Monday, July 07, 2008

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԹԱՅՄՍԻ» ՕՆԼԱՅՆՈՒՄ


Պատմաբանների, լրագրողների եւ գիտաշխատողների ուշադրությունը հրավիրելով անգլիական հեղինակավոր «Թայմս» թերթի օնլայն հրապարակումներին (The Times:http//archive.timesonline.co.uk/tol/archive/#), Ժան Էսքիյանը մեկ օրինակ է բերում թերթի 1915 թվի սեպտեմբերի 25-ի համարից: Հոդվածը վերնագրված է` «Մի ամբողջ ազգի բնաջնջումը: Երիտթուրքերի քաղաքականությունը ընդդեմ հայերի»:

«Եթե պատերազմը հիմքից չի ցնցում ամբողջ աշխարհը եւ թողնում է, որ կարեւոր իրադարձությունները լռության մատնվեն, ապա անտարակույս քաղաքակիրթ աշխարհի բոլոր երկրներում հանրահավաքներ կանցկացվեն բողոքելու երիտթուրքերի հայկական քաղաքականության անմարդկային բնույթի դեմ:

Դա կարելի է ամփոփել մեկ նախադասությամբ, որ նրանք աստիճանական, բայց արդյունավետ ձեւով բնաջնջում են ամբողջ հայ ժողովրդին եւ ձերբազատվում հպատակ մի ցեղից:

Կարգը հետեւյալն է. ամեն մի հայկական գյուղից օրական այնքան մարդ են դուրս բերում, որքան գնացքները կարող են տանել: Երբ նրանց դուրս են բերում եւ ուղեկցորդի առաջնորդությամբ քշում դեպի Տավրոսի լեռները, որից այն կողմ այդ թշվառները, որ ընդամենը մի քանի օրվա սննդի պաշար ունեն, պետք է շարունակեն իրենց ճանապարհը դեպի հարեւան Մոսուլ, որտեղ իբր ապահով կլինեն:

Բայց իրականում այդ տարածքը ընդամենը անապատ է եւ մի քանի ժամվա ընթացքում քուրդ կամ բեդվին ասպատակների խմբերը թալանում են ու կողոպտում այդ անօգնական տղամարդկանց, կանանց եւ երեխաներին, որ ողջ մնացողները մահանում են սովից եւ ծարավից:

Նրանցից ոչ մեկը չի հասնում նախատեսված վերջնակետը: Ովքեր փորձում են փախչել այլ ուղղությամբ, սպանվում են թուրք հովիվների կողմից: Հուսահատ կանայք իրենց երեխաներին նետում են Եփրատ գետը, չտեսնելու համար նրանց տառապանքը: Ոմանք էլ նույնիսկ վաճառում են նրանց: Ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան Ամերիկայի դեսպանին հայտնել է, որ մտադիր չէ փոխել իր քաղաքականությունը եւ որ «հայկական հարցը նրան զվարճացնում է»:

Փոքր Ասիայում եւ մասնավորապես հայկական շրջաններում տեղակայված ամերիկյան միսիոներական կազմակերպությունները աստիճանաբար թողնում են տարածքը դեսպանի խորհրդով:

Թուրքերի քաղաքականությունն ընդհանուր առմամբ վրեժխնդրության դրսեւորում է: Մահվան դատապարտվածներից յուրաքանչյուրը անմեղ քաղաքացի է»:

Հոդվածը ստորագրել է «թղթակիցը»:

Օնլայնում տեղադրվել են թերթի նյութերը 1875 թվից:

Հ. Ծ.

No comments: