Friday, April 25, 2008

ԱՐՄԵՆՈՑԻԴ

Արմենոցիդ (armenocide)` հայասպանություն. այս տերմինով է արաբ հայտնի պատմաբան Մուսա Պրենսը բնութագրել 93 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայկական ողբերգությունը: Եթե հայտնի լեհ իրավապաշտպան Ռաֆայել Լեմկեն ստեղծելով գենոցիդ (genocide)` ցեղասպանություն բառը եւ միավորելով լատինա-հունական ցեղ ու սպանություն բառերը ցանկանում էր ցույց տալ ողջ այն արհավիրքը, որը սպառնում է զանգվածային կոտորածների ենթարկված ժողովրդին, ապա Արմենոցիդ արտահայտությունը կոնկրետավորում եւ հարցին էթնիկ բնութագրում է տալիս: Ըստ պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի, Արմենոցիդ արտահայտությունը «ոչ միայն լեզվական, այլեւ քաղաքական եզր է, որը շատ կոնկրետ էթնոքաղաքական բովանդակություն ունի: Դրա տակ հստակորեն հասկացվում է արմենների` հայերի, որպես ցեղատեսակի, էթնոսի ամբողջական ոչնչացում: Նա այն աստիճան հստակ է ու կոնկրետ, որ այլընտրանքային մեկնաբանության տեղիք չի տալիս»: 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության տարածքում` Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցած հայկական ողբերգությունը փոխեց մի ամբողջ ազգի ճակատագիր եւ մխրճվելով ժողովրդի հիշողության մեջ, դարձավ ե՛ւ խարան, ե՛ւ ապրելու ու մաքառելու պահանջ: Տեղի ունեցած ողբերգությունը խոր սպի է թողել ժողովրդի ճակատագրում` ամբողջովին փոխելով նրա պատմությունը, զարգացման ու գոյատեւման ողջ ընթացքը: Թեեւ անցել է 93 տարի, սակայն այսօր էլ մենք գոյության պայքար ենք մղում` ցանկանալով մեզ հնարավորինս ապահովել նման արհավիրքների կրկնությունից, իսկ դրանք բացառելու համար կարեւոր է հասկանալ Արմենոցիդի առաջացման պատմական եւ քաղաքական դրդապատճառները:

Արմենոցիդի պատմական ու քաղաքական պատճառները

Եթե խոսելու լինենք հայ ժողովրդի պատմության մասին, ապա կարող ենք համարձակորեն բաժանել երկու մասի. մինչեւ ցեղասպանությունը եւ ցեղասպանությունից հետո: Մեր պատմության այս ջրբաժանը, որը մենք կոչում ենք Եղեռն, Ցեղասպանություն, հայկական կոտորածներ եւ վերջապես Արմենոցիդ, լուրջ ուսումնասիրման եւ վերլուծության կարիք ունի հատկապես Հայաստանի երրորդ Հանրապետության անվտանգությունը մշակելու տեսանկյունից:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը` Արմենոցիդին, պետք է նշենք, որ այն հնարավոր եղավ պատմական մի շարք իրադարձությունների` Օսմանյան կայսրության քայքայման, Առաջին համաշխարհային պատերազմի առկայության եւ թուրանական պետության ստեղծման ազգայնամոլական գաղափարախոսության հզորացման պայմաններում: Կարող ենք ասել, որ այս իրադարձությունները, սակայն, միայն եկան ավարտելու այն քաղաքականությունը, որն Օսմանյան կայսրությունը վարում էր հայության հանդեպ իր ստեղծման օրվանից: Ընդհանրապես անդրադառնալով Օսմանյան կայսրության ստեղծման եւ գոյատեւման պատմությանը՝ պետք է նկատենք, որ իր գոյությամբ եւ երկարակեցությամբ այն յուրատեսակ բռնապետական կայսրություն էր: Մինչ այդ կամ այդ շրջանում գործող նմանատիպ կայսրությունները, բացի զուտ ռազմական հզորությունից, ստեղծվում էին նաեւ տնտեսական ու մշակութային էքսպանսիայի շնորհիվ: Նախկինում կայսրություն ձեւավորող մետրոպոլիան իր տնտեսական, քաղաքական եւ մշակութային զարգացման մակարդակով գերազանցում էր կայսրության տիրապետության տակ գտնվող ժողովուրդներին, ինչը հնարավորություն էր տալիս ակտիվորեն ներազդելու այդ երկրների ու ժողովուրդների վրա՝ վերջիններիս իրենց տիրապետության տակ պահելու համար: Ի տարբերություն այս ամենի՝ թուրքերի ստեղծած կայսրությունում վերը նշված տնտեսական, ռազմական եւ մշակութային գործոններից միայն մեկը կար` ռազմականը: Այսինքն` կայսրություն ստեղծող ժողովուրդը` թուրքերը, գտնվելով զարգացման ավելի ցածր մակարդակի վրա, քան կայսրության մյուս ժողովուրդները, այդ ազգերին կարող էր իր տիրապետության տակ պահել միայն զենքի ուժով: Չկար կայսրությունը միավորող գաղափարական, քաղաքական, էթնիկ կամ մշակութային ընդհանրություն: Միայն զենքի ուժն էր, որ թուրքերին հնարավորություն տվեց դարեր շարունակ պահելու այն: Տնտեսական, մշակութային ու քաղաքական զարգացման աստիճանով գտնվելով ավելի ցածր մակարդակի վրա, քան կայսրության մյուս ժողովուրդները, թուրքերը կարող էին միայն վերցնել, չտալով ոչինչ: Ինչպես գրում է հայտնի արաբ փիլիսոփա Շակիկ Ղարբալը, «Օսմանյան կայսրությունը չէր հիմնված կրոնական, քաղաքական կամ սոցիալական նոր գաղափարի վրա, ընդհակառակը՝ հիմնված էր պատերազմների եւ էքսպանսիայի վրա» (Ն. Հովհաննիսյան «Հայոց ցեղասպանությունը արաբական պատմագիտության լույսի ներքո»): Այս հատկությունը արտահայտվեց նաեւ նրանում, որ Կենտրոնական Ասիայից քոչվոր վաչկատու ցեղախմբերը` հայտնվելով Փոքր Ասիայում եւ կտրված լինելով իրենց բնօրրանից, նպատակ ունեին վերցնել նաեւ այդ տարածքները՝ դարձնելով իրենց համար բնակության մշտական վայր: Իսկ դա հնարավոր էր անել միայն երկու ճանապարհով ՝ կամ տեղի ազգերին ուծացնելով, կամ էլ բնաջնջելով: Եթե առաջինը բավականին բարդ խնդիր էր, քանի որ այս տարածքներում ապրող ազգերը` հայերը, հույները, արաբները, ասորիները եւ այլք, ինչպես արդեն նշեցինք, իրենց զարգացման ու մշակութային մակարդակով գերազանցում էին Օսմանյան կասրությունում դոմինանտ թուրքերին, ապա երկրորդ ուղին բավականին մատչելի եւ սրտամոտ էր նրանց: Վերջիններս այս գործում բավականին մեծ փորձ ունեին եւ իրենց ստեղծած աշխարհի ամենամեծ կայսրություններից մեկը պահում էին միմիայն զենքի ուժով ու դաժանությամբ: Սակայն եթե Օսմանյան կայսրության հզորության ու ծաղկման տարիներին հայրենիք ունենալու գաղափարը առաջնային չէր, ապա 19-րդ դարում արագ կերպով քայքայվող կայսրության հիմնադիր ժողովրդի` թուրքերի համար դա դարձավ կարեւոր: Կարող ենք ասել, որ սա եւս այդ կայսրության առանձնահատկություններից էր, այսինքն՝ երբ կայսրությունը չունի իր մետրոպոլիան: Մնացած կայսրությունները՝ Հռոմեական, Ռուսական, կամ Բրիտանական, քայքայվելուց հետո էլ ունեին իրենց բուն հայրենիքը, պատմական տարածքները, որտեղ իրենք կարող էին ապրել եւ շարունակել գոյատեւել: Օսմանյան կայսրության հիմնադիր թուրքերի հայրենիքը Կենտրոնական Ասիան ու Սիբիրն էին, ուր վերադառնալ նրանք չէին պատրաստվում, հետեւաբար պետք է ստեղծվեր սեփական հայրենիքը` մետրոպոլիան: Իսկ նման հայրենիք քոչվոր թուրքերի համար կարող էր դառնալ Փոքր Ասիան, որը ռազմավարական նշանակություն ուներ թե՛ իր աշխարհագրական դիրքով եւ թե՛ հետագայում նոր կայսրություն կառուցելու առումով: Իսկ այս տարածքներում հազարամյակներ շարունակ ապրում էին հայերը, հույները եւ ասորիները: Եվ քանի որ այս տարածքի սիրտը համարվող արեւելյան շրջանները զբաղեցնում էին հայերը, նրանք էլ առաջին հերթին դարձան հարձակման հիմնական թիրախը:

Օսմանյան կայսրության քայքայումը կանխելու համար թուրքերը փորձեցին առաջ քաշել տարբեր գաղափարախոսություններ, որոնք, ըստ նրանց, կարող էին միավորել կայսրությունում ապրող ժողովուրդներին: 19-րդ դարի երկրորդ կեսին առաջարկված նոր օսմանիզմի գաղափարը նպատակ ուներ միավորելու ժողովուրդների բանտ համարվող այդ կայսրության ազգերին, անկախ նրանց կրոնական ու էթնիկ պատկանելությունից: Օսմանիզմի գաղափարաբանների կարծիքով` վերկրոնական ու ազգային այս գաղափարախոսությունը հրապուրիչ կլիներ կայսրության մյուս ազգերի համար եւ հնարավորություն կստեղծեր կանխելու անջատողական այն տրամադրությունները, որոնք առկա էին թուրքերի ստրկացած ժողովուրդների մեջ: Սակայն ի սկզբանե էլ պարզ էր այս գաղափարախոսության արհեստականությունը եւ ողջ սնանկությունը, հետեւաբար օսմանիզմը չէր կարող դառնալ այն շաղախը, որը կմիավորեր Օսմանյան կայսրության ժողովուրդներին: Իրեն չարդարացրեց նաեւ Աբդուլ Համիդ Երկրորդի առաջ քաշած իսլամիզմի կամ պանիսլամիզմի քաղաքականությունը: Այս գաղափարախոսության նպատակն էր իսլամի քողի տակ միավորել կայսրությունում մեծամասնություն կազմող մահմեդական ազգերին եւ հատկապես ամենամեծ ժողովրդի` իսլամի հիմնադիր արաբներին: Սակայն արաբների համար թուրք սուլթանները չէին կարող դառնալ նոր խալիֆայության հիմնադիրները, հետեւաբար միավորումը իսլամի հողի վրա նույնպես չկայացավ: Օսմանիզմին եւ իսլամիզմին փոխարինելու եկան թուրքիզմի գաղափարախոսները: Սրանք, ի տարբերություն նախկինների, ընդունելով իրենց քոչվորական անցյալը, նպատակ ունեին ստեղծելու նոր կայսրություն, որի սիրտը պետք է լիներ Փոքր Ասիան, իսկ այն, ի տարբերություն քայքայվող կայսրության, պետք է տարածվեր դեպի Կովկաս, այնտեղից էլ Կենտրոնական Ասիա ու Սիբիր: Այսինքն` այն տարածքները, որտեղ ապրում էին թուրքալեզու ազգերը: Փաստորեն, այս գաղափարախոսությունը լինելով ընդգծված ազգայնամոլական՝ իր առջեւ նպատակ էր դնում վերադառնալու սեփական արմատներին եւ միավորելու բոլոր թուրքալեզու ազգերին: Այս գաղափարի իրականացման ճանապարհին կանգնած էին հայերը, որոնք սեպ էին դարձել Փոքր Ասիայի եւ Կովկասի թուրքալեզու ցեղերի միջեւ: Պանթուրքիզմի հետեւորդները նպատակ ունեին վարելու ակտիվ թուրքացման քաղաքականություն եւ իզուր չէ, որ երիտթուրքերի` «Իթթիհադ վե թերաքիի» իշխանության գալուց հետո արգելվեցին ազգային` հայկական, հունական, արաբական, եւ ազգային տիպի բոլոր միությունները:

Եվ այսպես, վերը շարադրվածից կարող ենք գալ հետեւյալ եզրակացության, որ Օսմանյան կայսրության պահպանման բոլոր փորձերը ձախողվել էին, ձախողվել էին նաեւ օսմանիզմի ու իսլամիզմի քաղաքականությունները: Թուրքացման քաղաքականությունը իրականացնելու համար ժամանակ չկար, հետեւաբար թուրքերը իրենց առջեւ նպատակ էին դրել ստեղծել մաքուր թուրքական պետություն՝ բնաջնջելով բոլոր ոչ թուրք ժողովուրդներին: Եվ այս ծրագրերի իրականացման ճանապարհին նրանց առջեւ կանգնած էր կայսրության ամենամեծ քրիստոնյա ժողովուրդը` հայությունը: Կարող ենք ասել, որ արդեն այդ շրջանում պարզ էր, որ հայության ճակատագիրը որոշված է:

Արմենոցիդն ու իսլամը

Հայոց ցեղասպանության ժամանակ իսլամի գործոնի դերի մասին շատ անգամ են գրել հայ եւ օտարերկրյա պատմաբանները, կարծիքներն այստեղ միանշանակ են. չնայած թուրքերի փորձին` օգտագործելու կրոնական գործոնը հայերի դեմ ջարդեր կազմակերպելու համար, այն չհաջողվեց: Օսմանյան կայսրության ամենամեծաքանակ ժողովուրդը` արաբները, չպաշտպանեց այս գաղափարը, մեծամասշտաբ միջկրոնական բախումներ կազմակերպել չհաջողվեց: Սակայն, չնայած այս փաստերին, մինչ օրս հայ հասարակության մեջ տիրապետում է այն կարծիքը, թե հայկական ջարդերը եղել են հենց կրոնական հողի վրա եւ որ իսլամական երկրներով շրջապատված հայերը դատապարտված են: Իրականության հետ ոչ մի առնչություն չունեցող այս գաղափարը ժամանակ առ ժամանակ շրջանառում են ներսի եւ դրսի տարբեր քաղաքական շրջանակները, ցույց տալու համար արտաքին քաղաքականության մեջ այլընտրանքի բացակայության փաստը: Սակայն իրականում օսմանյան վերջին սուլթան Մեհմեդ Հինգերորդի` քրիստոնյաներին սրբազան պատերազմ` ջիհադ հայտարարելու փաստը նպատակ էր հետապնդում արդարացնելու հայերի նկատմամբ կատարվելիք բռնությունները, զանգվածային կոտորածները ու այդ գործում բոլոր մահմեդականների ներգրավումը: Սակայն իսլամական աշխարհում մեծ հեղինակություն վայելող արաբ աստվածաբանները եւ կրոնական առաջնորդները չպաշտպանեցին ջիհադի գաղափարը: Հիջազի կառավարիչ եւ Մեքքայի շերիֆ Հուսեյն իբն Ալի ալ Հաշեմիին, որը սերում էր Մուհամմեդ մարգարեի տոհմից եւ համարվում էր ամենամեծ հեղինակությունը մահմեդական աշխարհում ու սուննի մահմեդականների հոգեւոր առաջնորդն էր, ոչ միայն չպաշտպանեց սուլթանի որոշումը, այլեւ իր տարածած հրամանագրով` ֆեթվայով պահանջեց բոլոր ուղղափառ մահմեդականներին օգնել հայերին եւ պաշտպանել նրանց: Շատ արաբ առաջնորդներ եւ հասարակ արաբ ժողովուրդը օգնում էին Դեր Զորի անապատներում հայտնված հայերին, իսկ թուրքական բանակի արաբական ջոկատները հրաժարվում էին կռվել հայերի դեմ: Թուրքերի փորձերը` օգտագործելու արաբներին Ուրֆայի հայության ինքնապաշտպանական կռիվները ճնշելու համար, ավարտվեցին անհաջողությամբ: Օսմանյան կասրության շատ վիլայեթների արաբ կառավարիչներն ուղղակի հրաժարվում էին կատարել հայերի տեղահանում եւ կոտորածներ կազմակերպելու մասին Կ.Պոլսից եկած հրամանները: Այստեղ կարեւոր է նշել մի փաստ եւս. Օսմանյան կայսրության քրիստոնյա բնակչության դեմ սրբազան պատերազմ սուլթան Մեհմեդ Հինգերորդը հայտարարեց դաշնակից, քրիստոնյա Գերմանիայի «օրհնությունը» ստանալուց հետո միայն: Ընդհանրապես պետք է նկատենք, որ այն ժամանակ, երբ մահմեդական արաբները վտանգելով իրենց կյանքը օգնում էին հայերին, քրիստոնյա Եվրոպան կամ օգնում էր թուրքերին (օրինակ` կայզերական Գերմանիամ, Ավստրո-Հունգարիան), կամ չտեսնելու էր տալիս Արեւմտյան Հայաստանում կատարվող զանգվածային ջարդերը: Անդրադառնալով եվրոպական տերությունների դիրքորոշմանը՝ նկատենք, որ այն երկակի էր. մի կողմից օգտագործելով հայկական հարցը, վերջիններս խառնվում էին կայսրության ներքին գործերին, հարուցելով թուրքերի դժգոհությունը, մյուս կողմից էլ շատ դեպքերում եվրոպացիների ակտիվությունն էր կանխում կամ դադարեցնում հայերի կոտորածները այս կամ այն վիլայեթում: Սակայն ասել, թե պատերազմի ժամանակ եվրոպական երկրները հնարավորություն չունեին ազդելու երիտթուրքերի քաղաքականության վրա, նույնպես չենք կարող: Այստեղ դեր խաղաց քաղաքական նպատակահարմարության գործոնը, այսինքն` աչք փակելով հայերի կոտորածի վրա, եվրոպացիները ցանկանում էին հետագայում դա օգտագործել Թուրքիային մեղադրանքներ ներկայացնելու համար, հերթական զիջումները կորզելու ակնկալիքով:

Արմենոցիդի պատմական դասերը

Մարդկության դեմ կատարված ամենազարհուրելի երեւույթի՝ ցեղասպանության` Արմենոցիդի ուսումնասիրությունը կարեւոր նշանակություն ունի ոչ միայն ժամանակակից սերունդի, այլեւ ներկա քաղաքական գործիչների եւ բոլոր նրանց համար, ովքեր ձեւավորում կամ այսպես թե այնպես ազդում են Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական ուղղությունների վրա: Հարկավոր է հասկանալ ամենակարեւորը, որ ժամանակակից Թուրքիան ձեւավորվել է Հայոց ցեղասպանության` Արմենոցիդի հետեւանքով: Չլիներ Հայոց ցեղասպանությունը, գոյություն չէր ունենա նաեւ ժամանակակից Թուրքիան, ներկա սահմաններում: Սա այն ճշմարտությունն է, որը լավ են հասկանում Անկարայի նախկին ու ներկա իշխանությունները, եւ այս փաստով է բացատրվում այն մերժողականությունը, որը նրանք դրսեւորում են ցեղասպանության ճանաչման փաստի նկատմամբ: Կարող եմ նույնիսկ պնդել, որ ժամանակակից Թուրքիային ցեղասպանության ճանաչումը վախեցնում է ոչ այնքան նյութական կամ հողային հատուցման պահանջ ներկայացնելու փաստով, որքան խնդրի բարոյական կողմով: Քեմալական Թուրքիան կառուցվել է կեղծ արժեքային համակարգի վրա, որտեղ որպես հերոս աստվածացվել են մարդիկ, որոնք կրում են ցեղասպանություն իրագործողի խարանը եւ, այդ ժողովրդի հերոսներն ու պետական հայտնի գործիչները իրականում քիչ բանով են տարբերվում մարդասպանից, որի ձեռքերը թաթախված են անմեղ մարդկանց արյան մեջ: Նման բացահայտումները, հատկապես Թուրքիայի ժամանակակից սերնդի համար, որը մեծամասնությամբ նույնիսկ տեղյակ չէ 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածի մասին, բարոյական հարված ու հավատի կորուստ կլինեն, ինչը իր հերթին կարող է հանգեցնել այդ պետության քայքայմանը: Իսկ որ սեփական հզորության ու բարոյական կերպարի ոչնչացումը կարող է կործանարար լինել ամեն մի պետության ու ազգի համար, արդեն պատմական ճշմարտություն է:

Այնպես որ, ուզենք թե չուզենք, փաստ է այն, որ Արմենոցիդի պատմական հիշողությունը հավերժ կմնա հայ ժողովրդի ճակատագրում, ձեւավորելով ու կողմնորոշելով նրա քաղաքականությունը ոչ միայն հարեւան Թուրքիայի, այլեւ այն երկրների հանդեպ, որոնք այսպես թե այնպես, իրենց ակտիվությամբ կամ անտարբերությամբ նպաստել են ցեղասպանության իրագործմանը: Միաժամանակ, այդ հիշողությունը հնարավորություն է տալիս հետագայում բացառելու Արմենոցիդի կրկնությունը ու երկրի ազգային անվտանգության համակարգը նման արհավիրքների բացառման սկզբունքով կառուցել:

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ

No comments: