Thursday, May 08, 2008

ԳԻՏԱԿՑՎԱԾ ՎԵՐԱԴԱ՞ՐՁ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ

Պարոն Տեր-Պետրոսյան, մայիսի 2-ի կոնգրեսի ձեր ելույթում դուք հայտարարեցիք, թե մարտի 1-ին ամբողջ օրվա ընթացքում գեներալ Գ.Սարգսյանի միջոցով բանակցել եք Ռ.Քոչարյանի հետ։ Ինչո՞ւ էիք բանակցում Ռ.Քոչարյանի հետ, ի՞նչ էիք ուզում ստանալ, եթե նրան բնութագրել էիք «ոչ լեգիտիմ», իսկ նրա ղեկավարած պետությունը՝ «ավազակապետություն»։

Այդ ինչպե՞ս եղավ, որ հայ քրիստոնյա մարդուն ոչ վայել սառնասրտությամբ մերժեցիք ընդունել ձեր դուռը եկած Ամենայն Հայոց կաթողիկոսին, որը ընդամենը եկել էր ստեղծված վտանգավոր իրավիճակից դուրս գալու ելք փնտրելու մասին տարբերակներ քննարկելու, իսկ Ռ.Քոչարյանի հետ միջնորդավորված բանակցում էիք։

Պատասխանը մեկն է, որպեսզի հետագայում աշխարհին ցույց տաք, որ իբր թե բանակցել եք։ Սակայն իրականում չեք բանակցել, իրականում բանակցությունների իմիտացիայով եք զբաղվել, դուք նպատակ չեք ունեցել այդ բանակցությունների միջոցով իրավիճակը կայունացնելու եւ լիցքաթափելուն ուղղված որեւէ առարկայական քայլ անել։ Իսկապես բանակցություն վարող քաղաքական գործիչը այդ լարված վիճակում որեւէ նախապայման չէր դնի, թե ինձ տվեք տարածք կամ 15 օր հանրահավաք անցկացնելու իրավունք։

Դուք 2-րդ կոնգրեսի ձեր ելույթի ժամանակ ուղղակիորեն մատնեցիք ինքներդ ձեզ՝ հայտարարելով, թե կարող էիք գնալ ֆրանսիական դեսպանատան մոտ, սակայն դատարկ չէիք ուզում գնալ ժողովրդի մոտ, նրան «այլընտրանք» պետք է առաջարկեիք։ Ի՞նչ «այլընտրանք», պարոն Լ.Տեր-Պետրոսյան, բախումներից մարդիկ վիրավորվում եւ զոհվում էին, իսկ դուք փորձում էիք հանրապետության նախագահ Ռ.Քոչարյանից քաղաքական որոշում կորզել, որը ձեզ հնարավորություն կտար շարունակելու հակաիրավական, հակաօրինական ակցիաները։

Գնայիք, հանդարտեցնեիք ցուցարարներին, հետո նոր հաջորդ օրը սկսեիք բանակցություններ հանրահավաք անելու թույլտվություն ստանալու համար։ Եւ շատ ճիշտ ու գրագետ է գործել Ռ.Քոչարյանը, որ չի շարունակել բանակցությունները ձեզ հետ այն բանից հետո, երբ սկսել եք քաղաքական բնույթի պայմաններ առաջարկել։ Ի տարբերություն ձեզ, Ռ.Քոչարյանը բանակցություններ վարել է, որովհետեւ իսկապես մեծ ցանկություն է ունեցել լիցքաթափելու իրավիճակը։

Պարոն Տեր-Պետրոսյան, իսկական, իրական բանակցություններ մարտի 1-ի ողջ օրվա ընթացքում դուք վարել եք միջազգային կազմակերպությունների, դեսպանատների եւ եվրոպական քաղաքական շրջանակների հետ։ Ի՞նչ էիք ուզում նրանցից, ի՞նչ էիք ապացուցում նրանց, ինչո՞ւ են ձեր օգնականներ Ավետիս Ավագյանն ու Լեւոն Զուրաբյանն այդ օրը պարբերաբար տեղեկություններ փոխանցել ՀՀ-ում գործող Եվրախորհրդի, Եվրամիության ներկայացուցչություններին, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին, ինչո՞ւ էիք ամբողջ գիշեր բանակցել Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբիի հետ։

Դուք նրանց հետ չեք բանակցել բախումը թուլացնելու շուրջ, դա ձեզ այդ պահին քիչ է հետաքրքրել, նրանց միջոցով ընդամենը փորձել եք իշխանությունների վրա ճնշում գործադրել, որպեսզի ձեզ հետագայում հանրահավաքների թույլտվություն տան։ Ինչո՞ւ էիք ուզում այդ կառույցներին ներքաշել ձեր սանձազերծած կեղտոտ գործընթացի մեջ։

Փոխանակ գնալու, կանգնելու ցուցարարների եւ ձեր թիմի կողքին, ականատեսների վկայությամբ, դուք Արամ Սարգսյանի միջոցով մարտի 1-ի լույս 2-ի գիշերվա ժամը 2-ի սահմաններում հրահանգել եք մարդկանց ցրել, իսկ ինքներդ գնացել եք անվրդով քնելու, մինչ այդ հեռուստացույցով երեւի ֆուտբոլ կամ համերգ եք դիտել։ Իսկ Արամ Սարգսյանը շատ մեծ դժվարությամբ է կարողացել ցրել եւ տուն ուղարկել ցուցարարներին, նրան չեն լսել, հեռանալու նրա առաջարկն ընդունվել է սուլոցներով, եւ միայն երկար բացատրական աշխատանքից հետո ցուցարարները հեռացել են։ Իսկ գիշերվա 2-ին եք հրահանգել ցրվելու, որովհետեւ, ըստ ձեզ, գործն արված էր, արյունը՝ թափված։

Ահա եւ իրականությունը, սա է ձեր քաղաքական եւ մարդկային իրական դիմագիծը։ Դուք մարտի 1-ին չգնացիք ֆրանսիական դեսպանատան մոտ, որովհետեւ ասելիք չունեիք ժողովրդին, որովհետեւ ձեր ուզածը ապստամբություն էր, որովհետեւ հաշվարկել էիք, որ ցուցարարներն այդ օրը կգնան կամ դեպի նախագահական նստավայր, կամ դեպի կառավարության շենք։ Դա չեղավ իրավապահների գործողությունների շնորհիվ, ձեր սցենարի երկրորդ հատվածը չիրականացավ։

Ձեր սցենարի մասին գիտեին սահմանափակ թվով անձինք (այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը եւ Խաչատուր Սուքիասյանը), որոնց դուք արդեն մարտի 1-ին, ժամը 24։00-ի սահմաններում հրահանգել եք միասին եւ արագ հեռանալ ֆրանսիական դեսպանատան տարածքից, փախչել եւ անհետանալ։ Ինչո՞ւ եք հատկապես հենց այդ երկուսի մասին հոգ տարել։

Ն.Փաշինյանը ժամը 16։00-ի սահմաններում եկել էր ֆրանսիական դեսպանատան մոտ ձեր սցենարն իրականացնելու վտանգավոր առաքելությամբ, բայց երբ դա չստացվեց, դուք ուղղակիորեն ամեն ինչ արեցիք, որ նրանք խուճապահար փախչեն։ Քանի որ գիտեիք, եթե Ն.Փաշինյանը ձերբակալվի իրավապահների կողմից, լինելով ըստ էության, վախկոտ անձնավորություն, կսկսի ցուցմունքներ տալ ըստ էության, եւ այդ դեպքում դուք կարող էիք հայտնվել ճաղերից այն կողմ։

Այսօր դուք ոչինչ չունեք ասելու ձեր ընտրազանգվածին եւ մայիսի 2-ին տեղի ունեցած կոնգրեսում ոչինչ չասացիք։ Իսկ «Հայ ազգային կոնգրես» ստեղծելու մասին ձեր նախաձեռնությունը քաղաքական անգրագիտության վառ օրինակ է, քանի որ գաղափարական տարբեր հիմքեր ու հավակնություններ ունեցող քաղաքական ուժերի հապճեպ ստեղծած կոնգլոմերատը չի կարողանա քաղաքական խնդիր լուծել կամ գալ իշխանության։

Իսկ վերջում պատմենք մի իրական դեպքի մասին։ 1993թ. ձմռանը իր սենյակում շախմատ խաղացող երկրի նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի աշխատասենյակ է մտել իր աշխատակիցներից մեկը եւ հայտնել, որ նախագահական նստավայրի դիմացի այգում մարդ է ցրտահարվել ու մահացել։ Ականատեսների վկայությամբ, առանց գլուխը շախմատի խաղատախտակից բարձրացնելու Լ.Տեր-Պետրոսյանն անվրդով տոնով պատասխանել է. «Դա է քաղաքական անկախության գինը, այդպիսի դեպքեր էլի կլինեն»։

Այստեղ արդեն՝ առանց մեկնաբանությունների։

ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ

No comments: