Tuesday, August 28, 2007

«ԻՍՐԱՅԵԼԸ ՊԵՏՔ Է ԲԱՐՈՅԱԿԱՆ ԲԱՐՁՐ ԿԵՑՎԱԾՔ ԸՆԴՈՒՆԻ»

Մ. Նահանգներում գործող «Միություն ընդդեմ վարկաբեկման» հրեական կազմակերպության Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունը անարձագանք չմնաց նաեւ Երուսաղեմի հայկական համայնքում: Իսրայելական «Ջերուսալեմ փոստ» թերթի օգոստոսի 23-ի համարում տպագրված «Հայերը հրեաներից պահանջում են բարոյական բարձր կեցվածք» հոդվածն այդ առիթով անդրադարձել է հայ հոգեւորականների ու համայնքի անդամների կարծիքներին, միաժամանակ փաստելով Հայոց ցեղասպանության ճանաչման նկատմամբ Իսրայելի կառավարության ժխտողական դիրքորոշումը:
«Իսրայել պետությունն ու հրեական բոլոր կազմակերպությունները պետք է բարոյական բարձր կեցվածք ընդունեն եւ մի կողմ թողնելով քաղաքական շահերը, Համաշխարհային առաջին պատերազմի ժամանակ թուրքերի իրականացրած ոճրագործությունները ճանաչեն որպես ցեղասպանություն», չորեքշաբթի հայտարարել են Երուսաղեմի հայկական համայնքի ներկայացուցիչները: Հոդվածագիր Էդգար Լեֆկովիչը նշում է, որ անցած տարի Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը Երուսաղեմի հայոց պատրիարքը ծաղկեպսակ է դրել քաղաքում: Լրագրողը մեջբերում է Հայոց պատրիարքարանի հոգեւորական, հայ Սամուել Եղոյանի հետեւյալ խոսքը. «Իսրայելն այս հարցը շատ ավելի լավ է հասկանում, քան մեկ այլ պետություն, բայց քաղաքականացնելով այն՝ փչացնում է իր դատողությունները»: Նա նաեւ նշում է, որ Իսրայելի քաղաքական գործիչները քանիցս կանխել են Հայոց ցեղասպանության ճանաչումը: «Երբ քաղաքականացնում եք հարցը, սպանում եք այն ոգին, որով ստեղծվել են Մ. Նահանգներն ու Իսրայելը: Եթե չեք ցանկանում բացահայտորեն ընդունել ցեղասպանությունը, գոնե ասեք, որ այն տեղի է ունեցել», ավելացրել է Եղոյանը:
Երուսաղեմի հայկական դպրոցի եւ գրադարանի տնօրեն հայր Նորայր Ղազարյանը իր հերթին ասել է, որ հրեական լոբբին որպես Հոլոքոսթ ապրած ժողովրդի շահերը պաշտպանող կազմակերպություն, պետք է ավելի լայնախոհ լինի եւ դրսեւորի Հայոց ցեղասպանությունը լիովին եւ անվերապահորեն ճանաչելու բարոյական կեցվածք, մի կողմ թողնելով քաղաքականությունը: Նա հավելել է, որ Իսրայելը եւ հրեական աշխարհը չպետք է երկյուղեն Թուրքիայում ապրող հրեական համայնքի հանդեպ ոտնձգություններից, նկատի առնելով այնտեղ ապրող հազարավոր հայերի ներկայությունը: Նա միաժամանակ վկայակոչել է Թուրքիայի լավ հարաբերությունները Հայոց ցեղասպանությունը ճանաչած Ֆրանսիայի եւ Բելգիայի հետ: Հոդվածագիրը իր կողմից նշում է, որ պատմաբանների գնահատմամբ, 1,5 մլն հայ է սպանվել օսմանյան Թուրքիայում՝ 1915-1923 թվականների ընթացքում, եւ ուսումնասիրողներն այդ դեպքերը լայնորեն դիտարկել են ու որակել որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Չնայած դրան, Թուրքիան ժխտում է, ասելով, որ կորուստները ուռճացվել են, սպանվածները քաղաքացիական պատերազմում զոհվածներն են:
Երուսաղեմի հայկական համայնքի անդամները նաեւ նշել են, որ իրենց ընկալմամբ, անառարկելիորեն տարբեր են հայերի կոտորածը որպես ցեղասպանություն ճանաչող հրեա հասարակ ժողովրդի եւ Թուրքիայի հետ ջերմ հարաբերությունները վնասելուց զգուշացող քաղաքական գործիչների հայացքները: «Ես գիտեմ, որ հրեա ժողովուրդը մեզ հետ է եւ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, բայց քաղաքական շահերը Քնեսեթին եւ հրեական խմբակցություններին հետ են պահում նույնն անելուց», ասել է Հին քաղաքի բնակիչ, խանութպան, 63-ամյա Հակոբ Անդրեասյանը: Լինելով ցեղասպանություն վերապրածների զավակ, նա գտնում է, որ հայերի ու հրեաների ողբերգությունը ընդհանուր է: Երբ ինքը ֆիլմեր է դիտում Հոլոքոսթի մասին, դրանցում տեսնում է ոչ միայն հրեա, այլեւ հայ երեխաների: «Ասես տեսնում եմ իմ հոր աչքերը, երբ նա 7 տարեկան էր»:
Անդրեասյանը կարծում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը Մ. Նահանգների Կոնգրեսում քննարկման ներկայացնելը հնարավոր դարձավ ոչ թե Ամերիկայի հրեաների, այլ հայ ու հրեա մտավորականների ջանքերի շնորհիվ: Նա նաեւ մեջբերում է Ամերիկայի հրեական կոմիտեի փոխտնօրեն Դեյվիդ Հարիսի ակնարկը, որ հայ եւ թուրք պատմաբանները պետք է միասին քննարկեն Հայոց ցեղասպանության հարցը: «Արդյոք մենք պե՞տք է խնդրենք, որ հրեա եւ նացիստ պատմաբանները միասին քննարկեն Հոլոքոսթի հարցը», հարցրել է Անդրեասյանը: Որպես բնիկ երուսաղեմցի իր համար չափազանց կարեւոր է, որ Իսրայելը չլինի Հայոց ցեղասպանությունը ճանաչող վերջին պետությունը: «Ես գիտեմ, թե ինչ զգացումներ ունի հրեա ժողովուրդը եւ չեմ ցանկանում, որ հրեական պետությունը վերջինը ճանաչի ցեղասպանությունը»: Երուսաղեմի հայ համայնքի անդամները կարծում են, որ ի վերջո բոլոր երկրները կընդունեն Հայոց ցեղասպանությունը:
«Վաղ թե ուշ կգա ճշմարիտ պահը», իր խոսքն ամփոփելով ասել է Եղոյանը:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

No comments: