Tuesday, April 22, 2008

ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՆՅՈՒՐՆԲԵՐԳԸ

Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը թուրք պետականության կողմից (1919թ.)

«... Թուրք ժողովուրդը խոնարհում է իր գլուխը.
նա դա անում է հայ ժողովրդի համար տխրությամբ, իր համար՝ ամոթով»։
Թուրքական կառավարության 1919թ. սկզբներին անգլերեն հրատարակած գիրք-շրջաբերականից
("The Turko-Armenian Question. The Turkish Point of view")

Հայ ժողովրդի ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում պատմության չավարտված գլուխն է, քանի դեռ ոճրագործն, ըստ արժանվույն, չի դատապարտվել, իսկ հայերը հատուցում չեն ստացել։ Եթե հրեաների դեպքում նյութական փոխհատուցումն էր, որն այսօր էլ կատարվում է Գերմանիայի կողմից, ապա հայերի համար բռնազավթված եւ հայաթափված հայրենիքի վերադարձի խնդիրն է նաեւ։
Սակայն եթե հիտլերյան վարչակարգի կատարած հանցագործությունները դատապարտվեցին համաշխարհային հասարակայնության եւ գերմանական ժողովրդի կողմից, ապա նույնը չի կարելի ասել Հայոց ցեղասպանության մասին. հայերի բռնագաղթն ու կոտորածները, իրենց մանրամասներում, մի հայտնի չափով տարբերվում են հրեաների ֆիզիկական ոչնչացումից, որովհետեւ հայերինը իր հայրենիքում ապրող ժողովրդի ցեղասպանություն էր։
Պատմության ժամանակակից թուրք կեղծարարները, ինչքան էլ փորձեն փաստաբանել Հայ Դատի անգո լինելը, մի փաստից չեն կարող գլուխները թաքցնել, որ թուրքական կառավարությունն ինքն է պետականորեն կազմակերպել «armenocid»-ը իրագործած ոճրագործների դատավարությունը (1919թ.) եւ ճանաչել ցեղասպանության փաստը։
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ 1918թ. դեկտեմբերին, սուլթան Վահիեդդին Մուհամմեդ 6-րդը հրամայում է կառավարությանը դատական պատասխանատվության ենթարկել երիտթուրքական վարչակարգի, «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներին՝ պետությանը պատերազմի մեջ ներքաշելու, հայերի աքսորն ու ջարդերը կազմակերպելու մեղադրանքով։ Նույն ամսին, կառավարության որոշումով, Օսմանյան կայսրությունը բաժանվեց 10 դատաքննչական շրջանների, ստեղծվեցին հարցաքննիչ ատյաններ՝ հայոց դեմ գործադրված ոճրագործության ապացույցներ հավաքելու նպատակով, կատարվեցին բազմաթիվ ձերբակալություններ։
Թուրքական ռազմական արտակարգ ատյանը թուրք վկաների ցուցմունքների, երիտթուրքական կառավարության պաշտոնական փաստաթղթերի (պաշտոնական գրություններ, ծածկագիր հեռագրեր, հրամաններ եւ այլն) հիման վրա ապացուցված համարեց հայերի ցեղասպանության փաստը եւ դատապարտեց։ Դատավարության նյութերը, սղագրությունները տպագրված են Կ.Պոլսում 1919թ. հրատարակված թուրքերեն եւ այլալեզու թերթերում, այդ թվում՝ �Takvim-i Vekayi� («Իրադարձությունների օրացույց», այն է՝ «Լրաբեր») թուրքական պաշտոնաթերթում։
Ահա մի հատված Հայոց ցեղասպանությունն ապացուցող թուրքական դատարանի փաստաթղթերից. «...Վերջապես, երկար վարանումներից հետո, այդ դատը սկսեց երեկ։ Խիտ բազմություն էր լցվել պատերազմական ատյանի փոքր դահլիճում։ ...Թուրքական մամուլն այդ դատը պատմական է համարում։ ...Մեղադրական աթոռին նստած են մեծ վեզիր Սայիդ Հալիմ փաշան, սենատի նախագահ Խալիլ բեյը, Ահմեդ Նեսիմի բեյը, Զիա Գյոքալփը, Միդհատ Շյուքրին, Ահմեդ Շյուքրին...։ Ընթերցումից հետո ընդհանուր դատախազը տրիբունալից պահանջում է մեղադրյալներին դատել եւ հայտարարում է, որ մեղադրանքները հիմնված են բացահայտ փաստերի վրա։
...Այդ փաստաթղթերից պարզ դարձավ, որ «Միություն եւ առաջադիմություն» կոմիտեն միանգամայն երկու հատուկ կազմակերպություններից էր բաղկացած, մեկը՝ պաշտոնական եւ հայտնի, իսկ մյուսը՝ գաղտնի եւ բանավոր հրահանգների վրա հիմնված։ Դա գաղտնի կոմիտեի բնույթ ուներ։ Գոյություն ունեցող ապացույցները հաստատում են, որ այդ կոմիտեի... ազդեցիկ պետերի պատասխանատվությունը բացահայտ է։ Նրանց կողմից կատարված ոճիրները հաստատվում են վերոհիշյալ տվյալներով։ ...Քննությունից պարզվում է, որ հայերի աքսորի ժամանակ կատարված ոճիրները, զանազան վայրերում եւ ժամանակներում, անջատ եւ տեղական իրադարձություններ չեն, այլ կենտրոնից կազմակերպված, վերոհիշյալ մարդկանց կողմից նախապես ծրագրված եւ գործադրված՝ կա՛մ գաղտնի հրամանի հիման վրա, կա՛մ բանավոր կարգադրության հիման վրա։
...Ներքին գործերի մինիստրության գրասենյակի պետ Իհսան բեյը հաստատում է, որ երբ ինքը Քիլիսի գայմագամ էր, Կ.Պոլսից Հալեպ ուղարկված Նուրի բեյը հայտարարել է, որ հայերի տարագրության նպատակը նրանց ոչնչացումն է եւ ավելացրել է, որ ինքը Թալեաթի հետ տեսակցել եւ նրանից հայերին ոչնչացնելու հրաման է ստացել։ Թալեաթն ասել է, որ երկրի փրկությունը պահանջում է այդ անել։
...Համաձայն վերոհիշյալ վկայությունների եւ բազմաթիվ փաստերի, որ ներքոհիշյալները մասնակցել են կոտորածների... եւ մեղսակից են կատարված ոճրագործությանը, որոշվեց, համաձայն 45 հոդվածի եւ 170 պատժական հոդվածի՝ բժ. Բեհաեդդին Շաքիրին, բժ. Նազիմին, Աթիֆ Ռիզային, Ջեվադին, Ազիզ բեյին, Էնվերին, Ջեմալին, Թալեաթին, որպես ոճրագործներ, հանձնել Կ.Պոլսի զինվորական ատյանին։
12 ապրիլի 1919թ. (տե՛ս Հայաստանի ազգային արխիվ, ֆ.200, ց.1, գ.237, թ.51-64։ Փաստաթուղթը ֆրանսերեն է՝ Le proces des Unionists։ Օգտվել ենք փաստաթղթին կցված հայերեն թարգմանությունից։ Կրճատումները եւ ընդգծումները մերն են.- Է.Դ.)»։
1919թ. հուլիսին Կ.Պոլսի ռազմական ատյանը հեռակա կարգով մահվան դատապարտեց Թալեաթին, Էնվերին, Ջեմալին, կուսակցության գլխավոր քարտուղար Նազըմին՝ Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելու եւ հայերի բռնագաղթն ու ջարդերը կազմակերպելու համար։
Սա, ըստ էության, ցեղասպանության ճանաչումն էր պաշտոնական Թուրքիայի կողմից։ Այնպես որ, մեղմ ասած, դատարկախոսություն եւ ժամանակ շահելու միջոց է ժամանակակից Թուրքիայի պետական քարոզչության միջոցների՝ վարչապետից սկսած մինչեւ վերջին ուղտապանը, այն պահանջը, թե հայերի ցեղասպանության խնդիրը դեռ ենթակա է պատմաբանների կողմից ուսումնասիրման։ Այդ ուսումնասիրությունը, դեռեւս 1919թ., պետական մակարդակով կատարել է թուրքական դատարանը։
Անշուշտ թուրքական դատարանը չգտնվեց եւ չէր էլ կարող գտնվել իր բարձրության վրա։ Թուրքական դատարանը կանխակալ է մոտեցել խնդրին, նա սոսկ արձանագրել է հայերի ցեղասպանության փաստը, տարբեր պատժամիջոցներ սահմանել կազմակերպիչների եւ իրագործողների նկատմամբ։ Դատավարության նյութերում ոչ մի խոսք չկա ցեղասպանությունից փրկվածների հայրենիք՝ Արեւմտյան Հայաստան վերադարձի, նյութական փոխհատուցման անհրաժեշտության մասին։
Իսկ արեւմտահայության նյութական կորուստը աստղաբաշխական թիվ էր. ոչ լրիվ ճշտված տվյալներով՝ 15 միլիարդ ֆրանկ։ Թե սա ժամանակի համար ինչ ահռելի գումար էր՝ բավական է ասել, որ Օսմանյան Թուրքիայի պատերազմական ծախսերը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում (1914-1918թթ.) եղել են ընդամենը 9-10 մլրդ ֆրանկ։
Ուշագրավ է, որ դեռ մինչեւ դատավարությունը թուրքական կառավարությունը 1919թ. սկզբներին անգլերեն հրատարակեց �The Turko-Armenian Question. The Turkish Point of View� («Թուրք-հայկական հարցը. թուրքական տեսակետը») գիրք-շրջաբերականը, որտեղ երիտթուրքական կառավարիչները դասվում են «մարդկության ամենամեծ հանցագործների շարքը», որովհետեւ նրանք էին, որ նախապես մշակված ծրագրով եւ դաժան մեթոդներով իրագործեցին հայերի զանգվածային բնաջնջումը։ Կառավարության փաստաթղթում փորձ է կատարվում թուրք ժողովրդին ձերբազատել բարոյական պատասխանատվությունից եւ միայն երիտթուրքական վարչակարգի վրա բարդել ցեղասպանության մեղքը. «...Թուրք ժողովուրդը խոնարհում է իր գլուխը. նա դա անում է հայ ժողովրդի համար տխրությամբ, իր համար՝ ամոթով»։
Կառավարությունը նաեւ փոխհատուցում էր խոստանում հայերին։ Սակայն ոչ միայն փոխհատուցումը չկատարվեց, արգելվեց բռնագաղթած ու վերապրող հայերի վերադարձը Արեւմտյան Հայաստան, այլեւ թուրքական նոր վարչակարգը՝ քեմալականը, շարունակեց ցեղասպանության քաղաքականությունը ոչ միայն Կիլիկյան Հայաստանում, այլեւ Արեւելյան Հայաստանում՝ դեպի Հայաստանի Հանրապետություն կատարած 1920թ. արշավի ընթացքում։
ՄԱԿ-ի 1948թ. դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունները կանխելու եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիայում եւ միջազգային մի շարք այլ փաստաթղթերում (օրինակ՝ ՄԱԿ-ի 1968թ. նոյեմբերի 26-ի համաձայնագիրը) սահմանված են, որ այդօրինակ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն եւ ցեղասպանություն իրագործած յուրաքանչյուր պետություն հատուկ իրավական պատասխանատվություն է կրում, անկախ այն բանից, թե կգտնվեն ու պատժի կենթարկվե՞ն ոճրագործությունների անմիջական կազմակերպիչները, թե՞ ոչ։

ԷԴՎԱՐԴ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԵՊՀ հայոց պատմության ամբիոն

No comments: