Wednesday, January 30, 2008

Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ

Բոլոր նրանք, ովքեր նախորդ գիշեր առիթ ունեցան «Կենտրոն» հեռուստատեսության «Հետագիծ» ծրագրով լսելու Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ, վստահաբար դժգոհ մնացին ինչպես հյուրի պահվածքից, այնպես էլ նրա պատասխաններից:
Լրագրողն ինչքան աշխատում էր իր հյուրից կորզել հեռուստադիտողին հետաքրքրող հարցերի պատասխանները, հյուրն այնքան պարփակվում էր չկամության իր պատյանի մեջ, փոխարենը նախընտրելով իր թեկնածուի գովերգումն անել եւ փնովել նրա մրցակիցներին: Անշուշտ, նախընտրական մթնոլորտում դատապարտելի ոչինչ չկա դրա մեջ. թեկնածուներից շատերն են այդպես վարվում, երբեմն բոլորովին արհամարհելով հեռուստադիտողի, այս պարագայում՝ ընտրողի իրազեկ դառնալու իրավունքը:
Դատապարտելին, այս պարագայում, Ա. Արզումանյանի արհամարհական, վիրավորական վերաբերմունքն էր լրագրողի նկատմամբ: Մի լրագրող՝ որ անբանավեճ մեր հեռուստատեսության պայմաններում, համենայն դեպս, կարողանում է հետաքրքրական հանդիպումներ կազմակերպել իր հյուրերի հետ, հակադրվել նրանց տեսակետներին՝ այլազան կարծիքներ դեմ տալով, դրանով իսկ նպաստելով հյուրի ինքնարտահայտմանը եւ, ավելի կարեւորը, հեռուստադիտողի իրազեկմանը: Այլ խոսքով, Պետրոս Ղազարյանը լսարան ունեցող լրագրող է, հետեւաբար, փաստորեն, նրա նկատմամբ վիրավորական, արհամարհական կեցվածքն ուղղակիորեն տարածվում է լսարանի վրա: Պրն Արզումանյանը, որ տեւական ժամանակ աշխատել է նաեւ Մ. Նահանգներում, շատ լավ պիտի իմանար, որ քաղաքական գործիչը կամ դիվանագետը երբեմն ստիպված է լինում հյուրընկալվել նույնիսկ անհյուրընկալ, անգամ թշնամաբար տրամադրված լրատվամիջոցներում, փորձելով համոզիչ պատասխաններով, դրական տպավորություն թողնելով դուրս գալ փորձանավոր այդ միջավայրից եւ իր թեզերի կամ երկրի նկատմամբ բացասական կարծիքը եթե ոչ ջրել, գոնե նվազ բացասական դարձնել:
Մինչդեռ «Հետագծում» տիրող մթնոլորտը եթե ոչ դրական, գոնե ավելի բացասական չէր, քան մյուս զրուցակիցների նկատմամբ: Լրագրողն իր պարտականությունն էր կատարում իրեն ուրույն ձեւով՝ հալած յուղի տեղ չընդունելով զրուցակցի պնդումները: Փոխարենը, հաղորդման վերջում մանավանդ, գերջղային տոնով Ա. Արզումանյանը տեղաց վիրավորանքների տարափ. «Դու ոչինչ չես հասկանում դիվանագիտությունից», «Դու հայերեն չգիտես, այնքան ես խոսել ղարաբաղցիների հետ», «Դու պատվեր ես կատարում, այն էլ շատ վատ ես կատարում» (մեջբերումները՝ հիշողությամբ):
Ի պատիվ լրագրողի պետք է ասել, որ նա իրեն պահեց արժանապատիվ, լսարանի նկատմամբ հարգալից, նախանձելի սառնասրտությամբ, գերազանցելով իր զրուցակցին:
Դրանից ՀՀ առաջին նախագահը ոչինչ չշահեց, անկասկած:
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

No comments: