Բրիտանացի դիվանագետ եւ քաղաքական գործիչ Էդմընդ Բըրքը մի առիթով ասել է, որ «չարի հաղթանակը կախված է նրանից, որ լավ ու բարի մարդիկ ոչինչ չեն անում»:
Նորահայտ փաստաթղթերը հաստատում են, որ Շվեդիան, հետեւելով արեւմտյան այլ երկրների օրինակին, լավատեղյակ լինելով 1915 թվին Օսմանյան Թուրքիայում ընթացող հայերի ցեղասպանության մանրամասնություններին, նախընտրել է չմիջամտել:
Ուսումնասիրությունները կատարվել են Ուփսալայի համալսարանում, որտեղ 1915-23 թվերի մոտ 80 արխիվային փաստաթղթերում, որ տրամադրել էին այդ ժամանակվա Թուրքիայում շվեդ դեսպան Կոոսվա Անկարսվարդը եւ զինվորական կցորդ Էյնար աֆ Վիրսենը, հաստատվում է, որ փոքրամասնությունների եւ մասնավորապես հայերի դեմ կատարվածը «ցեղասպանություն է»:
Դեսպանը 1915 թվի հուլիսի 6-ին, գրելով Շվեդիայի արտգործնախարար Կնուտ Վալենբերգին, հայտնել է, որ «օգտվելով արտաքին ճնշումների բացակայությունից, երիտասարդ թուրքերը մեկընդմիշտ վերջ են տալիս հայկական հարցին ամենապարզ միջոցով` բնաջնջելով (utrotandet) հայ ժողովրդին»: Մեկ ուրիշ զեկույցում նա օգտագործել է «utplana» բառը, որը նույն «բնաջնջել» նշանակությունն ունի: 1917 թվին Թուրքիայում համատարած սովի մասին գրելիս Շվեդիայի դեսպանատան կցորդ Ալգրենը նշում է աշխատուժի խիստ պակասի մասին, որը նա «հայկական ցեղի բնաջնջման» (utrotandet qf den armeniska rasen) հետեւանք է համարում:
Զինվորական կցորդ Վիրսենի զեկուցագրերը միեւնույն գնահատականն են տալիս կատարվածին: 1942-ին հրատարակած իր «Հիշողություններ խաղաղությունից եւ պատերազմից» (Minnen fran fred och krig) գրքում մի ամբողջ գլուխ («Մի ազգի սպանությունը» վերնագրով) նա նվիրել է հայերի ցեղասպանությանը:
Այս զեկուցագրերին ավելանում են նաեւ բազմաթիվ այլ արխիվային նյութեր, որ գրել են շվեդ միսիոներներն ու լրագրողները: Դրանք բոլորը միանշանակ բնաջնջում են որակում կատարվածը եւ մեղադրական խոսքեր ուղղում «դիտորդի» դեր կատարող արեւմտյան երկրներին:
Ուսումնասիրության արդյունքները, ըստ խմբագրությունում ստացված հաղորդագրության, որպես թեզ ներկայացվելու են Ուփսալայի համալսարանի պատմության ֆակուլտետի սեմինար-գիտաժողովի ընթացքում եւ հասանելի են լինելու նաեւ համացանցի «www.armenica.org» կայքում, որի խմբագիրն է այդ համալսարանի մագիստրատուրայի բաժնի ուսանող Վահագն Ավետյանը:
Հ. Ծ.
Wednesday, April 23, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment