Wednesday, April 02, 2008

ՀԱՎԱՏԱԼ ՍԵՓԱԿԱՆ ԱՉՔԵՐԻՆ, ԹԵ՞...

Լեւոն Տեր-Պետրոսյանն առավել եռանդով է իրականացնելու իր «ծրագիր մինիմումը»

Ամենեւին էլ հաճելի չէ վերհիշել մարտի 1-2-ի դեպքերը, բայց անկարգությունները հրահրողների հայտարարություններն ու այդ դեպքերի մեկնաբանությունները, հասարակության որոշ մասի մեջ դրանց ընկալումները պարզապես հարկադրում են մեկ անգամ եւս խոսել դրանց մասին, միմյանցից առանձնացնել իրականությունն ու բացահայտ կեղծիքը, պարզաբանել այդ դեպքերի իրական պատճառներն ու գլխավոր հրահրողին:
Մարտի 2-ին, անկարգությունների հրահրման հաջորդ իսկ օրը, հավատարիմ ապատեղեկատվությամբ լի նախընտրական քարոզարշավին, նախկին նախագահի կողմից շրջանառության դրվեց այսպես կոչված սադրիչների մասին լուրը, որոնք հրահրել են անկարգությունները, որոնք իբր իշխանությունների մարդիկ են եղել եւ ոչ մի կապ չունեն Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքների մասնակիցների հետ: Ծիծաղելի է, բայց բնակչության մեջ կա մի հատված, որը հավատում է այս վարկածին: Մինչդեռ քիչ թե շատ մտածելու կամ տրամաբանելու ունակություն ունեցող անձը կարող է առանց դժվարության իր համար պարզել դրա մտացածին լինելը:
Գաղտնիք չէ, որ նախկին նախագահը ամիսներ շարունակ ատելություն ու անհանդուրժողականություն էր բորբոքում իր կողմնակիցների մեջ, ինչն արտահայտվում էր այդ մարդկանց գործողություններում դեռ մինչեւ մարտի 1-ը: Բավական է հիշեցնել հանրահավաքների ժամանակ ամբոխի՝ «հիմա, հիմա» վանկարկումները, երբ հռետորները խոսում էին պետական կամ կառավարական այս կամ այն շենքը գրոհելու մասին: Կամ «Հին Էրիվան» ռեստորանից Սերժ Սարգսյանի նկարը իջեցնելու փորձերը, կամ Վազգեն Մանուկյանին, Արթուր Բաղդասարյանին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից «դավաճաններ» արտահայտություններին հանրահավաքի մասնակիցների հավանություն տվող եւ ագրեսիվ արձագանքները եւ այլն: Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել: Մի հավաքական օրինակ էր նախկին նախագահի ամբողջ քարոզարշավը: Այս ամենին ականատես մարդիկ պետք է հասկանան, որ որեւէ սադրանք անհրաժեշտ չէ ՀՀՇ-ական քարոզարշավի ազդեցությամբ զայրացածներին անկարգությունների եւ ագրեսիվ գործողությունների մղելու համար:
Երկրորդ կարեւոր հանգամանքը, որ պետք է առավել ակնառու դարձներ Լեւոն Տեր-Պետրոսյանից տարածվող սուտը, սեփական աչքերին, այլ ոչ թե սրա կամ նրա ասածներին հավատալն է: Այդ նույն ագրեսիվությունը, հազարավոր ցուցարարների անհանդուրժողականությունը երեւում էր մարտի 1-ի վերաբերյալ նկարահանումներից: Դա երեւում է անգամ նրանցից, ովքեր չեն մասնակցել այդ դեպքերին, բայց պատրաստ են այլ տեսակետ ունեցողին «դավաճան» պիտակավորել, չմոռանալով սպառնալ, որ «դեռ կտեսնեն, թե ինչ է լինելու»: Կարծես թե մեր տեսածը քիչ էր: Ուղղակի ապշեցուցիչ է, որ որոշ մարդիկ շարունակում են հավատալ տարածվող ստին եւ կարծես զրկվել են տեսողությունից ու դատողությունից, դարձել զոմբիացված եւ ամեն ձեւ ընդունելու պատրաստ զանգված: Շատերը դա պայմանավորում են բնակչության մի զգալի մասի սոցիալական վիճակով եւ իշխանություններից դժգոհություններով:
Այն, որ իշխանություններից դժգոհելու բազում առիթներ մեզանից յուրաքանչյուրն ունի, հերքման ենթակա չէ: Հերքման ենթակա չէ, որ այդ դժգոհություններն ամենուր են՝ դատական համակարգում, սոցիալական ծառայություններում, նախարարություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դպրոցներում, հիվանդանոցներում, հասարակական տրանսպորտում եւ այլուր: Սակայն քչերն են հարց տալիս՝ մի՞թե այդ դժգոհություններն ավելի քիչ էին 5, 10 տարի առաջ: Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այդ դժգոհությունները հենց նույն Լեւոն Տեր-Պետրոսյանի «հմուտ» կառավարման տարիներին են առաջացել եւ դրանք անհամեմատելիորեն մեծ էին այսօրվա համեմատ:
Բնական է, որ 5, 10 տարի առաջ եւ, առավել եւս, դրանից էլ առաջ այդ դժգոհություններն ավելին են եղել եւ սոցիալական վատ վիճակի մեջ ավելի շատ թվով մարդիկ են եղել: Սակայն այդ դժգոհությունները չեն վերածվել պետությունը կործանելուն ուղղված գործելակերպի կամ, այլ կերպ ասած, նստած ճյուղը կտրելուն: Մարդիկ, ովքեր ընդունել են Լեւոն Տեր-Պետրոսյանի ոգեշնչած այդ գործելակերպը, պետք է հասկանան, որ ճյուղը կտրելուց իրենք են տուժելու, այլ ոչ թե նախկին նախագահը: Վերջինս հաստատ կգտնի Հայաստանից հեռու տաքուկ մի վայր, որտեղ ընտրություններից մի քանի ամիս առաջ իր որդուն էր ուղարկել: Այդ մարդիկ պետք է հասկանան, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին բացարձակապես չեն հետաքրքրում նրանց ճակատագրերը, որ օգտագործելով նրանց դժգոհությունները, նախկին նախագահը միայն իր նպատակներին է ձգտելու: Ապացույցը մարտի 1-ի դեպքերի զոհերի նկատմամբ սեփական մեղքից հրաժարվելն էր, դրանից 1-2 օր հետո նրա ինքնագոհ կեցվածքն ու ուրախ տրամադրությունն էր Սահմանադրական դատարանում, երբ այդ զոհերը դեռ թաղված չէին:
Այսինքն, կարելի է միանշանակ փաստել, որ անկարգությունների պատճառները ոչ թե եւ ոչ այնքան բնակչության մի մասի սոցիալական վիճակն է կամ դժգոհությունները իշխանություններից, այլ մարդկանց ագրեսիվ գործողությունների հրահրելը: Այլապես մյուս թեկնածուներին ընտրածների մեջ էլ քիչ չէին սոցիալական վատ վիճակում գտնվողները, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրողների մեջ՝ վերջին 5-6 տարիներին ապահովված դարձածները:
Միաժամանակ, սա չի կարող արդարացում լինել իշխանությունների համար, որոնք պետք է մշտապես իմանան, որ իրենք կոչված են մարդկանց խնդիրները լուծելու, օբյեկտիվ դժգոհությունները նվազեցնելու: Եվ դա արդեն նոր նախագահը պարտավոր է անել անկախ ամեն ինչից, անկախ այս կամ այն անձից, անկախ նրանից, որ վաղը կարող է հայտնվել մեկ այլ արկածախնդիր եւ օգտագործելով այդ դժգոհությունները, փորձել քանդել մեր բանակը, պետական կառավարման համակարգը, իրավապահ մարմինները, մի խոսքով՝ մեր պետականությունը: Դժբախտաբար, մեզանում դեռեւս քիչ չեն կեղծ մարգարեներին եւ մեսիաներին հավատացողները:
Ինչ մնում է այսօրվան, ապա չի կարելի ասել, որ վտանգը վերացել է: Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակելու է իր քայքայիչ, պետականության հիմքերը խարխլող, արտաքին ուժերի միջամտությունը հրավիրող գործողությունները: Եվ դա նա կանի առավել մեծ չարությամբ, նկատի ունենալով, որ իր եւ իր արտերկրյա հովանավորների հետապնդած «ծրագիր մաքսիմումը»՝ Հայաստանում գունավոր հեղափոխություն իրականացնելը, չհաջողվեց: Հետեւաբար, մնում է առավել եռանդով իրականացնել «ծրագիր մինիմումը», այդուհանդերձ, չհրաժարվելով «ծրագիր մաքսիմում» դարձնելու մտքից...
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

No comments: