Wednesday, April 23, 2008

«Ի՞ՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ

Մասնակիցների թվում է Լոնդոնի «Կոմիտաս» ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը

Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Հայաստանն ու հայկական սփյուռքը հարգանքի տուրք են մատուցում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Համայն հայությանը վշտակցում են նաեւ աշխարհի տարբեր երկրներում: Միջոցառումներ են կազմակերպվում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Իտալիայում, Բուլղարիայում, Հունաստանում, Կիպրոսում, Լիբանանում, արաբական եւ լատինամերիկյան երկրներում, Իրանում: Այդ երկրների շարքին միանում են Լեհաստանը, Վրաստանը եւ, «Միլլիեթի» հեղինակ Սեմիհ Իդիզի վկայությամբ, Իսրայելը:

Այլ կերպ, տարեցտարի աճում է Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հարգող երկրների շարքը: Այս երկրներում կազմակերպվող միջոցառումները դառնում են բազմազան, իրականացվում են որոշակի ծրագրի շրջանակներում, եւ դրանց իրականացումը չի սահմանափակվում ապրիլի 24-ով, այլ՝ տեւում է ապրիլի 20-27-ը:

Այս տարի միջոցառումների մեկշաբաթյա ծրագրեր իրականացվում են Մոսկվայում, Փարիզում, Լոս Անջելեսում եւ այլուր: Հայկական կազմակերպությունների նախաձեռնությամբ իրականացվող ծրագրերին ոչ հայկական կազմակերպությունների ներգրավվածությունն ու օտարերկրյա պետական, հասարակական, քաղաքական գործիչների մասնակցությունն ավելի ներկայացուցչական են դարձնում Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչումը:

Անկարայում գործող Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի փորձագետ Յըլդըզ Դեւեջին նույն ինստիտուտի ամենօրյա տեղեկագրի ապրիլի 21-ի համարում ուշադրություն է հրավիրել հենց այդ հանգամանքի վրա եւ ընդգծել է, որ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված մեկշաբաթյա միջոցառումները Մոսկվայում կազմակերպել է Ռուսաստանի հայերի միությունը, իսկ ապրիլի 20-27-ը Կալիֆոռնիայում «Հայերի ցեղասպանության հիշատակի օր» է հռչակել նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը:

Փորձագետը մեկնաբանությամբ նշում է նաեւ «Ի՞նչ տեղի ունեցավ ապրիլի 24-ին» թեմայով Ստամբուլի Բիլգի համալսարանում նույն օրը կազմակերպվող միջոցառման մասին: Մինչ նրա մեկնաբանությանն անդրադառնալը, ասենք, որ այս միջոցառումը կազմակերպել է Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղը: Միջոցառմանը հրավիրվել է Լոնդոնի «Կոմիտաս» ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը: Նա հանդես կգա «Ինչո՞ւ հայերը Հայոց ցեղասպանության սկզբնավորումը պայմանավորում են ապրիլի 24-ով» զեկուցմամբ:

Թեեւ միջոցառման մասնակիցների թիվը խիստ սահմանափակ է, սակայն զեկուցողների թվում է հայտնի հրատարակիչ, մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուն: Նրա զեկուցումը վերնագրված է հետեւյալ կերպ. «Ապրիլի 24-ը մտավորականության ոչնչացման սկզբնավորում»: Մեկ այլ զեկուցողի՝ Մարդու իրավունքների միության նախկին փոխնախագահ Էրեն Քեսքինի թեման է. «1915-ի ապրիլի 24-ը մարդու իրավունքների տեսանկյունից», իսկ Էրդողան Այդընինը՝ «Պատմական գիտակցությունն ու հաշտեցումը պատմության հետ»:

Դեռեւս առիթ կունենանք անդրադառնալու Ստամբուլում կազմակերպված վերոհիշյալ միջոցառմանը: Պարզապես Եվրասիական ռազմավարական հետազոտությունների հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի փորձագետ Յըլդըզ Դեւեջին ընդգծում է, որ միջոցառման կազմակերպիչների նկատառումներով ապրիլի 24-ի առնչությամբ սփյուռքում եւ Հայաստանում իրականացվող միջոցառումներին ակամա միանում է նաեւ Թուրքիան, կազմակերպիչներն անհրաժեշտ նախադրյալներ են ստեղծում երկրում Հայոց ցեղասպանության պնդումների պաշտպանությանը նպատակամղված հետագա միջոցառումների համար:

Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments: