Friday, August 01, 2008

«ՕԳՏԱԿԱՐ ԱՊՈՒՇՈՒԹՅԱՆ» ՎՆԱՍԻ ՄԱՍԻՆ

Հհշականների այսօրվա միտինգը իսկապես կարող է բեկումնային դառնալ։ Ոչ այն իմաստով, իհարկե, թե սրանք կցուցադրեն սկզբունքորեն նոր ու հետաքրքիր ինչ-որ բան։ Պարզապես, դատելով այս օրերին հնչող հայտարարություններից, զգալիորեն կաճի նրանց ագրեսիվությունը (թեեւ սրանից ավելի՝ էլ ո՞ւր)։
Իսկ բեկումնային կարող է դառնալ միտինգը իշխանությունների պատասխան արձագանքի իմաստով։ Վերջին ամիսների փորձը միանշանակ ցույց տվեց, որ ինչքան ավելի շատ է իշխանությունը խոսում համագործակցության ու երկխոսության մասին, որքան ավելի է մեղմում իր դիրքորոշումն ու զիջումների դիմում, այնքան ավելի են կատաղում լեւոնականները։ Այնպես որ՝ գուցե պետք է վերանայե՞լ մարտավարությունը։
Բնավ համոզված չենք, թե պետք է լսել Եվրախորհրդի «խորհրդատուներին» եւ մշտապես նորանոր զիջումներ անել նեոբոլշեւիկներին։ Ոչ մի լավ բանի դա հանգեցնել չի կարող։
Պատկերացրեք, թե ընկել եք հրոսակների ձեռքը, որոնց մոտ ծառայում են այդօրինակ «խորհրդատուներ»։ Բանդիտները պատրաստվում են հանել ձեր աչքը, իսկ «խորհրդատուները» մխիթարում են. «Նելսոնն ու Կուտուզովը նույնպես միաչքանի են եղել, բայց ինչպիսի՜ հաղթանակներ են տարել»։
Դուք հնազանդորեն թույլ եք տալիս հանել ձեր աչքը, բայց հրոսակները մտադրվում են հանել նաեւ երկրորդը։ «Խորհրդատուները» տեղնուտեղը սկսում են համոզել. «Հոմերոսը կույր էր, բայց ո՜նց էր գրում»։ Առարկելը դժվար է, իսկապես հանճարեղ էր գրում կույր սրիկան։ Եւ հանում են ձեր երկրորդ աչքը։
Ոգեւորվելով, բանդիտները որոշում են կոտրել ձեր ողնաշարն ու վերածել անդամալույծի։ Այդտեղ ձեզ հանգստացնում են՝ վկայակոչելով նախագահ Ռուզվելտին։ Իսկ երբ պատռեն ձեր թմբկաթաղանթները, արդեն չեք լսի դատողությունները հիասքանչ երաժշտություն գրող խուլ Բեթհովենի մասին։
Այնպես որ՝ պետք է գործել վճռականորեն, խիստ, բնականաբար օրենքի սահմաններում։ Պետք չէ վախենալ Եվրախորհրդի հետ հարաբերությունները փչացնելուց, որը փաստորեն շանտաժի է ենթարկում մեզ դրանով։ Եթե Բուրիդանի էշի մռութի առաջ մշտապես մի կապ դարման պահես՝ այն հեռավորությամբ, որ հոտն առնի, ապա արդյունքում պիտի գա պահը, երբ նույնիսկ էշը քար կտրած կկանգնի տեղում՝ արդեն ի վիճակի չլինելով բացահայտել ու բացահայտել այդչափ խաբուսիկ նպատակով տարվելու իր ունակությունը։
Եւ բացի այդ, հայրենի քաղաքական ուժերի եւ Եվրախորհրդի միջեւ հարաբերությունները ես կհամեմատեի հոգեբուժարանի հետ, որտեղ բարի ու զգայուն, բայցեւ, ինչպես ընդունված է, փոքր-ինչ հեգնասեր գլխավոր բժիշկը շրջայց է կատարում։ Նա լսում է բոլոր պալատների հիվանդների զառանցալից մենախոսությունները, դրանց մեծամասնությանը ոչինչ չի պատասխանում, բայց ոչ այնքան անհուսալի որոշ հիվանդներին այնուամենայնիվ ուղղում է։ Արդյունքում առաջանում է յուրօրինակ թերապիայի պատրանք։
Միայն թող հայրենի քաղաքական գործիչները չվիրավորվեն այս համեմատությունից։ Գոյություն ունի բավական համոզիչ կարծիք, համաձայն որի՝ խելագարությունը ոչ պակաս իմաստավորված է, քան ողջամտությունը եւ, ավելին. խելագարը՝ հանճարի պես, տեսնում է իրականությունը շատ ավելի ճշգրիտ, քան սովորական մարդը։ Այս տեսակետի ապշեցուցիչ հաստատումն է պարունակում Մարկոսի Ավետարանը, որտեղ մեզ հաղորդում են, որ Հիսուսի աստվածային էությունն ընդունող առաջին մարդը «դիվահար» էր, այսինքն՝ խելագար։
Հիսուսը քառասուն օր անցկացնում է անապատում, դիմադրելով Սատանայի փորձություններին, այնուհետ՝ վերադառնում Գալիլիա, որպեսզի քարոզի Աստծո Ավետարանը, եւ հավաքում իր առաջին հետեւորդներին, որոնց հետ գնում է Կափառնայում։ «Եւ մտան Կափառնայում։ Եւ Հիսուս նույն շաբաթ օրն իսկ ժողովարան մտնելով՝ ուսուցանում էր նրանց։ Եւ նրանք զարմանում էին նրա քարոզության վրա, քանզի ուսուցանում էր իշխանությամբ, այլ ոչ թե օրենսգետների պես։ Արդ, նրանց ժողովարանում մի մարդ կար՝ պիղծ ոգուց բռնված, որն աղաղակեց եւ ասաց. «Թո՛ւյլ տուր, ի՞նչ ես ուզում մեզնից, Հիսո՛ւս Նազովրեցի. մեզ կորստյան մատնելո՞ւ եկար. գիտենք քեզ, թե ով ես դու, Աստծո Սուրբն ես»։
Մեկ այլ օրինակ. «Եւ Հիսուս եկավ ծովի հանդիպակաց կողմը, գերգեսացիների երկիրը։ Եւ երբ նա նավակից դուրս եկավ, գերեզմաններից նրա դեմն ելավ մի մարդ, որին բռնել էր մի պիղծ ոգի, եւ որի բնակության տեղն իսկ գերեզմանների մեջ էր։ Եւ ոչ ոք նրան շղթաներով անգամ չէր կարող կապել... Ոչ ոք նրան չէր կարողանում զսպել... Երբ նա Հիսուսին հեռվից տեսավ, առաջ վազեց ու երկրպագեց նրան, բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, Հիսո՛ւս, Բարձրյալ Աստծո՛ Որդի»։
Ինչեւէ, իշխանությունների գործողությունները պետք է համարժեք լինեն իրադարձությունների զարգացմանը։ Եթե ընդդիմությունը է՛լ ավելի է կարծրացնում իր պահվածքը, ապա նույնը պիտի անի նաեւ իշխանությունը։ Ժամանակին Լենինը շրջանառության մեջ դրեց «օգտակար ապուշներ» տերմինը։ Այդպես էր աշխարհի ամենաառաջադեմ ուսմունքի հիմնադիրն անվանում բուրժուական ճամբարի այն միանգամայն ողջամիտ ներկայացուցիչներին, որոնք ոչ թե վախից կամ փողի դիմաց, այլ բացառապես համոզմունքների դրդումով ջուր էին լցնում իրենց գերեզմանափորների ջրաղացին։
Շատ վատ կլինի, եթե «օգտակար ապուշության» յուրօրինակ դրսեւորումներ դիտարկվեն նաեւ հայոց աշխարհում։

ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

No comments: