Friday, March 07, 2008

ԿՈՍՈՎՈՆ ԴԱՐՁՆՈ՞ՒՄ ԵՆ ՆԱԽԱԴԵՊ...

Ռուսաստան-Աբխազիա առանց սանկցիաների հարաբերություններ

Կան երեւույթներ, որ իներցիոն զարգացումներ ունեն: Փետրվարի 17-ին Կոսովոյի անկախության հռչակումն ու դրան հետեւած տարբեր երկրների ճանաչման հայտարարությունները, որքան էլ մատուցվեն նախադեպ չդիտվելու, չդառնալու ցանկություններով ու անգամ պնդմամբ, նախկին սերբական երկրամասի անկախության հռչակումն ու ճանաչումը այլեւս պատմական իրողություն են, որին որպես օրինակ դիմում են ու դեռ կդիմեն տարբեր անհրաժեշտությամբ:
Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումն ու եվրոպական-ամերիկյան շուտափույթ դրական արձագանքի ֆոնին միանշանակորեն այլ էր հատկապես Ռուսաստանի դիրքորոշումը: Մասնավորապես, մինչեւ անկախության հռչակումը Ռուսաստանը հակադարձում էր նման մոտեցմանը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչմամբ: Ու թեեւ նման քայլ Ռուսաստանը դեռ չի կատարել, սակայն այն, ինչ տեղի է ունենում ժամանակային ավելի մեծ հատվածի կտրվածքով, բնավ էլ չի հակասում Ռուսաստանի նմանօրինակ դիրքորոշմանը:
«Ազգն» արդեն տեղեկացրել է, որ մարտի 6-ին Ռուսաստանը վերացրել է Աբխազիայի նկատմամբ առեւտրատնտեսական, ֆինանսական, տրանսպորտային եւ այլ կապերի արգելքները: Այդպիսիք մտցվել էին դեռեւս 1996 թվականին: Ռուսաստանը նաեւ ԱՊՀ մյուս երկրներին է առաջարկել դուրս գալ Աբխազիայի նկատմամբ սահմանափակումների ռեժիմից:
«ՌԴ արտգործնախարարությունը ԱՊՀ գործադիր կոմիտեին պաշտոնական նոտա է հղել, որում հաղորդվում է, թե Ռուսաստանը փոփոխված հանգամանքների բերումով այլեւս իրեն կապված չի համարում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի «Աբխազիայի հակամարտության կարգավորմանն ուղղված միջոցառումների մասին» 1996-ի հունվարի 16-ի որոշման դրույթներով», նշված է փաստաթղթում:
Ռուսաստանի ԱԳՆ-ն նաեւ հիշեցնում է, թե սահմանափակումների որոշումը ժամանակին պայմանավորված էր 1992-93 թթ. պատերազմից հետո վրաց-աբխազական հակամարտության կողմերի սուր հակադրության պայմաններով` նպատակ ունենալով խրախուսել Աբխազիայի ավելի ճկուն դիրքորոշման ձեւավորումը, հատկապես փախստականների վերադարձի առնչությամբ:
Առկա իրավիճակը Ռուսաստանի արտգործնախարարությունը գնահատում է փոփոխված, երբ Աբխազիայի Գալիի շրջան են վերադարձել վրացի փախստականների մեծ մասը, իսկ Աբխազիան էլ հակամարտության կարգավորման հարցում, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, կատարում է իր պարտավորությունները` պատրաստակամություն արտահայտելով գնալ կարգավորման գործնական քայլերի:
Վրաստանում Ռուսաստանի այս քայլը միանգամից եւ աներկբա գնահատել են որպես «սադրիչ եւ զայրացուցիչ»: Ավելին, Վրաստանի արտգործնախարարությունը Աբխազիայի նկատմամբ սահմանափակումների վերացման Ռուսաստանի որոշումը գնահատել է «ապաբարոյական եւ վտանգավոր տարածաշրջանի համար»: Վրաստանը նաեւ, ի դեմս իր քաղաքական ղեկավարության, հայտարարել է, թե համարժեք քայլերի է սպասում Միացյալ Նահանգներից:
Վերջին ժամանակների համար սովորական դարձած մի հանգամանք եւս. երեկ Վրաստանի ԱԳՆ է «հրավիրվել» երկրում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Ինչպես նմանօրինակ իրավիճակներում, ամենայն վստահությամբ կարելի է ասել, որ դեսպանից նախ բացատրություններ կպահանջեն եւ վրաց ԱԳն-ն կհանձնի իր բողոքի նոտան` կապված Աբխազիային առնչվող որոշման հետ:
Միեւնույն ժամանակ, Աբխազիայի խորհրդարանն արտահերթ նիստում երեկ հայտարարել է իր անկախության ճանաչման խնդրանքով ՄԱԿ-ին եւ Ռուսաստանին դիմելու նոր որոշման մասին: Ընդ որում, ՄԱԿ-ին եւ աշխարհի երկրներին Աբխազիան իր խնդրանքը հասցեագրել է առանձին, Ռուսաստանի Դաշնությանը` առանձին: Հիշեցնենք, որ դեռ այս շաբաթ իրենց անկախության ճանաչման խնդրանքով աշխարհի երկրներին եւ ՄԱԿ-ին էին դիմել Հարավային Օսիան եւ Մերձդնեստրը: Հարավային Օսիան, բացի իր տեսակետի պատմական հիմնավորումից, անկախության ճանաչման խնդրանք-նամակում նաեւ նշել էր. «Արդեն իսկ 17 տարի Հարավային Օսիայի անկախ գոյությունը հաստատում է նրա կենսունակությունը եւ պահանջում է միայն այդ ինքնիշխանության լեգիտիմացում` ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն»:
Փաստորեն ստացվում է, որ Ռուսաստանն, այնուամենայնիվ, գնում է Կոսովոյի անկախության հռչակումն ու ճանաչումը գոնե երկու տարածքների` Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեպքում նախադեպ դիտելու ուղղությամբ: Եվ եթե անկախության ճանաչման հայտարարությունը քաղաքական կշիռ ունի, ապա հատկապես տնտեսական ու ֆինանսական հարաբերությունների սահմանափակումների վերացումը, որ տվյալ դեպքում լիարժեք եւ բացահայտ համագործակցություն է նշանակում, կարելի է դիտարկել ավելին, քան զուտ ճանաչումը: Հատկապես, եթե ճանաչումը եւս ավելի շուտ որեւէ տեսակի հարաբերութուններ հաստատելու լեգիտիմության հիմնավորումն է, եւ ոչ թե բուն հարաբերությունները:
Մյուս կողմից, դեռեւս փետրվարի 22-ին Մոսկվայում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում Ռուսաստանի եւ Վրաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Միխեիլ Սաակաշվիլին քննարկումներ ունեցան, անգամ սկսեցին խոսել երկու երկրների միջեւ Ռուսաստանի կողմից դեռեւս նախորդ տարի մտցված օդային հաղորդակցության սառեցման վերացման մասին:
Բայց, ինչպես սովորական գումարներին վերաբերող հարցերում գործող տրամաբանությունն ու կանոնները չեն գործում «մեծ փողերի» դեպքում, այնպես էլ սովորական, թեկուզ միջպետական հարաբերությունները չեն ենթարկվում այն տրամաբանությանը, որով աշխարհում գերտերությունները փորձում են որոշել համաշխարհային քաղաքականությունը:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: