Thursday, April 03, 2008

ՀԱՄԲԵՐԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ՝ ՊԱՅՔԱՐԸ ՍԱՌՈՒՄ Է

Մեզ հայտնի չէ՝ աշխարհում կա՞ մի երկիր, ուր սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններից հետո կազմակերպիչներին, հրահրողներին ու կատարողներին ձերբակալելու հենց հաջորդ օրվանից վայնասուն բարձրացնեն՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել դրանց
Թեպետ հարցնում ենք, բայց վստահ ենք, որ չկա։ Բացի Հայաստանից, աշխարհի որեւէ կետում նման «հումանիստական» ճիչեր չեն լսվում։ Ոչ էլ զանգվածային անկարգությունների հեղինակներին անմիջապես օծում «քաղբանտարկյալի» տիտղոսով, ինչը միայն մեր երկրում է հնարավոր տեսնել։
Ինչո՞ւ եւ ինչպե՞ս անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին։ Այն էլ մեկուսարանում լուսացրած հենց առաջին գիշերվանից հետո։ Իսկ կներեք, ովքե՞ր պետք է զբաղեցնեն «քաղբանտարկյալներ» Ալիկ Արզումանյանի, Արարատ Զուրաբյանի, Մյասնիկ Մալխասյանի, Կարապետ Ռուբինյանի, Սուրենյանցի, Մակեյանի, մյուսների տեղերը։ Չլինի՞ այն մարդիկ, ովքեր հրաժարվել էին մարտի 1-ին «ինքնաբուխ» հավաքվել Ֆրանսիայի դեսպանատան մոտ։ Կամ գուցե նրա՞նք, ովքեր իրենց պատշգամբներից են սարսափահար հետեւել ազատագրիչների վայրագ գործողություններին։
Ապշելու բան է լսել Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներ շալակած «քաղբանտարկյալներին» անհապաղ շղթայազերծ անելու կոչերը։ Գուցե նման կոչերի հեղինակների համար, օրինակ, Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածն ընդամենը թեթեւ զանցա՞նք է նշանակում։ Ասենք, խեղճ «քաղբանտարկյալների» կատարած արարքը ո՞րն էր՝ ընդամենը ծառի թուփ են տրորել։
Կալանված հեղափոխականների ճակատագիրը ողբացողներին վատ չէր լինի մեկ անգամ էլ հիշեցնել 300-րդ հոդվածում ներկայացված հանցագործությունը՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն կամ այն բռնությամբ պահելուն, ինչպես նաեւ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունները։
Վատ չէր լինի նաեւ ազատարարների նկատմամբ նախանձելի գուրգուրանք ու սրտացավություն ցուցաբերողներին հիշեցնել նրանց առաջադրված հաջորդ մեղադրանքը՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը, անմիջականորեն կատարելը (Քր.օր.-ի 225-րդ հոդված)։ Եւ սա դեռ ամբողջը չէ առաջադրված տարբեր մեղադրանքների պատկառելի փաթեթից։
Ինչեւէ, զարմանալի չէ, որ եվրակառույցների կողմից իրենց նկատմամբ դրսեւորած հոգատար վերաբերմունքից ոգեւորված 28 «քաղբանտարկյալներ» սպառնալից հայտարարություններով հանդես եկան։ Երեկ նրանցից 20-ը առայժմ մեկօրյա նախազգուշական հացադուլով սպառնաց (իսկ ապրիլի 9-ից հետո՝ անժամկետ)։ Իսկ 8-ը հայտարարեց անժամկետ հացադուլ անելու մասին։ Հացադուլավոր երկու խմբերն իրենց առաջ քաշած պահանջներով գրեթե նույնությամբ կրկնում են ԵՄ նախագահության եւ Ագոյի խմբի առաջարկությունները։
Գուցե իսկապես լուծարե՞նք ոստիկանությունն ու դատախազությունը։ Հրավիրենք անկախ միջազգային հետաքննություն իրականացնողներին, որոնք մի կողմից՝ կքննեն «մարտի 1-ի» գործը, մյուս կողմից էլ կլսեն նույն գործով անցնող, սակայն ազատության մեջ հայտնված «քաղբանտարկյալների» կոչերը հրապարակում՝ «Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Հողը փախչում է վարչախմբի տակից» եւ այլն։ Քանզի «քաղբանտարկյալները» շատ են շտապում։ Չե՞ք տեսնում՝ անգամ չսպասեցին գոնե դատարանի վճռից հետո հացադուլ հայտարարել։
Հասկանո՞ւմ եք, համբերել չեն կարող՝ պայքարը սառում է։
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

No comments: