Friday, March 07, 2008

ԱՄՆ-Ը ԵՎ ԵՄ-Ը ԻՆՉՈ՞Ւ ԻՍՐԱՅԵԼԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏԵՆ ՍՊԱՆՎԱԾ ՊԱՂԵՍՏԻՆՑԻՆԵՐԻՆ

Իսկ Թուրքիայում Իսրայելի դեսպան Լեւին չշահարկի Հայոց ցեղասպանությունը

Փոխանակ դատապարտելու Գազայի հատվածում իսրայելական զորքերի արդեն 131 պաղեստինցիների սպանության պատճառ դարձած պատժիչ գործողությունները, Եվրոմիությունը դատապարտել էր Իրանին, թե պետք է զերծ մնալ Իսրայելին սպառնալու դրսեւորումներից: Մարտի 5-ի համարում «Ազգն» անդրադարձել էր ժողովուրդների իրավահավասարության միջազգային սկզբունքներին հակասող եւ ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան կոպտորեն ոտնահարող երկդիմի այս մոտեցմանը, ընդգծելով, որ դա Եվրոմիությունից բացի յուրահատուկ է նաեւ ԵԱՀԿ-ին, եվրոպական եւ ամերիկյան կառույցներին, ինչպես նաեւ ԱՄՆ-ի անմիջական վերահսկողության տակ գտնվող ՄԱԿ-ին:
Ինչ վերաբերում է պաշտոնական Վաշինգտոնի մոտեցմանը, ապա դա էլ արտահայտվեց ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի օրերս Երուսաղեմում արած հայտարարությամբ, որտեղ պետքարտուղարը, մեղադրելով պաղեստինցիներին իսրայելական բանակի պատժիչ գործողությունների համար դատապարտեց «Համասին»: Դա ոչ այլ ինչ էր, քան Գազայի հատվածում կատարված սպանությունների արդարացում:
Այս ամենից հետո սպասել, որ միջազգային ուժերը, արեւմտյան տերություններն ու կառույցները հետամուտ կլինեն աշխարհի խաղաղությանն ու կայունությանը, կձգտեն ժողովուրդների ազատությանն ու իրավահավասարությանը, կամ կպայքարեն արյունահեղ բախումների կանխարգելման համար եւ արդարությունը կկազմի այդ պայքարի առանցքը, առնվազն հուսահատությունից բխող հոռետեսությունը լավատեսությամբ ճնշելու ապարդյուն փորձ է:
ԱՄՆ պետքարտուղարի իսրայելական բանակի պատժիչ գործողությունների արդարացմանը նպատակամղված հայտարարությունը պետք է ոգեւորած լինի Թուրքիայում Իսրայելի դեսպան Գաբբի Լեւիին, որն Անկարայում հրավիրված մամուլի ասուլիսում հենց Իսրայելի թեզերով է արդարացրել պաղեստինցիների սպանությունները:
Թերեւս կարելի էր շրջանցել դեսպան Լեւիի մամուլի ասուլիսը, եթե նա փետրվարի 27-մարտի 3-ին Գազայում Իսրայելի իրականացրած պատժիչ գործողությունները չհամեմատեր «1915-ի հայկական իրադարձությունների» հետ: Ի՞նչ նպատակ է հետապնդել Իսրայելի դեսպանի այս համեմատությունը: Մինչ հարցին պատասխանելը, նշենք, որ ասուլիսում, ինչպես մարտի 5-ին նշում է «Զամանը», Գաբբի Լեւին կանխակալ մոտեցման համար քննադատել է թուրքական մամուլին, Գազայում Իսրայելի ռազմական գործողությունները բնութագրել է ինքնապաշտպանության իրավունքից բխող անհրաժեշտությունը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Իսրայելին հասցեագրած մեղադրանքների առնչությամբ «խորը մտահոգություն» է հայտնել:
Դեսպան Լեւիի մամուլի ասուլիսում թուրք լրագրողների համար թերեւս ամենաուշագրավը եղել է «այսպես կոչված Հայոց ցեղասպանության եւ Գազայի ռազմական գործողությունների միջեւ զուգահեռների» անցկացումը: Ահա թե դրա առնչությամբ ինչ է ասել դեսպանը. «Ասում են, որ 1915-ի ողբերգական իրադարձությունների աշխարհագրությունը սահմանափակ էր: Այդ իսկ պատճառով Ստամբուլի, Իզմիրի, Հալեպի եւ Երուսաղեմի հայ համայնքները չեն տուժել: Եթե պաղեստինցիները վնաս են կրել Գազայում, ապա դրա պատասխանատուն «Համասն» է: Այսրհորդանանում, օրինակ, բնակչությունը չտուժեց, որովհետեւ խաղաղասեր էր»:
Այնուհետեւ դեսպան Լեւին, լրագրողների հարցին ի պատասխան, նշել է, որ ինքը Գազայի ռազմական գործողությունների հետ համեմատում է ոչ թե 1915-ի իրադարձությունները, այլ ընդգծում դրանց աշխարհագրությունների սահմանափակվածությունը: Նա PKK-ի եւ «Համասի» միջեւ նույնպես զուգահեռներ անցկացնելու մղումով, Գազայի հատվածում Իսրայելի պատժիչ գործողությունները համեմատել է նաեւ Հյուսիսային Իրաքում թուրքական զորքերի իրականացրած ռազմական գործողությունների հետ, մատնանշելով. «Մենք խտրականություն չենք դնում, համոզված լինելով, որ PKK-ի ահաբեկչությունը նման է «Համասի» ահաբեկչությանը: Ահաբեկչությունը չարիք է, որտեղ էլ, որ լինի, Հյուսիսային Իրաքում, թե Գազայում, պետք է պայքարենք դրա դեմ»:
Որքան էլ Թուրքիայում Իսրայելի դեսպան Գաբբի Լեւին, համեմատելով 1915-ի իրադարձությունները Գազայի պատժիչ գործողությունների հետ, սաստի թուրքական քաղաքական շրջանակներին, այնուամենայնիվ, նա սաստելիս՝ իրադարձությունների համար մեղավոր է ճանաչում արեւմտահայերին: Քանի որ, ըստ դեսպանի, Իսրայելի պատժիչ գործողությունների պատասխանատվությունն ընկնում է պաղեստինցիների վրա, ուստի ցեղասպանության համար էլ պետք է պատասխանատու լինեն մարդկության դեմ կատարված այս հանցանքի զոհերը...
Այլ կերպ, դեսպան Լեւին վերոհիշյալ համեմատությամբ, անցնում է լկտիության տեսանելի եւ անտեսանելի բոլոր սահմաններն այն առումով, որ Գազայում կատարված սպանություններին Թուրքիայի հակազդեցությունը զսպելու նպատակով որպես շանտաժի միջոց օգտագործում է 1,5 մլն հայ նահատակների հիշատակը եւ շահարկում Հայոց ցեղասպանությունը: Ինչ վերաբերում է PKK-«Համաս» համեմատությանը, ապա դա էլ արգասիքն է վարչապետ Էրդողանի եւ նրա կառավարությանը զսպաշապիկ հագցնելու միջոցով հակազդեցությունը գոնե մասնակի մեղմելու այդ նույն նկրտումի, որն իր մեջ նույնպես շանտաժ է պարունակում, ինչպես 1915-ի իրադարձությունների համեմատության պարագայում:
Տվյալ դեպքում զարմանքն ավելորդ է: Վերջապես ինչո՞ւ ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Գազայում կատարած սպանությունների համար Իսրայելին դատապարտելու փոխարեն դատապարտեն սպանված պաղեստինցիներին, իսկ Իսրայելի դեսպանը Էրդողանի կառավարությանը շանտաժի ենթարկելու համար չշահարկի Հայոց ցեղասպանությունը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: