Thursday, December 06, 2007

ՀԱՅԵՐՆ ԻՍՊԱՆԻԱՆ «ՀԱՎԱՆՈՒՄ» ՈՒ... ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՆԼԵԳԱԼՆԵՐԻ ԹԻՎԸ




Ըմբշամարտի «Մադրիդ-Ռիվաս» ակումբը դեկտեմբերի 1-ին առաջին անգամ հանդես եկավ «Արարատ-Մադրիդ» անվամբ` մասնակցելով Իսպանիայի առաջնությանը: Ակումբի կազմում մասնակցում էին նաեւ հայեր, որոնց հաղթանակն ուրախացնող էր ու հետագա անելիքների հանդեպ լավատեսության տրամադրող: Ցանկություն կա, որ «Արարատ-Մադրիդ» ակումբը շատ տեղերում հայ մշակույթն ու որոշ առումով նաեւ Հայաստանը ներկայացնող խորհրդանիշ դառնա: Թե իսպանահայ համայնքում ինչն են կարեւորում եւ ինչ խնդիրներ ունեն, «Ազգի» համար մեկնաբանեց ներկայումս, ըստ էության, իսպանահայ համայնքը ներկայացնող «Հոգիս» հայ-իսպանական ասոցիացիայի նախագահ Վահագն Հայրապետյանը:
Զուտ պետական ներկայացվածության առումով, Իսպանիայի Թագավորությունում ՀՀ հյուպատոսությունը ներկայացնում է պատվո հյուպատոս Լուիս Բարբերա Սապատերոն: Հյուպատոսության անձնակազմում միայն մեկ դիվանագետ է աշխատում` հյուպատոս Մհեր Բադալյանը, նաեւ երկու տեխնիկական աշխատող: «Ազգի» հետ զրույցում հյուպատոսը ներկայացրեց առկա խնդիրներն ու ընդհանրապես ՀՀ քաղաքացիներին առնչվող հարցերն Իսպանիայում: Նշենք նաեւ, որ պատվավոր հյուպատոսի պարագայում իսպանական փորձը բավականին յուրօրինակ է, քանի որ դիվանագիտական առումով եզակի են դեպքերը պատվավոր հյուպատոսի հետ նաեւ դիվանագետ` հյուպատոս ունենալու առումով:
Տուրիստական հովերով Իսպանիա հասած ՀՀ քաղաքացիների խնդիրները
Իսպանիայում հայ համայնքը համեմատաբար մեծաթիվ չէ, բայց հյուպատոսությանն առնչվող խնդիրներից առաջնային են մնում անձնագրերին վերաբերող հարցերը: Իսպանիայի Թագավորությունում պատվո հյուպատոսության երրորդ քարտուղար Մհեր Բադալյանի ներկայացմամբ, անձնագրային խնդիրներն առաջինն են: Հյուպատոսությունը զբաղվում է Հայաստանի իսպանաբնակ քաղաքացիների բոլոր փաստաթղթային հարցերով, որոնցից առաջինը քանակական կտրվածքով անձնագրային փաստաթղթերն են մնում:
Ավելի շուտ դրանք անձնագրերի վավերականությանը վերաբերող հարցեր են, որոնցով քաղաքացիները դիմում են` երկարաձգելու նպատակով: «Փոփոխման դրանք չեն ենթարկվում, դիմում ենք անձնագրերը երկարաձգելու, նաեւ օտարերկրյա պետություններում այդ անձնագրերի վավերականության ժամկետը երկարացնելու համար», պարզաբանեց Մհեր Բադալյանը:
Իսպանիայում բնակվող ՀՀ քաղաքացիները, բացի անձնագրերի խնդիրներից, դիմում են նաեւ հյուպատոսական այլ ծառայությունների համար` ամուսնական կարգավիճակի, ամուսնալուծության, դատվածության բացակայության տեղեկանքներ:
Ինչպես եւ այլ երկրներում, Իսպանիայում բնակություն հաստատող ՀՀ քաղաքացիների համար առաջնային խնդիր է մնում օրինական կարգավիճակը, քանի որ, հյուպատոսի վկայությամբ, շատերը գնում են Իսպանիա մեկամսյա կամ 15-օրյա զբոսաշրջիկային վիզաներով եւ թերեւս «հավանելով» Իսպանիայի Թագավորությունը` որոշում են մնալ այդ երկրում, հիմնավորվել: Այդ դեպքում դառնում են անօրինական միգրանտներ: Այդուհետեւ նրանք փորձում են կոնկրետացնել իրենց կարգավիճակը` օրինական բնակվելու համար:
Թե որքանով է այդ նույն օրինականացման գործընթացը դժվար կամ բարդ հենց Իսպանիայում, Բադալյանը գնահատական չի տալիս, ընդգծելով, որ Իսպանիան Եվրոմիության անդամ երկիր է, հարեւան երկրների նման այստեղ էլ կան համապատասխան նորմեր, որոնցով պիտի առաջնորդվեն եւ որոնց համաձայն անձը պետք է օրինական գտնվի երկրում, անցնի որոշակի ժամանակահատված:
Մհեր Բադալյանի խոսքերով, «Հետո, ինչպես իսպանահայերն են սիրում ասել, օրենքներ են դուրս գալիս, որոնք թույլ են տալիս օտարերկրյա քաղաքացուն Իսպանիայում որեւէ ժամանակահատված ոչ օրինական գտնվելուց հետո որոշակի ժամկետում դիմել օրինականացնելու իր փաստաթղթերը, իր կեցությունը տվյալ երկրում»:
Ընդ որում, այդ օրենքները համաներման նման փաստաթղթեր են, որոնք ընդունվում են այն պարզ տրամաբանությամբ, որ օտարերկրացիների մուտքը երկիր միանշանակ արգելվել չի կարող: Հետաքրքրական է, որ Իսպանիան կարելի է դիտարկել անօրինական միգրանտների համար որպես տարանցման երկիր, որով անցնում են մասնավորապես աֆրիկյան երկրներից Կանարյան կղզիներով հեռացողները` հետագայում հաստատվելով հյուսիս-եվրոպական երկրներում:
Ինչ վերաբերում է հենց հայությանը, ապա վերջին տարիներին համարվում է, որ մոտ 40-45 հազար Հայաստանի քաղաքացի է ապրում Իսպանիայում, իսկ այդ երկրի ընդհանուր բնակչությունը կազմում է շուրջ 47-48 մլն: «Բայց ՀՀ քաղաքացիներն այն քաղաքացիները չեն, որ վերջին 2-3 տարվա ընթացքում են Հայաստանից մեկնել Իսպանիա: Վիճակագրությունը ընդգրկում է այն քաղաքացիներին, որոնք բնակվելով Լեհաստանում եւ հետագայում տեղափոխվելով Գերմանիա, Հոլանդիա, վերջապես տարբեր նկատառումներով հանգրվանել են Իսպանիայում», նշեց հյուպատոսության երրորդ քարտուղարը:
Այսինքն՝ ավելի շատ այդ երկրում են գտնվում 90-ականների սկզբին Հայաստանից հեռացածները, տարբեր նկատառումներ ասվածն էլ ավելի հաճախ բացատրվում է, ասենք, եղանակային պայմաններով: Վերջին 2-3 տարիներին Իսպանիայում հայտնվածների մեծամասնության առնչությամբ էլ, ըստ Մհեր Բադալյանի, չկա որեւէ վիճակագրություն:
Հիմնականում հայ համայնքի ներկայացուցիչներն ապրում են Մադրիդում, Վալենսիայում, Բարսելոնում` մոտ 10-12 հազար, մնացյալը` ողջ Իսպանիայի տարածքում: Զբաղվածության առումով առաջին հերթին ՀՀ քաղաքացիները ներգրավված են շինարարության եւ գյուղատնտեսական աշխատանքներում: Վերջինս հիմնականում նարինջ եւ մանդարին հավաքելու հայտնի իրողության դրսեւորումն է:
Արտերկրում ՀՀ ներկայացուցչությունների աշխատանքի անբաժանելի մաս կազմող տուրքերի, գանձումների կտրվածքով Իսպանիայում նույն վիճակն է: Անձնագրի փոփոխության համար պետական տուրքը Հայաստանում բազմակի պակաս է հյուպատոսություններում համարժեք ծառայությունների դիմաց գանձումներից` ՀՀ կառավարության որոշմամբ: Թե որքանով են իսպանաբնակ ՀՀ քաղաքացիներին հարմար այդ սակագները` հյուպատոսը գնահատական չի տալիս: Մի անձնագրի փոփոխությունն, օրինակ, տեւում է մոտ 2,5-3 ամիս: Եվ, ասենք, երեխայի համար անձնագիր ստանալու արժեքը 225-275 եվրո է` պարտադիր Վալենսիա ներկայանալու պայմանով:
«Վերջերս փորձում ենք մեր քաղաքացիներին նման հարցերում օգտակար լինելու համար ժամանակ առ ժամանակ մեկնել Բարսելոն, Մադրիդ` տեղում կազմակերպելով ընդունելությունները, ընդ որում, տեղի հայ համայնքներն են պայմաններ ստեղծում, տեղեկացնում են ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր հյուպատոսության հետ գործ ունեն», պարզաբանեց Մհեր Բադալյանը:
Ինչքան էլ Իսպանիայում կյանքը գունավոր ու լուսավոր է, հայ եկեղեցու եւ դպրոցի կարիք կա
Վահագն Հայրապետյանը գործարար է, եւ կնչպես ասվեց՝ Մադրիդում գործող հայ-իսպանական «Հոգիս» ասոցիացիայի նախագահն է: Նախկին ըմբիշն Իսպանիայում, ինչպես ինքն արտահայտվեց, փոխել է «կռվի բնույթը»` զբաղվելով հայ համայնքի խնդիրներով ու հարցերով: «Հոգիս» ասոցիացիան ստեղծվել է 2002-ին` ի թիվս հիմնադիրների ունենալով նաեւ Հայրապետյանին: Ասոցիացիայի գործունեության նպատակը հայության շահերի պաշտպանությունն է, հնարավորինս օգտակար լինելը իսպանաբնակ հայերին:
2001 թվականից մի որոշ ժամանակահատված շատ հայեր, հավատալով որոշ գործակալությունների խոստումներին, թե Իսպանիա մեկնելու դեպքում ապահովված կլինեն եւ կունենան աշխատանք, մեկնել են Հայաստանից եւ տեղավորվել այդ երկրում: Հայրապետյանի խոսքերով, տեղափոխվելուց հետո շատերի համար պարզ դարձավ, որ այդ ամենը խաբեություն էր եւ շատ ընտանիքներ մնացին ուղղակի փողոցում:
«Հոգիս» ասոցիացիան ստեղծվեց հենց այն նպատակով, որ հնարավորինս օգտակար լինեին այդ հայ ընտանիքներին` սկզբում գոնե ապրելու տեղ ապահովելով, ապա նաեւ աշխատանքով: Եվ մի քանի տարիների ընթացքում հաջողությունն այնպիսին է, որ փողոցում հայ ընտանիք չի մնացել, ՀՀ շատ քաղաքացիներ ստացել են Իսպանիայում ապրելու` կացության եւ աշխատելու իրավունք, եւ առաջխաղացում կա այն իմաստով, որ շատ հայ ընտանիքներ ապրում են բարվոք վիճակում:
Ընդհանրական գնահատմամբ, Իսպանիայում գտնվող հայերի մոտ կեսն, ըստ Վահագն Հայրապետյանի, արդեն ունի կեցության իրավունք եւ կարողանում է լուծել իր մյուս հարցերը: Ամեն դեպքում, դեռ մնում են հայեր, որոնք չունեն աշխատանք: Մասնավորապես Մադրիդում ասոցիացիան աշխատանքներ է տանում, որ այդպիսի քաղաքացիներ չլինեն: Քանի որ պետությունը սոցիալական արտոնություններ չի տրամադրում, ուստի ապրելու հիմնական միջոցը մնում է աշխատանքը:
Առավել հետաքրքրական է, որ, «Հոգիս» ասոցիացիայի նախագահի խոսքերով, քիչ չեն հայերի մեջ այնպիսիք, որ առանձնացած են, մեկուսացած կյանք են վարում, ընդ որում, որքան էլ տարօրինակ է, համայնքից հեռու լինելու ընտրությունը հենց իրենցն է: «Հայկական նոր հիվանդություն է կարծես առաջացել. մարդիկ չեն ցանկանում հայ մնալ, ընդհանրապես հայ լինել», մտահոգություն հայտնեց Հայրապետյանը:
Հայրապետյանի խոսքերով, «Մարդը մարմին ու հոգի է, եթե հոգին լքում է նրան, մարմինն էլ դեր չի խաղում: Առ այսօր անգամ հոգեւորական չկա այստեղ, մինչդեռ Հովիվն է ման գալիս հոտը: Ու այստեղ ինչքան էլ լավ է կյանքը, ինչքան էլ գունավոր ու լուսավոր է, մենք ունենք հոգեկան սննդի կարիք, դրա պակասը շատ ենք զգում»: Մյուս կողմից, պետական մոտեցման հարց կա: Կեցության իրավունք ստանալով հանդերձ` իսպանահայերը շարունակում են մնալ հայ, նրանց մեջ ուժեղ է հայրենիքի սերը, բայց «ամենաուժեղ կրակին անգամ ցախ չդնես՝ կմարի»:
«Հոգիս» ասոցիացիան ավելի շատ նախընտրում է գործել, քան բողոքել կամ դժգոհել: Ասոցիացիայի նախագահի խոսքերով, «հետաքրքրում է իմ աշխատանքը, իմ ժողովրդին օգտակար լինելը»:
(Նոյեմբերի 29-30-ին ԵԱՀԿ արտգործնախարարների նախարարական խորհրդին մասնակցած Վարդան Օսկանյանը, թերեւս ժամանակացույցի ու զբաղվածության պատճառով, չհանդիպեց հայ համայնքի հետ: Մինչդեռ իսպանաբնակ հայերը գտնում են, որ դրա անհրաժեշտությունը կա թեկուզ լքված ու անուշադրութան մատնված չզգալու համար- Ա. Հ.):
Ասոցիացիան տարբեր միջոցառումներ է հեղինակում: Այս տարի առաջին անգամ բավականին մեծաթիվ` 4-5 հազար հայերի մասնակցությամբ կազմակերպված ապրիլի 24-ի սգո երթից հետո ըմբշամարտի ակումբի բացումը հաջորդն էր: Այնուհետեւ մի քանի ամսից համերգային ծրագիր է պատրաստվում:
Հաջորդ տարվա համար եւս ծրագրեր կան, որոնք վերաբերում են հայկական դպրոցի հիմնադրմանն ու եկեղեցու կառուցմանը: Հայկական դպրոցն, ըստ Հայրապետյանի, արդեն անհրաժեշտություն է, քանի որ համայնքը միտում ունի մեծանալու: Ընդ որում, ամենայն հավանականությամբ, հնարավոր կլինի իրականություն դարձնել արդեն որոշակի աշխատանքներով ամրագրված Մադրիդում հայկական թաղամաս ունենալու հեռանկարը:
Վահագն Հայրապետյանի մոտեցումը կյանքին յուրօրինակ գրավական կարող է լինել Իսպանիայում հայ համայնքի կայացման: «Երբ հաջողություն ենք ունենում, կռիվը շարունակելու ցանկություն ու եռանդ է առաջանում: Իմը պայքար չէ, այլ կռիվ` կյանքի, ինձ հետ»:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Մադրիդ-Երեւան

No comments: