Monday, December 17, 2007

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՊԱՌԵԼ ԷՐ ԻՐԵՆ ԴԵՌ 1996-ԻՆ

Թատերական հրապարակում կազմակերպված վերջին միտինգի միակ առանձնահատկությունը՝ պաստառներն էին «ԼԵՎՈՆ VII. ԱՐՔԱ ՀԱՅՈՑ» մակագրությամբ։ Եւ պետք է ասել, որ Տեր-Պետրոսյանը մեծագույն հաճույքով էր լսում իրեն արքա հռչակող 21-րդ դարի կռապաշտների վանկարկումները։
Ամեն ինչ այնքան ծիծաղելի չէր լինի, եթե մեր աչքի առաջ պատմության գիրկն անցած ԼՏՊ-ն հենց իր երբեմնի զինակցի բնորոշմամբ՝ հեռացած չլիներ «հոգնածության եւ սպառվածության» ախտորոշմամբ։ Վանո Սիրադեղյանը, որին ԼՏՊ-ն միտինգային հարթակից կեցցեներ է ուղղում, դեռ 1998 թվականին, գնահատելով 1996թ. նախագահական ընտրությունները, Ազգային հեռուստատեսության «Մարդու ժամանակը» ծրագրում, ասում էր. «1996 թվականի չարաբաստիկ ընտրություններից մի ամիս առաջ պարզ դարձավ, որ ձախողում է սպասվում։ Ոմանց մոտ նույնիսկ այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ այդքան ապաշնորհ ընտրական կամպանիա կարող է լինել միայն մի դեպքում՝ եթե նախագահը չէր ուզում ընտրվել...
Այնուամենայնիվ, 96թ. այդ ամբողջ անհամությունը վերագրում եմ Տեր-Պետրոսյանի հոգնածությանը։ Արդեն սպառել էր իրեն։ Այդ դեպքերից հետո նախագահն ընկավ եռամսյա դեպրեսիայի մեջ։ Ուզում էր, որ ես էլ հրաժարվեմ պաշտոնից, Վազգեն Սարգսյանն էլ։ Մի խոսքով, կարծես ոչ մի բան էլ չէր ուզում։
Ամբողջ պետական համակարգը հուսահատված էր, կազմալուծված, երեք ամիս կառավարություն չէր ձեւավորվում։ Հին կառավարությունն էլ չէր աշխատում։ Այդ կառավարությունն առհասարակ չէր աշխատում 96-ի հունվարից, որովհետեւ այդ ժամանակ նախագահը Բագրատյանին ասել էր, որ նրան ազատելու է աշխատանքից։ Ո՞վ կաշխատեր այդ դեպքում։ Այդպես մի տարի կորցրինք։ Մի տարի էլ կորցրինք 97 թվականին, երբ երկիշխանություն էր հանրապետությունում։ Բայց հետո երեւաց, որ ամբողջ 97 թիվը Տեր-Պետրոսյանը պատրաստում էր իր հեռանալը»։
Ընդգծենք՝ հեղինակը պատահական մարդ չէ. Վանո Սիրադեղյանը հոյակապ գիտեր 96-98 թվականներին ե՛ւ նախագահի, ե՛ւ կառավարության անդամալույծ վիճակը։
Հարց է առաջանում. եթե 50-ամյակը նոր բոլորած ԼՏՊ-ն 1996-ին արդեն լիովին սպառել էր իրեն, ապա 60-ը բոլորելուց հետո, այդ ի՞նչ նոր թափ ու լիցք ստացավ «հոգնած» եւ «սպառված» մարդը։ Գուցե նա շփոթե՞լ է քաղաքականությունը հումանիտար գիտության հետ, ուր այս տարիները փորձառություն են բերում եւ կարելի է նոր խոսք ասել։
Ամեն դեպքում, տեսականորեն եթե ընդունենք, որ 60 տարին գիտնականի համար ուժերի ծաղկման շրջան է, ապա քաղաքականությունը եւ պետությունը հոգնած-հեռացած, սպառված-հեռացածից սպասելիք չի կարող ունենալ։
Շատերը դեռեւս հիշում են նույն Վանո Սիրադեղյանի մեկ այլ՝ առավել քան ուշագրավ գնահատականը՝ ուղղված ԼՏՊ-ին։ 1998թ. նոյեմբերի 10-ին լրագրողի տված հարցին, թե «ՆԳ եւ ԱԱ միացումը արդյոք սարքած չէ՞ր Սիրադեղյանին ուժային լծակներից հեռացնելու համար»,- Վ.Սիրադեղյանը ցնցող պատասխան է տվել։ Սիրադեղյանի պատասխանը այսօր ԼՏՊ-ի կողքին կանգնած պետության եւ պետականության մասին դույզն-ինչ մտահոգ մարդկանց համար պիտի որ կողմնորոշիչ լինի։ Այն պիտի դաս լինի հիշողության կորուստ ունեցող մոլորյալների համար։
Ահավասիկ. «Իմ գնալու հարցը լրիվ ավտոնոմ գոյություն ուներ, իսկ միջոցները, իմ համոզմամբ, տեղի ունեցավ, քանի որ Լ.Տեր-Պետրոսյանը չգիտեր, թե ազգային անվտանգության ծառայությունը ինչ է անելու այս երկրում։ Նա ազգային անվտանգության կոնցեպցիա չուներ. վերացնել՝ նորը կազմավորել, բարեփոխումներ անցկացնել, թե ինչ՝ ինքը չէր պատկերացնում։ Դրանք միացրեց, կարծելով, թե ժամանակին մի բան կմտածի»։
Ասենք, Լեւոն էֆենդին, որն ազգային գաղափարախոսությունը միֆ է համարում եւ կոսմոպոլիտիզմի դասական օրինակ տալիս, ինչպե՞ս կարող էր ազգային անվտանգության հայեցակարգ ունենալ։
Այսօր նույն պատմությունը ուզում է կրկնել՝ իշխանության գալ առանց հստակ պատկերացումների, թե ինչ է պետք անել։ «Ընթացքում մի բան կմտածեմ» մտայնությամբ երկիր ղեկավարելու պտուղները մենք տեսել ենք, տեսել է նաեւ Վանո Սիրադեղյանը։ Իսկ ԼՏՊ-ն ոչ մի քայլ առաջ չի գնացել, մնացել է ճիշտ այնպիսին, ինչպես նրան բնութագրել է իր զինակիցը եւ ընկերը։
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ

No comments: