Friday, April 25, 2008

«ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ԱՌԱՋԱՐԿԸ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ Է»


Ապրիլի 24-ին Փարիզի Կոմիտասի արձանին հարող հրապարակում հայտարարել է Ֆրանսիայի մասոնների մեծ վարպետ Քիյարդեն

Ապրիլի 18-ի համարում, հենվելով թուրքական լրատվամիջոցների վրա, «Ազգը» տեղեկացրել էր, որ ապրիլի 24-ին ֆրանսահայերի հետ Մեծ եղեռնի ոգեկոչման միջոցառումներին կմասնակցեն Ֆրանսիայի մասոնները, ֆրանսիական Մասոնական Մեծ Արեւելք օթյակի մեծ վարպետ Ժան-Միշել Քիյարդեն ելույթ կունենա Փարիզի Կոմիտասի արձանին հարող Կոնկորդ հրապարակում: Միաժամանակ նշվել էր, որ Ֆրանսիայի Մեծ Արեւելք օթյակի մեծ վարպետը երկու տարի առաջ Թուրքիա այցելելիս, երկրում Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստելու խնդիր է դրել թուրք մասոնների առջեւ:

Երեկ «Առավոտն» էլ գրել է, որ Հայոց ցեղասպանությունը Հայաստանում դատապարտելու համար արդեն 2-րդ անգամ Երեւան են ժամանում եւ Մեծ եղեռնի հուշարձանին ծաղկեպսակ են դնում Ֆրանսիայի վերոհիշյալ օթյակի ներկայացուցիչները, որոնց այս տարի գլխավորել է Մեծ Արեւելք օթյակի փոխնախագահ Անդրե Աբը:

Թուրքական Ազատ մասոնների մեծ օթյակի առջեւ «երկրում Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստելու» խնդիր դնելը, ապրիլի 24-ին ինչպես Փարիզում, այնպես էլ Երեւանում Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելը Ֆրանսիայի Մասոնական Մեծ Արեւելք օթյակի տեսանկյունից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը նպաստող լուրջ նախաձեռնություն է եւ չափազանց ուշագրավ:

Այս ամենի առումով, ավելի քան ուշագրավ է եղել մեծ վարպետ Քիյարդեի, «Զամանի» վկայությամբ, առեղծվածային հանդիպումը Եվրոհանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոսոյի հետ, որը տեղի էր ունեցել ապրիլի 8-ին: Թուրքական թերթին հաջողվել է պարզել, որ Մեծ Արեւելք օթյակի մեծ վարպետը Բարոսոյի հետ Թուրքիայի քաղաքական զարգացումներին առնչվող խնդիրները քննարկելիս, անդրադարձել է նաեւ Մեծ եղեռնին, մատնանշելով. «Աշխարհիկության խնդիրը շատ կարեւոր է: Սակայն կա նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիր, որը նախապայման է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար»:

Թուրքական թերթը անդրադառնում է նաեւ մեծ վարպետի փարիզյան ելույթին, որը նա ապրիլի 24-ին ունեցել է Կոմիտասի արձանին հարող Կոնկորդ հրապարակում: Ըստ «Զամանի», Քիյարդեն նշանառության թիրախ էր դարձրել Թուրքիային, ասել էր, որ անհրաժեշտության դեպքում քաղաքական գործիչները կարող են պատմությանը վերաբերող որոշումներ կայացնել: Նա իր ելույթն սկսել է. «Ես էլ եմ հայ» արտահայտությամբ, խոստանալով ամեն տեսակի աջակցություն հայերին: Մեծ վարպետ Քիյարդեն միաժամանակ խոսք է տվել մասոն սենատորների միջոցով հասնելու 2006-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած «Հայոց ցեղասպանության ուրացման համար» պատիժ սահմանող օրինագծի հաստատմանը Սենատում: Նա ներկաներին տեղյակ է պահել, թե Թուրքիա այցելելիս, երկրում Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստելու ինչպիսի խնդիր է դրել թուրքական Ազատ մասոնների մեծ օթյակի առջեւ:

Մեծ վարպետ Ժան-Միշել Քիյարդեն ներկաներին հիշեցրել է նաեւ «1915-ի իրադարձությունների ուսումնասիրման համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու» Անկարայի առաջարկը եւ դրա առնչությամբ ընդգծել. «Կատարյալ անհեթեթություն է: Մի՞թե հիմա պատմաբանների հանձնաժողով ենք ստեղծելու ճշտելու համար՝ գազախցիկներ եղե՞լ են, թե՞ ոչ համակենտրոնացման ճամբարներում»:

Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments: