Friday, July 11, 2008

ՍԱԲԻՆԱ ՖՐԵՅԶԵՐ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ԼՂ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Եվրոմիության անդամ երկրները ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դա չի նշանակում, թե նրանք դեմ են Լեռնային Ղարաբաղի բնակչությանը իրենց ապագա կարգավիճակը որոշելու իրավունք տրամադրելուն», ադրբեջանական «Դեյ.ազ» գործակալությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի հարցերով ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը:

Ըստ Ֆրեյզերի, Եվրոմիությունը ղարաբաղյան հարցի կարգավորման գործում կարող է ավելի մեծ դերակատարություն ունենալ առանձին, հատուկ ներկայացուցչի միջոցով, հատկապես դիտորդական գործառույթների իրականացմամբ: Թե կարգավորման ինչ մոդել է հավանական ԼՂ հարցում` Ֆրեյզերը Եվրոմիության կտրվածքով գտնում է, որ ԵՄ անդամները համաձայնեցված ընդհանուր կարծիք չունեն՝ Լեռնային Ղարաբաղը պիտի լինի Ադրբեջանի մաս, թե՞ առանձին պետություն:

Առավել հետաքրքրական է, որ, Սաբինա Ֆրեյզերի կարծիքով, Եվրոմիության երկրները բնավ էլ շահագրգռված չեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առավել մեծ դերակատարություն ունենալու, ավելին, Մինսկի խմբում ընդգրկվելու մեջ, քանի որ նրանք լիուլի բավարարված են բանակցությունների ներկա ձեւաչափով: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի ներգրավմանը այս հարցում, ապա Ֆրեյզերը «Դեյ.ազ»-ին կարծիք է հայտնել, որ երկու զուգահեռ միջնորդական առաքելությունների, անգամ երկու բանակցային գործընթացների պարագան ոչինչ չի տա:

Ինչ վերաբերում է ներկայումս Մինսկի խմբի առաջարկած փաստաթղթին ու դրանում չհամաձայնեցված կետերին, ապա, ըստ Ֆրեյզերի, այդ սկզբունքներն առաջ գնալու ամենալավ ճանապարհն են: «Ադրբեջանն արեց հնարավորը հիմնարար սկզբունքներում օկուպացված 7 շրջանների ազատման եւ փախստականների վերադարձի, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի տարածք, հարցը մտցնելու համար: Հիմնական տարաձայնությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջն է: Հայաստանը պնդում է, որ ԼՂ անկախության հնարավորությունը ընդգրկվի հիմնարար սկզբունքներում, Ադրբեջանը կտրականապես դեմ է: Ես անձամբ գտնում եմ, որ ԼՂ կարգավիճակի որոշումը պետք է հետաձգվի, երբ կվերականգնվի հայերի ու ադրբեջանցիների փոխադարձ վստահությունը»:

No comments: