Monday, May 19, 2008

ՆԱԽԱՀԱՎԵՐԺԻ ԾՆՈՒՆԴԸ

Հատված «Նախահավերժի ծնունդը» (Եդեմից մինչեւ Միտաննի) գրքից

ԲՈՀԴԱՆ ԳԵՄԲԱՐՍԿԻ


1915-24 թվականներին Օսմանյան Թուրքիայում կատարված հայերի ցեղասպանության ճանաչումը աննախադեպ միջազգային ակցիա է այլեւս, մի բան, որին հասնելու համար անձնազոհաբար պայքարեց լեհ հրապարակախոս, արեւելագետ ու գրող Բոհդան Գեմբարսկին (1905-1978թթ)` այդ մեծ ողբերգության հիշատակման 50-ամյա տարելիցի նախօրեին, տարելից, որը վերածվեց մեզանում բազմածավալ ազգային զարթոնքի: 1965 թ. ապրիլի 24-ի սեւազգեստ ու սեւապաստառ ցույցը Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքում նույնքան, գուցե առավել աննախադեպ ակցիա էր, եթե հաշվի առնենք դրա տեղն ու ժամանակը:

60-ականների սկիզբն էր: Մեկ տասնամյակից ավելի էր, ինչ մարդասիրության ուղին բռնած աշխարհը հրեաներին հիտլերյան ողջակիզման դիմաց հազարամյակներ առաջ կորցրած հայրենիք էր վերադարձրել եւ Գերմանիան «արյան գին» էր վճարում նրանց, որպես կատարած ոճիրի հատուցում:

Մարդասեր դարձած մարդկությունը շարունակում էր թոթափել գաղութատիրության ամոթը, անկախություն եւ ինքնիշխանություն պարգեւելով Աֆրիկայի եւ Ասիայի բազմաթիվ գաղութներին, երբ Բոհդան Գեմբարսկին հրապարակավ հիշեցրեց մի ուրիշ ամոթի` 20-րդ դարի սկզբին թուրքական կառավարության ծրագրած ու իրականացրած, իրենց երկրի քաղաքացի` մոտ մեկ ու կես միլիոն հայերի բնաջնջման մասին: Պարզ ու մտերմիկ վերնագրով «Նամակ իմ հին թուրք ծանոթին» Գեմբարսկու հրապարակումը վարշավյան «Kierunki» ամսագրի 1961թ. նոյեմբերի 26-ի համարում, որը մի կոչ էր թուրք մտավորականությանը, պայթած ռումբի ազդեցություն ունեցավ: «... Հենց ձեզ համար ավելի շահեկան կլինի, եթե ինքներդ լինեք ձեզ դատապարտողն ու ձեր դատավորը, փոխանակ լինելու սոսկ դատապարտված... Այս ամբողջ խնդիրը, որ բարձրացնում եմ սույն նամակով, թելադրված է, իմիջիայլոց, Թուրքիայի պատիվը փրկելու անզուսպ ձգտումով, այն պատիվը, որ երկրի ժամանակավոր տիրակալները` երիտասարդ թուրքերը ստորաբար գետին գլորեցին»:

«Նամակը» թարգմանվեց ու հրապարակվեց այլ լեզուներով նույնպես: Դրան հետեւեցին Գեմբարսկու մի շարք բաց նամակները. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ՈՒ Տանին, Հնդկաստանի նախագահ Ռադհաքրիշնանին, կաթոլիկ բարձրաստիճան հոգեւորականներին Վատիկանում, թուրք մտավորականներին, աշխարհի ընթերցողներին եւ շատ ուրիշ նամակներ, որոնցում, նկարագրելով հայերի կոտորածների կազմակերպումն ու կատարման կերպը, հեղինակը առաջարկում էր գաղութազերծված երկրների օրինակով ՄԱԿ-ի հովանու ներքո քննարկել Արեւմտյան Հայաստանի ազատագրման հարցը եւ հայերին վերադարձնել բնաջնջված ու կողոպտված պատմական հայրենիքը: Սակայն այս նամակներն արդեն տեղ չէին հասնում ու չէին հրապարակվում:

60-ականների սկիզբն էր: Խորհրդային Հայաստանում ծնված ու ապրող արեւելահայ երիտասարդներս, դաստիարակված հակաֆաշիստական պայքարի ոգով եւ արդեն ընտելացած հիտլերյան խոշտանգումների գեղարվեստական պատկերմանը, ապշահար սարսափով էինք տեղեկանում մեր ազգի այդ մեծագույն ցավի ու անդառնալի կորուստների մանրամասներին, որն արդեն համարձակվում էին մեզ պատմել մեր ընկերները՝ 1946-47 թ.թ. սփյուռքից հայրենադարձած ընտանիքներից: Իսկ Լեհաստանից Հայաստան էին գալիս իրենց հասցեատերերին չգտած Գեմբարսկու նամակները, որոնք մենք ագահորեն ու վախվորած ընթերցում էինք, շշուկով վերապատմում, ձեռագիր ու մեքենագիր բազմացնում ու տարածում՝ ներշնչված խորին հավատով, որ մոտ է Հայոց հարցի արդար լուծման պահը: Մեծ ու ապահով Խորհրդային հայրենիքում ապրող արեւելահայերից շատերը այդ խիզախ օտարի գուժկան նամակներից էին տեղեկանում 1915-ի արհավիրքին, որ մի քանի տարի անց պիտի անվանվեր Հայոց մեծ եղեռն եւ 65-ի ապրիլի 24-ին ոտքի հաներ հայությանը` առաջին անգամ Հայոց հող ու կորուսյալ Հայրենիք պահանջելու:

Բոհդան Գեմբարսկու բազմաբնույթ գրական ժառանգության մեջ մոտ երեք հատոր են կազմում հայանպաստ գործերը, որոնք նա` իր խոսքով ասած, «Հայաստանի պատմությանը սիրահարված» լինելով, ստեղծել է ամբողջ կյանքի ընթացքում: «Նախահավերժի ծնունդը» վերնագիրը կրող պատմական-վերլուծական աշխատությունը այդ շարքում իր ուրույն տեղն ունի: Հեղինակի ուսումնասիրման վայրն է Հայկական Լեռնաշխարհը,իր նախահայկական բնակչությամբ, ժամանակահատվածը` Եդեմից մինչեւ Միտաննի: Իսկ նյութի իր մեկնաբանության մասին Գեմբարսկին գրում է. «... ես պնդում եմ եւ ջանում այդ թեզն ապացուցել, որ միաստվածություն ներածելու բոլոր չորս փորձերը (Յահվեի, Սեթի, Էլոհիմի եւ Աթոնի(Ամոնի) մարմնավորմամբ), որոնք տեղ գտան մ.թ.ա. երկրորդ հազարամյակում, միեւնույն «առաքողի հասցեն» ունեցան` Ճորոխի, Արաքսի, Տիգրիսի ու Եփրատի ակունքներն ամփոփող նույն այն Լեռնաշխարհը կամ թե իր հարավային ամրացված հատվածը, այսինքն` Միտաննի խուրիական կայսրությունը»:

«Նախահավերժի ծնունդը» հիմնավոր մաս է կազմում այն մեծ գործի, որ իրականացնում էր Բոհդան Գեմբարսկին իր հայրենիքում, արժեքավորելով հայերիս դերը քաղաքակիրթ աշխարհի պատմության մեջ, ընդգծելով դրա կարեւորությունն ու անկրկնելիությունը:

Ստորեւ ներկայացնում եմ աշխատությունից մի հատված՝ իմ թարգմանությամբ լեհերենից:

ԱՆԱՀԻՏ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆ
---------------------------------------------------------------------------------

Ներածական

Տասնիններորդ դարի պատմագրությունը շրջանառության մեջ դրեց «Դասական արեւելք» հասկացությունը: Դա հստակ եզրագիծ ունեցող մի տարածք էր, որն ընդգրկում էր Արեւելյան Լեւանտի երկրները (այսինքն` Սիրիան եւ Պաղեստինը), ինչպես նաեւ Միջագետքն ու Նեղոսի հովիտը: Մերձավոր արեւելքի ամբողջ մնացած մասը, մինչեւ մեդիացիների ու պարսիկների հայտնվելն ասպարեզում, սովորական (ոչ պատմաբան) մտավորականի համար անորոշ պատկեր ուներ, որի հենքի վրա ստեպ-ստեպ հայտնվում ու անհետանում էին «ոչ դասական արեւելքի» այս կամ այն գրեթե տեսիլքային ժողովուրդները: Մերթ անհանգիստ սկյութներն էին դրանք, մեկ այլ դեպքում` փռյուգիացիք, որոնց մասին հիշատակվում էր Միդասի եւ Գորդյան հանգույցի առիթներով: Հետո հավաքածուն լրացրին լիդիացիք: Վերջիններս հիշողության մեջ զուգորդվում էին մուլտիմիլիոնատեր Կրեսոսի հետ եւ տխուր մտորումներ հարուցում հարստության ունայն լինելու վերաբերյալ: Միայն Երկրորդ աշխարհամարտից հետո ընթերցողները հայտնաբերեցին ֆինն արձակագիր Միկե Վալտարին, իսկ սա իր հերթին «հայտնագործեց» նրանց համար խեթերին:

... Ամեն դեպքում իմ հասակակիցների իմացությունը Հին արեւելքի մասին ձեւավորվում էր համաձայն այն ժամանակվա ցարական ութամյա գիմնազիայի 4-րդ դասարանի պարտադիր ծրագրի: Հետո աճեց ու հանգավ մի քանի սերունդ, աշխարհն էլ մի քանի անգամ շուռ եկավ գլխիվայր, սակայն դպրության փոքրիկ աշխարհում այդ առումով ոչինչ չփոխվեց նույնիսկ Երկրորդ աշխարհամարտից հետո: Ո՛չ խեթերը, ո՛չ ուրարտացիք (էլ չեմ խոսում խուրիների մասին), դեռեւս մուտք չեն գործել միջին դպրոցի դասագրքերը, մինչդեռ դասական արեւելքը հարստանում էր նորանոր երկրներով, որոնք մինչեւ վերջերս բնակեցված էին բացառապես արաբներով: Առաջին հայացքից կարող էր թվալ, թե սրանք են մինչեւ մ.թ.ա. 4-րդ դար ամբողջ Մերձավոր Արեւելքի ժառանգության հետնորդները, թեպետ իրականում նրանք այդ ժառանգության սոսկ մեկ մասի կրողն են: Ճիշտ է, այդ մասը բավականաչափ մեծ է, քանզի կազմված է եգիպտական, բաբելոնական, ասորական, փյունիկյան պետականությունների ավանդույթներից եւ նույնիսկ հրեական, եթե հաշվի առնենք, որ Իսրայելի տասը սերունդ անմնացորդ ներծծվել է տեղի էթնոսի մեջ: Արաբները նույն իրավացիությամբ կարող են խոստովանել նաեւ շումերների ավանդույթի առկայությունը (թեպետ վերջիններս սեմիտներ չեն եղել ), ինչպես նաեւ բավական ուշ շրջանի կարթագենյան ավանդույթի, չնայած Կարթագենը գտնվում էր դասական արեւելքի սահմաններից դուրս (ավելի ստույգ` ընդհանրապես արեւմուտքում):

... Ես ոխ չունեմ դպրոցական դասագրքերի հեղինակների հանդեպ, որոնք այս ասպարեզում այդքան երկար կառչած մնացին անցյալ հարյուրամյակում սահմանված մի կաղապարից, որ գալիս էր շատ ավելի վաղ ժամանակներից, երբ Ասիայի այդ անկյունի վերաբերյալ տեղեկության միակ աղբյուրը Աստվածաշունչն էր եւ հույն հեղինակների աշխատությունները: Բայց եւ այնպես ես կուզեի, որ լիցեյական դասագրքերում լռության չմատնվեր այն փաստը, որ Մերձավոր Արեւելքի դասական մշակութաստեղծ շրջաններից զատ, որք էին Եգիպտոսը, Միջագետքը եւ Իրանը, գոյություն ունի նվազագույնս չորրորդ շրջանը (խեթեր) եւ հինգերորդը (խուրիներ), որոնց դերը մարդկության պատմության մեջ պակաս չէր եւ գուցե ավելի մեծ, քան եգիպտացիներինը, սեմիտներինը եւ պարսիկներինը:

Որչափ որ արաբ ժողովուրդը օրինական իրավահաջորդը եղավ Եգիպտոսի եւ Միջագետքի պատմության, իսկ պարսիկ ժողովուրդը` իրանական վաղ անցյալի, նույնչափ էլ խուրիների եւ ուրարտացիների աշխարհը անմիջականորեն (իսկ խեթերի աշխարհը մերձորեն) իր վերջնական անձնավորումը գտավ հայ ժողովրդի մեջ: Քանզի արաբները, պարսիկները եւ հայերը կազմում են` նախապատմությունից սկիզբ առնող եւ մինչեւ մեր ժամանակները ձգվող երեք զուգահեռ շղթաների վերջնական օղակները:

Սույն աշխատությունը մի փորձ կլինի գտնելու այդ շղթաներից երրորդի առավել վաղ` խուրիական օղակները, որոնք թեեւ, մի այլ տեսանկյունից դիտելով, մասնագետների կողմից բարեխղճորեն հետազոտված են , բայց եւ այնպես լայն ասպարեզ են թողնում հետագա հայտնագործությունների համար, իսկ ընթերցողի աչքում դեռեւս սպիտակ էջեր են, չնայած առանց դրանց իմացության հնարավոր չէ ամբողջապես ընկալել պատմության այդ շրջանի խճճված անցուդարձը, ինչպես եւ այն խճճված ուղիները, որոնցով արդեն մ.թ.ա. 2-րդ հազարամյակում մարդու գիտակցություն սկսեց ներթափանցել այն ժամանակների համար հեղափոխական մի ըմբռնում՝ միաստվածություն:

Այս գրքում նկարագրված վերջին իրադարձություններից մինչեւ մեր օրերն անցել է երեսունհինգ դար: Սակայն եթե այն ժամանակվա փյունիկեցին կամ ասորեստանցին , ինչ-որ հրաշքով չլքելով իր հողը, մեր օրերը թափանցեր, նա, թեպետեւ դժվարությամբ, բայց կհասկանար շրջապատի խոսքը, ու շրջապատն էլ ինչ-որ կերպ նրան կընկալեր, քանզի էթնիկ ու լեզվական հաջորդականությունն այստեղ զանազան պատճառներով պահպանվել է` նախ եւ առաջ, ամբողջ այդ տարածքը լեզվակից արաբների կողմից գրավված լինելու առումով: Չգիտեմ, ինչ կզգար նման իրավիճակում Իրանական դարավանդի բնակիչը: Քանի որ այստեղ մեծ փոփոխություններ են կատարվել, իսկ պարսիկները նոր էին սկսում մուտք գործել (կամ թե դեռեւս ոտք չէին դրել) իրենց նոր հայրենիք: Ուստի չեմ բացառում` հնարավոր է այստեղի հնագույն բնակիչը չհասկանար այսօրվա խոսքը: Բայց իրանական արիացիների արշավանքը թերեւս չփոխեց տեղացի բնակչության առնվազն մարդաբանական տիպը: Քանզի արշավողները սովորույթ ունեին իրենց հարեմներն առնել տեղացի աղջիկներին եւ հետզհետե, երբ եկվոր բնակչությունը հասցրեց լիովին նմանվել ավտոխտոններին, խառն ամուսնություններն ավելի հաճախակի դարձան: Ի դեպ, բոլոր մեծ տեղաշարժերի ժամանակ, սկսած մ.թ.ա. երկրորդ հազարամյակից մինչեւ ամենավաղ միջնադար, բնիկ ազգաբնակչությունը, որպես կանոն, գերազանցում էր եկվորներին քանակով, եւ հենց բնիկներն էին, նախ եւ առաջ, փոխանցում հետագա խառնածին սերունդներին իրենց սեփական մարդաբանական գծերը: Ուստի էթնիկ հաջորդականությունն այստեղ նույնպես պահպանվել է:

Այլ կերպ դասավորվեց խուրի-ուրարտական բնակչության ճակատագիրը, որը մ.թ.ա. 1-ին հազարամյակի կեսին վերջնականորեն վերակազմավորվեց հայերի:

Թերեւս չկա աշխարհում մի երկիր, ուր չճանաչեին այդ ժողովրդին: Մի ամբողջ հազարամյակի ընթացքում, ավելի ստույգ` 1045 թվականից, երբ Մեծ Հայքը երկրորդ անգամ կորցրեց անկախությունը, այստեղ սկիզբ առավ ու հարատեւեց արտագաղթը (որ մեծ թափ ստացավ 1915 թ. ահավոր կոտորածից հետո), օտար ժողովուրդներին մատակարարելով հմուտ հողագործների, հանճարեղ արհեստավորների, մշակույթի ակտիվ ներկայացուցիչների մեծաքանակ խմբեր:

Հայոց հողի մի փոքրիկ հատվածում միայն, որ կազմում է նախկին տարածքի 10 տոկոսը, այսինքն՝ Խորհրդային Հայաստանում, այսօր հայերի մի ստվար զանգված է ապրում, մի բան, որ փրկեց այդ ժողովրդին իսպառ ոչնչացումից, ինչը կլիներ ամենամեծ ոճիրը մարդկության հանդեպ, որպիսին ընդհանրապես կարելի է պատկերացնել:

***

...Այս աշխատության մեջ մեզ նախ եւ առաջ պետք է հետաքրքրի բուն Հայաստանը (այսպես անվանված` Մեծ Հայքը), որ գտնվում է հիմնականում Թուրքիայում եւ ներկա տեքստում անվանվում է պարզապես` Լեռնաշխարհ: Եվ հենց դա է այն Մեծ Անանունը` երկիրն անմեկնելի ու խորհրդավոր, քողարկված-չասվածի ու լռության մատնվածի շղարշով ու մինչ օրս փակ՝ աշխարհի առաջ: Որովհետեւ այստեղով «չի անցնում եւ ոչ մեկի ճամփան»:

... Հայկական Լեռնաշխարհը ներկայացվելիք դրամայի բուն գործողության վայրը չէ: Դրա վեց արար-մասերից միայն երկրորդի դեպքերն են գրեթե ամբողջապես կատարվում Լեռնաշխարհի տարածքում: Սակայն այդ միգապատ, խորհրդավոր ու ահեղ լեռնազանգվածը միշտ ներկա է այստեղ ու տիրում է իր սահմաններից դուրս ընթացող բարդ ու տարօրինակ գործողությանը: Պետություն չէ դեռեւս, լոկ ստեղծում է այն: Ոչինչ չգիտենք նրա ժողովրդի, մշակույթի մասին, բայց եւ ժողովուրդն այդ ձեւավորում է Մերձավոր արեւելքի այլ երկրների մշակույթը, իսկ անուղղակիորեն` նաեւ ողջ աշխարհինը այնպիսի խորությամբ, որ եթե մենք ուրանայինք այդ նախահայկական ներդրումը, ապա հարկ կլիներ շատ բան սկսել գրեթե ամենասկզբից:

Երկիրը, որի մասին պիտի խոսենք, ասպարեզն էր հնագույն արձանագրված իրադարձությունների եւ գուցե մեկը մարդկային ցեղի սկզբնավորման կենտրոնատեղիներից, քանի որ այստեղ հստակ հետքեր են հայտնաբերված շելյան մշակույթի եւ փոքր ինչ ուշ շրջանի` աշելյան մշակույթի (435-100 հազար տարի առաջ):

Հավանաբար այստեղ է գտնվել նաեւ սկզբնական հայրենիքը խուրիների, ուրարտացիների եւ հայերի, որոնք ժամանակակից հայերի ենթադրյալ նախնիներն են: Վերջապես, այստեղ էին ընթանում ամենակարեւոր պատմական դեպքերը, ինչպես Ուրարտուի, այնպես էլ նրա հետնորդի` Մեծ Հայքի պատմության:

Որտե՞ղ է սակայն Երկիրն այդ, վաղուց եւ հիմնովին մոռացված Աստծո եւ մարդկանց կողմից: Մոռացված Աստծո կողմից, թեպետ հենց այստեղից է հառնել միաստվածության վեհ գաղափարը, եւ մոռացված մարդկանց կողմից, գուցե այն պատճառով, որ չափազանց շատ բան է տվել նրանց:

***

...Հսկա մի եզերք, որով «չի անցնում եւ ոչ մեկի ճամփան» դարձյալ տարրալուծվում է ունայնության մեջ ինչ-որ տեղ դպրոցական ատլասների ու տուրիստական քարտեզների լուսանցքներին: «Եվ խուղերիդ լույսերն աղոտ...», որոնց մասին գրում էր Տերյանը, արդեն իսպառ մարեցին, ու «զանգակներիդ զարկը տխուր» նույնպես լռեց: Լեռնաշխարհի լոկ առավել սակավաբեր հյուսիս-արեւելյան հատվածում կյանքի զարկերակն է խփում: Այս «պատառիկը» հինավուրց կայսրության սահմանապահ շրջանների հեռավոր մատույցներից մեկն էր ժամանակին:

Լեռնագագաթներն այստեղ հինգ հազար մետրից վեր են խոյանում, իսկ ավանդույթը հինգ հազարամյակ նահանջում է հետ, մխրճվում պատմության անհունը: Գուցե այս հողից է ինչ-որ ժամանակ դուրս եկել հոմո սապիենսը, որ իրեն ենթարկի երկիրը, եւ առնվազն երկուստեք հառնել է այստեղից Աստված, որ երկինքն իրեն ենթարկի: Մինչ եկավ այն աղետալի օրը, երբ մարդիկ հեռացան այդ եզերքից, իսկ Աստված լքեց այն: Բայց նախքան դա կկատարվեր, Լեռնաշխարհն այդ մարդկության պատմության մեջ եւ Աստծո պատմության ընթացքում առանցքային ու անկրկնելի մի դեր խաղաց:

Ու թող օրհնվեն գորշ քարերը նրա չհերկված դաշտերի ու մռայլ ձորերը: Եվ խաղողն օրհնվի, որ այլեւս բերք չի տա հրկիզված բարունակներին, ու խնկարկվեն թող այդ հողի գալիք սերունդները, որ այլեւս չեն ծնվի նախապես մորթոտված իրենց ծնողներից:

Գուցե երկիրն այդ սպառեց իր առաքելությունն Աստծո ու մարդկանց հանդեպ, ուստի եւ լուծվեց անէության մեջ: Այն ե՛ւ կա, ե՛ւ, միեւնույն ժամանակ, գոյություն չունի, հար եւ նման այն ազգին, որ բնակեցրեց հողն այդ առնվազն հինգ հազար տարի:

Իսկ եթե կա հիրավի, ապա հարկ է գոնե ստորագրել՝ այդ հողից եւ նրա բնակիչներից վերցրած պարտքի դիմաց: Ստորագրել՝ մարդկության ամբողջ մնացած մասի կողմից:

Այս գիրքն այդպիսի մի պարտամուրհակ է թեպետ, վերաբերում է Լեռնաշխարհի մարդկանց պատմության սոսկ առաջին՝ մեզնից առավել հեռացած ժամանակահատվածին: Այնքան հեռացած, որ մոտենում է լեգենդի, որի մեջ անընդհատ մխրճվում է Լեռնաշխարհի մարդկանց պատմությունը:

Ես էլ գիրքս սկսեմ այդ լեգենդներից մեկով, այնքան կենսատու, որ դրա վրա է հաջորդաբար կառուցվել մինչեւ օրս գոյատեւող միաստվածության երեք դավանանք:

No comments: