Wednesday, March 05, 2008

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը Սահմանադրական դատարանում

«Ես զերծ կմնամ իրադրության քաղաքական գնահատականից եւ կանգ կառնեմ մի քանի զուտ իրավական շեշտադրումների վրա: Քանի որ սա իմ առաջին ելույթն է հրապարակային` մարտի 1-ի առավոտյան ժամը 6:30-ից հետո, ես ուզում եմ առիթից օգտվելով խոր ափսոսանք արտահայտել մարտի 1-ի ողբերգության առթիվ եւ խորապես ցավակցել բոլոր զոհվածների ընտանիքներին ու մտերիմներին: Իսկ այժմ իմ բուն հայտարարությունը. Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել Ընտրական օրենսգրքի 78 հոդվածի վրա. - «Գրանցման պահից հանրապետության նախագահի այն թեկնածուները, ովքեր գտնվում են պետական ծառայության մեջ, կամ աշխատում են տեղական ինքնակառավարման մարմիններում, ընտրությունների ընթացքում ազատվում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց եւ իրավունք չունեն օգտագործելու իրենց պաշտոնեական դիրքի առավելությունը: Հանրապետության նախագահը, կամ Սահմանադրության համաձայն` հանրապետության նախագահի պաշտոնակատարը` Ազգային ժողովի նախագահը կամ վարչապետը հանրապետության նախագահի թեկնածու առաջադրվելու դեպքում շարունակում են իրենց լիազորությունների կատարումը, սակայն չպետք է օգտագործեն իրենց պաշտոնեական դիրքի առավելությունը»: Այս հոդվածը չափազանց հստակ է եւ իմպերատիվ: Իմպերատիվ հոդվածները մեկնաբանության ենթակա չեն: Գործող վարչապետը միայն մեկ հանգամանքում կարող էր առաջադրվել եւ գրանցվել, եթե նա զբաղեցներ Հայաստանի գործող նախագահի պաշտոնակատարի կարգավիճակը: Այդպիսի կարգավիճակ գործող վարչապետը չունի: Ես համարում եմ, որ նրա գրանցումը ի բնե եղել է անօրինական, հետեւաբար` ոչ լեգիտիմ, սա` մեկ: Երկրորդ, Սահմանադրության 53.1 հոդվածը. - «Ռազմական եւ արտակարգ դրության ժամանակ հանրապետության նախագահի ընտրություն չի անցկացվում, իսկ հանրապետության նախագահը շարունակում է իր լիազորությունների իրականացումը»: Նախագահի ընտրություն` նշանակում է ընտրական ողջ գործընթացը, սկսած առաջադրումից մինչեւ բողոքարկման համար սահմանված ժամկետի ավարտը, այն է` Սահմանադրական դատարանի վճիռը: Այս պահին մենք գտնվում ենք ընտրությունների պրոցեսի մեջ, հետեւաբար, քանի որ հիմա արտակարգ դրություն է, այս ընտրությունները վավերական կամ օրինական չեն կարող համարվել: Երրորդ, անհասկանալի է Սահմանադրական դատարանի գործընթացի միակողմանի լուսաբանման փաստը: Դիմող կողմը հնարավորություն չունի լուսաբանելու Սահմանադրական դատարանի ընթացքը: Խախտված է հավասարության սկզբունքը: Բացի այդ, դատավարության ընթացքում պահանջվող վկաներից շատերը, որոնք մեր շարժման համակիրներն են, կողմնակիցները եւ իմ նախընտրական շտաբների ակտիվիստները, ձերբակալված են: Դրանք մեր ամենակարեւոր վկաներն են: Հետեւաբար, այս իրադրության մեջ Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում, բացի ընտրությունները անվավեր ճանաչելուց, կառաջացնի լեգիտիմության դեֆիցիտ, ինչը վտանգավոր է ե�ւ երկրի ապագայի համար, ե�ւ Սահմանադրական դատարանի հեղինակության համար: Ես չեմ պատկերացնում` այս պայմաններում կայացած Սահմանադրական դատարանի որեւէ վճիռ ինչպես կընդունվի իմ` դիմողիս կողմից, ժողովրդի կողմից եւ միջազգային հանրության կողմից: Այսինքն, Հայաստանի գլխին մշտապես կախված է լինելու ոչ լեգիտիմ իշխանություն ունենալու վիճակը: Ելքը ես համարում եմ Եվրամիության նախագահության երեկվա հայտարարության առաջարկները, որ ես ձեզ կներկայացնեմ եւ կխնդրեմ կցել գործին: Ես ամբողջությամբ ընդունում եմ այդ առաջարկները` ամբողջությամբ, դա համարելով եւ Սահմանադրական դատարանի այս նիստի ընթացքում մեր գործելակերպի ծրագիրը, մեր պլատֆորմը: Դրանք են հետեւյալ կետերը. դադարեցնել արտակարգ դրության վիճակը, ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին, ապահովել ինֆորմացիոն հավասար հնարավորություններ, իրականացնել մարտի 1-ի իրադարձությունների միջազգային անկախ հետաքննություն եւ սկսել երկխոսություն իշխանությունների հետ: Այս բոլոր կետերը ես ընդունում եմ եւ, ինչպես ասացի, համարում մեր գործունեության հիմքը ինչպես Սահմանադրական դատարանում, այնպես էլ հրապարակայնորեն»:

No comments: