Thursday, July 10, 2008

ՎԻԼԻ, ԴՈՒ ԽԵՆԹ ԵՍ, ՀԱՆՃԱՐԵՂ ՈՒ ԱՆԿՐԿՆԵԼԻ ԽԵՆԹ


Մեր հանճարեղ խենթերից ամենահմայիչներից է Վիլյամ Սարոյանը, որի անունը յուրաքանչյուր հայ լսում է այս մեծ աշխարհը ճանաչելու առաջին քայլերի հետ: Լսում ենք ու քիչ անց սկսում ինքներս հպարտորեն ու արժանապատվությամբ կրկնել, թվել այն անունների շարքում, որոնք մեր ճակատը բաց են պահում քաղաքակրթության անդաստանում:

Շատ է մերը: Եվ հայի ճակատագիրը շատ է իրենը: Արմատները խորը` խրված անմոռանալի Բիթլիս «լեռնանիստ քաղաքի», ավերված հայրական տան հիմքերի մեջ, որովհետեւ «Բիթլիսը իմ ժողովրդի քաղաքն է...», բացատրում է նա օտարին, աշխարհին ու չի սպասում, որ տեսնի հասկացա՞վ օտարը, անսա՞ց աշխարհը...

Եղեռնից ու բարբարոս վայրագի ճանկից մազապուրծ, փրկված, չխուսափեց, սակայն, որբի ճակատագրից: Մի ողջ ազգ, ողջ սերունդ էր որբացած, Վիլին չէր կարող խուսափել, փրկվել... որբությունից: Շատ էր մերը: Եվ ճակատագիրը շատ էր հայի...

Օտարի որոմնախառն հացը դառն է հայի քիմքին` պնդում էր Խրիմյան Հայրիկը: Ուրեմն, հայի ճակատագիրը այդ հացից էլ պիտի անխուսափելիորեն փշրանքներ տար, «բաժին հաներ» փոքրիկ Վիլիի համար. «Հայերը ստորակարգ էին համարվում, նրանք չսիրված էին եւ ես մի հայ էի...»: Դպրոցահասակ, փոքրիկ Վիլին հենց սկզբից կարողացավ հասկանալ, տեսնել, անվրեպ գնահատել իրավիճակն ու ճշտել իր տեղը մեքսիկացի, իսպանացի, խափշիկ ու Աստված գիտե, թե ուրիշ ինչ ծագմամբ մանչուկների շարքում: «Ես պարծենում էի` լինելով մեկը ամենաարհամարհվածներից եւ ատվածներից: Ես ուզում էի, որ արհամարհողները եւ ատողները հաստատ վստահ լինեն, թե ով էի ես, որին, իհարկե, իրենք ատել էին» («Պարտվողը», թարգմանությունը Ա. Սարյանի): Թե ճակատագիրը հայի էլ չլիներ, այս տողերը հուշում են, որ Վիլին, իր ձեռքով, ուժով կդարձներ հայի:

Կարդացող հայի առաջին ծանոթությունը Վիլյամ Սարոյանի հետ տեղի է ունենում վաղ պատանեկության շրջանում (արժե հիշել, որ Վիլյամ Սարոյանն էլ Վիլյամ Սարոյանին ճանաչել է մոտավորապես այդ տարիքում եւ խոստովանում է, թե հանդիպումը հետաքրքիր էր, անգամ անմոռանալի): Վաղ պատանեկությունից մեր սիրելի ուղեկիցներն են դառնում Հոմերը, Մարկուսը, Ջոնին: Ու մենք հանգամանքների բերումով շուտ հասունացող մեր տեսակով շատ շուտ հասկանում, գլխի ենք ընկնում, որ մարդկային համաշխարհային կատակերգության թատերաբեմում, մեր սիրտը մնալու է մեր բաժին լեռներում:

Կարդացող հայը Սարոյան սկսում է «ըմբոշխնել» վաղ պատանեկությունից ու վերընթերցում է մինչեւ խոր ծերություն, քանզի ամեն տարիք իր Սարոյանն ունի` մանկան համար` պարզ, անգամ պարզունակ, զարմացած, մեծի համար` իմաստուն, փիլիսոփա ու խոհուն, բայց միշտ անուղղելիորեն լավատես: Ու բոլոր տարիքներում, սարոյանական անկեղծ հիացմունքով ու հրճվանքով ենք ընդունում ցանկացած նոր ժողովածու, թող, որ այն պարունակի նաեւ նախորդ հրատարակություններից գործեր, միեւնույն է, նոր է: Դրանք մեր «սեղանի» գրքերն են: Շատ են մերը: Այս հրաշալի փաղանգին սարոյանական տարում եկավ ավելանալու նաեւ բանասիրության թեկնածու Ասատուր Սարյանի կազմած «Մարդկության տունը» ժողովածուն, որը լույս է ընծայել ԵՊՀ հրատարակչությունը: Հատկանշական է, որ կազմողը գիրքը օժտել է շատ հանգամանալից, հիմնավոր, երեխաների մտահորիզոնը լայնացնող, խորացնող ծանոթագրություններով, առաջաբանով:

Կազմողն այս անգամ բոլորովին նոր ելակետից է մոտեցել ահռելի ժառանգությանը, ի մի է բերել 1930-50-ականներին տպագրված գործերը, որոնք առնչվում են դպրոցական թեմային: Դպրոց... Բոլոր ժամանակների հանճարները պնդում են, թե դպրոցը ստեղծված է միջակությունների համար (գուցե ա՞յդ է պատճառը, որ մեր լեզվում այն կոչվեց միջնակարգ): Սարոյանն էլ խոստովանում է. «Ես ատում եմ դպրոցը: Ես ատում եմ այդօրինակ օրենքն ու կարգ ու կանոնը»: Ու նա գրում էր, որ դպրոցը դադարի «ազատ ու սուր մտքի բանտ լինելուց», որովհետեւ` «Ցանկությունս է, որ երեխաները միշտ լավ զգան»:

Ահա՛, այս տեսակետից շատ կարեւոր ու հատկանշական է, որ ժողովածուն կազմողը` Ասատուր Սարյանը, շուրջ 15 տարի է, ինչ ղեկավարում է Երեւանի Ն. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցը: Ակնհայտ է, որ Սարյանը մանկուց սիրում է Սարոյանին, դասեր է առել նրանից, իսկ դա նշանակում է, որ մեր դպրոցում երեխան ավելի լավ կզգա իրեն...

ԱՆԻ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ

No comments: