Friday, June 06, 2008

ԹՈՒՐՔ ԴԵՍՊԱՆԸ ՎՌՆԴՈՒՄ Է ՊԱՏՄԱԲԱՆԻՆ՝ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ստորեւ թարգմանաբար ներկայացվող Հարութ Սասունյանի հոդվածը եւս մի ապացույց է, որ թուրքական կառավարությունը լուրջ չի վերաբերվում Հայոց ցեղասպանությունը պատմաբանների (եւ ոչ թե քաղաքագետների) քննարկմանը թողնելու իր առաջարկություններին:

Քսաներեք տարի առաջ՝ 1985-ին Հյուստոնի համալսարանի պատմության ամբիոնի պրոֆեսորի օգնական Դոնալդ Քաթերթը եւ իր 68 թուրքամետ գործընկերները համատեղ մի հայտարարություն ստորագրեցին, որով հարցականի տակ էին դնում Հայոց ցեղասպանությունը եւ Մ. Նահանգների Կոնգրեսին կոչ էին անում չվավերացնել մարդկության դեմ գործված այդ ոճրագործության վերաբերյալ հուշագիր-բանաձեւը: Թուրք-ամերիկյան ասոցիացիաների ասամբլեայի ֆինանսավորած այդ հայտարարությունը 1985-ի մայիսի 19-ին կես էջի ծավալով տպագրվեց «Ուաշինգտոն փոստ» եւ «Նյու Յորք թայմս» թերթերում:

Պրոֆ. Քաթերթը եւ տասնյակ այլ պատմաբաններ համապատասխան ֆինանսավորում էին ստացել Թուրքական ուսումնասիրությունների ինստիտուտից (ԹՈՒԻ) եւ այլ թուրքական կազմակերպություններից: ԹՈՒԻ-ն հիմնադրվել էր Վաշինգտոնում 1982-ին՝ թուրքական կառավարության հատկացրած 3 միլիոն դոլար դրամաշնորհով: Երբ ես 1985-ի հոկտեմբերի 24-ին իմ հոդվածում նշեցի, որ այդ հայտարարությունը ստորագրողները գումարներ էին ստացել ԹՈՒԻ-ից, այդ հաստատության այն ժամանակվա գործադիր տնօրեն Հիթ Լոուին սպառնաց դատական գործ հարուցել իմ դեմ, եթե անմիջապես հերքում չտպագրեմ: Ես մերժեցի նրա առաջարկը, եւ իմ փաստաբանը սպառնաց նրա դեմ դատական գործ հարուցել: Ես տվյալներ ունեի, որ նրա մատը խառն էր այդ չարաբաստիկ հայտարարության խմբագրման եւ 69 ստորագրությունների հավաքման գործում: Նրանցից 12-ը ներկայումս ծառայում են ԹՈՒԻ-ի վարչական կազմում: Նրանց թվում են Լոուին եւ Ջաստին Մկքարթին:

Անցյալ շաբաթ անակնկալ մի շրջադարձ ստիպեց վերստին անդրադառնալ պրոֆ. Քաթերթին, որը 2001-2006-ը եղել էր ԹՈՒԻ-ի կառավարիչների վարչության նախագահը: Միջին Արեւելքի ուսումնասիրությունների ասոցիացիայի նախագահը նամակ էր հղել Թուրքիայի վարչապետ Էրդողանին, որտեղ իր զայրույթն էր հայտնում Քաթերթին պաշտոնից հեռացնելու առնչությամբ: Պրոֆ. Մերվաթ Հաթեմն իր նամակում նշել էր, որ պրոֆեսորին ստիպել են հրաժարական տալ, երբ նա մերժել է ԹՈՒԻ-ի պատվո նախագահ, Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նեբի Սենսոյի խնդրանքը կատարել եւ վերանայել Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի գրքի իր գրած գրախոսականը: Պրոֆ. Հաթեմն իր մտահոգությունն է արտահայտել, որ դրանով ԹՈՒԻ-ն կկորցնի ոչ քաղաքական հաստատություն լինելու իր համբավը:

Նա հիշեցրել է Էրդողանին, որ այդ պաշտոնազրկումը հակասում է թուրքական կառավարության գործադրած ջանքերին, եւ խնդրել, որ վարչապետը միջամտի եւ պրոֆեսորին վերականգնի իր պաշտոնում: Նամակից օրինակներ նա ուղարկել է դեսպան Սենսոյին, ԹՈՒԻ-ի վարչության եւ Ջորջթաուն համալսարանի (որտեղ տեղավորված է ԹՈՒԻ-ն) պրեզիդենտին:

Պրոֆ. Քաթերթի անախորժություններն սկսվեցին 2006-ի աշնանը, երբ «Միջճյուղային պատմական հանդեսում» տպագրվեց Դոնալդ Բլոքսհեմի «Ցեղասպանության մեծ խաղը: Իմպերիալիզմը, նացիոնալիզմը եւ օսմանյան հայերի կոտորածը» գրքի իր գրախոսականը, որտեղ նա համարձակ քննադատության ենթարկեց թուրք պատմաբաններին՝ ասելով, որ նրանցից շատերի ուսումնասիրությունները ֆինանսավորում եւ հրատարակում է թուրքական կառավարությունը: Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրք պատմաբանների «Լռության պատը քանդվում է» գրել էր նա եւ բացատրել, թե ինչու առաջին անգամ օգտագործում էր ցեղասպանություն բառը: «Կուտակված վկայությունները ցույց են տալիս, որ սպանություններն իրոք ծրագրված էին կենտրոնից՝ օսմանյան կառավարության պաշտոնյաների կողմից եւ հետեւողականորեն իրագործվում էին նրանց ստորադասների կողմից», գրել էր նա եւ եզրակացրել, որ «այն, ինչ պատահեց հայերին, լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի ցեղասպանության բնորոշմանը»:

ԹՈՒԻ-ի թղթակից անդամ պրոֆ. Ֆաթմա Գյոչեքն անցյալ շաբաթ «Արմինյն ռիփորթր» թերթին պարզաբանել է, որ պրոֆ. Քաթերթի պաշտոնազրկումից հետո վարչության 2 անդամներ հրաժարական էին տվել, իսկ 2 ուրիշներ եւ անձամբ ինքը եւս մտածում էին նույն քայլին դիմել: Հավաստի աղբյուրները բացահայտեցին, որ հրաժարական ներկայացնողները եղել են պրոֆ. Ռեսաթ Քասանբան (Վաշինգտոն, Սեաթլ համալսարանի միջազգային ուսումնասիրությունների ծրագրի ամբիոնի վարիչ) եւ Մարսի Պատոնը (Ֆերֆիլդ համալսարանի քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսորի օգնական):

Պրոֆ. Քաթերթի վերափոխումը կարելի է բացատրել իր իսկ գրքի («Օսմանյան կայսրությունը 1700-1922 թթ.») 2000-ի եւ 2005-ի հրատարակումները համեմատելով: Առաջին հրատարակման չափազանց զուսպ լեզվին փոխարինելու էին եկել ավելի համարձակ ձեւակերպումները, ինչպիսիք են, օրինակ, «սպանությունների ոճն ու ձեւը տարբեր վայրերում սարսռեցնող աստիճանի նման էին միմյանց, վկայակոչելով համակարգված ծրագրի գոյության մասին» եւ «վկայությունները խոսում են, որ Օսմանյան պետության բարձրաստիճան պաշտոնյաները, օգտագործելով հատուկ կազմակերպություններին, իրագործեցին կենտրոնի ծրագրած սպանությունները, որոնց զոհ գնացին զանգվածային թվով օսմանցի հայեր»: Իսկ 2006-ին գրած գրախոսականում նա եզրակացնում է, որ 1915-ին կատարվածը ցեղասպանություն էր:

Սրանով թուրք կառավարության ուսերին ծանրանում է մի նոր սկանդալային միջադեպ: Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանն իր արարքով խախտել է պատմաբանների ակադեմիական ազատության իրավունքները, դրանով իսկ մի ավելորդ անգամ բացահայտելով թուրքական կառավարության ոչ լուրջ վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հարցը պատմաբանների անաչառ ուսումնասիրություններին թողնելու առաջարկին:

Թարգմ. Հ. Ծ.

No comments: