Wednesday, January 09, 2008

ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ՇՆՈՐՀՆԵՐՈՎ ՕԺՏՎԱԾ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ

1997-ին Հայաստանում մեծ շուքով նշվեց 20-րդ դարի հայ մեծագույն ճարտարապետներից մեկի` Կարո Սիմոնի Հալաբյանի ծննդյան 100-ամյակը: ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը հաստատել էր միջոցառումների շարք, սակայն 10 տարի անց էլ ցանկում նշված մի քանի որոշումներ այդպես էլ կյանքի չեն կոչվել, որի արդյունքում նրա կատարած գործերը այդպես էլ հասու չդարձան հասարակության լայն շրջանակներին: Անգամ այն պաշտոնյաները, ովքեր ի պաշտոնե պարտավոր էին տեղեկացված լինել Կ. Հալաբյանի գործերի մասին, պարզվում է, որ անգամ չեն էլ լսել նրա անունը:
Կարո Սիմոնի Հալաբյանը ծնվել է 1897-ին Գանձակ քաղաքում, ազնվատոհմ գերդաստանի ընտանիքում: 1906-1917-ին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան ճեմարանում: Ունենալով բնատուր հրաշալի ձայն, նա երգում է ճեմարանի երգչախմբում, մասնակցում հայկական եկեղեցու ժամերգություններին: Ներսիսյան ճեմարանում ուսումնառության տարիներին նրա երաժշտության դասատու, հանրահայտ Սպիրիդոն Մելիքյանն ի դեմս Կարո Հալաբյանի, տեսնում էր օպերային թատրոնի ապագա աստղի, իսկ քանդակի եւ նկարչության ուսուցիչ Արսեն Շահմիզյանը պատանու համար կանխատեսում էր փայլուն ապագա` կերպարվեստի բնագավառում: Ռուսական ցար Նիկոլայ 2-րդը լինելով Թիֆլիսում, ներկա է գտնվում հայ եկեղեցու ժամերգությանը եւ հիացած կապտաչյա, գեղեցկադեմ Կարո Հալաբյանի հրաշալի ձայնով ու տեսքով, սրբազան հորը հարցնում է. «Ո՞վ է այդ Ապոլոնը»: Դրանից հետո Կարոյի մտերիմները նրան Ապոլոն էին կոչում:
1917-ին ավարտելով Ներսիսյան ճեմարանը, Կ. Հալաբյանը մրցույթից դուրս ընդունվում է Մոսկվայի կոնսերվատորիայի վոկալ բաժինը, սակայն հեղափոխական խառնակ ժամանակները Կ. Հալաբյանին ստիպում են թողնել ուսումը եւ վերադառնալ Թիֆլիս: 1917-ին նա ընդունվում է ՀԿԿ շարքերը: 1920-ին Հալաբյանը գործուղվում է Հյուսիսային Կովկաս, աշխատում է Կուբանի նահանգային կոմիտեում որպես հայկական սեկցիայի վարիչ: Հյուսիսային Կովկասի քաղաքներում եւ Թիֆլիսում Հալաբյանը մասնակցում է օպերային ներկայացումների, կատարում Սարոյի դերը Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայում: Հաջողությունն այնքան մեծ է լինում, որ թվում է նա մնալու է օպերային բեմում: 1920-ի վերջերին Հալաբյանը վերադառնում է Հայաստան, երբ արդեն խորհրդային կարգեր էին հաստատվել եւ նշանակվում Հայկական հեռագրական գործակալության գեղարվեստական բաժնի վարիչ, իսկ այնուհետեւ որպես կազմակերպիչ ու հրահանգիչ աշխատում է ՀԿԿ կենտրոնական եւ Երեւանի կոմիտեներում: Երեւանի առաջին պետական թատրոնում նա ձեւավորում է «Անտիգոնե», «Բռնի ամուսնություն», «Սկապենի արարքները», Միքայել Մազմանյանի հետ` «Կարմիր դիմակ» եւ «Քաջ Նազար» ներկայացումները: Նրա երգիծական նկարները տպագրվում էին տեղական հանդեսներում, Ե. Չարենցի «Կոմունիստական ալմանախում»: Կ. Հալաբյանը նկարազարդում է նաեւ Ե. Չարենցի «Կապկազ թամաշա» եւ այլ գրքերը: Այս գործունեությունում ակնբախորեն դրսեւորվում է Կ. Հալաբյանի նկարչական անզուգական տաղանդը: Զուգահեռաբար նա զբաղվում է նաեւ քանդակագործությամբ, մասնավորապես, քանդակում է Ստ. Շահումյանի, Կամոյի, Կ. Մարքսի կիսանդրիները: 1923-ին ՀԿԿ Կենտկոմի կողմից Կ. Հալաբյանը գործուղվում է Մոսկվա եւ ընդունվում գեղարվեստական-տեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը: Գերազանց պաշտպանելով դիպլոմային նախագիծը, որի թեման էր Մոսկվայի մշակույթի ու հանգստի կենտրոնական զբոսայգին, նա 1928-ին ավարտում է ինստիտուտը, վերադառնում Հայաստան եւ նշանակվում Հայպետնախագծի տնօրեն: Իր համակուրսեցիներ Միքայել Մազմանյանի եւ Գեւորգ Քոչարի հետ Կարո Հալաբյանը 1928-1930-ին նախագծում է Կիրովական (Վանաձոր) քաղաքի գլխավոր հատակագիծը, որում հաշվի էին առնված ե՛ւ բնակելի տների ու արդյունաբերական ձեռնարկությունների տեղաբաշխվածությունը, ե՛ւ քաղաքի ռելիեֆային ու բնակլիմայական պայմանների առանձնահատկությունները, ե՛ւ ազգային ավանդույթները: Նախագծվել էին քաղաքային բնույթի մայրուղիներ, խոշորացվել էին թաղամասերը: Է. Հեքեքյանի հավաստմամբ, Կ. Հալաբյանը նախագծել է նաեւ երկրաշարժից ավերված Լենինականի (Գյումրիի) գլխավոր հատակագիծը եւ դա կատարել է միանգամայն անվճար, որպես նվեր քաղաքի բնակիչներին:
Երեւանում Կ. Հալաբյանի նախագծերով կառուցված շենքերից են` կառուցողների ակումբը 1927-ին, որը բաղկացած է կառուցվածքորեն իրար հետ կապված երկու շինություններից (ներկայիս Ստանիսլավսկու անվան թատրոնի շենքը): Այն համարվում է անցած դարի 20-ական թվականների ճարտարապետական լավագույն ստեղծագործությունը: Երեւանում Կ. Հալաբյանը Մ. Մազմանյանի հետ նախագծել է Երկրաբանական գլխավոր վարչության շենքը (ներկայիս գյուղնախարարության շենքը)` 1929-1931, Երեւանի հիդրոէլեկտրակայանի բնակելի տունը` Մ. Մազմանյանի եւ Գ. Քոչարի հետ, տուբդիսպանսերի եւ Պետապի շենքերը, ինչպես նաեւ բնակելի, վարչական, մշակութային նշանակության մի շարք այլ կառույցներ: 1931-ին Կ. Հալաբյանը մեկնում է Հայաստանից եւ մինչեւ իր մահը (1959) բնակվում ու ստեղծագործում է Մոսկվայում:
Հայաստանում 1929-ին Կ. Հալաբյանը հիմնադրում է ԽՍՀՄ ճարտարապետների միությունը եւ դառնում միության քարտուղարը: Կ. Հալաբյանը նաեւ Խորհրդային Միության ճարտարապետական ակադեմիայի առաջին փոխնախագահն էր: Նա առաջին ճարտարապետն էր, որն ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր: Նա ճարտարապետների միջազգային միության կազմակերպիչն էր, «ԽՍՀՄ ճարտարապետ» ամսագրի գլխավոր խմբագիրը, «Խորհրդային ճարտարապետ» հանդեսի պատասխանատու քարտուղարը, 18 հատորանոց «Ճարտարապետի տեղեկատուի» ստեղծողը, ճարտարապետության տեսության եւ պրակտիկայի վերաբերյալ հրատարակված 140 հոդվածների եւ զեկույցների հեղինակ, 1947-ին պաշտպանել է դոկտորական թեզ:
Կարո Հալաբյանը Փարիզում արվեստի եւ տեխնիկայի ցուցահանդեսում արժանացել է «Գրանպրի» մրցանակի, նրան շնորհվել է Ֆրանսիայի բարձրագույն պարգեւը եւ ընտրվել է Նյու Յորքի պատվավոր քաղաքացի: Արժանացել է նաեւ խորհրդային մի շարք շքանշանների: Կ. Հալաբյանը եղել է ճարտարապետության մեջ մոդեռնիզմի ջատագով, որի պատճառով մեղադրվել է «կոսմոպոլիտիզմի» մեջ եւ 1940-ական թվականներին աշխարհահռչակ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի եւ Դմիտրի Շոստակովիչի հետ միասին հալածվել է ստալինյան ռեժիմի կողմից (վերջիններս եւս մեղադրվում էին «կոսմոպոլիտիզմի» մեջ):
ՎԱՂԻՆԱԿ ՏԵՐՏԵՐՅԱՆ

No comments: