Tuesday, December 11, 2007

ՍԵՎ-ՍՊԻՏԱԿ ԿԻՆՈՆԱԿԱՐ` ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ


Առաջին հետեւությունը, որ կարելի էր անել շաբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքում հնչած Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից, այն է, որ ինչ-որ մեկի ձեռքով ստեղծված սեւ-սպիտակ բեւեռի` նախապես անթերի թվացող սցենարում այժմ անթույլատրելի բաներ են կատարվում. բեւեռները տիրապետողները, իսկ ավելի նրանցից` Տեր-Պետրոսյանը, կարծես խախտել են նախապես գծված սահմանը եւ անցել անձնավորված փոխադարձ վիրավորանքների, ինչը քաղաքականության մեջ կիրառվում է այն դեպքում, երբ քաղաքական ասելիքն ավարտված է լինում: Իսկ քանի որ բացահայտ վիրավորանքների անցել է առաջին նախագահը (չնայած իր կարծիքով իր ասածները, իմա` արձակված փամփուշտները, սլանում են եւ սլանալու են), նրա ասելիքն ավարտվել է: Ավելի խորությամբ եթե նայենք խնդրին` այս երկու բեւեռի ձեւավորումը, տեղավորվելով իշխանական թեկնածուի զինանոցում, հենց սկզբից բավական նպատակային է դիտվել գուցե այն առումով, որ ժողովուրդը չէր կարող մոռանալ ՀՀՇ-ական իշխանության դառնուլեղին, եւ Տեր-Պետրոսյանն, այդպիսով, մի քանի հազար իր կողմնակիցներին միայն հրապարակ բերելով, կնպաստեր իշխանական թեկնածուի վարկանիշի բարձրացմանը: Սակայն 100 տոկոսանոց թվացող այս սցենարը սկսեց կաղալ այն պահին, երբ հայտնի դարձավ, որ դժգոհ ընտրազանգվածը, պարտադիր չէ, որ դա Տեր-Պետրոսյանի ընտրազանգվածը լինի, այնուամենայնիվ գնում է հրապարակ եւ լսում է իշխանության հասցեին արվող քննադատությունը, որպես սրտի մխիթարանք: Այսինքն` սեւ-սպիտակ սցենարը, որ նախապես գծվել էր ինչ-որ մեկի գրասենյակում, դուրս է եկել վերահսկողությունից եւ ուրիշ, անկանխատեսելիության պահեր ունեցող ճանապարհով է գնում, քանի որ ժողովուրդը, ում հիշողության վրա հենվելու էր այդ սցենարը, գալիս է հրապարակ, եւ որ ավելի կարեւոր է` իքս պահի բեւեռը ձեւավորողը որոշեց իր խաղը տանել:
Չի կարելի ասել, թե հենց այն զանգվածն է հավաքվում, որը ներշնչող մի թիվ կարող է դարձնել Հայաստանի առաջին նախագահի քվեների տոկոսն ընտրությունների ժամանակ, սակայն «Ազատության» հրապարակում իշխանությանն ու նրա թեկնածուին անհանգստացնող թիվ հավաքվում է: Այդ է պատճառը, որ բարձր իշխանության ներկայացուցիչները, փոխանակ օլիմպիական հանգստությամբ վերաբերվեն հանրահավաքներին` որպես դեմոկրատական երկրի ատրիբուտի, եւ հիշելով խորհրդարանական ընտրություններում ընտրողի տված համոզիչ քվեն` ավելորդ նյարդայնություն չցուցաբերեն, դուրս են գալիս քաղաքական բանավեճի շրջանակից` տարբեր որակումներ տալով եւ ամեն անգամ արձագանքելով Տեր-Պետրոսյանի մեսիջներին: Մի բան այս նախնական սցենարից պահպանվել է` արձագանքները եւս արձագանքներ են ունենում, եւ բեւեռագիծը տաք ու գործող է մնում: Սակայն անհանգստացնողն այստեղ ուրիշ բան է` որ փոխադարձ հրաձգություններն արդեն անցնում են ամեն չափ ու սահման, հատկապես Հայաստանի առաջին նախագահի դեպքում, երբ վերջինս արդեն իջել է ամբոխահաճո հայտարարությունների մակարդակի` սկսել է նաեւ ասել այնպիսի բաներ եւ այնպիսի ոճով, ինչ որ պահանջարկված է հանրահավաք լսող ներկաների մեծ մասից: Բացի այդ, Տեր-Պետրոսյանը եւս չթաքցնելով իր վիրավորվածությունը իշխանական տարբեր թեւերից եկող մեղադրանքներից` անցնում է անձնավորված հիշոցների մակարդակի` քաղաքական բանախոսության ամեն սահման անցնելով: Ի դեպ, սա միայն մենք չենք ասում, հենց երեկ «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Վարդան Խաչատրյանը եւս արտահայտվել է այդ թեմայով. «Երկու կողմի առումով էլ ինչ-որ չափի խախտման տեսանելի տատանում գոյություն ունի, եւ դա առավել անցանկալի է, որովհետեւ քաղաքական վիճաբանությունը, իմ խորին համոզմամբ, պետք է ընթանա հնարավոր կոռեկտության շրջանակում, եւ անձնական բնույթի խոսակցություններն ուղղակի ցույց են տալիս, որ իշխանություն ասվածը դեռեւս լիարժեք չի ընկալվում Հայաստանում», ասել է նա` նախկին եւ ներկա իշխանությունների երկուստեք մեղադրանքներում քաղաքական էթիկայի երկկողմանի խախտում արձանագրելով:
Մեջբերենք Տեր-Պետրոսյանի շաբաթօրյա ելույթի անձնավորված վիրավորանքներ պարունակող հատվածները, եզրակացությունը թողնելով ընթերցողին:
«Թրքամետության (Տեր-Պետրոսյանի-Մ.Խ.) մասին են խոսում մարդիկ, ովքեր իրենց գիտակցական կյանքի մի տեւական հանգրվանում ստորաքարշորեն ծառայել են թուրքին»: Նշելով ՍերԺ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի` տարբեր ժամանակներում տարբեր կուսակցությունների անդամ լինելու փաստը` Տեր-Պետրոսյանը չափն անցավ. «Եթե պետք լինի, վաղը նրանք կդառնան մուսավաթական», ասաց, եւ ապա` «Քոչարյանն ու Սարգսյանը, այսպիսով, չեն տարբերվում ոչ միայն մոնղոլ աշխարհակալներից, այլեւ իրենց անմիջական նախնիներից` Փանահ խանից ու Մելիք-Շահնազարից»: Եվ` «Օրինական ընտրություններ անցկացնելու պարագայում ՀՀ ցանկացած քաղաքացի կարող է հաղթել նախագահացու վարչապետին: Այնպես որ Սերժ Սարգսյանն իրականում այլընտրանք չունի: Իսկ եթե, այնուամենայնիվ, ունի, ապա այլընտրանքը Սաշիկն է կամ Թոխմախի Մհերը»:
Մի խոսքով, այս կարգի բազմաթիվ որակումներից բացի` Տեր-Պետրոսյանը պատասխանեց նաեւ Ղարաբաղը հանձնելու վերաբերյալ իրեն ուղղված մեղադրանքներին` Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տասը տարում լիակատար ձախողված եւ կրախի մատնված համարելով, որպես ցեղասպանությունից վերապրածի ժառանգ հակադրվեց, թե ցեղասպանության թանգարանն իր օրոք է կառուցվել եւ առաջին ճանաչումներն իր օրոք են եղել, վայրենի սեփականաշնորհումը ցրեց մարդկանց եւ հանգամանքների վրա: Անուն առ անուն դիմեց գործարարներին. «Մինչեւ ե՞րբ պիտի հանդուրժեք ձեզ պատիվ չբերող նվաստացումը, մինչեւ ե՞րբ պիտի հաշտվեք ձեր ստրկական վիճակի հետ»` կոչ անելով նրանց միանալ իր կողմնակիցների շարքերին: Օգտագործվեցին գործարարներին ուղղված այնպիսի հոգեցունց խոսքեր, ինչպիսիք են` «ինչպես եք գիշերը քնում, մի՞թե ավելի շատ բան ունեք կորցնելու, քան ժողովուրդը, ինչպե՞ս եք կարողանում նայել ձեր կանանց եւ երեխաների աչքերին», եւ այլն: Լավ, եթե միայն երեք տարով եք գալիս եւ իշխանություն չեք ուզում, այլ` միայն ախոռ մաքրելով պիտի զբաղվեք, գործարարները ձեր ինչի՞ն են պետք:
Հանրահավաքայինների շարքերում «հին-բարի» ժամանակների նման կային «Ամո՛թ» եւ «Այո՜» գոչող ու ծափերը նախաձեռնող կանայք: Մի խոսքով` օգտագործվում է ՀՀՇ-ի ժամանակին կիրառած եւ այժմ համալրված քաղտեխնոլոգիաների լիակատար արսենալը, որը եթե ընտրաքվեների մեծ տոկոս չբերի էլ այս թեկնածուին, իշխանական թեւի թեկնածուին տհաճություններ պատճառելու է:
Նախագահական ընտրությունների քարոզարշավը, եթե մյուս 7 թեկնածուները այլ քայլեր չձեռնարկեն, սպառնում է հենց այս սեւ-սպիտակ պատկերն էլ ունենալ, ինչը ձեռնտու է երկու բեւեռների թեկնածուներին, բայց էլ ուրիշ ոչ մեկին: Այս սխեման կարող է քանդվել, այնուամենայնիվ, եթե մի քանի թեկնածու կարողանան իրենց շուրջը միավորում ստեղծել:
Այլապես` եթե ոչ տխուր, ապա ձանձրալի է դառնում սեւ-սպիտակ այս կինոնկարի ներսում: Մանավանդ` եթե ՀՀՇ-ն է հայտ ներկայացնում սպիտակ ձեռնոցներով վերադառնալու իշխանության, իր իշխանության ժամանակի սեւ գույները մի երես էժանագին սպիտակ ներկով հանրահավաքներում ներկելով:
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ

No comments: