Wednesday, April 09, 2008

ՕՍԿԱՆՅԱՆԸ ԳՆՈՒՄ Է, ԻՍԿ ԹԵ Ո՞Վ Է ԳԱԼԻՍ` ՉԵՆ ԱՍՈՒՄ

Կունենա՞նք նախաձեռնող արտաքին գիծ, թե ավանդույթի համաձայն, երանի կտանք գնացածին...
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ.
Ասում են, թե կյանքը պատահականությունների, զուգադիպությունների շարան է, անկանոն կանոնավորված շարժում, ընթացք, որ ավելի հաճախ իներցիոն բնութագրականներ ունի, քան պատճառահետեւանքային կապ կամ հիմնավորվածություն: Սակայն այս որակումները բնավ էլ քաղաքականությանը չեն վերաբերում, առավել եւս` արտաքին, քանի որ այստեղ իրավիճակն այնպիսին է, որ բոլոր հնարավոր ու անհնար պատահականություններն ու գիտակցված եւ ծրագրված քայլերը պետք է հաշվի առնվեն:
Վաղը, մեր տեղեկություններով, Հայաստանի արտգործնախարարությունում նախարար Վարդան Օսկանյանը հրաժեշտ է տալու իր ղեկավարած գերատեսչության աշխատակիցներին: Ու, թերեւս, արտաքին իրականության վերջին իրադարձությունների ֆոնին տարիների վաստակն ու կոմպլեմենտարության արդյունքում ձեւավորված սարսափելի զգուշավորությունը պետք է հասնեին իրենց տրամաբանական ավարտին:
Վարդան Օսկանյանն այլեւս արտգործնախարար չի լինի վաղը, իսկ այսօր դեռ պատասխանատուն է արտաքին քաղաքականության վերջին շրջանի անհաջողությունների ու մեկընդմիշտ մնալու է կրողը նաեւ նույն այդ քաղաքական ասպարեզի հաջողությունների: Ամեն դեպքում, որքան էլ շնորհակալանքի ու գնահատանքի արժանի լինի արտգործնախարարը, բնավ էլ դա չի որոշում այսօրվա արտաքին քաղաքական իրավիճակի թուլությունը:
Հայաստանն արդեն մի երկար ժամանակ կարիք ունի նախաձեռնող, համարձակ քայլերի գնացող արտաքին քաղաքականության, որ վերջին շրջանում հավասարապես չէին դրսեւորում ոչ միայն արտգործնախարարը, այլեւ երկրի նախագահը: Մյուս կողմից, մի շարք օրախնդիր հարցեր բարդագույն իրողությունների առաջ կարող են կանգնեցնել արտգործնախարարության ղեկավար դառնալու նկրտումներ ունեցող ուզածդ մեկին:
Մասնավորապես, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի անցկացրած բանաձեւից հետո նույն այդ որակի հարթակներում Հայաստանը ինքնադրսեւորման խնդիր ունի: Այս առնչությամբ էլ արտգործնախարարությունը ժամանակին գործելու փոխարեն նախընտրեց պաշտպանվել, թե բանաձեւը իրավական ուժ չունեցող խորհրդատվական փաստաթուղթ է, մինչդեռ պետք էր նախապես անել հնարավորը ոչ թե մի քանի երկրների ձեռնպահ մնալով գոհանալու, այլ կողմ արտահայտվողներին տարհամոզելու ուղղությամբ:
Չարվեց, ճիշտ այնպես, ինչպես ՀՀ մի շարք ներկայացուցչություններում, դեսպանություններում, հյուպատոսություններում: Եվ քանի որ մարտյան իրադարձություններն ի հայտ բերեցին նաեւ արտգործնախարարության համակարգում կադրային խնդիրներ, ակնհայտ դարձավ, որ աշխատելը տվյալ դեպքում գերադասելի չի եղել չաշխատելուց: Արդյունքներն էլ, ինչպես տեսնում ենք, իրենց սպասել չտվեցին:
Եվս մեկ օրինակ կարելի է բերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ հայաստանյան հարաբերությունների տիրույթից: Մասնավորապես, այսօր Հայաստանի նախագահի երդմնակալության արարողությանը կմասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ, ԱՄՆ Հադսոնի ինստիտուտի եվրասիական քաղաքականության հարցերով ծրագրի ղեկավար Զեյնո Բարանի ամուսին Մեթյու Բրայզան:
Եթե հաշվի առնենք միայն վերը նշվածը, արդեն իսկ բավարար է շատախոս, ամեն առիթով չգիտես էլ ինչ տրամաբանությամբ ամերիկյան գնահատականներով ամեն ինչ հեղեղող Բրայզային Մինսկի խմբից դուրս հրավիրելու համար: Իսկ եթե հավելենք, որ ղարաբաղյան հարցում միջնորդ ներկայացվող Բրայզան ինքն իրեն մասնագետ դիվանագետ է որակում կնոջ հետ հարաբերություններում իր աշխատանքի անկախությունը պահելու հարցում այն դեպքում, երբ նույն Զեյնո Բարանը արդեն որերորդ անգամ ադրբեջանամետ դիրքորոշումներով հարցազրույցներ է տալիս, այցելում է սիրելի հարեւաններին ու արժանանում Ալիեւի ընդունելությանը, ապա Հայաստանի արտգործնախարարության լռությունը ուղղակի սխալ է` ինչքան էլ կոմպլեմենտար լինի մեր կեցվածքը:
Ամեն դեպքում, Օսկանյանի հետ թերեւս փակենք նաեւ կոմպլեմենտարության շրջանը... Ու դառնանք ավելի նախաձեռնող, սակայն ո՞ւմ հետ` սա դեռ մնում է խնդիր: Շրջանառվող հավանական թեկնածուական անուններից դժվար է որեւէ մեկի պարագայում արտաքին քաղաքականության հաջողությունների մասին երազելը, թերեւս բացառությամբ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդուարդ Նալբանդյանի պարագայի, որ եւս, իր հերթին, ոչ մի երաշխավորված վիճակի հնարավորության մասին մտածելու առիթ չի տալիս:

No comments: