Monday, October 15, 2007

ՈՎ Է ԽԱԽՏՈՒՄ ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

1921-ի հոկտեմբերի 13-ին կնքվեց Կարսի հայտնի պայմանագիրը, որը փաստորեն մինչ օրս գոյություն ունեցող միակ միջպետական համաձայնագիրն է, որն այսպես թե այնպես կարգավորում է հայ-թուրքական հարաբերությունները: Սակայն Թուրքիան պնդում է, որ իբր թե պաշտոնական Երեւանը հրաժարվում է ճանաչել Կարսի պայմանագիրը եւ տարածքային պահանջներ է ներկայացնում Թուրքիային: Վերջինս իր այս տեսակետը նույնիսկ ներկայացրել է արտգործնախարարության ինտերնետային կայքում, հայկական հարցի վերաբերյալ իր հարց ու պատասխաններում, որտեղ սակայն նշված չէ թեկուզ մի դեպք, երբ հայաստանյան որեւիցե պաշտոնյա երբեւէ հայտարարած լինի Կարսի պայմանագրից հրաժարվելու մասին:
Կարող ենք պնդել, որ պաշտոնական Անկարայի համար, այսպես կոչված, «Կարսի պայմանագրի» հարցը իրականում մտացածին խնդիր է, որը «ստեղծվել» է արդարացնելու համար սեփական, ոչ հեռատես քաղաքականությունն իր անմիջական հարեւանի նկատմամբ: Թուրքերի պնդումները, թե հայկական կողմը, մերժելով Կարսի պայմանագիրը, չի ճանաչում նաեւ հայ-թուրքական ընդհանուր սահմանը, նույնպես զուրկ է տրամաբանությունից: Պաշտոնական Երեւանը երբեք հանդես չի եկել սահմանների փոփոխման մասին հայտարարություններով, իսկ հղումները, թե մեր սահմանադրության մեջ Արարատ սարը հայտարարված է պետական խորհրդանիշ եւ դրանով եզրակացություններ են անում, որ սա պաշտոնապես տարածքային պահանջատիրության վկայություն է, ոչ այլ ինչ է, քան հիվանդ երեւակայության մտավարժանք: Նման տրամաբանությամբ կարելի է պնդել, որ թուրքական դրոշի վրա պատկերված կիսալուսինը Լուսնի նկատմամբ հավակնությունների նշան է:
Անդրադառնալով այդքան շահարկված Կարսի պայմանագրին, կարող ենք հարց տալ, արդյոք այն միջազգայի՞ն փաստաթուղթ է եւ ունի՞ միջազգային օրենքի ուժ: 1921-ին Կարսի պայմանագիրը կնքվել է երկու, այդ պահին աշխարհի տերությունների կողմից միջազգայնորեն չճանաչված սուբյեկտների` քեմալական Թուրքիայի եւ Խորհրդային Հայաստանի միջեւ: Գաղտնիք չէ նաեւ, որ Կարսի պայմանագրի համար հիմք է ծառայել Մոսկվայի պայմանագիրը, կնքված նույնպես չճանաչված պետությունների` Խորհրդային Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ: Նկատենք, որ պայմանագիրը կնքած երկրներից մեկը` Խորհրդային Հայաստանը, այդպես էլ երբեք չճանաչվեց միջազգային կառույցների կողմից որպես առանձին պետական միավոր: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Կարսի պայմանագրի 2-րդ հոդվածում հատուկ նշված է, որ «Թուրքիա հասկացության տակ այստեղ նկատի են առնվում այն տարածքները, որոնք ներառված են 1920-ի հունվարի 28-ի Կ. Պոլսում օսմանյան խորհրդարանի ընդունած «Ազգային ուխտում»»: Այստեղից կարող ենք եզրակացնել, որ Թուրքիա հասկացությունն այն աստիճան անորոշ էր, որ Կարսի պայմանագիր կնքողները հատուկ հոդվածով բացատրում էին, թե որ տարածքների վրա է սփռվում այսպես կոչված Թուրքիա պետությունը: Սակայն չնայած այս ամենին, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող միակ փաստաթուղթը մնում է Կարսի պայմանագիրը, որի դրույթների առաջին խախտողները, հենց Թուրքիան ու նրա դաշնակից Ադրբեջանն են: Այսպես, պայմանագրի 5-րդ հոդվածի համաձայն Նախիջեւանում ստեղծվում է ինքնավարություն: Ներկայիս Ադրբեջանը լուծարելով այս ինքնավարությունը կոպտորեն խախտել է պայմանագրի այս դրույթը, հասկանալի է, որ Թուրքիան այս ամենը չտեսնելու է տալիս:
Սակայն ամենակարեւորն այն է, որ պաշտոնական Անկարայի կողմից այդքան չարչրկված Կարսի պայմանագրում խոսք անգամ չկա Նախիջեւանի նկատմամբ Թուրքիայի հովանավորության իրավունքների մասին: Իսկ հենց սա է այն հիմնական գաղափարը, որից էլ կառչած Անկարան ամեն անգամ շեշտում է Կարսի պայմանագրի մասին, որպես մի փաստաթղթի, որն իբր թե նրան իրավունք է տալիս խառնվելու Նախիջեւանի վերաբերյալ հնարավոր զարգացումներին: Նախիջեւանի նկատմամբ թուրքական հովանավորության մասին խոսք չկա նաեւ Մոսկվայի պայմանագրում, որի հիման վրա էլ ստեղծվել էր Կարսի պայմանագիրը, այնտեղ միայն խոսվում է, որ Ադրբեջանը իրավունք չունի այն (Նախիջեւանը) զիջել երրորդ կողմին: Այսինքն՝ ի տարբերություն Մոսկվայի, Կարսի պայմանագրում չի ամրագրվում նաեւ այն երրորդ կողմին զիջելու գաղափարը: Այսպիսով կարող ենք ասել, որ եթե կա մի որեւիցե երկիր, որը խախտել է Կարսի պայմանագրի «նախիջեւանյան» հոդվածները, ապա դա Ադրբեջանն է: Այս փաստաթուղթը անդրադառնում է նաեւ երկկողմ դիվանագիտական եւ սահմանային խնդիրներին: Այսպես, պայմանագրի 17-րդ հոդվածի հիման վրա կողմերի միջեւ 1922-ի հունիսին կնքվել է երկաթգծի աշխատանքի կանոնակարգման մասին կոնվենցիա, որը նույնպես թուրքական կողմի պատճառով չի գործում: Չի գործում նաեւ 19-րդ հոդվածի` հյուպատոսական հարաբերությունների հաստատման մասին դրույթը, որը նույնպես միակողմանի կերպով խախտվում է պաշտոնական Անկարայի մեղքով: Ավելացնենք նաեւ, որ ներկայումս Թուրքիան, անդրադառնալով ղարաբաղյան հիմնահարցին, ժամանակ առ ժամանակ հիշատակում է նաեւ Կարսի պայմանագիրը: Իրականում թե՛ Մոսկվայի եւ թե՛ Կարսի պայմանագրերում ոչ մի հիշատակում չկա Լեռնային Ղարաբաղի մասին:
Ինչեւէ, անդրադառնալով Կարսի պայմանագրի հարցին եւ դրա շուրջը պաշտոնական Անկարայի ժամանակ առ ժամանակ բարձրացրած աղմուկին, կարող ենք ասել, որ ինչպես Հայաստանի շրջափակումը եւ հրաժարումը դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց, այնպես էլ Կարսի պայմանագրի կրկնակի վավերացման պահանջի առաջադրումը միջազգային բոլոր օրենքների եւ Հայաստանի Հանրապետության ու նրա քաղաքացիների իրավունքի կոպտագույն խախտում է: Եվ այս վիճակի ողջ զավեշտն այն է, որ Կարսի պայմանագրի վերահաստատումն է պահանջում մի երկիր, որն ինքն է խախտում այդ պայմանագիրը, չկատարելով դրա հիմնական դրույթները, ավելորդ լարվածություն ու սպառնալիք ստեղծելով ողջ տարածաշրջանի համար:
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ

No comments: