Monday, April 07, 2008

ՆԱՄԱԿ, ՈՐԸ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԻՔ Է ՏԱԼԻՍ

Որովհետեւ «անտիսեմիտիզմի» որոնումներում ակամա խրախուսում է հայատյացությունը

«Ազգի» խմբագրություն են բերել մի նամակ: Ա. Հարությունյան ստորագրությամբ այդ նամակը հասցեագրված էր անձամբ ինձ, ոչ թե խմբագրությանը, ուստի եւ կարելի էր չպատասխանել, եթե հեղինակը չգրեր. «Ի դեմս Ձեզ եւս մեկ մտավորական եկավ լրացնելու ճորտերի բանակը, որը կոչված է ծառայելու ստին ու չարիքին` «ի փառս աթոռի»:
Ինչպե՞ս եմ ծառայել ստին ու կեղծիքին: Այդ հարցին պրն Հարությունյանը պատասխանում է. «Ուշադրությամբ ընթերցեցի մարտի 27-ին «Հայոց աշխարհում» տպագրված հարցազրույցը Ձեզ հետ: Ձեզ ուղղված «Ժառանգություն» կուսակցության կողմից Տեր-Պետրոսյանին պաշտպանելը, Ձեր կարծիքով, կապ ունի՞ արտաքին ինչ-ինչ ազդեցությունների հետ հարցին Դուք պատասխանում եք. «Ժառանգություն բառը անգլերեն «heritage» է, իսկ այդ անվամբ բոլոր կառույցները` ԱՄՆ-ում թե Եվրոպայում, առհասարակ, հրեական կառույցներ են»:
Եթե հրեական կառույցների հետ «heritage» հիմնադրամների առնչության մասին արտահայտվելը ստին եւ չարիքին ծառայել է, ապա ծառայում է նաեւ նամակի հեղինակը, որովհետեւ ինձ քննադատելիս ակամա ընդունում է այդ փաստը, գրելով. «Նույն տրամաբանությամբ կարելի է հետեւություն կատարել, որ Հայաստանի hանրապետական կուսակցությունը, Ժողովրդական կուսակցությունը... եւ այլն Մ. Նահանգներում, Ֆրանսիայում, Կանադայում եւ աշխարհի բազմաթիվ այլ երկրների նույն անունը կրող կուսակցությունների գործակալներ են, որոնց մեջ հրեաները քիչ թիվ չեն կազմում»:
Հատկանշական է, որ հեղինակն անձամբ ընդունելով հանդերձ աշխարհի բազմաթիվ երկրներում նույն անունը կրող կուսակցությունների մեջ ոչ քիչ թվով հրեաների առկայությունը, ինձ է մեղադրում. «Ի դեպ, ասեմ, որ ամենեւին չեմ ընդունում Ձեր անտիսեմիտիզմը»: Մինչդեռ ես հարցազրույցում ընդամենը արձանագրել եմ «heritage»-ի կապը հրեական կառույցների հետ, առանց մյուս կուսակցություններին` առավել եւս, նամակագրի վկայությամբ, նրանց կազմում ընդգրկված հրեաներին անդրադառնալու: Համենայն դեպս չեմ կարող ընդունել Հայաստանի եւ հայերի նկատմամբ ինչպես Իսրայելի, այնպես էլ ԱՄՆ-ի հրեական որոշ կառույցների բացասական դիրքորոշումը: Չեմ ընդունում նաեւ, անկախ էթնիկ ծագումից, հայի ազգանուն կրող եւ Հայաստանում թուրք-ադրբեջանական քարոզչություն ծավալող, առավել եւս ապրիլի 24-ին միմյանց «ր չպվՏՓՌՊՏՎ» արտահայտությամբ շնորհավորող թափթփուկների հայատյացությունը, որքան էլ դա, ի տարբերություն «անտիսեմիտիզմի», չդատապարտվի:
Ի դեպ, Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակը լկտիաբար անարգող այս թափթփուկները եւս Լեւոն Տեր-Պետրոսյանին են պաշտպանում, իսկ վերջինի խոսափողը դարձած «Հայկական ժամանակի» պես թերթեր Հոլոքոսթի բացառիկությունն ապահովելու առաջադրանքով ողջամտորեն շրջանցում կամ հեգնանքով են նշում ապրիլի 24-ի մասին: Այս թափթփուկներին ոչ ոք չի դատապարտում, ընդհակառակը, խրախուսում են, որովհետեւ հայատյացությունը «անտիսեմիտիզմի» կատեգորիա չէ:
Պրն Հարությունյանը քննադատելուց զատ հարցնում է. «Երբ Դուք աշխատում էիք Րաֆֆի Հովհաննիսյանի Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում, արդյոք Ձեր ստացած աշխատավարձը հրեական կառույցներից եկող գումարնե՞ր էին եւ եթե այդպես էր, ապա ինչո՞ւ այն ժամանակ այդ հարցը Ձեզ չէր մտահոգում»: Չէր էլ կարող մտահոգել, որովհետեւ ես կենտրոնում ընդմիջումներով աշխատել եմ 1994-ից մինչեւ 1997-ի փետրվարը, հարցազրույցում կենտրոնի անունը չեմ տվել, իսկ «Ժառանգություն» կուսակցությունը ստեղծվել է 2002-ին: Կենտրոնի անունը տալիս է նամակագիրը եւ հրեական կառույցների հետ կապն ակամա վերագրում է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի կենտրոնին:
Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանելու որոշման ընդունմանը Րաֆֆի Հովհաննիսյանի ԱՄՆ-ից վերադառնալուց անմիջապես հետո, որի համար պրն Հարությունյանն ինձ մեղադրում է «միտումնավոր ապատեղեկատվության» մեջ, եթե «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը ԱՄՆ-ում չի եղել, թեեւ քիչ հավանական է թվում, ԱՄՆ-ի հրեական կառույցների ձեռքերը երկար են, դրանք կհասնեն ե՛ւ Ստրասբուրգ, ե՛ւ Երեւան: Համենայն դեպս Տեր-Պետրոսյանին պաշտպանելու որոշումը ուշ երեկոյան ընդունելու մասին, կարծեմ փետրվարի 13-ին, հեռուստաէկրանից հայտարարել են «Ժառանգություն» կուսակցության պատգամավորները:
Նամակագիրն ինձ մեղադրում է նաեւ Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրվելու առնչությամբ Աբդուլլահ Գյուլին նամակով շնորհավորելու, առավել եւս այդ նամակում Հայոց ցեղասպանությունը «Great Armenian Dispossession» բառակապակցությամբ նենգափոխելու պատճառով Րաֆֆի Հովհաննիսյանին քննադատելու համար: Ավելին, նամակում հեղինակը բացատրում է, թե «հայերի մեծ ունեզրկումը» պարունակում է ոչ միայն «ցեղի ֆիզիկական ոչնչացման, կյանքից զրկելու, այլեւ մարդկանց հողից, հայրենիքից, մշակույթից, ազատությունից, արժանապատվությունից զրկելու իմաստներ»:
Նշենք, որ «հայրենազրկումը» «dispossession» բառի բառարանային 4-րդ իմաստն է, ընդ որում այդ իմաստը նշված բառին տալիս է համապատասխան ենթատեքստը միայն: Այնուամենայնիվ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժելու» կոնվենցիան կատարված «dispossession»-ի համար ոչ մի պատիժ չի սահմանում, որովհետեւ զանգվածային տեղահանությունն անգամ ցեղասպանություն համարող միջազգային այս փաստաթուղթը նույնիսկ հարկ չի համարում մարդկության դեմ կատարված հանցագործությունների մեջ հիշատակել նշված բառից բխող գործունեությունը: Եթե Հայոց ցեղասպանությունը ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիայում չհիշատակվող «dispossession» բառով փոխարինելը նենգափոխություն չէ, ապա դա ինչպե՞ս անվանել:
Հետեւաբար «ստին եւ չարիքին ծառայելու կոչված ճորտերի բանակը» լրացնում են նրանք, ովքեր «ի փառս հայատյացության», պաշտպանում եւ տուրք են տալիս հայատյաց տականքներին: Ի դեպ, որքան էլ Րաֆֆի Հովհաննիսյանը, լինելով 1991-ին ՀՀ արտգործնախարար, առնչվում էր աշխարհի տարբեր երկրների ղեկավարների եւ քաղաքական գործիչների հետ, այնուամենայնիվ, Թուրքիայի նախագահի պաշտոնում Աբդուլլահ Գյուլի թեկնածությունն առաջադրած «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը հիմնադրվել է 2001-ի օգոստոսին: Հետեւաբար Գյուլին հղած նրա շնորհավորական նամակը չէր կարող բխել անձնական ծանոթությունից:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: