Monday, November 10, 2008

ԹՈՒՐՔ ԴԱՏԱՎՈՐԸ ԲԱՑԱՀԱՅՏ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հակառակ Թուրքիայի ճնշող օրենքներին, որոնք Հայոց ցեղասպանության մասին արտահայտվելը քրեորեն պատժելի ոճիր են համարում, տասնյակ կարեկցական հոդվածներ են վերջին շրջանում հայտնվում թուրքական մամուլում այդ տաբու համարվող թեմայով», գրում է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը

Նման մի հոդված լույս է տեսել «Թարաֆ» լիբերալ թերթի հոկտեմբերի 30-ի համարում անհավանական թվացող ստորագրությամբ: Հոդվածի հեղինակն օդեմիշցի (ավան Իզմիրի մոտակայքում) դատավոր Ֆարուք Օզսուն է: Սա հավանաբար առաջին դեպքն է, երբ գործող թուրք մի դատավոր հրապարակայնորեն արտահայտում է խիզախ մտքեր, որոնք պատժելի են քր. օր.-ի 301-րդ հոդվածի դրույթներով: Նա քննադատում է տասնամյակներ շարունակ հասարակությանը մատուցված Հայոց ցեղասպանության աղավաղված տարբերակը: Դատավորն արդարացիորեն գտնում է, որ թուրք ժխտողականները հակասում են իրենք իրենց՝ նախ պնդելով, որ 1915-ին ոչինչ չի պատահել, այնուհետեւ հաստատելով, որ կոտորածներն իրականացվել են «հայրենիքի պաշտպանության նպատակով»:

Անդրադառնալով այն երեք թուրքերի հարցին, որոնց նկատմամբ շվեյցարական ոստիկանությունը դատական գործ էր հարուցել Հայոց ցեղասպանությունը մերժելու հիմնավորումներով, նա գրում է, որ Շվեյցարիան դրանով ոչ թե սահմանափակում է խոսքի ազատությունը (ինչպես Թուրքիայում ներկայացնում են), այլ պաշտպանում մարդկային արժանապատվությունը: Ավելին, Օզսուն ծաղր ու ծանակի է ենթարկում բոլոր նրանց, ովքեր պնդում են, թե «խոսքի ազատության տեսակետից Թուրքիան ավելի առաջ է, քան Շվեյցարիան»: Այդ արտահայտությունը նա բնութագրում է որպես «խիստ զվարճալի կատակերգություն», եւ «կույր հայրենասերներ» է անվանում նրանց, ովքեր պաշտոնական դիրքորոշումն են պաշտպանում, փոխանակ խելամիտ մոտեցում դրսեւորելու:

Նա ներկայանում է որպես «հասարակ մի անձնավորություն, որը չի կորցրել խիղճը, հակառակ ազգայնական դաստիարակությանը»: Քանի որ Շվեյցարիան 1915-ի իրադարձությունները որպես ցեղասպանություն է ճանաչում, ապա բոլորն այդ երկրում պարտավոր են ենթարկվել օրենքին, գրում է նա՝ մեջբերելով Էլի Վիզելի հայտնի խոսքը, որ «ցեղասպանության ժխտումը նշանակում է ցեղասպանության շարունակություն»: Ահա թե ինչու «ժխտումը պետք է ոճիր համարվի», եզրակացնում է նա:

Հարգարժան դատավորը նաեւ գտնում է, որ ցեղասպանության ժխտումը կապ չունի փաստերի գիտական ուսումնասիրությունների հետ: Նա դատապարտում է ֆրանսիացի պատմաբան Ժիլ Վայնստայնին եւ թուրք պրոֆեսոր Բասքըն Օրանին, որոնք պնդում են, թե «չկան փաստեր, որ հաստատեն, թե սպանությունները կատարվել են համաձայն կառավարության ծրագրի, ուստի հնարավոր չէ ցեղասպանություն անվանել այդ իրադարձությունները»: Դատավորի կարծիքով, նման արտահայտություններ կատարողները պարզապես ցանկանում են իրենց կաշին փրկել «301-րդ հոդվածի ճիրաններից»:

Դողու Փերինչեքի գործի առնչությամբ Օզսուն հետեւյալ նկատառումներն է ներկայացնում.

ա) Փերինչեքի ասոցիացիան Թալեաթ փաշայի անունն է կրում, որը համարվում է «Թուրքիայի Հիտլերը»:

բ) Նրանք, ովքեր հայտարարում են, որ Հայոց ցեղասպանությունն «իմպերիալիստական սուտ է», անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում հարյուր հազարավոր մարդկանց նկատմամբ, որոնք զոհ գնացին այդ կոտորածներին: Իսկ երբ դրան գումարած նաեւ վանկարկում են. «Կեցցե՛ն իթթիհատականները: Ճիշտ էինք մենք (որ սպանեցինք հայերին) եւ նույնը կարող ենք անել նաեւ այժմ», ապա միայն Շվեյցարիայի դատավորները կարող են ուշադրություն դարձնել այդպիսիներին:

գ) Ցեղասպանությունը վիճարկելը, ռասիստական արտահայտություններով հանդես գալը եւ ոճրագործության գովաբանումը քրեական հարցեր են Շվեյցարիայում եւ ոչ թե հանձնախմբերի միջոցով ճշմարտությունը հայտնաբերելու փորձեր:

Անկասկած, դատավոր Օզսուն քննադատաբար է վերաբերվում նաեւ երկրի ուսումնական համակարգին, որը «տգիտության մեջ է պահում» թուրքերին 1915-ի դեպքերի առնչությամբ: Մինչդեռ դրսում՝ մարդիկ, որոնք «թուրքական կրթություն» չեն ստացել, հարցին այլ կերպ են մոտենում:

Նա զայրացած է հատկապես հայկական կոտորածների հանդեպ թուրքական կառավարության անզգամ վերաբերմունքի կապակցությամբ: «Թուրք պաշտոնական դիրքորոշումն այն է, որ պատերազմի ժամանակ հայերին որոշ շրջաններից ժամանակավորապես տարհանեցին դեպի հարավային շրջաններ եւ այդ ընթացքում մոտ 300 հազարը զանազան հանգամանքներում կոտորվեցին: «Թուրքական կրթություն» չստացած որեւէ անձ, որը նաեւ պահպանել է խղճի խայթը, կարդալով այդ թիվը (300 հազար), բացականչելու է՝ «Աստված իմ», եւ խորապես մտածելու է այդ թվի մասին»:

Այս բոլորից հետո դատավորն առաջարկում է նախ եւ առաջ «հայտարարել, որ մենք խորապես ցավում ենք այդ իրադարձությունների առնչությամբ: Այդ ժամանակներում մահացածները մեր թշնամիները չէին, այլ՝ մեր քաղաքացիները: Ոմանք երեխաներ էին, իսկ ոչ ոք երեխաներին թշնամիներ համարել չի կարող»:

Դատավորը եզրակացնում է, «Շվեյցարիայի դատարանի որոշումը ո՛չ ժողովրդավարությանն է հակասում, ո՛չ էլ խոսքի ազատությանը»: Շվեյցարիան պարզապես չի թույլատրում հարյուր հազարավորների մահվան պատճառ դարձած իրադարձությունները որակել ռասիստական կամ անզգայական բառերով, որոնք վիրավորում են մարդկային արժանապատվությունը: Շվեյցարիան պարզապես չի թույլատրում, որ զոհվածները երկրորդ անգամ սպանվեն»:

Հաշվի առնելով թուրքական կառավարության ամրագրած փորձը՝ պատժելու բոլոր նրանց, ովքեր համարձակվում են բարձրաձայնել ճշմարտությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, երկյուղում ենք, որ առաքինի այս դատավորը երկար չի մնա իր պաշտոնում եւ թերեւս նույնիսկ բանտարկվի ճշմարտությունն ասելու համար:

No comments: