Tuesday, April 22, 2008

ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ


Արցախում ծավալված զանգվածային բռնությունների ալիքն իր գագաթնակետին հասավ 91-ի ապրիլ-մայիս ամիսներին: Հայերին տեղահանելու նպատակով ադրբեջանական հատուկ նշանակության զինված ջոկատները (ՕՄՕՆ) ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ուժերի աջակցությամբ, փաստորեն, բացահայտ պատերազմ սկսեցին Գետաշենի եւ Շահումյանի հայ բնակչության դեմ: Նրանք, իրականացնելով «Օղակ» գործողությունը, հրասայլերի ու զրահամեքենաների ուղեկցությամբ հարձակվեցին նշված շրջանների հայկական բնակավայրերի վրա եւ դաժան մարտերով գրավեցին Գետաշեն եւ Մարտունաշեն գյուղերը: Այստեղ սխրանքներ գործելով զոհվեց նաեւ հայկական ինքնապաշտպանության ջոկատի մարտիկ Թաթուլ Կրպեյանը` Գետաշենի արծիվը:

Ապրիլի 21-ը Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է: Ամեն տարի Թաթուլ Կրպեյանի ընկերները, հարազատները, բարեկամները եւ բոլոր նրանք, ովքեր հարգում են ազգային հերոսի հիշատակը, այցելում են Թալինի շրջանի Արեգ գյուղ:

«Կռվի դաշտում Թաթուլի կատարած սխրանքները հերոսություն էին ոչ միայն հայոց պատմության, այլեւ համաշխարհային պատմության մեջ: Նա միայնակ դուրս եկավ ամբողջ աշխարհում հռչակված «Կարմիր» բանակի դեմ, այն ժամանակ, երբ դեռ կար Սովետական Միությունը», պատմում է հերոսի այրին` տիկին Իրինան ու հավելում, թե ինչպես է Թաթուլը ոստնել ու հայտնվել տանկի վրա եւ ճանկել «Օղակ» գործողությունը ղեկավարող գնդապետ Մաշկովի օձիքը: Ձեռքի նռնակի օղակը բռնած, գնդապետին առաջն արած` Թաթուլն ու մյուսները պատանդներին ազատելու նպատակով` գնացել են բանակցությունների: Ճանապարհին Թաթուլը հասցրել է խլել հարձակման մշակված ու խիստ գաղտնի պահվող պլանը, որը որպես նախատինք ու ամոթանք է մնալու փլուզված Խորհրդային Միության այդ օրերի ղեկավար կոչվածների վրա:

«Առնական ու հաղթանդամ էր Թաթուլը, ոչ մի բանից չէր վախենում: Միշտ ասում էր. «Քամին քարին ի՞նչ կտանի...»: Ինչքան էլ քամիներ փչեն, քարի մեջ ուժը մնում է: Գետաշենն իր համար սրբություն էր. «Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով»: Դա իր սկզբունքն էր եւ իր մահով փրկեց 3000 մարդու», նշում է տիկին Իրինան:

Այսօր Թաթուլի ծննդավայր Արեգ գյուղում հերոսի անունով դպրոց կա, եւ ինչպես հերոսի այրին նշեց. «Ազատամարտիկ ազգային հերոսները յոթն են եւ Երեւանում բոլորի անունով էլ լավ կլիներ, որ դպրոցներ լինեին»:

Արեգ գյուղի շիրմատանը, ուր հանգչում է Թաթուլի աճյունը, կառուցված է մի մեծ հուշարձան, որը նվիրված է Թաթուլի եւ մյուս ազատամարտիկների նվիրական հիշատակին:

Եվ այսօր էլ, երբ ոմանք փորձում են անջրպետ դնել հայ ժողովրդի միջեւ, հասկանում ես, որ սա չէր ազգային հերոսի բաղձանքը, եւ տեղին է տիկին Իրինայի ասածը. «Թաթուլը չէր կռվում էն մարդկանց համար, ովքեր փոքրամասնություն են, ճղճիմ մտքեր ունեն. ինքը ազգային մարդ էր, որ մեր պատմության մեջ միշտ վառ օրինակ է մնալու: Եթե լիներ նա, կասեր, որ սխալ է ազգը աղճատելը, դա մեր ազգային բնութագրին հարիր չէ»:

Իրոք, արծվի նման ապրեց Թաթուլն իր կյանքի քսանվեց տարիները եւ արծվի նման էլ զոհվեց` հպարտ, վեհանձնորեն ու քաջաբար: Եվ նման քաջերի անունը շատ երկար է ապրում, որովհետեւ ժողովուրդն է պահում-պահպանում նրանց սխրանքի հիշողությունը:

«Ինչո՞ւ, վախենո՞ւմ եք մահից: Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու: Հողի, ազգի համար: Ես ոչ մի անգամ չեմ գնա Երեւանի օդանավակայանում իջնեմ, ասեմ` Գետաշենը հանձնեցի: Ես այստեղ կմեռնեմ` այդ բանը չեմ անի», ասել էր Թաթուլն այդ տագնապալի օրերին:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ

No comments: