Monday, March 31, 2008

ԹԹՎԱԾՆԻ ՊԱԿԱՍՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է

Բնապահպան կազմակերպություններն ու բնապահպանությամբ մտահոգվածները, հայաստանյան իրական պատկերն արձանագրելով, որակում են այն որպես «մարդածին մամլիչի կործանարար ազդեցության հետեւանքով վերածված էկոլոգիական աղետի գոտու»: Մեր հայացքը ամենուր եւ ամեն պահ են սղոցում ոչ միայն արտաքին, այլեւ հոգեւոր էկոլոգիական աղետի դրսեւորումները: Բայց այս մասին սովորաբար լռում կամ քիչ են խոսում: Մինչդեռ հիմնահարցն այստեղ է: Մեր շրջակա բնամիջավայրը ոչնչանում, ծառերը մեռնում են, որովհետեւ մարդու հոգեւոր աշխարհն ամլանում, անշնչանում է, ու ինքն էլ իր նման է դարձնում բնությունը, ոչնչացնում կենդանի, թրթռացող աշխարհը: Բարոյականության դեֆիցիտը սպառնում է Երկիր մոլորակին, հետն էլ՝ Հայաստանին:
Բնապահպանները անհանգստացած են նաեւ Երեւանի բուսաբանական այգու ճակատագրով. ըստ Կարինե Դանիելյանի, այգու 25 հա-ի վրա կառուցվելու են առանձնատներ: Համատարած կառուցապատման «շնորհիվ», Երեւանը կիսաանապատային գոտու է վերածվել, որը շարունակվում է. քաղաքը տնքում է աղբի աննկարագրելի կուտակումներից, գարշահոտությունից, իսկ քաղաքային իշխանությունները մոռացել են այս մասին: «Հայաստանի 860 բնակավայրերում ընդհանրապես չի իրականացվում աղբահանություն, ինչպես նաեւ տեղանքի սանիտարական մաքրում», արձանագրում է համապատասխան ծրագիրն իրականացնող կազմակերպությունը: Այս ամենը շարունակելի է եւ այս ամենը մեր աչքի առաջ է ամենուր: Ահավասիկ, էկոլոգիական աղետի վերահաս սարսափը պարտադրում է սթափվել: Վերջին շրջանում գիտակցական արթնացում ապրող հանրությունը փորձում է ավելի շրջահայաց եւ աչառու լինել: Եվ ահա սկսում է էկոլոգիական շարժում՝ 20-օրյա ակցիաների շրջանակում: «Դարձիր անձայնների ձայնը» խորագրով միջոցառումները պաշտպանում են կենդանիների, բուսականության, անօթեւան երեխաների եւ ուրիշ անձայնների իրավունքները, որպեսզի չշարունակենք վարակվել շնչառական վտանգավոր հիվանդություններով, ավելի չմեծացնենք անոմալ ծնունդների քանակը եւ այլն եւ այլն: Ի՞նչ է տալու սա այս պայմաններում:
Շարժման առաջին ակցիան ՆՓԱԿ-ում բացված լուսանկարչական ցուցահանդեսն է՝ մասնակցությամբ Հայաստանի եւ դրսի 40 լուսանկարիչների: Այստեղ պատկերված Հայաստանը համատարած աղետի գոտի է: Գլխավոր տեղը հատկացված է Թեղուտին, նրա մեռնող բնությանը՝ ծառերի տեղը «աճող» երկաթե տնակներով, գետի ջրերի փոխարեն՝ շինարարական նյութերով, ինստալացիոն մտահղացումը՝ մի քանի չոր կոճղերով ու ծառի չոր ճյուղը՝ սեւ ժապավենով՝ փրկության աղաղակ են հնչեցնում: Էկոլոգիական շարժման ակտիվիստ Հրայր Սվազյանը գտնում է, որ Թեղուտի ցավը ամենաարդիականն ու կարեւորն է, եւ որ կանաչ տարածքների որսը Երեւանի բնակչությանը զրկում է կենսական տարածքից, որ Երեւանը մեկ շնչին բաժին ընկնող կանաչ զանգվածի հարաբերությամբ մի քանի անգամ զիջում է Բաքվին ու Թբիլիսիին: Այստեղ այգիները միտումնավոր են անխնամ պահում, որ շուտ չորանան ծառերը, իսկ որոշ տեղեր նրանց թույն են սրսկում՝ կառուցապատման տեմպերն արագացնելու նպատակով:
Երիտասարդ բնապահպանների ծրագիրը ներառում է ծառատունկի իրականացում, տարածքի մաքրում, ռոք համերգի անցկացում: Ապրիլի 20-ին խմբակային բնապահպանական հեծանվարշավ կկազմակերպվի Երեւանի կենտրոնական փողոցներում: Նրանք հույս ունեն, թե իրենք կկարողանան հաջողացնել իրենց խմբակային ակցիան, զուտ էկոլոգիական շարժման նշանաբանով՝ չնայած մարդկային կուտակումների, տեղաշարժվելու, զբոսնելու անթույլատրելիության ու պատժելիության ներկա մթնոլորտի ու պայմանների առկայությանը:
Մ. Բ.

No comments: