Քեմալ Աթաթուրքի զինակիցներից Քյազիմ Կարաբեքիր փաշան հայ ժողովրդի դահիճներից է: Ինչպես մայիսի 5-ին ամենօրյա տեղեկագրում նշել է Անկարայում գործող Եվրասիական ռազմավարական հետազոտությունների հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը, Ստամբուլի Օսմանգազի թաղի թաղապետարանի նախաձեռնությամբ մշակույթի տանը նշվել է Կարաբեքիրի մահվան 60-րդ տարելիցը: Միջոցառմանը հրավիրվել է փաշայի դուստր Թիմսալ Կարաբեքիրը, որն էլ ներկաներին է պատմել հոր մասին, ավելացնելով. «Իրականում ցեղասպանություն էին կատարել հայերը»:
Ըստ Թիմսալի, 1920-ի դեկտեմբերի 2-ին Գյումրիում Ալեքսանդրապոլի պայմանագիրն ստորագրելիս, Քյազիմ Կարաբեքիրը հայկական պատվիրակության ղեկավարին (Առաջին Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Խատիսյանին) հարցրել է. «Այսպիսի կարճլիկ հասակով ինչպե՞ս հանդգնեցիր գլուխ բարձրացնել օսմանյան հսկա կայսրության դեմ», եւ ստացել է հետեւյալ պատասխանը. «Մեզ խաբեցին փաշա: Իմպերիալիստական ուժերը խոստումներ տվեցին, մեծ Հայաստան խոստացան մեզ: Ես հիմա հրաժարվում եմ Սեւրի հանիրավի պահանջներից եւ ստորագրում եմ առաջադրված պայմանագիրը»:
Թիմսալը նշել է, որ Քյազիմ Կարաբեքիրին ճանաչում էին որպես «որբերի հոր», այնուհետեւ «մեծ սուտ» է համարել «ցեղասպանության հայկական պնդումները», ապա եւ շարունակել. «Եվրոպական բոլոր երկրներն ու Ամերիկան ծափահարում են սրանց (հայերին): Եթե ես Եվրոպայում ասեմ, որ հայերի ցեղասպանությունը սուտ է, ինձ իսկույն կձերբակալեն: Այդ նույն Եվրոպան խոսքի ազատության քողի տակ պաշտպանում է մեզ նսեմացնողներին: Սա է Եվրոպայի իսկական դեմքը: Մինչդեռ եվրոպական եւ ամերիկյան արխիվային փաստաթղթերում միանշանակ հերքվում է «թուրքերի վատ վերաբերմունքը հայերի նկատմամբ»: Չնայած դրան, հայերը չեն հրաժարվում այդ կեղտոտ ստից, մտածելով, թե կանցնի: Նրանց նպատակը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, պահանջատիրության եւ փոխհատուցման իրականացումն է: Վայրագաբար իրագործված ցեղասպանության մասին են խոսում, մոռանալով, որ այդ ցեղասպանությունը կատարվել է մեր երկրում եւ մեր մարդկանց դեմ: Հորս հուշերը դրա ականատեսի աչքերով արված անժխտելի վկայություններն են»:
Ինչո՞ւ չեն հրապարակում այդ վկայությունները, հայտնի չէ: Բայց որ Քեմալ Աթաթուրքը «Հայաստանը ֆիզիկապես եւ բարոյապես ոչնչացնելու» հրաման է տվել Քյազիմ Կարաբեքիրին, անժխտելի է: Ի դեպ, վերջինի «Ինչպե՞ս ոչնչացրի Հայաստանը» վերնագրով գիրքը Թուրքիայում բազմիցս վերահրատարակվել է: 1965-ին Նյու Յորքում հիմնադրված Սեֆարադների մշակույթի ուսումնասիրության կենտրոնը՝ FASSAC-ն էլ պաշտոնական կայքէջում հրապարակել է օսմանյան հրեաների, այսինքն՝ սալոնիկյան ծագումով առերեւույթ կրոնափոխ «դյոնմեների» ցանկը, որը պատրաստել է Ստամբուլում ծնված հրեական ծագումով պրոֆ. Դանիել Կազեզը: Այդ ցանկում, ինչի մասին 2007-ի սեպտեմբերի 11-ի համարում «Մի՞թե Կարաբեքիրը հրեա էր» վերնագրով վկայում է թուրքական «Սաբահ» թերթը, նշված է նաեւ Քյազիմ Կարաբեքիրը: Իսլամական կայքէջերը հաստատելու համար վերոհիշյալ կենտրոնին, ավելացնում են, որ փաշայի սկզբնական անունը եղել է Մուսա (Մովսես) Քյազիմ, ինչպես ասենք Թալեաթ փաշայինը՝ Մեհմեդ Թալեաթ Սաի: Նա Կարաբեքիր ազգանունը ստանալուց հետո հրաժարվել է Մուսա անունից:
Հ. ՉԱՔՐՅԱՆ
Thursday, May 08, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment