Friday, June 13, 2008

«ԱՄՆ-ՈՒՄ ԴՈՒՔ ԱՐԴԵՆ ՏԱՆՈՒԼ ԵՔ ՏՎԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ»

Զգուշացնում է Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Մորթոն Աբրամովիցը

ԱՄՆ նախագահի պաշտոնում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարաք Օբաման Իլինոյս նահանգի հայերին հղած նամակում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստում է տվել: Խորհրդականներն զգուշացրել են Օբամային, որ ճանաչման հարցը լուրջ ռիսկ է պարունակում, ուստի ինքը չպետք է նախապես պարտավորություն ստանձնի: Սակայն Օբաման պատասխանել է. «Այդ հարցն ինձ համար փակված է, չեմ կարող դրժել խոստումս»:

Նշելով այդ մասին հունիսի 11-ի համարում, թուրքական «Ենի շաֆաք» թերթը գրում է, որ նախորդ օրը Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը հանդիպել է Օբամայի խորհրդականները Էնթոնի Լայքի եւ Ֆիլ Գորդոնի հետ, քննարկելու նախագահի դեմոկրատ թեկնածուի, հայերին տված խոստումը: Խորհրդականները Բաբաջանին ասել են, որ նախագահ ընտրվելու դեպքում Օբաման հավանաբար կկատարի իր խոստումը, հետեւաբար Թուրքիան պետք է պատրաստ լինի դրան եւ ունենա հակազդեցության երկրորդ ծրագիր:

Օբամայի խորհրդականներին ի՞նչ արձագանք է տվել Թուրքիայի արտգործնախարարը՝ «Ենի շաֆաքը» չի նշում: Փոխարենը գրում է, որ մեկ շաբաթ Վաշինգտոնում բանակցություններ վարող Բաբաջանը միաժամանակ հանդիպել է Հիլարի Քլինթոնի խորհրդական Մադլեն Օլբրայթի, ինչպես նաեւ Ջոն Մակքեյնի խորհրդականների հետ, որոնց թվում է, ի դեպ, Հենրի Քիսինջերը:

«Ենի շաֆաքին» արձագանքի առումով լրացնում է «Թերջումանը», տեղեկացնելով. «Արտգործնախարար Բաբաջանը հանդիպումներում ընդգծեց Հայկական հարցը որպես խոչընդոտ թուրք-ամերիկյան հարաբերությունների հարթությունից դուրս մղելու անհրաժեշտությունը»:

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Օբամայի խոստումների հավանականության պարագայում Թուրքիայի խնդիրը, ինչպես երեւում է, սոսկ վերջինի խորհրդականների ասածները չեն: Դրանց հնարավոր կատարման մասին նույն «Թերջումանում» արտահայտվել է նաեւ Ռազմավարական հետազոտությունների միջազգային հաստատության տնօրեն Սեդաթ Լաչիները: Նա, ԱՄՆ առաջիկա նախագահական ընտրությունները թուրք-ամերիկյան հարաբերությունների տեսանկյունից գնահատելիս, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ-ում հայկական լոբբիին առավելապես աջակցում են դեմոկրատները, ապա եւ ավելացրել. «Թուրք-ամերիկյան հարաբերությունների նորմալ ընթացքի դեպքում կարելի է հեշտությամբ կանխել Հայկական հարցին առնչվող զարգացումները: Սակայն հարաբերություններում ամենափոքր տարաձայնությունն անգամ կրակի վրա յուղ լցնելու ազդեցություն կգործի եւ կբոցավառի Հայկական հարցի հրդեհը»:

Այնուհետեւ Լաչիներն ընդգծել է. «Եթե ընտրություններում հաղթի, ապա Օբաման ԱՄՆ-ում կդառնա 1915-ի իրադարձություններն իբրեւ «ցեղասպանություն» բնութագրող առաջին նախագահը» (Լաչիները սխալվում է, նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981-ին ճանաչել է արդեն): Նա դրանով մեկ անգամ եւս ակնարկել է, որ նախագահի պաշտոնում Հանրապետական կուսակցության թեկնածու Ջոն Մակքեյնի ընտրությունը գերադասելի է Թուրքիայի համար: Ի դեպ, այդ կարծիքը լայն տարածում ունի երկրի ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակական շրջանակներում: Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ Բուշ ավագի պաշտոնավարման տարիներին Թուրքիայում ԱՄՆ դեսպանի աթոռն զբաղեցրած Մորթոն Աբրամովիցի հետ «Աքշամ» թերթի հունիսի 11-ին հրապարակված հարցազրույցին:

Թղթակիցն Աբրամովիցին է դիմում. «Թուրքիայում տարածված է այն կարծիքը, թե ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավվում են, երբ իշխանության են գալիս հանրապետականները: Համատարած այս կարծիքը վերջին անգամ «հայկական բանաձեւի» առնչությամբ վերահաստատեց վարչապետ Էրդողանը»: Ահա թե ինչ է պատասխանում Աբրամովիցը. «Ես բոլորովին համամիտ չեմ այդ կարծիքին: Դեմոկրատների իշխանության պարագայում Թուրքիային պետք է մտահոգի հենց Հայկական հարցը, որովհետեւ նրանք հայտարարեցին, որ ճանաչում են «ցեղասպանությունը»: Սակայն դա դեռ ցեղասպանության բանաձեւերին աջակցել չի նշանակում: Արդեն դուք Հայկական հարցը տանուլ եք տվել ԱՄՆ-ում: Հայկական թեզերն արժանանում են լայն շրջանակների հավանությանը: Իշխանությունները՝ դեմոկրատական կլինեն, թե հանրապետական, ի վիճակի չեն փոխելու իրերի դրությունը»:

Աբրամովիցն «Աքշամի» հարցերին պատասխանելիս միաժամանակ ասում է, որ Թուրքիան Մերձավոր եւ Միջին Արեւելքում դերակատար չէ, որովհետեւ ներկայություն չունի Իրաքում, չի կարող տեղ զբաղեցնել տարածաշրջանային որոշումների կայացման մեխանիզմում, հազիվ թե ի վիճակի լինի հարցեր լուծելու տարածաշրջանում, այլ ընդամենը կարող է նպաստել դրանց լուծմանը, ԱՄՆ-ում պահպանողական որոշ շրջանակներ հիրավի չեն վստահում վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությանը:

Նա դրանով հաստատում է, որ թուրք-ամերիկյան տարաձայնությունները հայկական բանաձեւերով չեն սահմանափակվում: Այդ ընթացքում անուղղակի հիմնավորվում է Սեդաթ Լաչիների «Հայկական հարցի բոցավառման» մտավախությունը եւ դրա պայմանավորումն ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում թեկուզ աննշան անհարթությամբ:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: