Monday, February 04, 2008

ՕԲԱՄԱՅԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԷՐԴՈՂԱՆԻ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎՆԱՍԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանն իր հունվարի 31-ի հոդվածում գրում է, որ հայերն իրենց հույսը միշտ կարող են դնել թուրք առաջնորդների վրա, որոնք իրենց հապշտապ, զգացմունքային եւ վայրագ հայտարարություններով առավել նպաստում են Հայոց ցեղասպանության հիմնահարցի միջազգային ճանաչմանը:
Հոդվածում, որի թարգմանությունը ներկայացնում ենք ստորեւ, նա գրում է.
Անցյալ շաբաթ, երբ Մ. Նահանգների նախագահության թեկնածուներ` սենատոր Բարաք Օբաման, սենատոր Հիլարի Քլինթոնն ու նախկին սենատոր Ջոն Էդվարդսը, ինչպես նաեւ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ սենատոր Ջո Բիդենը հայտարարություններ արեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին, Թուրքիայի վարչապետ Էրդողանը կոպիտ եւ վիրավորական խոսքեր հղեց սենատոր Օբամային միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը դարձյալ բեւեռելով օսմանյան թուրքերի իրագործած Հայոց ցեղասպանության վրա:
Սենատոր Օբաման կոչ արեց Կոնգրեսով անցկացնել Հայոց ցեղասպանության բանաձեւը եւ երդվեց ճանաչել այդ փաստը նախագահ ընտրվելու դեպքում: Նա ասաց. «Ամերիկահայերին, որոնցից շատերը ցեղասպանությունից մազապուրծների հետնորդներն են, միանում եմ սկզբունքային այն հարցում, որ պետք է վերջ տալ ցեղասպանություններին եւ պահել հիշատակը անցյալում կատարվածների: Պետք է սկսել աշխարհի պատմության մեջ ցեղասպանությունների ողբերգական դեպքերը ճանաչելուց: Որպես Մ. Նահանգների սենատոր ես միանում եմ ամերիկահայերի կոչին, որ պահանջում է Թուրքիայից ճանաչել հայերի ցեղասպանությունը: Երկու տարի առաջ ես քննադատեցի պետքարտուղարին Հայաստանի դեսպան Ջոն Էվանսին աշխատանքից հեռացնելու համար սոսկ այն պատճառով, որ նա «ցեղասպանություն» բառը տեղին օգտագործել էր, նկարագրելու համար 1915 թվին Թուրքիայում հազարավոր հայերի սպանդը: Պետքարտուղար Ռայսին հայտնեցի իմ խորին համոզմունքը, որ Հայոց ցեղասպանությունը ենթադրություն, անձնական կարծիք կամ տեսակետ չէ, այլ լայնորեն վավերագրված փաստ, հիմնված պատմական վկայությունների առկայության վրա: Այդ վկայություններն անհերքելի են: Պատմական փաստերը աղավաղելու պաշտոնական քաղաքականություն վարելը պարզապես անտրամաբանական է: Որպես սենատոր ես պաշտպանում եմ Հայոց ցեղասպանության H. 106 եւ S. 106 բանաձեւերի անցկացումը Կոնգրեսում եւ որպես նախագահ ես խոստանում եմ ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:
Սենատոր Օբաման նաեւ երդվեց պահպանել Մ. Նահանգների օժանդակությունը Հայաստանին, ամրապնդել այնտեղ ժողովրդավարությունը, ճանապարհներ որոնել վերջ տալու թուրքական եւ ադրբեջանական շրջափակումներին, աշխատել կայուն եւ տեւական կարգավորում գտնել Արցախյան (Լեռնային Ղարաբաղի) հակամարտությանը, նպաստել նրա աճին եւ զարգացմանը՝ ընդլայնված առեւտրի ու նպատակային օգնության միջոցով, ինչպես նաեւ ամրապնդել քաղաքական, առեւտրական, զինվորական եւ մշակութային կապերը Մ. Նահանգների եւ Հայաստանի կառավարությունների միջեւ:
Սենատոր Ջո Բիդենը, որը մինչեւ վերջերս նույնպես նախագահական թեկնածու էր, Օբամայի օրինակին հետեւելով պաշտոնապես հայտարարեց, որ ինքն էլ է պաշտպանում Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը: Նա այդպիսով դարձավ 34-րդ սենատորը, որը հովանավորում է այդ բանաձեւը: Ի դեպ, նա այդ եւ այլ հայկական հարցերի պաշտպանության երկարամյա կենսագրություն ունի:
Հաջորդը սենատոր Հիլարի Քլինթոնն էր, որը պաշտպանելով Կոնգրեսում վերոհիշյալ բանաձեւի ընդունումը, նաեւ խոստացավ նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա ասաց. «Նախագահական թեկնածուների թվում ես երկար ժամանակ առանձին պաշտպանել եմ այդ բանաձեւը, հովանավորել եմ այն 2002 թվից եւ գտնում եմ, որ երկու պալատներն էլ պետք է ընդունեն այդ բանաձեւը: Իմ կարծիքով, հայերի դեմ Օսմանյան կայսրության գործադրած սարսափելի արարքները ցեղասպանության իսկական երեւույթներ են: Ես երկու անգամ գրել եմ նախագահ Բուշին, կոչ անելով նրան նշել Հայոց ցեղասպանությունը իր տարեկան հիշատակություններում, եւ նախագահ ընտրվելու դեպքում ես ճանաչելու եմ Հայոց ցեղասպանությունը: Մեր ընդհանուր բարոյականությունը եւ մեր երկրի, պետության հեղինակությունը որպես մարդու իրավունքների պաշտպանի պարտավորում են մեզ անել ամեն ինչ, որպեսզի Հայոց ցեղասպանության հիշատակը վառ մնա եւ ճանաչվի ինչպես Մ. Նահանգների Կոնգրեսի, այնպես էլ նախագահի կողմից»:
Սենատոր Քլինթոնը նաեւ ասաց, որ շատ է գնահատում իր բարեկամական հարաբերությունները ամերիկահայ աշխույժ համայնքի հետ: «Դա համահունչ է երկար տարիների իմ նվիրվածությանը այդ համայնքի խնդիրներին, ինձ համար բացառիկ հնարավորություն էր որպես առաջին տիկին ելույթ ունենալ 1994-ին Սպիտակ տանը կայացած հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը` վերածնված Հայաստանի անկախության առիթով: Որպես նախագահ, ես աշխատելու եմ է՛լ ավելի ընդլայնել եւ զարգացնել հարաբերությունները Ամերիկայի եւ Հայաստանի միջեւ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առեւտուրը, տնտեսական կապերը, ահաբեկչության դեմ պայքարը, ժողովրդավարական կառույցների ամրապնդումը, ՆԱՏՕ-ի հետ զինվորական համագործակցությունը եւ տարածաշրջանի խնդիրների լուծումը, այդ թվում` արդար եւ ժողովրդավարական կարգավորման հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում: Որպես նախագահ ես ընդլայնելու եմ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ամերիկյան օժանդակությունը»:
Նախագահության արդեն նախկին թեկնածու Ջոն Էդվարդսը միացավ վերոհիշյալներին իր անձնական հայտարարությամբ: «Ես հպարտ եմ Սենատում իմ աշխատանքի անցյալով, որի ընթացքում լրջորեն հետաքրքրվել եմ մեր երկրի մեկուկես միլիոն ծնունդով հայ ամերիկացիների հոգսերով: Պայքարել եմ Սենատում Հայաստանի անվտանգությանը սպառնացող վտանգների, այդ թվում` շրջափակումների դեմ, որոնք դեռեւս շարունակվում են: Որպես նախագահ ես խոստանում եմ մեր հատուկ հարաբերությունները Հայաստանի հետ եւ խաղաղության հաստատումը Լեռնային Ղարաբաղում եւ ամբողջ տարածաշրջանում դարձնել առաջնահերթ խնդիր:
Հավատացած եմ, որ Մ. Նահանգները պետք է ճշմարտությունն ասի բոլոր ցեղասպանությունների մասին: Պաշտպանում եմ կոնգրեսական բանաձեւը, որը ցեղասպանություն է անվանում Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի կոտորածները: Մենք նաեւ պետք է շարունակենք ամրապնդել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ, որը կարեւոր դաշնակից է այդ տարածաշրջանի բռնատիրական ուժերի դեմ պայքարելու: Վերոհիշյալ բանաձեւը պետք է ուղեկցվի դիվանագիտական այնպիսի ջանքերով, որոնք Թուրքիայի մեր ընկերներին վստահեցնեն, որ բանաձեւի դրույթներն ուղղված չեն նրանց դեմ, այլ հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունում գործադրված վայրագությունների դեմ»:
Ամերիկահայ համայնքն անշուշտ ողջունում է նշված բոլոր հայտարարությունները: Սակայն հաշվի առնելով նախորդների փորձը, երբ խոստումները չեն պահպանվել, ամերիկահայերը չպետք է դատեն այդ թեկնածուներին միայն այս հայտարարություններով: Նրանք պետք է գնահատեն թեկնածուների անցյալ գործունեությունը եւ նաեւ դատեն նրանց իրենց շրջապատող խորհրդատուների գործունեությամբ: Եթե նրանք շրջապատված են այնպիսի անհատներով, որոնք դեմ են հայկական հարցերին ընդհանրապես, ուրեմն կարելի է ենթադրել, որ ընտրությունից հետո նրանք չեն պահի իրենց խոստումները:
Հակառակ այն հնարավորությանը, որ այդ խոստումները անօգուտ կարող են դառնալ ընտրությունից հետո, այդուհանդերձ դրանք դրական ազդեցություն ունեն վերստին արծարծելու հայկական դատը շնորհիվ վարչապետ Էրդողանի կոպիտ արտահայտությունների: Ըստ թուրքական մամուլի տվյալների, Էրդողանը սենատոր Օբամային մեղադրել է «քաղաքական անփորձության մեջ», ասելով. «Օրը կգա, երբ դուք կկանգնեք ընտրություն կատարելու 70 միլիոն թուրքերի եւ 2 միլիոն հայերի միջեւ: Մարդ պետք է լավ մտածի նախքան նման հայտարարություններ անելը: Առաջարկում եմ, որ նա կարողանա դուրս գալ իր կարիերայի քաղաքական անփորձության այս շրջանից»:
Ինչպես երեւում է, վարչապետ Էրդողանն ավելի մտահոգված է թվերով, քան ճշմարտության հարցերով: Եթե սենատոր Օբաման ընտրվի նախագահ, հավանաբար այնքան էլ բարյացակամորեն չի վերաբերվի վարչապետ էրդողանին (նրա կծու խոսքերի պատճառով): Հայերս պետք է հույսեր փայփայենք, որ Էրդողանը նման կծու խոսքեր կարտահայտի նաեւ մյուս թեկնածուների ելույթների առթիվ:
Այդպիսով, ով էլ ընտրվի նախագահ, ամերիկա-թուրքական հարաբերություններում սեպ է խրված լինելու եւ թուրքերը քիչ հնարավորություն են ունենալու հետագայում շանտաժի ենթարկելու Սպիտակ տան առաջնորդին:
Թարգմ. Հ. Ծ.

No comments: