Friday, March 07, 2008

ՄԱՐՏԻ ՄԵԿԻ ՎՆԱՍՆԵՐՆ ՈՒ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ԱՆԴԱՌՆԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԹՈՂԵՑԻՆ

Ըստ Կամո Արեյանի՝ անհետաձգելի աշխատանքներ են տարվում Կենտրոնում

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությամբ ձեռնարկվել են քաղաքապետարանի եւ Կենտրոն թաղապետարանի կոմունալ սպասարկման ծառայությունների կողմից անհետաձգելի միջոցառումներ, վերացնելու մարտի մեկին կատարված վայրագությունների հետեւանքով առաջացած բոլոր խնդիրները, մայրաքաղաքում ապահովելու կենսագործունեությունը եւ տալու ֆինանսական գնահատական:
Երեկ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Երեւանի քաղաքապետարանի վնասները վերականգնված են ամբողջությամբ` տեղադրված են պատմության եւ անցագրային ծառայության մուտքի պատուհանները, լուսարձակները, բաշխիչ տուփերը եւ շենքն իր նախկին տեսքով ծառայում է նպատակին: Շենքի վրա տարված աշխատանքների ընդհանուր ծախսը, ըստ Կամո Արեյանի, կազմել է 3 միլիոն 68 հազար դրամ: Կամո Արեյանը հայտնեց նաեւ, որ զրուցել է Մոսկվայի տան ղեկավարի հետ, պատվիրել նյութեր` վնասը վերականգնելու համար: Փոխքաղաքապետը առաջին հերթին ներկայացրեց կոմունալ ծախսերը` Ազատության հրապարակում եւ քաղաքապետարանի հարակից տարածքում: Փողոցներից դուրս է բերվել 44 մեքենա` (408 մետր խորանարդ) աղբ, իսկ ընդհանուր առմամբ Կենտրոնում տարված այդ աշխատանքների վրա ծախսվել է 2 միլիոն 200 հազար դրամ, որը վերցվել է Կենտրոն համայնքի, մասամբ էլ քաղաքապետարանի բյուջեից: Ազատության հրապարակի, մայթերի մաքրման համար ծառայել են 25 ջրցան մեքենաներ: Ջարդված մեքենաների թափոններն էլ արդեն տեղափոխված են: Աղբահանության, սանմաքրման, ջարդված մեքենաների տեղափոխման համար էլ ներդրվել է 2,5 միլիոն դրամ` վերջին երեք օրվա ընթացքում: Անհետաձգելի աշխատանքներ են տարվում կենտրոնում` օպերայի, քաղաքապետարանի շրջակայքում, 2000 քառակուսի մետր գազոնային տարածքի վերականգնման համար: Մյասնիկյանի արձանին հարող պուրակն է բերվում նախկին տեսքի: Վերականգնվելու են 35 գծամետր եզրաքարեր, 40 սեկցիա թուջե ցանկապատ, գրանիտե սալեր, Կարապի լճի նստարաններ: Մարտի 6-ի դրությամբ շինարարության ոլորտում վերականգնված են քաղաքապետարանին հարող ցանկապատերն ու մայթերը:
Արեյանի խոսքերով, այսօր արդեն հասարակական քաղաքական տրանսպորտի գործունեությունը բնականոն է: Սակայն, եթե մինչ մարտի մեկը գործում էր 50 տրոլեյբուս, ապա այս պահի դրությամբ դրանք 44 են: Մնացած 6 տրոլեյբուսները լուրջ վնասված են եւ տեղափոխվել են հավաքակայան: Ինչ վերաբերում է կրթական հաստատություններին, ապա Կամո Արեյանը վստահեցրեց, որ Մայակովսկու, Սպենդիարյանի դպրոցներում դասընթացները բնականոն հունով են ընթանում: Նույնը նաեւ վերաբերում է առողջապահության ոլորտներին, որտեղ ամենօրյա բաժանորդային ծառայություն է իրականացվում:
Մարտի մեկին վնասվել են նաեւ շտապօգնության մեքենաները, որոնց ֆինանսական խնդիրների, ինչպես նաեւ վերականգնման մասին, Կամո Արեյանը խոստացավ տեղյակ պահել ճշտելուց հետո: Թաղապետարաններն էլ իրենց բնականոն, ֆունկցիոնալ աշխատանքներով են տարված: Վերջում Կամո Արեյանը նշեց, որ կառավարության աջակցությամբ քաղաքապետարանն ու թաղապետարանները հնարավորություն ունեն բարելավելու քաղաքում տարվող գործընթացը: Եվ հիշեցրեց, որ կտրվեն ընդհանուր վնասների եւ դրանց վերականգնման ստույգ ծախսերը:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Իսկ ինչու՞ դատի չենք տալիս Լեվոն Տեր Պետրոսյանին նրա գործունեության հետեվանքով առաջացած ծախսերը չհոգալու համար.

No comments: