Wednesday, March 05, 2008

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՍԿ ԺՈՂՈՎՐԴԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՉՆՉԱՑՈՒՄ ՉԷՐ»

«Ազգին» ուղարկած «Անխոհեմ լրագրություն կամ ինչ ընդհանրություններ ունեն Անկարան, Ափոն, Աշոտը եւ այլք» նամակում Արմեն Կ. Հովհաննիսյանը հայտնում է, որ «USA Armenian Life Magazine»-ը փետրվարի 21-ի խմբագրականում քննադատության թիրախ է դարձրել Հայաստանի առաջին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանին՝ նրանց ողջ գերդաստանին ծանակելը համարելով բարոյական եւ մասնագիտական պարտք: Պատճառը, ինչպես քանիցս գրվել է, այն է, որ 2007-ի օգոստոսին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին հղած իր նամակում Րաֆֆի Հովհաննիսյանը «Հայոց ցեղասպանություն» արտահայտության փոխարեն օգտագործել է «Հայոց մեծ հայրենազրկում» բառեզրը, որն ըստ հոդվածագրի, «խիստ վիրավորական է», քանի որ դրանով Հովհաննիսյանը ջուր է լցնում թուրքերի ջրաղացին, «քաջալերում է թշնամուն»:
Արմեն Հովհաննիսյանը նշում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այդ արտահայտությունը օգտագործել է նաեւ միջազգային ամսագրերում տպագրված իր մի շարք հոդվածներում: «Երիտթուրքերը միայն մի քանի միլիոն մարդկանց կյանքը չէ, որ խլեցին. հայերի զանգվածային սպանդն, այո, ավարտված է, բայց հետեւանքները տակավին շարունակվում են: Ուրեմն՝ ցեղասպանությունը սոսկ ժողովրդի զանգվածային ոչնչացում չէր: Հայրենիքի յուրացումը հավասարապես կործանարար էր եւ շարունակվում է մինչ օրս՝ մերօրյա Թուրքիային դարձնելով երիտթուրքերի կատարած ոճրագործության մեղսակիցը: Մեզանից ոմանք միջազգային քաղաքականության ամենաազդեցիկ ատյաններում պահանջում են պատմության ճանաչում, իսկ ուրիշները թաքնվում են դեղին լրագրության եւ, մանավանդ, հայրենանվեր մարդկանց բնույթի ոչնչացմանն ուղղված անձնավորված արշավների հետեւում: Չնայած հայաստանյան որոշ պաշտոնական շրջանակներում նկատվող վախին, Րաֆֆի Հովհաննիսյանի հանդեպ նախանձին, ինչպես նաեւ Ափո Ջաբարյանի, Աշոտ Գրիգորյանի եւ անանուն այլ «ակտիվիստների» չարակամությանը, Հովհաննիսյանը հաջորդ ամիս կրկին կմեկնի Ստրասբուրգ՝ շարունակելու իր ճիգերն ի նպաստ Հայոց մեծ հայրենազրկման ճանաչման եւ արդար հատուցման», իր խոսքն ամփոփելով գրում է Արմեն Հովհաննիսյանը:
Ռ. Պ.

No comments: