Wednesday, January 09, 2008

Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱՄՑՐԵՑ ԻՐ ԾՐԱԳԻՐԸ

Հայաստանի նախագահի թեկնածուներից Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի դրույթներն ավարտական փուլում են եւ շատ շուտով կներկայացվեն հանրությանը, նրա կարգախոսն է լինելու «Առաջ, Հայաստան», Արտաշես Գեղամյանը իր նախընտրական ծրագրին եկող շաբաթ արդեն տպագիր տեսք է տալու, իսկ ահա Լեւոն Տեր-Պետրոսյանը բոլորից առաջ է ընկել ու հրապարակել իր նախընտրական ծրագիրը, ինչպես որ իր ընտրարշավը բոլորից շուտ սկսեց` սեպտեմբերի 21-ին: Միանգամից ասենք` ծրագրի վերնագրի երկու մասերը հակասում են իրար. «Նախընտրական ծրագիր կամ հանդարտ խոհեր»: Հանդարտ խոհերը կարող են ճամփորդական նոթեր լինել կամ թոշակային տարիքի հիշողություններ, կամ էլ ծխամորճը վայելող ու կյանքը տեսած մարդու հաճելի հուշեր, բայց ոչ երբեք ագրեսիվ կերպով քաղաքական դաշտ վերադարձած նախագահության թեկնածուի նախընտրական ծրագիր: Իր այս «Հանդարտ խոհերում», իր իսկ խոսքով, ձեւով եւ բովանդակությամբ անորոշ դերբայներից հրաժարվելով, պոպուլիստական խոստումների առատությամբ ընթացիկ ընտրարշավին մասնակցող եւ իրարից էականորեն չտարբերվող ծրագրերի քարացած ավանդույթից շեղվելու եւ ժողովրդին հասկանալի պարզ ու մատչելի լեզվով խոստումից հետո Տեր-Պետրոսյանը գրեթե միլտոնյան «կորուսյալ դրախտին» է նմանեցնում իր ներկայությամբ անցյալը. միանգամից ուզում ես կարդալ-իմանալ` ի՞նչ է անելու, ումո՞վ է անելու եւ ինչպե՞ս: Սակայն բավական երկար պատմաքննական անդրադարձներ են, որոնք հարյուր անգամ ինքն ու ուրիշներն արել են, եւ անգամ պարզվում է, որ 1994 թվականին համակարգային բարեփոխումների շնորհիվ ոչ միայն տնտեսական անկումն է կասեցվել, այլեւ սկսվել է կայուն տնտեսական աճ արձանագրվել: Այնուամենայնիվ` «Հանդարտ խոհերի» հեղինակն ընդունում է, որ դժվար էր հասարակությանը բացատրել շոկային տնտեսական բարեփոխումների արդյունքում շեշտակի վատթարացած սոցիալական վիճակով մարդկանց, թե` սպասեք մի քսան տարի, հետո լավ է լինելու: Հետո խոսքը հասնում է «համաշխարհային զարգացման մայրուղուց շեղված, բարգավաճման հեռանկարից զուրկ, թշվառ գոյության դատապարտված» մեր երկրի ներկային եւ «հոգեկան անդորրը կորցրած ժողովրդին», նշում վերջինիս երազանքները` որպես իր ծրագրային դրույթներ:
Եվ միայն իր «Հանդարտ խոհերի» չորրորդ ենթավերնագրում մի փոքր մոտենում է ոչ թե բուն նյութին, այլ իր սիրած թեմային` ավազակապետությանը եւ նրա վերարտադրությանը, ուր պարզվում է, որ «ավազակախմբի շուրջ տասնամյա հանցավոր եւ հակաժողովրդական գործունեության արդյունքում Հայաստանը շեղվել է համաշխարհային գործընթացների գլխավոր մայրուղուց եւ այլն, եւ այլն»: Ինչպես տեսնում եք` դեռ ծրագիր չիք: Որ ներկա 100 դոլարը իր ժամանակի 20-25 դոլարին է համարժեք` էդ երեխան էլ գիտե, ու ոչ իր ժամանակ էր դոլարը պետական վճարամիջոց, ոչ հիմա: Եվ որ Սյունիքի մարզի բնակչությունը 1997 թվականի համեմատ մոտ 30 հազարով պակասել է` Հայաստանի ամեն վիճակագիր գիտե, եւ այդ մասին թվերը չեն թաքցվում: Լավ, համբերություն, այս բոլորը նորից ասվում է, եւ, ի դեպ, նույն պոպուլիստական ձեւակերպումներով (ինչից իր «Հանդարտ խոհերի» սկզբում խոստանում է հրաժարվել թեկնածուն), որպեսզի «ծրագրի» վերջին մեկ չորրորդում երկու ճանապարհի մասին խոսվի` քրեական համակարգի վերարտադրության եւ այնպիսի իշխանության ձեւավորման, որը երկիրը լրիվ հակառակ ուղղությամբ է տանում, լավ է, չի ասում` հետ, դեպի 1993 թվականն է տանում: Հասանք ծրագրին, ենթավերնագրված՝ «Նորմալ երկրի ուրվանկարը»:
«Նազարը գիտի իրա բազարը», այսպես ասաց աշխատանքային ընկերս. եւ ուրեմն ի՞նչ «բազար» է անում Նազարը:
Այն, ինչ ասվում էր հայոց բոլոր ընդդիմադիրների բոլոր հանրահավաքներում` սահմանադրական կարգի վերականգնումից սկսած մինչեւ հայոց ներկա սահմանադրության դրույթներում ամրագրված բոլոր կետերը, դրանից ավելին` ներկա բրգաձեւ ավազակապետական համակարգի կազմաքանդումն է: Ընդ որում` ծրագրի դրույթները բավականին անորոշ եւ հռչակագրային են եւ չեն ձգում Տեր-Պետրոսյանի խոստացած պարզ ու մատչելի լեզվին: Օրինակ, ի՞նչ կա որոշակի ու պարզ՝ այս ձեւակերպման մեջ. «Անզիջում պայքար կոռուպցիայի, պաշտոնեական չարաշահումների, կաշառակերության, դրամաշորթության, վիճակագրական կեղծարարությունների, քրեական եւ տնտեսական հանցագործությունների դեմ». լավ, ով դա չի ասում, օրինակ, «Թրանսփարենսի ինթերնեշնլի» Ամալյա Կոստանյանն ավելի լավ է ձեւակերպում ու նույնիսկ գիտե` ինչպե՞ս: Բա Տեր-Պետրոսյանն ինչպե՞ս է պայքարելու, չիմանա՞նք, եւ անցյալում ինչո՞ւ դրանց դեմ չէր պայքարում: Մի շարք ձեւակերպումներ կան, որ թվում է ՆԱՏՕ-ի IPAP ծրագրից են վերցված, երեւում է, մի կարգին ծրագիր գրող չի եղել կողքին. ասենք`«Ակտիվ մասնակցություն տեռորիզմի, թմրաբիզնեսի, փողի լվացման, մարդկանց ապօրինի առեւտրի (թրաֆիկինգի) դեմ միջազգային հանրության հայտարարած անհաշտ պայքարին» ձեւակերպումն ինչի մասին է եւ ինչո՞վ է տարբերվում ներկա իշխանությունների միջազգային պարտավորություններից: Իսկ տարեկան միջին աշխատավարձի 20, թոշակների գծով 30-40 տոկոսով բարձրացում ներկա իշխանությունն էլ է խոստանում եւ նույնիսկ իրագործում է: Իսկ ներկա բյուջեով անհնարին թվացող, երեխաների ծննդյան համար մայրերին տրվող 500 հազար դրամ միանվագ նպաստի, երրորդ երեխայից սկսած 1 մլն դրամ, հինգերորդից սկսած միլիոնուկես դրամի տերպետրոսյանական խոստումը, վստահ եմ, դույզն ինչ տնտեսական հիմնավորվածություն ունենալու դեպքում 2008-ից հենց իրագործելի կլիներ նրա ասած ավազակապետական բուրգի կողմից` վերարտադրվելու խաթրու: Ուրեմն` դեկլարատիվ խոստումներ այնուամենայնիվ: Իսկ ԼՂՀ հարցի վերաբերյալ մի քանի տողանոց խղճուկ ձեւակերպումը ոչինչ չի ավելացնում կամ պակասեցնում հարցի վերաբերյալ տեր-պետրոսյանական տեսակետների մեր իմացությանը:
Մի խոսքով, «Հանդարտ խոհերը» պատկերացում չեն տալիս՝ ումո՞վ, ինչո՞վ, եւ կարեւորը` ինչպե՞ս է սկսելու Տեր-Պետրոսյանը իշխանության գալուց հետո իր հակառակ ճանապարհը: Թեկնածու գրանցվելուց հետո գուցե «Անհանգիստ խոհերի» հարկ լինի:
Կամ էլ ուրբաթ օրը իր առաջին ասուլիսում գուցե լրագրողներին պատասխանելիս ավելի իրական հողի վրա դնի իր ծրագրային դրույթները: Տեսնենք:
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հ.Գ. - Երեկ հայտնի դարձավ, որ Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մամուլի խոսնակ է նշանակվել Արման Մուսինյանը:

No comments: