Monday, January 28, 2008

ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆՔ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

Մոսկվայի հայ մտավորականների բաց նամակը Հայաստանի ընտրողներին
Հայաստանը նախագահ է ընտրում: Եվ մենք՝ Ռուսաստանում ապրող հայերիս մեծաթիվ համայնքը, նրա հետ ընտրում ենք, ցավոք, մտովի, քանի որ չունենք ձայնի իրավունք: Ի դեպ, նորընտիր նախագահը հարկ է, որ այլ խնդիրների թվում խորհեր նաեւ այս հարցի մասին, ինչը փոխշահավետ համագործակցության մեծ հեռանկարներ կբացեր:
Որտեղ էլ ապրելիս լինենք, մեզ համար դժվար է կտրվել Հայաստանից. մենք հպարտանում ենք նրա հաջողություններով, տխրում անհաջողություններով, նրա հետ վհատվում եւ կրկին հուսադրվում, որ լավ կլինի: Դա էլ երեւի հենց ազգի գոյատեւման կոդն է:
Եվ նախագահի ընտրությունը, ինչպես նաեւ կաթողիկոսի ընտրությունը, աստիճանաբար դառնում են համահայկական երեւույթ։ Աստիճանաբար, որովհետեւ կաթողիկոսի ընտրությունը, ի տարբերություն նախագահի ընտրության, մշտապես եղել է համահայկական հարց։
Հայաստանը, բազում դարեր զրկված լինելով պետականությունից, արդարացիորեն պետության աստիճանի բարձրացրեց եկեղեցին, որը միշտ մեծ դեր է խաղացել ամբողջ ազգի միավորման գործում։ Այսօրվա Հայաստանի նախագահի դերը զգալիորեն մեծացել է եւ սկսել է վերաբերել տարբեր երկրներում ապրող բոլոր հայերին։
Այդ կապակցությամբ Ռուսաստանում ապրող հայերի համայնքի անունից երախտագիտություն ենք հայտնում Հայաստանի կառավարությանը՝ Ռուսաստանի նկատմամբ վարած քաղաքականության համար, որի շնորհիվ մենք չենք ամաչում ռուսական հողում։
Մենք, ոմանք՝ աղմուկով ու զգացմունքայնորեն, ոմանք՝ լուռ խորհերով, վերլուծում ենք, համադրում, կանխատեսումներ անում եւ հանգում եզրակացության, որ Հայաստանի կառավարության փոխխոսնակ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի թեկնածությունը առաջադրված է ժամանակի պահանջով, հայ ժողովրդի մշակույթի բարձր մակարդակով եւ քաղաքական հասունությամբ։ Հատկապես գայթակղիչ է այն, որ Հովհաննիսյանը գիտնականների, մտավորականների ընտանիքից է եւ, որ ամենագլխավորն է, ազնիվ է, խելացի, կրթված, տիրապետում է օտար լեզուների, կարողանում է հասանելի եւ գեղեցիկ արտահայտել իր մտքերը, սրամիտ է, քաղաքական իրավիճակներին տալիս է փաստարկված գնահատականներ եւ միշտ աշխատում է կառուցել երկրի ապագան, նայում է առաջ։
Նախընտրական պայքարի ընթացքում Վահան Հովհաննիսյանն իր ելույթներում չի իջնում քաղաքական մրցակիցների, նույնիսկ առաջին նախագահի (որը աշխարհին զարմացրեց՝ ժողովրդավարության ձեւավորման առաջին օրերին կասեցնելով ՀՅԴ կուսակցության գործունեությունը՝ նրան մղելով ընդհատակ, իսկ կուսակցության անդամներին՝ վանդակաճաղերից այն կողմ) հասցեին ուղղված փոխադարձ վիրավորանքների, հանդիմանանքների մակարդակին։
Վահան Հովհաննիսյանը համարում է, որ պայքարը պետք է ընթանա համակարգերի եւ ոչ թե կոնկրետ անհատների միջեւ։ Եվ պետք է ոչ միայն պայքարել, այլեւ կարողանալ ապրել համաձայնության մեջ։ ՀՅԴ կուսակցությունը շարունակելու է համագործակցել ՀՀԿ-ի՝ երկրի առաջատար կուսակցություններից մեկի հետ՝ ինչ արդյունքներով էլ որ ավարտվեն ընտրությունները, թեեւ քաղաքական կուրսի շատ հարցերում ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն ունեն տարբեր հայացքներ։
ՀՅ Դաշնակցությունն ավելի քան հարյուր տարի (117) եղել է տարբեր սերնդի հայերի «թաքուն սերը»։ Նրա մասին խորհրդային տատիկներն ու պապիկները շշուկով էին պատմում իրենց թոռնիկներին, երբ կուսակցությունը գաղթեց արտասահման, կիսաձայն երգում էին նրա խրոխտ երգերը՝ Հայրենիքին ու ժողովրդին հավատարմության, նվիրումի, ազատության ու անկախության համար պայքարի մասին։
Հետխորհրդային շրջանում կուսակցությունը վերադարձավ Հայրենիք՝ իր հրայրքոտ արյունը ներարկելով Լեռնային Ղարաբաղի անկախության մարտիկների շարքերին, նոր սերունդների սրտերը նվաճեց իր անշահախնդրությամբ եւ խիզախությամբ, պրոբլեմային իրավիճակները բաց, միասնաբար, թիմով լուծելու կարողությամբ։ Հենց սա է պետք այսօր Հայաստանին. անշահախնդրություն, ազնիվ վերաբերմունք ժողովրդի հանդեպ եւ գիտակցումը այն բանի, որ նախագահը ծառայում է ժողովրդի շահերին, այլ ոչ թե հակառակը։ Ինչպես արդարացիորեն նկատեց Վ. Հովհաննիսյանը, մենատիրությունը՝ ինչպես տնտեսության, այնպես էլ քաղաքականության մեջ, կործանիչ է եւ ծանրորեն անդրադառնում է մարդկանց ճակատագրի վրա։ Այդ վտանգավոր ճանապարհով է արդեն գնում Հայաստանի իշխանությունը։
Ժամանակն է, որ Հայաստանը վերածվի արդիական քաղաքակիրթ պետության, առավել եւս, որ, ինչպես ցույց տվեց պատմությունը, Հայաստանը կարողանում է արժանապատվորեն դիմակայել ժամանակի կատակլիզմները, առանց խուճապի եւ հիստերիայի հաղթահարել փորձությունները, համապատասխան ելքեր գտնել նույնիսկ անելանելի իրավիճակներից, ուր երբեմն իրենց հետեւից տանում են վայ լիդերները։
Քաղաքական ուժը, լինելով ժողովրդի կենսագրության մի մասը, պետք է միշտ պահպանի պատշաճության սահմանները, ունենա անաղարտ վարկանիշ, քանզի քաղաքական իշխանության կենսագրությունը ժողովրդի կենսագրությունն է։ ՀՅԴ-ն երիտասարդների կուսակցություն է, նա միշտ երիտասարդ է, խիզախ ու անշահախնդիր, վկան՝ նախնյաց մարտական ոգին։
Հայաստանը չի դադարում առաջինը լինել գիտության, ճարտարապետության, շինարարության ոլորտներում, անկախության համար պայքարում, Ռուսաստանին իր անօրինակ նվիրումով։
Հայաստանը քաղաքական առումով գրագետ պաշտպանեց Ղարաբաղի ժողովրդի անկախության պայքարը, իր դռները հյուրընկալորեն բացեց Լեռնային Ղարաբաղում ապրող տաղանդավոր հայրենակիցների առաջ՝ բիզնեսի, քաղաքականության, գիտության, արվեստի բնագավառներում։
Թող այսօր էլ հայ ժողովուրդը ցույց տա իր քաղաքական հասունությունը, տակտը, ներքին իմպերատիվը՝ իր ձայնը տալով Վահան Հովհաննիսյանին։ Հայաստանը միշտ արդիական է, կարողանում է զգալ կյանքի պահանջներն ու համապատասխանել դրանց։
Երկրի զարգացման տարբեր ժամանակաշրջաններում ժողովուրդն ընտրում է համապատասխան լիդերի. երբեմն պետք է խորամանկություն ու ճարպկություն, երբեմն՝ ուժ եւ արիություն, իսկ այսօր Հայաստանը կարիք ունի ազատ, որեւէ լեգալ ու անլեգալ կառույցների առաջ չպարտավորված նախագահի։ Այդ առումով Վահան Հովհաննիսյանի թեկնածությունը առավել նախընտրելի է։ Նա ոչ ոքի ոչինչ պարտք չէ, բացի իր ժողովրդից։
Վ. Հովհաննիսյանը մի մարդ է, որը կընդունվի ցանկացած քաղաքական ընկերակցության կողմից ինչպես Արեւմուտքում, այնպես էլ Արեւելքում՝ իբրեւ հավասարազոր գործընկեր, հզոր, բարգավաճող պետության լիդեր։
Իրենց ձայնը տալ Վահան Հովհաննիսյանին. սա ամենատրամաբանականն է, որ կարող են այսօր անել Հայաստանի քաղաքացիները հանուն սեփական բարեկեցության, կայունության, հանուն առանց ցնցումների կյանքի եւ իրոք իրավական պետության ստեղծման։ Հարկավոր է սովորել չխախտել օրենքը։ Վարչարարական որոշումների իրականացում. ահա իսկական ազատությունը։ Վահան Հովհաննիսյանի բոլոր ելույթներում հնչում է հատկապես այս նոտան՝ իրավական պետության եւ իշխանության ու իրավունքի միջեւ հաշվեկշռված հարաբերության ստեղծում։
Մեր կարծիքով՝ ազատությունը սեփական կամայականության հաղթահարումն է։ Մի մարդու ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է մյուսի ազատությունը։
Ազատությունը պահանջում է, որ ոչինչ բաց չթողնվի, իսկական ազատությունը գիտակցում է իր սահմանները։ Ազատությունը ամենաթողություն չէ, անարխիա չէ, ինքնակամություն չէ, անխոհեմություն չէ, այն արտացոլում եւ ցույց է տալիս յուրաքանչյուր մարդու վերաբերմունքը մյուսի, հասարակության հանդեպ եւ հասարակության վերաբերմունքը՝ մարդու հանդեպ։
Ազատությունը օրենքների պահպանումն է։ «Սահմանափակումը անխուսափելի է, ու հենց դա եւ ոչ այլ ինչ է ազատության պայմանը»,- Ա. Քամյու։
Վահան Հովհաննիսյանի գլխավորած պետական իշխանությունը ժողովրդին կբերի անձի իրական ազատություն, ստեղծագործելու ազատություն, ընտրության, խոսքի ազատություն։
Բավական է քրքրել անցյալը, կռվել ու զոհվել։ Ժամանակն է աշխատելու, հարստանալու եւ աճեցնելու հայերի երջանիկ սերունդ։ Մի ոչ պակաս կարեւոր փաստ եւս, որ խոսում է Վ. Հովհաննիսյանի օգտին. ՀՅԴ-ն կարողանում է համագործակցել, հարգել ուրիշի կարծիքը, կարողանում է աշխատել կոալիցիոն կառավարության կազմում, կարողանում է պարտադրել հարգել իրեն, նույնիսկ ընդդիմախոսին, ինչը կայունության եւ միմյանց հանդեպ հարգալից վերաբերմունքի երաշխիք է։
Նամակը ստորագրել է մոսկվաբնակ հայ մտավորականության ավելի քան 200 ներկայացուցիչ, այդ թվում՝
ԶԱՎԵՆ ՏԵՐ-ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՌԴ գիտության վաստակավոր գործիչ։ Ջրային խնդիրների ակադեմիայի ակադեմիկոս, Նյույորքյան գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի եւ Մոսկվայի պատվավոր շինարար, ՄՊՇՀ-ի ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր
ՅՈՒՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՌԳԱ ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության ԳԱԱ ակադեմիկոս, Գիտությունների եւ արվեստների սերբական ակադեմիայի ակադեմիկոս, Եվրոպական ֆիզիկական ընկերակցության մրցանակի դափնեկիր, Հումբոլտի մրցանակի դափնեկիր, Մայսների մրցանակի դափնեկիր, Կուրչատովի մրցանակի դափնեկիր, Ֆլյորովի եւ այլոց մրցանակի դափնեկիր
ՆԻՆԱ ԹԱՐՎԵՐԴՅԱՆ
Բժշկագիտության դոկտոր
ԵՎԳԵՆԻ ՄԱԼՈՐՅԱՆ
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Բժշկական-տեխնիկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս
ՕՖԵԼՅԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Դոկտոր, Սան Մարինոյի գիտությունների եւ արվեստների միջազգային ակադեմիայի պրոֆեսոր, Մանկավարժական եւ սոցիոլոգիական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, Աշխարհի ժողովուրդների հոգեւոր միասնության ակադեմիայի ակադեմիկոս
ԽԱՉԱՏՈՒՐ ԲԱԴԱԼՅԱՆ
Բժշկական գիտությունների դոկտոր (ուռուցքաբանության ինստիտուտ)
ՄԱՐԻԱՄ ԽԱՆԱՄԻՐՅԱՆ
Անասնաբուժական գիտությունների թեկնածու, Մոսկովյան հայկական ընկերակցության անդամ
«Նեզավիսիմայա գազետա,

No comments: