Wednesday, March 05, 2008

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Այդ մասին նախորդ օրը տեղեկացրել է թուրքական BIA լրատվական գործակալությունը: Տեղեկության համաձայն, 2007-ի հունվարի 20-ին մեր հայրենակից Հրանտ Դինքի սպանության հաջորդ օրն Անկարայում կազմակերպված սգո միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել հրապարակախոս Թեմել Դեմիրերը: Նա մասնավորապես ասել է. «Ապրում ենք մի երկրում, որտեղ ճշմարտությունների մասին չբարձրաձայնելը ենթադրում է դառնալ սպանության անմիջական մասնակիցը: Հրանտ Դինքին սպանել են ոչ միայն նրա համար, որ ինքը հայ էր, այլ արտահայտվում էր մեր երկրում կատարված ցեղասպանության մասին: Եթե թուրք մտավորականները 301 անգամ չխախտեն քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը, ապա դառնալու են Դինքի սպանության հանցակիցը: Ցեղասպանությունը մեր պատմության իրողությունն է: Դա կոչվում է հայերի ցեղասպանություն: Այս իրողությունը բոլորիս կյանքի գնով է բացատրել Հրանտը: Դինքի սպանության հանցակիցներն են նրանք, ովքեր խուսափում են խախտել մարդասպան պետության քրեական օրենսգիրքը: Նրանք, ովքեր անցյալում բնաջնջել էին հայերին, այսօր հարձակվում են մեր քուրդ եղբայրների վրա: Հանուն ժողովուրդների եղբայրության պայքարողները պարտավոր են հաշտվել սեփական պատմության հետ: Ես կոչ եմ անում բոլորին, գործել 301-րդ հոդվածի սահմանած հանցանքը: Այո, հայերի ցեղասպանություն է եղել մեր երկրում»:
Հիմք ընդունելով այս ելույթը, դատախազ Լեւենթ Սավաշը 2007-ի հունվարի 24-ին միջնորդագիր է ներկայացնում դատարան, այսպիսով ոստիկանությունն սկսում է հետաքննությունը: Միջնորդագիրն ու հետաքննության արդյունքների հիման վրա Անկարայի երկրորդ ատյանի դատարանը «մարդկանց միջեւ թշնամանք եւ ատելություն սերմանելու», ինչպես «Հրապարակավ Թուրքիայի Հանրապետությունը նսեմացնելու» մեղադրանքով քրեական գործ է հարուցում Թեմել Դեմիրերի դեմ: Դատական առաջին նիստը նշանակված է մարտի 6-ին: Դրան իսկույն արձագանքում են մի շարք թուրք մտավորականներ եւ ձեռնամուխ են լինում «Թեմել Դեմիրերի հետ համերաշխության նախաձեռնության» ստեղծմանը:
Հ. Չ.

No comments: