Friday, August 01, 2008

ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՎԵՐՋԻՆ ԴԵՊՔԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ «ԵՐԿԻՐ» ՄԻՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԸ



2008-ի հուլիսի 17-ին Վրաստանի Սամցխե-Ջավախք տարածաշրջանի Ախալքալաք քաղաքում ոստիկանության պետ Սամվել Պետրոսյանի տան մոտակայքում տեղի ունեցավ պայթյուն, որից որեւէ տուժված չգրանցվեց:

Պայթյունից անմիջապես հետո ոստիկանությունը նախաձեռնեց հալածանքների մի աննախադեպ ալիք` ուղղված «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք քաղաքական շարժման ակտիվիստների դեմ: Այսպես, Դաշինքի անդամ 10-15 հոգի ծեծի եւ բռնության գործադրմամբ բերման ենթարկվեցին ոստիկանություն: Ոստիկանները ներխուժեցին Դաշինքին պատկանող Երիտասարդական ռադիոյի շենքը` ջարդելով մուտքի եւ սենյակների դռները եւ պատճառելով այլ ավերածություններ: Շենքում որեւէ զենք կամ զինամթերք չգտնվեց:

Հուլիսի 17-ին, ժամը 20:00-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաեւ քաղաքացիական հագուստով զինված անձինք, շուրջ 40 հոգի, ներխուժեցին «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամ Գուրգեն Շիրինյանի տուն: Գուրգենի հոր նկատմամբ բռնություն կիրառվեց, իսկ ոստիկաններից մեկը` Արթուր Բերուջանյան անունով սպանվեց: Ոստիկանությունը հայտարարեց, որ Գուրգեն Շիրինյանը դիմել է փախուստի. նրա հայրն ու հորաքույրը ձերբակալվեցին:

Հուլիսի 18-ին, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքը տարածեց հայտարարություն, որտեղ տեղի ունեցածը որակեց որպես սադրանք` ուղղված իրենց կառույցի կազմալուծմանը: Դաշինքը պահանջեց իշխանություններից տեղի ունեցածի անաչառ եւ մասնագիտական հետաքննություն, որը կբացահայտի կատարվածի իրական մեղավորներին:

Հուլիսի 20-ի կեսօրին սպանվեց Արմեն Գաբրիելյան անունով մեկ այլ ոստիկան: Այս անգամ իշխանությունները հայտարարեցին, որ սպանված ոստիկանը ինքնասպանություն է գործել:

Հուլիսի 21-ին՝ վաղ առավոտյան ժամը 4:00-ի սահմաններում զինված եւ դիմակավորված վրացի հատուկ ջոկատայիններ ներխուժեցին «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի տուն եւ ձերբակալեցին ընտանիքի բոլոր անդամներին: Ժամը 5:00-ի սահմաններում Վահագն Չախալյանի մայրը ազատ արձակվեց, բայց Վահագնը, նրա հայրը եւ նրա անչափահաս եղբայրը տեղափոխվեցին Ախալցխա նահանգային կենտրոն: Ավելի ուշ նրանք տեղափոխվեցին Թբիլիսի, որտեղ նրանք շարունակում են պահվել կալանքի տակ առ այսօր: Վահագն Չախալյանի, նրա հոր եւ եղբոր նախնական կալանքի ժամկետը անմիջապես երկարացվեց երկու ամսով:

Սրան զուգահեռաբար, հատուկջոկատայինները եւս մեկ անգամ ներխուժեցին Երիտասարդական ռադիոյի շենքը, բայց այս անգամ այնտեղ «գտնվեց» եւ առգրավվեց զենք եւ զինամթերք:

Ներկա դրությամբ իշխանությունները կալանքի տակ են պահում Գուրգեն Շիրինյանի հորը` Հարություն Շիրինյանին, Գուրգեն Շիրինյանի հորաքրոջը` Կարինե Շիրինյանին, ինչպես նաեւ` Վահագն Չախալյանին, Վահագն Չախալյանի հորը` Ռուբեն Չախալյանին եւ եղբորը` Արմեն Չախալյանին: Երիտասարդական ռադիոյի շենքը փակված ու կնքված է, այնտեղ գտնվող բոլոր համակարգիչները եւ այլ գույքը առգրավված են:

Հուլիսի 23-ին հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունը, Վրաստանում գործող իր «Երկիր-Վրաստան» մասնաճյուղի հետ համագործակցաբար, փաստաբանից, օպերատորից եւ միության անդամներից կազմված փաստահավաք խումբ ուղարկեց Ախալքալաք: Խումբը հարցազրույցներ անցկացրեց կալանավորված անձանց բարեկամների եւ հարեւանների, ինչպես նաեւ ոստիկանության աշխատակիցների հետ: Խումբը նաեւ այցելեց եւ նկարահանումներ կատարեց դեպքերի հիմնական վայրերում:

Արձանագրվեցին հետեւյալ փաստերը.

Ոստիկանության իրականացրած բոլոր ձերբակալություններն ուղեկցվել են կոպիտ խախտումներով: Բերման ենթարկված անձանցից եւ ոչ մեկը չի տեղեկացվել իր իրավունքների եւ իր դատավարական կարգավիճակի մասին.

Ձերբակալվածներից շատերը ենթարկվել են ծեծի ինչպես ձերբակալման պահին, այնպես էլ կալանքի տակ գտնվելու ընթացքում.

Հարկադրաբար ոստիկանության բաժին բերման ենթարկված անձինք հարցաքննվել են, ոմանք մի քանի ժամ շարունակ, սակայն նրանց ցուցմունքները չեն արձանագրվել համապատասխան քննչական գործողությունների արձանագրություններում.

Գուրգեն Շիրինյանի տան խուզարկության ընթացքում ոստիկանությունը զինամթերք էր «հայտնաբերել», սակայն այդ փաստը հաստատելու համար ընթերականներ չեն հրավիրվել.

Գուրգեն Շիրինյանի հորը չէր ներկայացվել խուզարկություն կատարելու դատարանի համապատասխան որոշում եւ չի տրամադրվել դրա օրինակը:

Ոստիկանության աշխատակիցները նվաստացուցիչ վերաբերմունք են ցուցաբերել Գուրգեն Շիրինյանի հարազատների նկատմամբ. մասնավորապես, Գուրգեն Շիրինյանի հորը ապտակ է հասցվել, նա այնուհետեւ դաժան ծեծի է ենթարկվել:

Գուրգեն Շիրինյանի հայրը եւ հորաքույրը ձերբակալվել, ապա նաեւ կալանավորվել են անօրինական, առանց որեւէ հիմքի եւ այն պատճառաբանությամբ, որ իբր իրավապահ մարմինները պետք է պարզեն, թե նրանց տնից հայտնաբերված զինամթերքը ո՞ւմ է պատկանում:

Չախալյանների տան խուզարկության ընթացքում եւս զենք-զինամթերք է «հայտնաբերվել», ինչը առիթ է հանդիսացել նրա եւ նրա ընտանիքի անդամների ձերբակալման համար: Սակայն այստեղ եւս ընթերականներ խուզարկությանը չեն մասնակցել:

Ո՛չ Վահագն Չախալյանին եւ ո՛չ էլ նրա ընտանիքի որեէ անդամի ցույց չի տրվել խուզարկություն կատարելու համապատասխան որոշումը:

Չախալյանի ընտանիքի անդամների ձերբակալությունը եւս ուղեկցվել է բռնությամբ, իսկ Ռուբեն, Վահագն եւ Արմեն Չախալյանների նկատմամբ ծեծ եւ սպառնալիքներ են գործադրվել:

Չախալյանի մայրը` Գայանե Չախալյանը եւս ձերբակալվել է: Նա ձերբակալվածի կարգավիճակով շուրջ մեկ ժամ պահվել է ոստիկանությունում, նրան հարցաքննել են, սակայն ցուցմունքը չեն արձանագրել: Վերջապես, նրան սպառնացել, այնուհետեւ ազատ են արձակել առանց որեւէ բացատրություն տալու:

Արմեն Չախալյանը, որը անչափահաս է, հարցաքննվել է առանց իր ծնողների կամ որեւէ անկողմնակալ չափահաս անձի մասնակցության:

Վերոնշյալ անձանցից բացի, որոնք շարունակում են մնալ կալանքի տակ, բազմաթիվ այլ անձինք ձերբակալվել էին, հարցաքննվել էին, նրանց բոլորին սպառնացել էին, շատերը ծեծվել, այնուհետեւ ազատ էին արձակվել առանց որեւէ բացատրության եւ նրանց ցուցմունքների համապատասխան կարգով արձանագրման:

«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքը 2006 թ. հոկտեմբերին մասնակցել էր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, նրան հաջողվել էր հավաքել ձայների 30%-ը եւ դրան համապատասխանաբար ստանալ 3 տեղ Ախալքալաքի սակրեբուլոյում (տեղական ինքնակառավարման մարմին): Այնուամենայնիվ, Դաշինքը չընդունեց ընտրությունների արդյունքները` հայտարարելով, որ դրանք կեղծված են: Դաշինքի առաջնորդները եւ հատկապես Վահագն Չախալյանը հետեւողական պայքար են մղում հայ փոքրամասնության իրավունքների համար: Հիմնվելով վերոնշյալ փաստերի վրա` «Երկիր» միությունը հաստատապես համոզված է, որ Չախալյանի ձերբակալությունը եւ դրան հաջորդած կալանքը բացառապես քաղաքական դրդապատճառներից են բխում:

«Երկիր» միությունը գտնում է, որ Ախալքալաքում տեղի ունեցած վերջին դեպքերը փոքրամասնությունների խնդիրներին իրական լուծումներ տալու վրացական իշխանությունների չկամության հետեւանք են: Փոխարենը վրացական իշխանությունները օրինական բողոքի ցանկացած դրսեւորում ճնշելու նպատակով գերադասում են բռնի ուժ կիրառել:

Արդ, «Երկիր» միությունը կոչ է անում վրացական իշխանություններին.

երաշխավորել Ախալքալաքի վերջին դեպքերի արդար եւ անկողմնակալ հետաքննությունը,

անհապաղ ազատ արձակել Վահագն Չախալյանի եւ Գուրգեն Շիրինյանի բոլոր ազգականներին,

անհապաղ հետաքննել մարդու իրավունքի խախտման բոլոր դեպքերը, որոնք տեղի են ունեցել Ախալքալաքի վերջին իրադարձությունների ընթացքում, եւ, հատկապես, մարդու իրավունքների խախտումները, որոնք տեղի են ունեցել ձերբակալությունների, հարցաքննումների եւ կալանավորման ժամանակ,

իրականացնել ազգությամբ հայ երկու ոստիկանների սպանության դեպքի արդար եւ անկողմնակալ հետաքննություն,

երաշխավորել արդար եւ անկողմնակալ դատավարության Վահագն Չախալյանի իրավունքը:

«Երկիր» միությունը նաեւ կոչ է անում Վրաստանում օտարերկրյա ներկայացուցչություններին, միջազգային կազմակերպություններին եւ կառույցներին, միջազգային եւ տեղական իրավապաշտպան կազմակերպություններին եւ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան պրն Սուբարիին.

ճանաչել Վահագն Չախալյանին եւ նրա բոլոր կալանավորված ազգականներին, ինչպես նաեւ Գուրգեն Շիրինյանի ազգականներին որպես քաղբանտարկյալների,

համապատասխան քայլեր ձեռնարկել դեպքի առիթով կալանավորված բոլոր անձանց կալանքի պայմանների դիտարկում կատարելու ուղղությամբ, որպեսզի այլեւս ապահովվի խոշտանգումների եւ նվաստացնող վերաբերմունքի չենթարկվելու, ինչպես նաեւ` մարդասիրական վերաբերմունքի եւ մարդկային անհատին ներհատուկ արժանապատվության հարգման նրանց իրավունքները:

«Երկիր» միությունը դիմում է վրացական լրատվամիջոցներին` վրացական եւ միջազգային հանրության տեղեկացված լինելու իրավունքը հարգելու, այս գործի տեղեկատվական շրջափակումը ճեղքելու, անկողմնակալ եւ մանրամասն լուսաբանումն ապահովելու կոչով:

«Երկիր» միությունն իր մտահոգությունն է հայտնում այն տագնապալի սոցիալ-քաղաքական եւ հոգեբանական հնարավոր հետեւանքների կապակցությամբ, որոնք կարող են ունենալ Ջավախքի հայ փոքրամասնության վրա վերջին իրադարձությունները: Մենք կոչ ենք անում վրացական իշխանություններին, ինչպես նաեւ միջազգային եւ տեղական կազմակերպություններին անհապաղ գործուն միջոցներ ձեռնարկել այս վերջին ճգնաժամային զարգացումների բոլոր բացասական հետեւանքները վերացնելու ուղղությամբ

1 comment:

Anonymous said...

yes.. amazing post