Thursday, January 31, 2008

ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑԵԼ ԲՐԻՏԱՆԱՑԻ ՊԱՏՄԱԲԱՆԻ ԴԵՄ

Պատճառը Հայոց ցեղասպանության հրապարակավ ուրացումն է
Ինչպես հունվարի 29-ին տեղեկացնում էր թուրքական BIA լրատվական գործակալությունը, Շվեյցարիայի դաշնային դատարանը Ցյուրիխի դատախազության միջնորդությամբ «Հայերի ցեղասպանությունն ուրանալու» մեղադրանքով քրեական գործ է հարուցել բրիտանացի պատմաբան, Անկարայի «Բիլքենդ» համալսարանի դասախոս Նորման Սթոնի դեմ: Տեղեկության համաձայն, դատախազությունը դաշնային դատարան էր դիմել 2007-ի հունվարի 15-ին, ընդգծելով, որ Սթոնը շվեյցարական «Weltwoche» շաբաթաթերթի 2006-ի հոկտեմբերի 26-ի համարում հրապարակած հոդվածով ժխտել է Հայոց ցեղասպանության փաստը:
Ինչո՞վ պայմանավորել քրեական գործի մեկ տարվա ուշացումով հարուցումը: Պարզվում է, դրա պատճառը Բանվորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքն է: Ինչպես հայտնի է, 2007-ի մարտի 9-ին Լոզանի քրեական դատարանը Հայոց ցեղասպանությունը որպես «միջազգային սուտ» բնութագրելու համար նախկին մաոիստ, ապա եւ թուրքական գաղտնի ծառայությունների գործակալ Փերինչեքին դատապարտել էր 3 ամսվա ազատազրկման եւ տուգանել 12 հազար շվեյցարական ֆրանկով:
Թեեւ Լոզանի դատարանը հետաձգել էր Փերինչեքի ազատազրկման վճռի ի կատար ածումը, ինչպես նաեւ տուգանքի 9 հազարանոց մասնաբաժնի վճարումը, սակայն գործը կարճելու թուրք գործչի դիմումը նախ մերժվել էր Վուդի, ապա եւ դաշնային վճռաբեկ դատարանում: Այլ կերպ, Ցյուրիխի դատարանը Սթոնի գործին ընթացք տալու համար սպասել էր Փերինչեքի գործով Շվեյցարիայի վճռաբեկ դատարանի եզրակացությանը:
Համենայն դեպս Ցյուրիխի դաշնային դատարանը Նորման Սթոնի դեմ քրեական գործ է հարուցել շվեյցարական քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածով, որն ուժի մեջ էր մտել 2005-ի հունվարի 1-ից: Հոդվածը մինչեւ 3 տարվա ազատազրկում եւ տուգանք է նախատեսում նրանց նկատմամբ, ովքեր կփորձեն կրոնական կամ էթնիկ պատկանելության համար նսեմացնել մարդկանց, վիրավորել նրանց արժանապատվությունը, ինչպես նաեւ կուրանան ու կժխտեն ինչպես ցեղասպանությունը, այնպես էլ մարդկանց դեմ կատարված ոճրագործությունը:
Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments: