Monday, April 07, 2008

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ ԽՈՍՔ ԱՆԳԱՄ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Արդշինինվեստբանկի» նոր գլխամասային գրասենյակի բացմանը նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության վերաբերյալ տրված հարցերին:
Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարի վերջին հայտարարությանն առնչվող հարցին, Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ Ադրբեջանը վերջին ժամանակներում սկսեց օգտագործել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը՝ ազդելու համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների վրա: Սա, ըստ նախագահի, պետք է ստիպի Հայաստանին պատասխանել դիրքորոշման խստացման ձեւով, եւ սկզբունքային հարցերում ու մոտեցումներում, բնականաբար, խոսք անգամ չի կարող լինել զիջումների մասին: Ադրբեջանը փորձելու է օգտագործել այդ վիճակը, եւ պետք է գիտակցել, որ Հայաստանի կայունությունն ու տնտեսական զարգացումը լավագույն երաշխիքն են Լեռնային Ղարաբաղի հարցում ամուր դիրքեր ունենալու համար:
Միաժամանակ, Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ չի բացառում Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը եւ, որ Հայաստանի իշխանությունները այդ քայլին կարող են գնալ ամեն պահի: Հայաստանի նախագահն ընդգծեց, որ Ադրբեջանի կեցվածքը եւ վերջին քայլերը ստիպում են հայկական կողմին ավելի վճռական լինել: Այն հարցին, թե Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը չի՞ բերի բանակցությունների դադարեցմանն ու պատերազմի վերսկսմանը, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, որ 10 տարվա ընթացքում երկու նման իրավիճակներ եղել են, եւ եթե ինքը կտրուկ դրսեւորում չցուցաբերեր, բանակցությունները կարող էին Հայաստանի համար անցանկալի զարգացում ունենալ: Սակայն, եթե անգամ իրադարձություններն այդ ընթացքն ունենան, ապա, նախագահի կարծիքով, չպետք է վախենանք դրանից եւ գնանք ինչ-որ զիջումների:
«Քրեորեն պատժելի արարք կատարողները պետք է պատժվեն օրենքով»
Մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ տրված հարցին Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, որ այսօր արդեն ակնհայտ է, որ անկարգությունները կազմակերպված բնույթ են կրել, եւ այդ ամբողջն արդեն վերականգնված է ժամ առ ժամ, րոպե առ րոպե: Այն մարդիկ, ովքեր այսօր փորձում են շահարկել քաղբանտարկյալների թեման, ըստ նախագահի, խոր հիասթափություն են ապրելու, երբ քննչական խմբի կողմից դատարան ուղարկված նյութերին ծանոթանան, տեսնելով, թե ում են նրանք պաշտպանել եւ ինչ հանցագործություններ կատարած մարդիկ են դրանք:
Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ երկխոսության կոչերի առնչությամբ տրված հարցին երկրի նախագահը պատասխանեց, որ չի կարծում, թե այդ կոչերն իրեն են ուղղված եւ որ քրեորեն պատժելի արարք կատարողները պետք է պատժվեն օրենքով: Սակայն նա չբացառեց, որ հաջորդ նախագահն ու հաջորդ կառավարությունը կարող են «ինչ-ինչ պատճառներով քննարկել այդ երկխոսությունը»:
Նախագահը անընդունելի է համարում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկն, ասելով, որ դրա անհրաժեշտությունը լինում է, երբ խորհրդարանը չի աշխատում: Պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանի ազատման պատճառների մասին խոսելով, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ դա պետք է դիտարկել իրադարձությունների ընդհանուր կոնտեքստի մեջ: Նա հայտնեց, որ փոխնախարարն ազատվել է արձակուրդից վերադառնալուց հետո:
Ժողովրդի տարբեր հատվածների միջեւ ատելության սերմանումը քրեորեն պատժելի արարք համարելու իր առաջարկը Ռոբերտ Քոչարյանը հետեւողականորեն պաշտպանելու է եւ փորձելու է, որ խորհրդարանական քաղաքական ուժերի եւ գործիչների կողմից այն ներկայացվի: Նա հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է պաշտպանվեն, ռասայական խտրականությունը համարվի քրեորեն դատապարտելի, իսկ ատելության սերմանումը հայ ժողովրդի տարբեր հատվածների միջեւ՝ ոչ:
Հայաստանի տնտեսությունը ի՞նչ վիճակում է Ռոբերտ Քոչարյանը փոխանցում իր հաջորդին հարցին վերջինս պատասխանեց, որ նկատի ունենալով անցած տարվա ցուցանիշները` կայուն զարգացման վիճակում: Այս տարվա մարտին որոշ անկում է արձանագրվել միայն առեւտրի ծավալների հետ կապված, ինչը կապված է ներքաղաքական իրավիճակի հետ: «Սակայն ակնհայտ է, որ այս ամենը հաղթահարվում է, եւ ես կասկած չունեմ, որ մենք այս տարին եւս շատ լուրջ ցուցանիշներով փակելու հնարավորություն ունենք», ասաց նախագահը, ավելացնելով, որ խորքային առումով մոտակա ժամանակներս Հայաստանի համար որեւէ խնդիր ինքը չի տեսնում:
Որոշե՞լ է, թե ինչով է զբաղվելու Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 9-ից հետո՝ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի տված հարցին նախագահը հրաժարվեց պատասխանելուց, ասելով, որ ինքն «առավել եւս չի ցանկանում պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցին», քանի որ վերջինս տանում է Հայաստանի պետականության քայքայման քարոզչություն:

No comments: