Friday, March 14, 2008

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ ՉԷ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ

Հայկական իշխանությունները պետք է վերանայեն ինչպես ԵՄ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի ծրագրերին մասնակցության պայմանները

Մարտի 1-ի զանգվածային անկարգությունները հանգեցրին ներքաղաքական վիճակի լարվածության աննախադեպ սրմանը Հայաստանում: Ադրբեջանական հրոսակն օգտագործեց պատեհ առիթը: Թեեւ մարտի 4-ին շփման գծի մարտակերտյան հատվածում չարանենգ թշնամին, թողնելով ռազմի դաշտում 8 դիակ, դիմեց փախուստի, սակայն հայկական դիրքերի վրա ադրբեջանական հրոսակի հարձակումով սրվեց նաեւ ռազմաքաղաքական վիճակը Ղարաբաղ-Ադրբեջան սահմանում:
Մինչ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը, ԱՄՆ պետքարտուղարությունը, ԵԱՀԿ-ն, ի դեմս Մինսկի խմբի եւ գործող նախագահի անձնական ներկայացուցչի, «հետագա առճակատումներից զերծ մնալու» կոչերով հավասարության նշան էին դնում հրադադարը խախտող եւ խախտումներին հարկադրված պատասխանող կողմերի միջեւ, որպեսզի խախտումներում խրախուսեն Ադրբեջանին, վեհաժողովի Բաքվում հրավիրված սեմինարում ադրբեջանական կողմի հետ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի ակտիվ մասնակցությամբ արված սակարկությունները նախադրյալներ ստեղծեցին նոր խախտումների համար:
Արձագանքելով ՆԱՏՕ-ի եւ ԵԱՀԿ-ի խրախուսանքին, Ադրբեջանը նախ նոր զորամիավորումներ կուտակեց Մարտակերտի սահմանին, ապա մարտի 6-ի լույս 7-ի գիշերը Հադրութի հատվածում վերստին խախտեց հրադադարը: Ադրբեջանին էլ արձագանքեցին աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցները, տարածելով մարտի 4-ին իբր 12 հայ զինվորի սպանության կեղծիքը, որպեսզի չընկճվի ադրբեջանական հրոսակի մարտական ոգին: Դրան հետեւեցին շփման գծի Ֆիզուլիի հատվածում խախտման վերաբերյալ կեղծիքները եւ բոլոր խախտումները լկտիաբար վերագրվեցին հայկական կողմին: Վերոհիշյալ լրատվամիջոցների կեղծիքները նույն լկտիությամբ շտապեց հաստատել, այսպես կոչված տնային կալանքի մեջ գտնվող, Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Ի դեպ, ադրբեջանական կեղծիքներն ի լուր աշխարհի սիրահոժար տարածող այս լրատվամիջոցները ողջամտորեն շրջանցում էին շփման գծում ճգնաժամային դիտարկումների անցկացումը վիժեցնելու Ադրբեջանի փորձերը, առավել եւս վիժեցման պատճառաբանությունը, թե ապահովված չէ ԵԱՀԿ դիտարկման խմբի անդամների անվտանգությունը: Հատկանշական է, որ վիժեցման ադրբեջանական փորձերին նախանձելի հանդուրժողականությամբ են վերաբերվել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը, վեհաժողովի Բաքվում հրավիրված սեմինարը, որին ներկա էին Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ եւ գործընկեր պետություններից 101 պատվիրակներ, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ն բոլոր կառույցներով:
Այս հանդուրժողականությունն ու խրախուսանքը հիմք են տալիս ենթադրելու, որ ՆԱՏՕ-ն ուղղակիորեն աջակցում է հրադադարի խախտման Ադրբեջանի ձեռնարկումները: ԵԱՀԿ-ն հավանություն է տալիս դրանց, իսկ աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցները նշված կառույցների աջակցությունն ու հավանությունը միջազգային հանրությունից քողարկելու առաջադրանքով, հրադադարի խախտման վերաբերյալ կեղծիքներ են տարածում: Այսպիսով, դրանք ծառայում են խախտումներում ադրբեջանական հրոսակին խրախուսելի արեւմտյան կառույցների չարանենգ նպատակին:
Այլ կերպ, հրադադարին առնչվող կեղծիքներ տարածելիս, առաջնակարգ լրատվամիջոցները գործում են ՆԱՏՕ-ի եւ ԵԱՀԿ-ի հետ փոխհամաձայնեցված, վերջիններս էլ՝ Ադրբեջանի: Այսպիսով, շփման գծում ռազմաքաղաքական իրավիճակը միանգամայն կապակցվում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ, մեկի սրումը փոխազդեցությամբ հանգեցնում է մյուսի սրմանը: Ադրբեջանը դրան մասնակցում է անուղղակի, հրադադարի խախտումներում ադրբեջանցի հրոսակին աջակցող ՆԱՏՕ-ն՝ շփման գծում ռազմաքաղաքական իրավիճակի սրման, իսկ ԵԱՀԿ-ն՝ եւ ադրբեջանական խախտումներին հավանություն տալու եւ Հայաստանի ներքին գործերին խառնվելու միջոցով, որպեսզի երկրում հնարավորինս սրվի ներքաղաքական վիճակի լարվածությունը եւ դա համադրվի շփման գծի ռազմաքաղաքական լարվածության հետ:
Թերեւս այս ամենի առումով պատահական չէր ԵԱՀԿ գործող նախագահ Իլկա Կաներվանի «հետընտրական լարվածությունը մեղմելու» համար փետրվարի 26-ին Երեւանում արած կոչը. «Ես հավատում եմ, որ իշխանությունները կշարունակեն հարգել մարդկանց ազատորեն հավաքվելու իրավունքը եւ կապահովեն հրապարակային հավաքների անցկացումը՝ առանց խոչընդոտների»: Մինչդեռ այդ հավաքները արտոնված չէին, հրապարակներում հաճախ հնչում էին իշխանության բռնազավթման կոչեր: Հետեւաբար, պրն Կաներվանի կոչը սադրանքի բնույթ է ստանում եւ նա դրանով մարտի 1-ի անկարգությունների համար նախապես պատասխանատու էր դարձնում ԵԱՀԿ-ին: Սադրանքները շարունակվեցին նաեւ մարտի 1-ի զանգվածային անկարգություններից հետո այն աստիճանի, որ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը, գնահատելով քվեարկության արդյունքները 17 տեղամասային կենտրոններից 13-ում «վատ» կամ «շատ վատ», համառորեն հրաժարվեց տեղեկացնել Հայաստանի կառավարությանը, թե որոնք են այդ կենտրոնները:
Ոչ պակաս սադրիչ պետք է համարվի Ամերիկյան միջազգային հաղորդումների խորհրդի նախագահ Ջեյմս Գլասմանի արձագանքը Հայաստանում «Ամերիկայի ձայն» եւ «Ազատություն» ռադիոկայանների հեռարձակման սահմանափակումներին, թե ոտնահարվում է ժողովրդավարությունը: Այդ մեծարգո պարոնը պետք է իմանա, որ երկրում արտակարգ դրությունը տարածվում է բոլոր լրատվամիջոցների վրա: Հետեւաբար, անկախ էթնիկ ծագումից, Հայաստանում հայի ազգանունով թուրք-ադրբեջանական քարոզչություն ծավալող հայատյացներին սպասարկելու առաջադրանքով գործելու պատճառով Լ. Տեր-Պետրոսյանի խոսափողը դարձած այս ռադիոկայանները, որքան էլ ամերիկյան լինեն, վերին արտի ցորենը չեն:
Գլասմանն այդ հայտարարությունն արել էր մարտի 5-ին, իսկ 11-ին «Ասոշիեյթեդ պրեսի» հարցերին պատասխանելիս, նրան է միացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան: Նա ասել է, որ Հայաստանում անկախ լրատվամիջոցների գործունեության սահմանափակումները, արտակարգ դրության հաստատումն ու ընդդիմության առաջնորդների ձերբակալությունը խոր հիասթափություն են պատճառել պաշտոնական Վաշինգտոնին: Բրայզան միաժամանակ ընդգծել է երկրում արտակարգ դրության վերացման, ձերբակալված գործիչների ազատ արձակման եւ ընդդիմության հետ երկխոսության անհրաժեշտությունը: Այդ ընթացքում Երեւան է ժամանել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգը, ըստ երեւույթին կրկնելու Բրայզայի հորդորները:
Սադրանքի բնույթ կրող այս հորդորները Բրայզայով կամ Համերբերգով չեն սահմանափակվում, յուրահատուկ են ԵԱՀԿ-ին, Եվրոխորհրդին, ԵՄ-ին, ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին: Եթե իշխանությունները տեղի տան Հայաստանում «հետընտրական լարվածությունը մեղմելու» քողի տակ արվող հորդորներին եւ «հարգեն մարդկանց ազատորեն հավաքվելու իրավունքը», հանրահավաքների համար այլեւս արտոնություն չի պահանջվի: Դա կհանգեցնի արտակարգ դրության ինքնաբերաբար վերացմանը, կվերանան նաեւ «անկախ» լրատվամիջոցների սահմանափակումները: Այսպիսով, երկրում կվերականգնվեն այն բոլոր նախապայմանները, որոնք առկա էին մարտի 1-ին զանգվածային անկարգությունների նախօրյակին:
Ինչ վերաբերում է ձերբակալված գործիչների ազատ արձակման եւ ընդդիմության հետ երկխոսության հորդորներին, ապա դրանք անկարգության կազմակերպիչներին, առավել եւս Լեւոն Տեր-Պետրոսյանին պաշտպանության տակ առնելու նկրտումներ են: Արեւմտյան վերոհիշյալ կառույցներին պետք է հայտնի լինի իշխանությունը բռնությամբ յուրացնելու անհամատեղելիությունը քաղաքական գործունեության հետ: Այսինքն, նրանք գիտեն, որ ձերբակալվածների գոնե մի մասն արդեն հանցագործներ են, ոչ թե ընդդիմադիր քաղաքական գործիչներ: Իսկ Տեր-Պետրոսյանը ընդդիմանում է Հայաստանին, հայկական պետականությանն ու հայ ժողովրդին: Դա ենթադրում է միջազգային մութ ուժերին անմնացորդ ծառայելու պատրաստակամություն եւ նա այդ պատրաստակամությամբ Հայաստանը շարունակում է շփոթել իր ագարակի, իսկ Լեռնային Ղարաբաղը՝ իր ստացած օժիտի հետ, ինչը նպաստում է, որ աննախադեպ մեծանա նրա չարանենգ հայատյացության օգտակար գործողությունների գործակիցը արեւմտյան կառույցների համար:
Ինչ խոսք, սահմանափակումների վերացման դեպքում «ազատ» լրատվամիջոցներն էլ կնպաստեն Տեր-Պետրոսյանի հակապետական քարոզչության անկաշկանդ ծավալմանը Հայաստանում: Իսկ ձերբակալված գործիչները, հավատարիմ լեւոնական սկզբունքներին, ցուցարարներին կառաջնորդեն զանգվածային նոր անկարգությունների: Դրանք կդառնան մշտական գործոն Հայաստանի ներքաղաքական կյանքում, դա լարվածությունը սադրանքներով սրելու նոր հնարավորություն կտա արեւմտյան կառույցներին, վերջիններիս անընդմեջ միջամտությամբ կսահմանափակվի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ նա կվերածվի անկենսունակ պետության:
Ի՞նչ պետք է անել: Ըստ երեւույթին, պետք է հասկացնել ԵԱՀԿ-ին եւ Եվրոխորհրդին, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է: Թեեւ նրա անդամակցությունը Եվրոխորհրդին, ինչպես նաեւ մասնակցությունը Եվրոմիության «Նոր հարեւանություն» ծրագրին ենթադրում է որոշակի պարտավորություններ, սակայն դրանց կատարումը ամենեւին էլ չի պարտավորեցնում հանդուրժել եվրոպական կառույցների սադրանքները, որոնք Հայաստանի ներքին գործերին միջամտելու եւ ինքնիշխանությունը սահմանափակելու բնույթ են կրում:
Այսինքն, միջազգային պարտավորությունները հետեւողականորեն կատարելիս, նույն հետեւողականությամբ պետք է հետամուտ լինել Հայաստանի այդ պարտավորություններից բխող իրավունքներին եւ պաշտոնապես դատապարտել ոտնձգությունները: Այլապես, արեւմտյան կառույցները Հայաստանի ներքին գործերին միջամտելու եւ ինքնիշխանությունը սահմանափակելու նոր առիթներ կգտնեն: Այսպիսով հայկական պետության կառավարման մեխանիզմների վերահսկողությունը հետզհետե կանցնի նրանց ձեռքը: Ի վերջո, հայաստանյան իշխանությունները կարող են վերանայել ԵՄ-ի «Նոր հարեւանություն» ծրագրի Հայաստանի մասնակցության պայմանները կամ դրա նպատակահարմարությունը, ինչու չէ, կարող են նաեւ ժամանակավորապես սառեցնել մասնակցությունը:
Այդ դեպքում, ԵՄ-ը կզրկվի Հարավային Կովկաս ներթափանցելու, իսկ ԱՄՆ-ը` Ռուսաստանի դեմ ԵՄ-ի հետ համատեղ գործելու, առավել եւս ԵՄ-ին իբրեւ գործոն ռուսականին հակադրելու հնարավորությունից: Դրանով կարգի կհրավիրվի նաեւ ՆԱՏՕ-ն, գիտակցելով, որ հայկական իշխանությունները վճռական են Հայաստանի ինքնիշխանությունն ու ներքին գործերը օտարերկրյա ոտնձգություններից պաշտպանելու հարցերում, ուստի ոտնձգությունը անխուսափելիորեն կհանգեցնի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին Հայաստանի մասնակցության ե՛ւ պայմանների, ե՛ւ նպատակահարմարության վերանայմանը:
Ի դեպ, վերջերս Կոսովոյի իրավիճակի շուրջը հետզհետե սրվում են Ռուսաստանի հարաբերությունները ինչպես ԱՄՆ-ի ու ԵՄ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի հետ: Դա համապատասխանաբար սրում է միջազգային այս ուժերի միջեւ հանուն ազդեցության Հարավային Կովկասում ծավալվող անհաշտ մրցակցությունը: Այլ կերպ, միջազգային իրավիճակի առանձնահատկությունները Հարավային Կովկասում միանգամայն նպաստավոր են Հայաստանի համար, որ նա անկաշկանդ վերանայի ինչպես ԵՄ-ի «Նոր հարեւանություն», այնպես էլ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրերին իր մասնակցության պայմաններն ու նպատակահարմարությունը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: