի «ջանքերով» ներդրված անհեթեթ «կտրվածքով» արտահայտությունն ես լսում, որը ահավոր արագությամբ տարածվել է տգետ մեծամասնության կողմից, հանգելով այսպիսի մահասարսուռ «գրական» լեզվի, ինչպիսին է, օրինակ՝ «...հարցը լուծել մոր եւ մանկան «կտրվածքով», կամ վարսավիրանոցին (Ա. Խաչատրյան եւ Գյուլբենկյան փողոցների խաչմերուկ) փակցված` «Տղամարդու կտրվածքը-1000 դր» եւ այլն, եւ այլն` այս «կտրվածքով»: Էլ չեմ մանրամասնում, երբ ամենուրեք ամեն ինչ դարձել է հոգնակի` երջանկություններ, կյանքեր, կենցաղներ, հումորներ, եթերներ, նույնիսկ... շուկայում, այլ ոչ միայն «էլիտար» միջավայրում: Եվ ինչպես կարող է այլ կերպ լինել, երբ նախարարը (մշակույթի) եւ քարտուղարը (Գրողների միության) անընդհատ «որը որ», «երբ որ» կրկնակի շաղկապով «զարդարում» են իրենց խոսքը (1-ին ալիք, 7 եւ 12 հոկտեմբերի` համապատասխանաբար): Եվ զարմանալի չէ, երբ քաղաքացիական կեցությունը գրանցող (զագս) աշխատակիցը իր պրոֆեսիոնալ տգիտության պատճառով չի համոզում ծնողին հրաժարվել որդուն Մյասնիկ անվանելու պահանջից եւ չի բացատրում նրան, որ այդ բառը ռուսերենում բացի իր բառացի իմաստից (մսագործ), օգտագործվում է նաեւ այլ իմաստով` «արյունարբու», «մարդասպան»:
Մի՞թե մեզ համար ամոթալի չէ, երբ հասունացած, նույնիսկ «բարձրագույնով», բայց նույն մակարդակին մնացած Մյասնիկը, նույն մակարդակի շրջապատի թողտվությամբ կդառնա մեր երկիրը ի պաշտոնե ներկայացնող անձ (եւ իրականում կա) ռուս միջավայրում, առաջացնելով ուրույն կարծիք (արհամարհանք կամ, լավագույն դեպքում, ներողամիտ ժպիտ) ոչ միայն հենց Մյասնիկի նկատմամբ, այլեւ ավելի լայն իմաստով:
Իսկ ի՞նչ է կատարվում երգ-երաժշտության բնագավառում, երբ մի խումբ ճարպկության, այլ ոչ թե երաժշտության մեջ տաղանդավոր արհեստավարժ «երգահաններ» եւ շոու-համերգների կազմակերպիչներ զավթել են երիտասարդության «ճաշակը զարգացնելու» (դեբիլացնելու) մենաշնորհը, զրկելով նրան հայ դասական, ոգով ազգային երաժշտության բարերար ազդեցությունից, փոխարենը հրամցնելով անասնական կրքեր եւ ականջ ծակող «ժամանակակից», միայն մարմնի շարժումներ պարունակող «երգեր» կամ հայերեն պրիմիտիվ, ռաբիսի մակարդակի բովանդակությամբ, թուրքա-ադրբեջանական կլկլոցով եւ մուղամի ոռնոցով երգեր` «աստղերի» կատարմամբ, կամ էլ հայ ժողովրդական երգեր՝ այլանդակ կատարում:
Բավական չէ՞ արդյոք, որ մենք զբաղվենք ինքնաուրացմամբ եւ ինքնաստորացմամբ: Անտարբերությունը, անպատասխանատվությունը եւ տգիտությունը անխուսափելիորեն հանգեցնում են դրան:
ԷԴՈՒԱՐԴ ՄՈՒՐԱԴԽԱՆՅԱՆ, տեխն. գիտ. թեկնածու
No comments:
Post a Comment