Wednesday, April 02, 2008

«ԱԳՈՅԻՑ» ՔՇՎԱԾՆԵՐԸ

Երեք օր է, ինչ Հայաստանում տեղի էր ունենում դարակազմիկ իրադարձություն` մեր երկիր էր ժամանել Ագոյի խումբը: Թե ինչ բան է Ագոյի խումբը, իրական պատկերացում քչերն ունեն, սակայն կարեւորը դա չէր, կարեւորը այն է, որ այդ խումբը ժամանել էր: Կարեւորագույն այս լուրը հայտնելուց հետո, 3 օր շարունակ բոլոր լրատվամիջոցները հաղորդում էին, թե եվրոպական արժեքներն ու ճշմարտությունը տարածող այդ խումբը ուր էր գնում, ում հետ էր հանդիպում եւ ամենակարեւորը՝ ինչ էր ասում: Պարզ է, որ «բարեգութ» եվրոպացիներն իրենց բան ու գործը թողած մտածում են Հայաստանի ու նրա բազմաչարչար ժողովրդին ստեղծված քաղաքական ճգնաժամից դուրս բերելու մասին:
Ազգիս դարդերով տառապող ագոյականների կամ ագոյիկների Հայաստանի շարժին հետեւելիս պատկերացնում եմ, թե ինչպես են մեր ընդդիմադիրները վերջիններիս հետ հանդիպելիս լաց լինում նրանց լայն կրծքի վրա, իսկ իշխանությունները գլխիկոր, տնային աշխատանքը չսերտած աշակերտի պես հաշվետվություն ներկայացնում, թե ինչ են արել եւ ինչ բացթողումներ թույլ տվել ու ամենակարեւորը՝ ինչ են պատրաստվում անել իրավիճակը շտկելու համար: Երեկ նաեւ հաղորդեցին, որ պարզվում է, Ագոն ձեռնունայն չի եկել, եվրոպացուն հատուկ շռայլությամբ միանգամից 6 առաջարկ է ներկայացրել կողմերին, կարելի է կարծել, թե կողմերը հակամարտող են, թեեւ մարտի 1-ի իրադարձություններից հետո նաեւ այդպես կարելի է որակել: Ինչեւէ, կարեւորը դա չէ, այլ այն, որ 6 առաջարկ են ներկայացրել, այլ ոչ թե 5 կամ, Աստված մի արասցե, 4: Միանգամից 6 առաջարկներով ծանրաբեռնված ագոյականները ժամանել են Երեւան՝ խելք սովորեցնելու ազգիս մեծամեծերին ու ասելու, թե ինչպես պետք է հարցը լուծեն: Բացի խելամիտ խորհուրդներ տալուց, ագոյիկներն իրենց դժգոհությունն են հայտնել, որ պարզվում է, Հայաստանը համարձակվել է օրենք փոփոխել եվրոպացիների թույլտվությունը չհարցնելով: «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելը, պարզվում է, պատժելի արարք է, եւ մինչեւ պատժի չափը որոշելը, օրենքի փոփոխված տարբերակը ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, որը, պարզվում է, «մի շարք քննադատական եզրակացությունների է հանգել»: Այսպիսով, Հայաստանում ագոյականների արկածների մասին գրելիս պարզ է դառնում մի դառը ճշմարտություն՝ ազատ, անկախ Հայաստանը վաղուց արդեն վերածվել է Եվրոխորհրդին կից ինչ-որ կառույցի, որի ինքնուրույն յուրաքանչյուր քայլ պատժելի է եւ դատապարտելի: Հետեւաբար, Ագոյի հրաշամանուկների հեռանալուց հետո մենք դեռ ականատես կլինենք նմանատիպ մի շարք այլ եվրոպական կազմակերպությունների այցերի, որոնք լուրջ դեմքով մեզ խորհուրդներ կտան, թե ինչ անել եւ երբ անել: Ինչեւէ, ագոյիկները նաեւ պահանջներ են ներկայացրել, մասնավորապես՝ «պարբերաբար իրենց տեղեկացնել 102 կալանավորվածների ազատ արձակման եւ դատավարությունների ընթացքի մասին»: Հավանաբար հաշվետու-զեկուցագրեր ագոյականներին կգրի անձամբ գլխավոր դատախազը, իսկ հայրենի ընդդիմությունը կհավաքի թաշկինակի անհրաժեշտ պաշարները եւ կշարունակի լաց լինել Եվրոպայից եկած ամեն մի ներկայացուցչի բաճկոնի վրա: Իշխանություններին էլ հարկավոր է ճիպոտների արտադրությունը կազմակերպել, Հայաստան ժամանած եւ ժամանելիք ագոյականներին նվիրելու համար, որպեսզի վերջիններս նույն այդ իշխանություններին պատժելու համար էլեկտրաշոկ չօգտագործեն:
Ագոյականների այցի միակ դրական արդյունքը թերեւս այն էր, որ մարդորսությունը Հյուսիսային պողոտայում դադարեցվեց, գոնե ժամանակավորապես:
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ

No comments: