Thursday, August 21, 2008

ՀԱՅԵՐԵՆԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՀԱՍԵԼ Է ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԶԱՎԵՇՏԻ

Երեւանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի այս տարվա դիմորդները «ստեղծագործական մրցույթ» առարկայի քննության գրավոր աշխատանքներում արտահայտել են զավեշտի հասնող այնպիսի մտքեր, որոնք սովորաբար բնորոշ են գրական հայերենին նոր-նոր տիրապետող դեռահասներին, այլ ոչ լրագրողի մասնագիտությունն ընտրած շրջանավարտներին: Ահա դրանցից մի քանիսը. «Շարունակվում էր հարցադրումներով լի մեր զրույցը, երբ մի նոր հարց հղիացավ գլխումս եւ պարուրեց ինձ իր հետաքրքրությամբ»: «Տեսա, թե ինչպես են շրթունքները բարձրանում վեր` դեպի այտերը ու դուրս են հորդում մի քանի լացակումած բառեր»: «Հայերը կարծես խմած լինեն ժամանակի դառնության տարբեր բաժակներից»: «Այդ ահավասիկ օրերին ինչքան մայրեր զրկվեցին իրենց որդիներից»: «Վաղուց, շատ վաղուց, երբ բիբլիական Արարատի լանջից հազիվ քաշվել, գնացել էին Նոյյան ջրերը, իրենց հետ տանելով փոքր-մեծ մեղքերը, աշխարհի վրա ի հայտ եկավ հայ առաջին մարդը, մեր նախահայրը՝ Հայկը ու հնչեց առաջին հայերեն բառը` հա՜յ»: «Տեսնելով թուրքի անմարդկային վերաբերմունքը պարսկացնելու, զրադաշտությունը տարածելու եւ ատրուշաններ կառուցելու անհագ ձգտումը, միեւնույն է, հայ ժողովուրդը կարողացավ անվեհեր պահել կամքը եւ հավատը գալիքի նկատմամբ»: «Մարմնովս սարսուռ է անցնում եւ ինձ դրդում եմ մայթեզրի նստարանին»: «Ես խոչընդոտ չդարձա սրտիս առաջ, այլ ընդհակառակը, սատար կանգնեցի նրան»: «Ես թերեւս 17 տարեկան եմ» եւ այլն:

Հայերենի իմացության այս մակարդակին հասնելու պատճառը «ստեղծագործական մրցույթ» առարկայական հանձնաժողովի նախագահ Գուրգեն Գասպարյանը բացատրում է հանրակրթական դպրոցներում հայոց լեզու եւ գրականություն առարկաների նկատմամբ վերջին տարիներին դրսեւորվող քամահրական վերաբերմունքով: «Ինչո՞ւ եմ կարեւորում այս հարցը, որովհետեւ շատերին թվում է, թե հայոց լեզուն եւ գրականությունն այն առարկաներն են, որոնք հետագայում պետք չեն գալու աշակերտին, մինչդեռ ամեն մի պետության մեջ ազգային լեզուն ու գրականությունը մարդու աշխարհայացքի ձեւավորման բաղկացուցիչներն են: Աշակերտն ինչ մասնագետ էլ դառնա, մայրենիի նկատմամբ պետք է ունենա բացառիկ վերաբերմունք, որովհետեւ հենց դա է ձեւավորում մեր պետության քաղաքացիների ազգային գիտակցությունը: Փաստորեն, մենք կամաց-կամաց կորցնում ենք մեր ապագա քաղաքացիներին, եւ եթե հայերենի նկատմամբ վերաբերմունքն այսպես շարունակվի, որոշ ժամանակ անց կունենանք պետություն, որտեղ ազգային գիտակցության կամ ազգի հավաքականության մասին խոսելն ավելորդ կլինի», ասում է Գասպարյանը:

Գրավոր աշխատանքներում դիմորդները թույլ են տվել բազմաթիվ քերականական, կետադրական, լեզվաոճական սխալներ, սակայն ամենամեծ թերությունը դիմորդների ծայրահեղ պարզունակ մտքերն են՝ սխալ ձեւակերպումներով, իրականության փաստերի աղավաղումներով, ինչն էլ ցածր գնահատականների առատության հիմնական պատճառն է, քանի որ գնահատման ժամանակ առաջին հերթին հաշվի են առնվել դիմորդի մտածողությունը, աշխարհայացքն ու գրելու ձիրքը: «Անհեթեթ մտքերի մեծ տոկոսն իջեցրեց շեմը, որովհետեւ 140 դիմորդից 33-ը ստացավ զրո միավոր, իսկ դա նշանակում է, որ դիմորդը 40-50 քերականական սխալ է ունեցել: Ամենաբարձր նիշը 18 միավորն էր, որ ստացավ միայն մեկ հոգի, մի քանի հոգի ստացան 16-17 միավոր, իսկ դիմորդների հիմնական մասը վաստակեց 8 -12 միավոր»:

Այս արդյունքները նախորդ տարիների հետ համեմատելով Գասպարյանը նկատում է, որ նվազել է ոչ այնքան դիմորդների պատրաստվածությունը, որքան մտավոր պաշարը:

Բարեբախտաբար, վատ գրված շարադրությունների մեծ քանակի մեջ եղել են 3-4 լավ աշխատանքներ, որոնցից հանձնաժողովի հավանությանն է արժանացել «Ինչպե՞ս հանդուրժել տխմարներին» վերնագրով շարադրությունը: Դիմորդն, ունեցել է ուղղագրական սխալներ, սակայն գնահատման սկզբունքի համաձայն, հանձնաժողովը լավ աշխատանքները խրախուսել է 1- 3 միավորով: «Այդ դիմորդն անպայման կդառնա լավ լրագրող, իսկ քերականական սխալները ժամանակի ընթացքում կուղղվեն: Նա ունի լրագրողի համար ամենակարեւորը` գրելու ձիրք: Դա, իրոք, ուրախացնող էր, սակայն հուսահատեցնող էր այն, որ այդպիսի գրավոր աշխատանքները չափազանց քիչ էին՝ 150-ից ընդամենը 3-4-ը: Մյուս կողմից, մտածում ենք, որ եթե ապագայում այդքան լավ լրագրող ունենանք, գոհ պետք է լինենք»:

Տարածված կարծիք կա, որ լրագրության ֆակուլտետ դիմում են թույլ առաջադիմություն ունեցող շրջանավարտները, կարծելով, թե հոդված գրելու կամ հաղորդում վարելու համար ոչ գրագիտություն է պետք, ոչ էլ ընդհանուր զարգացածություն, մինչդեռ պարզ լրատվությունից մինչեւ գեղարվեստական ակնարկ գրելու համար ստեղծագործական ձիրք է պետք, առանց որի լրագրությամբ զբաղվելն ուղղակի անմտություն է: «Մեզանում թյուր կարծիք կա, որ հեռուստալրագրողը կարող է եթեր դուրս գալ եւ ինչ ասես խոսել: Հիմա բոլոր հնարավորությունները կան տեսնելու, թե ինչպես են հաղորդումներ վարում ռուս, անգլիացի, ֆրանսիացի լրագրողներն ու համոզվելու, որ ամենաողբերգականը մեր հեռուստալրագրության վիճակն է: Ինչ պատահի խոսում են՝ առանց գիտակցելու խոսքի արժեքը: Հայոց լեզուն մեզանում դարձել է զրոյական մի բան, ինչում համոզվում ենք ամեն օր: Բողոքարկման ժամանակ դիմորդները երբեմն իրենց գրած սխալ բառը կամ արտահայտությունը արդարացնում էին այս կամ այն հեռուստաընկերությանը վկայակոչելով: Այսինքն՝ եթե այդ հեռուստաընկերությամբ հնչում է, ուրեմն ճիշտ է, իսկ վերջինս պատասխանատվություն չի զգում անգրագետ խոսք տարածելու համար: Նույնիսկ ամենաանմեղ տեղեկություն գրելիս պետք է հետեւել լեզվին, այլ ոչ թե մտածել եթերը կամ թերթի էջերը լցնելու մասին: Խիստ գնահատելու դեպքում այս տարվա դիմորդների 60 տոկոսը զրո կստանար եւ ֆակուլտետն ուսանողներ չէր ունենա, բայց այդքան մեղմ մոտենալուց հետո դարձյալ վատ արդյունքներ ունեցանք: Ուրեմն անհրաժեշտ է փոխել հայոց լեզու եւ գրականություն առարկաների նկատմամբ վերաբերմունքը: Հայաստանը ինչքան էլ ծանր վիճակում լինի, ոչինչ չունենա, հայոց լեզու եւ գրականություն առարկաները պետք է լավ դասավանդվեն դպրոցներում, որովհետեւ եթե հայը վաղը հայ չլինի, Հայաստանն էլ չի լինի, ինչքան ուզում է զարգացած տնտեսություն ունենանք: Այդպես պետք է մոտենալ հարցին, այլ ոչ թե մտածել, թե մաթեմատիկոսի կամ մյուսի ինչի՞ն է պետք հայոց լեզուն: Այսպես շարունակվելու դեպքում լրագրության եւ մյուս ֆակուլտետները շուտով կփակվեն կամ չգիտեմ ինչի կվերածվեն: Ու կասենք` «Մեր ինչի՞ն է պետք հայոց լեզուն, ապրում ենք, էլի»:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Tuesday, August 19, 2008

ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՎՏԱՐԵԼ ԱՂԱՆԴԸ

«Հայոց Աշխարհ»-ը բազմիցս է անդրադարձել «Եհովայի վկաներ» աղանդին։ Վերջին անգամ առիթը՝ սույն կազմակերպության կողմից հունիս-հուլիս ամիսներին Նոր Արեշում գտնվող հարսանյաց սրահի դահլիճում «Մենք կավ ենք, Եհովան՝ բրուտը» կարգախոսով իննօրյա համաժողովն էր, որին փուլ առ փուլ մասնակցել են աղանդի թե՛ Երեւան քաղաքի, թե՛ մարզերի գրեթե բոլոր ակտիվ անդամները։


Հատկանշական է, որ Եհովայի վկաների հարցի քննարկումները մեզանում սովորաբար ընթանում են հիմնականում մարդու իրավունքների, խղճի ազատության, սահմանադրության, օրենսդրության մեջ կրոնական կազմակերպությունների գրանցման համապատասխան կետերի հոլովույթում։ Այնինչ, կրոնական կազմակերպությունների հարցն ընդհանրապես, եւ «Եհովայի վկաների» հարցը մասնավորապես, անհրաժեշտ է դիտարկել բոլորովին այլ հարթության վրա։

Չպետք է մոռանալ, թե աշխարհաքաղաքական ինչ գործընթացների ոլորտում ենք, ինչ շահեր են բախվում տարածաշրջանում, ինչպիսի հարցադրումներ են պարբերաբար առաջանում կամ պարտադրվում մեզ։ Այսպիսի իրավիճակը որեւէ կենսական հարցի լուծման ժամանակ մեզանից պահանջում է բոլորովին այլ մոտեցումներ, քան աշխարհում ընդունված ձեւերն են ենթադրում։

Այս առումով, օրինակ, մեզ պետք է որ այնքան էլ չհետաքրքրի, թե, ասենք, «Եհովայի վկաները» քանի երկրներում է գրանցված։ Դիցուք, բոլոր երկրներում էլ գրանցված է, կամ նույնիսկ մի քանի երկրում էլ պետական կրոն է հռչակված։ Մեզ ի՞նչ։ Մենք դրա հետ ի՞նչ կապ ունենք, կամ արդյո՞ք դա էր չափանիշը, երբ նրանց ժամանակին մեզ մոտ էլ գրանցեցին։

Կամ, ենթադրենք, մեր օրենսդրական դաշտի անկատարության պատճառով կան կրոնական կազմակերպությունների գրանցման որոշակի բարդություններ։ Մի՞թե սա նշանակում է, որ տվյալ հարցի լուծումը պետք է տեղափոխվի զուտ օրենսդրական դաշտ ու ընթանա հակասությունների հարթեցման տրամաբանությամբ։

Մեր ազգի եւ պետության կենսական շահերը պահանջում են նման խնդիրների լուծման այլ մոտեցում։ Ի վերջո, ցանկացած հարցի լուծման ժամանակ հստակ պետք է սահմանազատվեն միջոցը եւ նպատակը։ Իսկ մեր նպատակը ուժեղ եւ անվտանգ (թե՛ ներքին, թե՛ արտաքին առումներով) պետության կառուցումն է։ Եւ եթե որեւէ հարց առնչվում է ազգային եւ պետական անվտանգությանը, ապա մնացած բոլոր խնդիրները դառնում են զուտ միջոցներ։

Եթե ժողովրդավարական որեւէ սկզբունքի, տվյալ դեպքում՝ խղճի ազատության անվերապահ կիրառումը, կարող է վտանգել պետության անվտանգությունը, ապա պետք է գերակայի նպատակը՝ ուժեղ պետության կայացումը։ «Եհովայի վկաների» գործունեությունը վտանգում է մեր պետության անվտանգությունը, ուրեմն՝ աղանդը պետք է վտարվի երկրից։

Հասկանալի է, որ ինչ-որ արտասահմանցի շատ է ուզում, որ եհովայի վկաները ոչ միայն ազատ գործեն Հայաստանում, այլեւ բազմանան սնկի պես, հասկանալի է, որ շատ մոլորված կամ էլ շահագրգիռ «վկաներ» էլ են դա ուզում։ Պարզ է նաեւ, որ աղանդը արգելելու դեպքում մեզ կարող են մեղադրել ժողովրդավարական արժեքներից նահանջելու մեջ։

Հետո ի՞նչ, թող մեղադրեն։ Չէ՞ որ նույն տրամաբանությամբ մեզ կարող են մեղադրել (եւ հաճախ մեղադրում էլ են) Արցախի հարցի լուծման մեր պատկերացումների եւ ներկայումս աշխարհում ընդունված շատերին ձեռնտու մոտեցումների անհամապատասխանության համար։

Այլք ունեն իրենց շահերն ու նպատակները։ Իսկ մեր եւ «Եհովայի վկաների» նպատակները մեկընդմիշտ անհամատեղելի են լինելու։

ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Monday, August 11, 2008

ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ՀԱՅԱՊԱՀՊԱՆ

Վերջին ժամանակներս մեր երկրի ներկայացուցիչները սկսել են ավելի հաճախ բարձրացնել հայ□թուրքական սահմանի փակ լինելու հարցը, համարելով դա հակահայկական քաղաքականության դրսեւորում, անհասկանալի ու վրդովեցուցիչ փաստ։
Իսկ մեզ թվում է, որ Թուրքիան դրանով, հակառակը, հայապահպան քաղաքականություն է վարում։
Ինչո՞ւ է թուրքերի այս դիրքորոշումը, որը, չգիտես ինչու, անհասկանալի ու վրդովեցուցիչ է որակվում, հայապահպան։ Որովհետեւ թուրքերը սկզբունքային հետեւողականությամբ թույլ չեն տալիս եւ արգելում են մեզ մոռանալ, թե մենք ով ենք։ Մենք՝ թշնամի ենք։
Եթե նույնիսկ մենք բոլորս վերջնականապես տխմարանանք, ինչը շատերն արդեն հաջողացրել են, եւ սկսենք համարել, թե թուրքերը մեր թշնամին չեն, իրենք՝ թուրքերը, մեզ թույլ չեն տա մոռանալ, որ մենք ենք իրենց թշնամին։
Որովհետեւ համարձակվում ենք հայտարարել, թե իրենց երկրի կեսն իրականում մեր պատմական հայրենիքն է։ Որովհետեւ իրենց պապերի արածը ոճրագործություն եւ ցեղասպանություն ենք անվանում եւ դեռ պահանջում ենք, որ ուրիշներն էլ անվանեն։ Եւ այլն։
Այս առումով հատկանշական է, որ հայրենի իշխանությունները թուրքի հետ բարեկամաբար հարաբերվելու ոչ մի նախապայման չեն դնում։ Իսկ սկզբունքային ու հետեւողական թուրքը դնում է, եւ իհարկե, մեծ հաճույքով պատրաստ է մեզ էլ մարդատեղ դնել եւ անգամ սահման բացել ու հետներս բարեկամություն անել, եթե հրաժարվենք մեր փուչ եւ դատարկ պահանջներից, Ղարաբաղն էլ զիջենք Ադրբեջանին։
Դրանից հետո թուրքը մեզ հետ առեւտուր էլ կանի, էքսկուրսիաներ էլ կկազմակերպի դեպի Արարատ։ Հակառակ պարագայում մենք թուրքի թշնամին ենք, այսինքն՝ հայ։
Ստացվում է, որ թուրքը մեզ հայ է պահում, ստիպում է հայ մնալ։ Եթե այդքան սկզբունքային եւ հետեւողական չլիներ, այլ լիներ, ասենք, այնքան նենգ ու խորամանկ, ինչպիսին երբեմն պատկերացնում ենք իրեն, ապա կմեղմեր իր կարծրությունն ու կբացեր սահմանը։ Նույնիսկ առժամանակ մոռանալով Ղարաբաղը։ Հետեւանքները կարող էին անկանխատեսելի լինել։
Հայաստանի Հանրապետության այսօրվա քաղաքացիների մի շատ որոշակի մասի նախասիրած երաժշտության եւ խոսքի ոճին, հայացքին ու ականջների ձեւին, կեցվածքին ու պահվածքին նայելով՝ նույնիսկ մոտավոր թիվ կարելի է ենթադրել, թե քանի հազարներ անմիջապես կմղվեին դեպի... պատմական հայրենիք։ Իհարկե, ոչ Արարատի գագաթը ելնելու համար, այլ ավելի, այսպես ասած, մարդկային նպատակներով։
Եւ հնարավոր է, որ աշխարհի, թե ինքներս մեր աչքում խաղք դառած, ստիպված լինեինք արձանագրել, եթե հայերն այս աննորմալ երկիր Հայաստանից արտագաղթում են դեպի ավելի նորմալ երկիր Թուրքիա։
Իսկ թուրքերը տասնյակ բարի նպատակներով հազարներով այցելում են Հայաստան։ Գործ են հիմնում, տուն են առնում։ Եւ կպրծներ մի հիսուն տարում Հայաստանն էլ, Հայկական հարցն էլ։
Խե՛լք չունեն թուրքերը, խե՛լք։ Բայց սկզբունքային են։ Եւ առայժմ դա ոչ թե վատ է, այլ լավ։
Սահմանը լավ բան է, սիրելի հայրենակիցներ։ Մեր հասարակության մեջ մենք ինքներս այնքան սահմաններ ենք ջնջել ու ջնջում, որ լավ է, եթե թուրքը դեռ սահմանազատում է իրեն մեզանից։
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ

ՀԱՅԿՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ 4500 ԱՄՅԱԿ




ՀԱՅԿՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ 4500 ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ


Հայրենակիցնե՛ր,

2008 թվականին լրանում է Հայկ Նահապետի` Հայոց Ձորի ճակատամարտում Բելի դեմ տարած հաղթանակի 4500 տարին: Մեծ հայագետ Ղևոնդ Ալիշանի տոմարագիտական հաշվարկի համաձայն, ճակատամարտի օրը համընկնում է հայկական օրացույցի Նավասարդի 1-ին, այն է՝ օգոստոսի 11-ին: Հայկյան հաղթանակով հայոց պետականության կազմավորումն ու զարգացումը դրվել են ամուր հիմքերի վրա:

ԱՐԱՐԱՏ ռազմավարագիտական կենտրոնը շնորհավորում է համայն հայությանն այս փառապանծ տոնի առթիվ և մաղթում, որպեսզի հայոց հավաքական կամքը լինի հայկյան բազկի պես ամուր և անսասան։

Հիշելով մեր պետականակերտ հաղթանակը` վստահ ենք, որ պատվով կդիմագրավե՛նք նաև Հայաստանի և հայության առջև ծառացած ներկա մարտահրավերները, քայլ առ քայլ կկերտե՛նք մեր անդառնալիորեն հզոր և միասնական ապագան։

Այս տոնի առթիվ ԱՐԱՐԱՏ ՌԿ-ն իր կայքում ներկայացնում է`
• Պատմագիտության դոկտոր-պրոֆեսոր Էդվարդ Լ. Դանիելյանի հոդվածը՝ Հայկի հաղթանակի պատմական նշանակության և այդ անցքի տոմարագիտական հաշվարկի մասին,
• Մովսես Խորենացու պահպանած «Վահագնի ծնունդը» հին հայկական ձոնը՝ ռուսերեն և անգլերեն թարգմանություններով հանդերձ,
• Ռուզան Սահակյանի «Վահագնի ծնունդը» հեղինակային երգը` նվիրված Հայկյան հաղթանակի 4500 ամյակին (ներկայացվում է առաջին անգամ),
• Հայոց դիցաբանության ռազմի աստված Վահագնի ծնունդը պատկերող պաստառ:

ԿԵՑՑԵ՛ ՀԱՅԱՍՏԱՆ:


ԱՐԱՐԱՏ ռազմավարագիտական կենտրոն
Երևան, 9 օգոստոսի 2008թ.



www.ararat-center.org




ԱՐԱՐԱՏ ՌԿ-ն իր գիտական և կրթական ծրագրերն իրականացնելու համար ապավինում է
ձեր հոժարակամ նվիրատվություններին: Ուղարկեք դրամական օժանդակություն
ԱՐԱՐԱՏ կենտրոնին` itsmyseat.com արագ և ապահով համակարգի միջոցով:

Wednesday, August 06, 2008

ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻ ՌԵՖԼԵՔՍՆԵՐԸ

Համաշխարհային բանահյուսական գրականությանը հայտնի են մի քանի հեքիաթներ, որոնք սկսվում են ողբերգական իրադարձությունից։
Չարասիրտ խորթ մայրը անտառի թավուտ է տանում դստերը կամ որդուն, կապում դժբախտ երեխային ծառից ու թողնում, որ վայրի գազանները հոշոտեն։ Հաճախ ճիշտ այդպես է վարվում թագավորը՝ պատանի տարիքի հավանական ապագա մրցակցի հետ։ Բայց հեքիաթներում դատապարտված երեխան միշտ փրկվում է. երբեմն ինքնուրույն, երբեմն էլ դա անում են բարի մարդիկ կամ հրաշագործները։
Հայկական հեքիաթներում ազատություն ստացած եւ փրկված երեխան դրանից հետո պարտադիր կարգով վազում է Հյուսիսային պողոտա։ Այստեղ նա հարցազրույց է տալիս, շրջապատվում այլ երեխաներով ու նրանք բոլորը միաբերան գոռում են □Պայքար, պայքար մինչեւ վերջ□։
Ուստիեւ առողջական վիճակի պատճառով կալանքից ազատված ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի հայտնվելը Հյուսիսային պողոտայում ոչ մեկին չպետք է զարմացնի։ Դա, թանկագիններս, ռեֆլեքս է։ Եթե նախկինում գիտությանը հայտնի էր ռեֆլեքսի միայն երկու տեսակ՝ պայմանական եւ բնածին, ապա այժմ դրանց կարելի է ավելացնել նաեւ երրորդը. նեոբոլշեւիկյան։
Ակադեմիկոս Պավլովի հայտնագործած ռեֆլեքսներից տարբերվում է միայն մի բանով։ Պավլովյան շները հետեւի թաթերի վրա էին կանգնում ու թուք արտադրում ուտելիք տեսնելիս։ Իսկ հհշական շների թուքը ծորում է ցանկացած տեղում, որտեղից երեւում է Թատերական հրապարակը։
Ի դեպ, մի ուրախալի նորություն կա սրանց համար։ Մեր ունեցած տեղեկություններով, քաղաքապետարանն ավարտում է միտինգների անցկացման համար հատուկ հատկացված վայրի սարքավորումը։ Միտինգավորների տրամադրության տակ են հանգստատեղերը, ճաշարանը, Նիկոլ Փաշինյանի երգերի ու ելույթների ձայնագրությունները, արեւածաղկի սերմի ռազմավարական պաշարները, հարմարավետ փշալարը ողջ պարագծով եւ Եվրախորհրդի չորս դիտորդները՝ աշտարակներում։
Ինչեւէ, հայտնվելով Հյուսիսային պողոտայում, Արարատ Զուրաբյանը՝ տեղնուտեղը մոռանալով ցիստիցեկոզի, տրիխինելեզի, սպարգանոզի եւ իր այլեւայլ հիվանդությունների մասին, վճռականորեն հայտարարեց. □Համոզված եմ, որ հանրահավաքները գնալով շատ ավելի հզոր են լինելու։ Եւ ամեն ինչ ունենալու է իր դրական ու նորմալ ավարտն այնպես, ինչպես մենք ցանկանում ենք։ Ես համոզված եմ, որ շատ մոտ ապագայում մենք կարձանագրենք մեր վերջնական հաղթանակը։ Համոզված եմ□։
Անկեղծ ասած, վաղուց ինձ չէր վիճակվել տեսնել այդչափ համոզված մարդու։ Բայց դա չէ գլխավորը։ Գլխավորն այն է, որ, ինչպես պարզվում է, նեոբոլշեւիկները լի են պայքարը շարունակելու վճռականությամբ, քանզի չեն կարող... հիասթափեցնել ժողովրդավարության մասին երազող մարդկանց։ Այո՜... Ասում են, թե դա բուժվում է։ Բայց ոչ բոլորի մոտ եւ ոչ մինչեւ վերջ։
Հիշում եմ, մի առիթով նախագահ Բուշը, ի պատասխան ամերիկյան զորքերն Իրաքից դուրս բերելու իր ընդդիմախոսների պահանջների, արտահայտվեց իսկը Զուրաբյանի պես. □Մենք մտադիր չենք լքել ժողովրդավարություն տենչացող մարդկանց□։ Եւ որտեղ էր Բուշը տեսել ժողովրդավարություն տենչացող իրաքցիների, այդպես էլ մնաց առեղծված։
Անիմանալի են Աստծո ճանապարհները, բայց հայրենի ազատարարների ճանապարհները է՛լ ավելի անիմանալի են։ Իսկ մենք հույս ունեինք, թե ցունամին անցավ հայոց աշխարհի վրայով, հետ քաշվեց ու հանդարտվեց, քաղաքական տաշեղներն ու աղբը հավաքեցին, վերջապես վերադարձանք նորմալ կյանքի։ Այսինքն՝ □նորմալ□ ասածը, իհարկե, որոշակի գեղարվեստական չափազանցություն է։ Կյանքը մեզանում նորմալ չի եղել երբեք։ Ուստի ասենք այսպես. սովորական կյանքի։
Բայց դե տեսնո՞ւմ եք, թե ինչ է ստացվում. □հանրահավաքները գնալով ավելի հզոր են լինելու, մոտ ապագայում կարձանագրենք վերջնական հաղթանակը...□։ Եկեք պայմանավորվենք. եթե դուք, թանկագին ընթերցողներ, այդ խփնվածների մասին ինչ□որ անպարկեշտ բան մտածեցիք, ապա ձեր մտքերի համար սույն տողերի հեղինակն ու խմբագրությունը պատասխանատու չեն։ Քանզի դրանք ձեր մտքերն են։ Թեեւ, իհարկե, մեծապես հուսով ենք, որ դրանք համընկնում են մեր մտքերի հետ։
Չէ, այնուամենայնիվ շտապեցին միանգամից ազատ արձակել այս կոդլին։ Ավելի ճիշտ կլիներ՝ որպես միջանկյալ լուծում միառժամանակ տեղավորել սրանց հոգեբուժարանում։ Ըստ որում բացառելով, բնականաբար, ցանկացած բռնություն։ Կիրառելով հարկադրման մեթոդն առանց դաժանության։
Մեծ Ֆիլիպ Պինելը, որին մեծարում են նրա համար, որ աշխարհում առաջինը ազատեց շղթաներից հոգեկան հիվանդներին, ինքը հոգեբուժական հարկադրման անզիջում կողմնակից էր։ Հոգեկան հիվանդների շղթաներն ու մարմնական պատիժները վերացնելու օգտին նա հանդես էր գալիս բնավ ոչ այն պատճառով, որ ցանկանում էր վերականգնել խելագարների ազատությունը, այլ որովհետեւ հավատում էր, թե ճիշտ կազմակերպված գժանոցում հիվանդներն այն աստիճան կտպավորվեն ադմինիստրացիայի ապշեցուցիչ իշխանությունից ու հեղինակությունից, որ կոպիտ միջոցների անհրաժեշտություն պարզապես չի առաջանա։
Պինելի գրած □Տրակտատ խելագարության մասին□ աշխատությունը լի է □ահաբեկման□ եւ □սահմանափակման□ գովաբանումով, ինչի մասին վկայում է հենց թեկուզ հետեւյալ հատվածը. □Իսկ եթե խելագարը բախվում է ակնհայտորեն գերազանցող ուժերի հետ, նա ենթարկվում է դրանց՝ առանց դիմադրության ու բռնության... Խելագարության մեր դիտարկած դեպքերում ականատես եղանք առանց դաժանությունների ահաբեկման, առանց բռնության ճնշման եւ առանց զայրույթի հաղթանակման բարերար արդյունքներին□։
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

ՈՒ՛Ժ ՏՈՒՐ ՆՐԱՆՑ, ՏԵՐ ԱՍՏՎԱԾ


Օրերս խմբագրություն այցելած տարեց տղամարդը խորհրդավոր տեսքով եւ, չգիտես ինչու, շշուկով տեղեկացրեց, որ իր ունեցած հավաստի տվյալներով, ԱՄՆ Պետդեպարտամենտը մի քանի միլիոն դոլար է հատկացրել մեր երիտասարդության բարոյական ու գաղափարական այլասերման համար։
Կցանկանայինք հավատալ։ Է՜հ։ Եթե ավելի երիտասարդ լինեի, այդպիսի փողերի դիմաց այնպե՜ս կայլասերվեի։ Բայց վախենամ, որ ֆինանսավորումն այդ դարձյալ չի հասնի ժողովրդին։ Դատախազությունը պիտի հատուկ հսկողության տակ առնի այդ գործը։ Երիտասարդությունը սպասո՛ւմ է։
Իսկ առայժմ երիտասարդության այլասերմամբ որոշել է զբաղվել Բաբկեն Արարքցյանը։ Հատկապես երիտասարդության, քանզի փոքրիշատե հասուն մարդկանց մեջ երեկ հհշական թերթերից մեկում տպագրված խորհրդարանի նախկին խոսնակի □Քաղաքակրթությունների բախում□ հոդվածը կարող է միայն հեգնալից քմծիծաղ առաջացնել։
Այս ահավոր շոգին ձեռքը գրիչ վերցնելու համար Արարքցյանին առիթ ծառայեց, ինչպես ինքներդ արդեն հավանաբար կռահեցիք, Հայ ազգային կոնգրեսի ստեղծումը։ Առիթն այդ, միանգամից նշենք, չափազանց մանր է մտքի սույն տիտանի համար։
□Վրանից դուրս է գալիս ազգային հերոսը։ Նրա աչքերը փայլատակում են։ Նրա դեմքը սարսափազդու է։ Շարժումները՝ սրընթաց։ Նա հիասքանչ է□ միզանսցենը, ինչ խոսք, տպավորիչ է, բայց եթե պարբերաբար դուրս գաս վրանից նման կերպ, չխորշելով առիթի անկարեւորությունից, ապա կարող է տեղի ունենալ գործողության արժեզրկում։
Եւ այսպես, ի՞նչ եզրակացությունների հանգեց Աստծո ծառա Բաբիկը։ Պարզվում է, այսօր Հայաստանում տեղի է ունենում ոչ թե քաղաքական տարբեր դիրքորոշումներ ունեցող կուսակցությունների կամ ուժերի գաղափարական պայքար, այլ ընթանում է քաղաքակրթությունների բախում։
Մի բեւեռում գտնվող կոալիցիան ձգտում է Հայաստանում ամրապնդել ասիական ոճի բռնապետություն։ Դե, իսկ □մյուս բեւեռում օրեցօր հզորացող Համաժողովրդական շարժումից ստեղծված Հայ ազգային կոնգրեսը որդեգրել է ազատության եւ համամարդկային արժեքների վրա խարսխված պետության կերտումը, ուր գերագույն արժեքը՝ ժողովրդավարական, իրավական պետության քաղաքացին է□։
Այո՜... Ո՛ւժ տուր նրանց, Տեր Աստված։
□Համլետի□ երկրորդ գործողության երկրորդ տեսարանում Պոլոնիուսն ասում է. □Նա խենթ է, բայց իր խենթության մեջ մեթոդ կա□։ Հհշական ավազակները պատրաստվում են ստեղծել ժողովրդավարական եւ իրավական պետությո՞ւն։ Ճի՞շտ հասկացա Արարքցյանին։ Մինչեւ 1998 թվականը մենք ապրում էինք ազատության եւ համամարդկային արժեքների վրա խարսխված պետությա՞ն մեջ։
Ժողովուրդը մեզանում, ինչպես հայտնի է, ասես փոքր երեխա լինի. ինքն էլ չգիտի, թե ինչ է ուզում, չի հասկանում, թե ինչպես եւ որտեղ է ապրում, բայց նա՝ այդ ժողովուրդն էլ կարող է անչափ զարմանալ նախկին խոսնակի խոսքերից։
Գուցե բավակա՞ն է զբաղվել խեղկատակությամբ, պարոնայք։ Թեպետ յուրաքանչյուր նկարիչ ինքն է որոշում, թե երբ պիտի կտավին դնի վերջին վրձնահարվածը։ Դա արարման գաղտնիքն է. եթե ժամանակին կանգ չառնես, ապա ինչ□որ բան կփոխվի։ Ինչո՞վ է արտասովոր □Ջոկոնդան□։ Նրանով, որ մի գեղեցիկ պահ Լեոնարդո դա Վինչին որոշեց. վերջ, բավական է, հերիք եղավ։ Մի ավելորդ վրձնահարված, եւ նկարը կփչանա։
Քանի որ դժվար է հասկանալ, թե երբ է հարկավոր կանգ առնել, ցանկացած գիրք կա՛մ չափազանց կարճ է լինում, կա՛մ չափազանց երկար։ Ցանկացած նկարի մեջ ինչ□որ բան կա՛մ չափազանց քիչ է, կա՛մ չափազանց շատ։ Իհարկե, յուրաքանչյուրն էլ փորձում է կռահել, թե երբ է անհրաժեշտ կանգ առնել, բայց դա հազվադեպ է ստացվում։
Հհշականները կանգ առնել չեն կարողանում ու էշի համառությամբ ներկայացնում են ամեն ինչ այնպես, ասես մենք իրենց իշխանության օրոք չենք ապրել։ Եւ արեւն էլ Արարքցյանի ժամանակ ավելի վառ էր շողշողում, խոտը ավելի կանաչ էր, իսկ ջուրը՝ ավելի թաց։ Եւ խոշոր եղջերավոր անասուններն էլ անկասելի ծնելիությամբ ու կաթնատվությամբ հասցնում էին գյուղացիներին սեւ մելամաղձի։ Եւ ամենուր այնպիսի՜ երանություն էր տիրում, այնպիսի՜ հոգեպարար թախիծ, որ ցանկություն էր առաջանում հասցնել մեկնումեկի մռութին, գլորվել առուն ու շնչահեղձ լինել երջանկությունից։
Ամերիկյան հոգեբուժության հայր Բենջամին Ռաշը 1812 թվականին հրատարակեց իր գլխավոր աշխատությունը՝ □Մտքի հիվանդությունների բժշկական հետազոտություններ եւ դիտարկումներ□ վերնագրով։ Նա գրում էր. □Պատերազմի նպատակին հասնելու հաջողությամբ խթանված ազատության ձգտման ավելցուկը բազմաթիվ մարդկանց մեջ ձեւավորել է կարծիքներ եւ պահվածք, որոնք հնարավոր չէ ո՛չ վերացնել հորդորներով, ո՛չ էլ սահմանափակել իշխանությամբ... Չափազանց մեծ ազդեցությունը, որ այդ կարծիքները գործել են բազմաթիվ քաղաքացիների պատկերացումների, ձգտումների եւ բարքերի վրա, հանգեցրել են խելագարության հատուկ տարատեսակի առաջացման□։
Փայլո՛ւն ախտորոշում։ Հանցավոր վարչախմբից, ավազակապետությունից եւ ասիական ոճի բռնապետությունից ազատության հանդեպ հհշականների ձգտման ավելցուկը՝ խթանված պատերազմի նպատակին հասնելու հարաբերական հաջողությամբ (քանզի այդ թափթփուկի նպատակը Հայաստանի վարկաբեկումն էր, ինչն էլ նրանք արեցին մարտի 1□ին) հանգեցրեցին խելագարության հատուկ տարատեսակի առաջացման։
Հորդորներով այդ աննորմալներին խելքի չես բերի։ Հարկավոր են այլ միջոցներ։ Ի դեպ, նույն Ռաշը գրել է. □Խելագարությունը չեղյալ է հայտարարում հասարակական պայմանագիրը հիվանդի համար, զրկում նրան իրավունակությունից, զրոյի հավասարեցնում դատարանում նրա վկայությունը, բարոյական պարտավորությունները եւ այլն։



ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

Monday, August 04, 2008

Ara Papyan: Present-day Georgia has no right to Javakhk

Present-day Georgia has no right to Javakhk, for no agreement on state border was signed between Armenia and Georgia after the war in 1918, said Ara Papyan, head of Modus Vivendi center, historian and former Armenian Ambassador to Canada.

"The issue of borders in the South Caucasus should be resolved on the basis of the international law, through implementation of Woodrow Wilson's arbitral award and the principles proposed by the League of Nations on February 24, 1920," he said.

"Decisions of the Communist Party's Central Committee on Karabakh and Javakhk should not determine Armenia's borders with Georgia and Azerbaijan. Leaders of modern Georgia eye the soviet era as period of foreign occupation."

If someone questions the Paris conference's decision on Armenia, this person questions the entire legal and political system of Europe and Middle East, according to him.

"A special commission dealing with the problem of Armenian borders said in its report that all territorial disputes should be considered by the League of Nations. Javakhk's annexation to Georgia was a result of occupation regime," Papyan said.

The Armenian-Georgian war for Javakhk started on December 5, 1918 and was stopped after British interference on December 31. An agreement signed in Tiflis in January 1919 stated that the northern part of Borchalinsky district passed on to Georgia, the southern part passed on to Armenia while the middle (Lori and Zangezur) was announced a "neutral zone" and was under control of British governor-general.

After establishment of the soviet rule, Javakhk issue was raised again. Overwhelming majority of the province stood for joining Armenia. A final decision was taken at the plenary session of the Caucasus Bureau and was forwarded to consideration of the Georgian Communist Party's Central Committee, which decreed that "taking into account Akhalkalaki's political and economic ties with Tiflis, the proposals of our Armenian comrades is unacceptable."

After the end of WWI, Armenia and Turkey signed the Treaty of Sevres which envisaged Armenia's commitment to Woodrow Wilson's arbitral award determined borders with Turkey, Georgia and Azerbaijan. According to the award, Armenia was supposed to get Armenian-inhabited Transcaucasian regions, thus bringing its territory to 110 thousand km2.

Friday, August 01, 2008

«ՕԳՏԱԿԱՐ ԱՊՈՒՇՈՒԹՅԱՆ» ՎՆԱՍԻ ՄԱՍԻՆ

Հհշականների այսօրվա միտինգը իսկապես կարող է բեկումնային դառնալ։ Ոչ այն իմաստով, իհարկե, թե սրանք կցուցադրեն սկզբունքորեն նոր ու հետաքրքիր ինչ-որ բան։ Պարզապես, դատելով այս օրերին հնչող հայտարարություններից, զգալիորեն կաճի նրանց ագրեսիվությունը (թեեւ սրանից ավելի՝ էլ ո՞ւր)։
Իսկ բեկումնային կարող է դառնալ միտինգը իշխանությունների պատասխան արձագանքի իմաստով։ Վերջին ամիսների փորձը միանշանակ ցույց տվեց, որ ինչքան ավելի շատ է իշխանությունը խոսում համագործակցության ու երկխոսության մասին, որքան ավելի է մեղմում իր դիրքորոշումն ու զիջումների դիմում, այնքան ավելի են կատաղում լեւոնականները։ Այնպես որ՝ գուցե պետք է վերանայե՞լ մարտավարությունը։
Բնավ համոզված չենք, թե պետք է լսել Եվրախորհրդի «խորհրդատուներին» եւ մշտապես նորանոր զիջումներ անել նեոբոլշեւիկներին։ Ոչ մի լավ բանի դա հանգեցնել չի կարող։
Պատկերացրեք, թե ընկել եք հրոսակների ձեռքը, որոնց մոտ ծառայում են այդօրինակ «խորհրդատուներ»։ Բանդիտները պատրաստվում են հանել ձեր աչքը, իսկ «խորհրդատուները» մխիթարում են. «Նելսոնն ու Կուտուզովը նույնպես միաչքանի են եղել, բայց ինչպիսի՜ հաղթանակներ են տարել»։
Դուք հնազանդորեն թույլ եք տալիս հանել ձեր աչքը, բայց հրոսակները մտադրվում են հանել նաեւ երկրորդը։ «Խորհրդատուները» տեղնուտեղը սկսում են համոզել. «Հոմերոսը կույր էր, բայց ո՜նց էր գրում»։ Առարկելը դժվար է, իսկապես հանճարեղ էր գրում կույր սրիկան։ Եւ հանում են ձեր երկրորդ աչքը։
Ոգեւորվելով, բանդիտները որոշում են կոտրել ձեր ողնաշարն ու վերածել անդամալույծի։ Այդտեղ ձեզ հանգստացնում են՝ վկայակոչելով նախագահ Ռուզվելտին։ Իսկ երբ պատռեն ձեր թմբկաթաղանթները, արդեն չեք լսի դատողությունները հիասքանչ երաժշտություն գրող խուլ Բեթհովենի մասին։
Այնպես որ՝ պետք է գործել վճռականորեն, խիստ, բնականաբար օրենքի սահմաններում։ Պետք չէ վախենալ Եվրախորհրդի հետ հարաբերությունները փչացնելուց, որը փաստորեն շանտաժի է ենթարկում մեզ դրանով։ Եթե Բուրիդանի էշի մռութի առաջ մշտապես մի կապ դարման պահես՝ այն հեռավորությամբ, որ հոտն առնի, ապա արդյունքում պիտի գա պահը, երբ նույնիսկ էշը քար կտրած կկանգնի տեղում՝ արդեն ի վիճակի չլինելով բացահայտել ու բացահայտել այդչափ խաբուսիկ նպատակով տարվելու իր ունակությունը։
Եւ բացի այդ, հայրենի քաղաքական ուժերի եւ Եվրախորհրդի միջեւ հարաբերությունները ես կհամեմատեի հոգեբուժարանի հետ, որտեղ բարի ու զգայուն, բայցեւ, ինչպես ընդունված է, փոքր-ինչ հեգնասեր գլխավոր բժիշկը շրջայց է կատարում։ Նա լսում է բոլոր պալատների հիվանդների զառանցալից մենախոսությունները, դրանց մեծամասնությանը ոչինչ չի պատասխանում, բայց ոչ այնքան անհուսալի որոշ հիվանդներին այնուամենայնիվ ուղղում է։ Արդյունքում առաջանում է յուրօրինակ թերապիայի պատրանք։
Միայն թող հայրենի քաղաքական գործիչները չվիրավորվեն այս համեմատությունից։ Գոյություն ունի բավական համոզիչ կարծիք, համաձայն որի՝ խելագարությունը ոչ պակաս իմաստավորված է, քան ողջամտությունը եւ, ավելին. խելագարը՝ հանճարի պես, տեսնում է իրականությունը շատ ավելի ճշգրիտ, քան սովորական մարդը։ Այս տեսակետի ապշեցուցիչ հաստատումն է պարունակում Մարկոսի Ավետարանը, որտեղ մեզ հաղորդում են, որ Հիսուսի աստվածային էությունն ընդունող առաջին մարդը «դիվահար» էր, այսինքն՝ խելագար։
Հիսուսը քառասուն օր անցկացնում է անապատում, դիմադրելով Սատանայի փորձություններին, այնուհետ՝ վերադառնում Գալիլիա, որպեսզի քարոզի Աստծո Ավետարանը, եւ հավաքում իր առաջին հետեւորդներին, որոնց հետ գնում է Կափառնայում։ «Եւ մտան Կափառնայում։ Եւ Հիսուս նույն շաբաթ օրն իսկ ժողովարան մտնելով՝ ուսուցանում էր նրանց։ Եւ նրանք զարմանում էին նրա քարոզության վրա, քանզի ուսուցանում էր իշխանությամբ, այլ ոչ թե օրենսգետների պես։ Արդ, նրանց ժողովարանում մի մարդ կար՝ պիղծ ոգուց բռնված, որն աղաղակեց եւ ասաց. «Թո՛ւյլ տուր, ի՞նչ ես ուզում մեզնից, Հիսո՛ւս Նազովրեցի. մեզ կորստյան մատնելո՞ւ եկար. գիտենք քեզ, թե ով ես դու, Աստծո Սուրբն ես»։
Մեկ այլ օրինակ. «Եւ Հիսուս եկավ ծովի հանդիպակաց կողմը, գերգեսացիների երկիրը։ Եւ երբ նա նավակից դուրս եկավ, գերեզմաններից նրա դեմն ելավ մի մարդ, որին բռնել էր մի պիղծ ոգի, եւ որի բնակության տեղն իսկ գերեզմանների մեջ էր։ Եւ ոչ ոք նրան շղթաներով անգամ չէր կարող կապել... Ոչ ոք նրան չէր կարողանում զսպել... Երբ նա Հիսուսին հեռվից տեսավ, առաջ վազեց ու երկրպագեց նրան, բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, Հիսո՛ւս, Բարձրյալ Աստծո՛ Որդի»։
Ինչեւէ, իշխանությունների գործողությունները պետք է համարժեք լինեն իրադարձությունների զարգացմանը։ Եթե ընդդիմությունը է՛լ ավելի է կարծրացնում իր պահվածքը, ապա նույնը պիտի անի նաեւ իշխանությունը։ Ժամանակին Լենինը շրջանառության մեջ դրեց «օգտակար ապուշներ» տերմինը։ Այդպես էր աշխարհի ամենաառաջադեմ ուսմունքի հիմնադիրն անվանում բուրժուական ճամբարի այն միանգամայն ողջամիտ ներկայացուցիչներին, որոնք ոչ թե վախից կամ փողի դիմաց, այլ բացառապես համոզմունքների դրդումով ջուր էին լցնում իրենց գերեզմանափորների ջրաղացին։
Շատ վատ կլինի, եթե «օգտակար ապուշության» յուրօրինակ դրսեւորումներ դիտարկվեն նաեւ հայոց աշխարհում։

ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՎԵՐՋԻՆ ԴԵՊՔԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ «ԵՐԿԻՐ» ՄԻՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԸ



2008-ի հուլիսի 17-ին Վրաստանի Սամցխե-Ջավախք տարածաշրջանի Ախալքալաք քաղաքում ոստիկանության պետ Սամվել Պետրոսյանի տան մոտակայքում տեղի ունեցավ պայթյուն, որից որեւէ տուժված չգրանցվեց:

Պայթյունից անմիջապես հետո ոստիկանությունը նախաձեռնեց հալածանքների մի աննախադեպ ալիք` ուղղված «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք քաղաքական շարժման ակտիվիստների դեմ: Այսպես, Դաշինքի անդամ 10-15 հոգի ծեծի եւ բռնության գործադրմամբ բերման ենթարկվեցին ոստիկանություն: Ոստիկանները ներխուժեցին Դաշինքին պատկանող Երիտասարդական ռադիոյի շենքը` ջարդելով մուտքի եւ սենյակների դռները եւ պատճառելով այլ ավերածություններ: Շենքում որեւէ զենք կամ զինամթերք չգտնվեց:

Հուլիսի 17-ին, ժամը 20:00-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաեւ քաղաքացիական հագուստով զինված անձինք, շուրջ 40 հոգի, ներխուժեցին «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամ Գուրգեն Շիրինյանի տուն: Գուրգենի հոր նկատմամբ բռնություն կիրառվեց, իսկ ոստիկաններից մեկը` Արթուր Բերուջանյան անունով սպանվեց: Ոստիկանությունը հայտարարեց, որ Գուրգեն Շիրինյանը դիմել է փախուստի. նրա հայրն ու հորաքույրը ձերբակալվեցին:

Հուլիսի 18-ին, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքը տարածեց հայտարարություն, որտեղ տեղի ունեցածը որակեց որպես սադրանք` ուղղված իրենց կառույցի կազմալուծմանը: Դաշինքը պահանջեց իշխանություններից տեղի ունեցածի անաչառ եւ մասնագիտական հետաքննություն, որը կբացահայտի կատարվածի իրական մեղավորներին:

Հուլիսի 20-ի կեսօրին սպանվեց Արմեն Գաբրիելյան անունով մեկ այլ ոստիկան: Այս անգամ իշխանությունները հայտարարեցին, որ սպանված ոստիկանը ինքնասպանություն է գործել:

Հուլիսի 21-ին՝ վաղ առավոտյան ժամը 4:00-ի սահմաններում զինված եւ դիմակավորված վրացի հատուկ ջոկատայիններ ներխուժեցին «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի տուն եւ ձերբակալեցին ընտանիքի բոլոր անդամներին: Ժամը 5:00-ի սահմաններում Վահագն Չախալյանի մայրը ազատ արձակվեց, բայց Վահագնը, նրա հայրը եւ նրա անչափահաս եղբայրը տեղափոխվեցին Ախալցխա նահանգային կենտրոն: Ավելի ուշ նրանք տեղափոխվեցին Թբիլիսի, որտեղ նրանք շարունակում են պահվել կալանքի տակ առ այսօր: Վահագն Չախալյանի, նրա հոր եւ եղբոր նախնական կալանքի ժամկետը անմիջապես երկարացվեց երկու ամսով:

Սրան զուգահեռաբար, հատուկջոկատայինները եւս մեկ անգամ ներխուժեցին Երիտասարդական ռադիոյի շենքը, բայց այս անգամ այնտեղ «գտնվեց» եւ առգրավվեց զենք եւ զինամթերք:

Ներկա դրությամբ իշխանությունները կալանքի տակ են պահում Գուրգեն Շիրինյանի հորը` Հարություն Շիրինյանին, Գուրգեն Շիրինյանի հորաքրոջը` Կարինե Շիրինյանին, ինչպես նաեւ` Վահագն Չախալյանին, Վահագն Չախալյանի հորը` Ռուբեն Չախալյանին եւ եղբորը` Արմեն Չախալյանին: Երիտասարդական ռադիոյի շենքը փակված ու կնքված է, այնտեղ գտնվող բոլոր համակարգիչները եւ այլ գույքը առգրավված են:

Հուլիսի 23-ին հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունը, Վրաստանում գործող իր «Երկիր-Վրաստան» մասնաճյուղի հետ համագործակցաբար, փաստաբանից, օպերատորից եւ միության անդամներից կազմված փաստահավաք խումբ ուղարկեց Ախալքալաք: Խումբը հարցազրույցներ անցկացրեց կալանավորված անձանց բարեկամների եւ հարեւանների, ինչպես նաեւ ոստիկանության աշխատակիցների հետ: Խումբը նաեւ այցելեց եւ նկարահանումներ կատարեց դեպքերի հիմնական վայրերում:

Արձանագրվեցին հետեւյալ փաստերը.

Ոստիկանության իրականացրած բոլոր ձերբակալություններն ուղեկցվել են կոպիտ խախտումներով: Բերման ենթարկված անձանցից եւ ոչ մեկը չի տեղեկացվել իր իրավունքների եւ իր դատավարական կարգավիճակի մասին.

Ձերբակալվածներից շատերը ենթարկվել են ծեծի ինչպես ձերբակալման պահին, այնպես էլ կալանքի տակ գտնվելու ընթացքում.

Հարկադրաբար ոստիկանության բաժին բերման ենթարկված անձինք հարցաքննվել են, ոմանք մի քանի ժամ շարունակ, սակայն նրանց ցուցմունքները չեն արձանագրվել համապատասխան քննչական գործողությունների արձանագրություններում.

Գուրգեն Շիրինյանի տան խուզարկության ընթացքում ոստիկանությունը զինամթերք էր «հայտնաբերել», սակայն այդ փաստը հաստատելու համար ընթերականներ չեն հրավիրվել.

Գուրգեն Շիրինյանի հորը չէր ներկայացվել խուզարկություն կատարելու դատարանի համապատասխան որոշում եւ չի տրամադրվել դրա օրինակը:

Ոստիկանության աշխատակիցները նվաստացուցիչ վերաբերմունք են ցուցաբերել Գուրգեն Շիրինյանի հարազատների նկատմամբ. մասնավորապես, Գուրգեն Շիրինյանի հորը ապտակ է հասցվել, նա այնուհետեւ դաժան ծեծի է ենթարկվել:

Գուրգեն Շիրինյանի հայրը եւ հորաքույրը ձերբակալվել, ապա նաեւ կալանավորվել են անօրինական, առանց որեւէ հիմքի եւ այն պատճառաբանությամբ, որ իբր իրավապահ մարմինները պետք է պարզեն, թե նրանց տնից հայտնաբերված զինամթերքը ո՞ւմ է պատկանում:

Չախալյանների տան խուզարկության ընթացքում եւս զենք-զինամթերք է «հայտնաբերվել», ինչը առիթ է հանդիսացել նրա եւ նրա ընտանիքի անդամների ձերբակալման համար: Սակայն այստեղ եւս ընթերականներ խուզարկությանը չեն մասնակցել:

Ո՛չ Վահագն Չախալյանին եւ ո՛չ էլ նրա ընտանիքի որեէ անդամի ցույց չի տրվել խուզարկություն կատարելու համապատասխան որոշումը:

Չախալյանի ընտանիքի անդամների ձերբակալությունը եւս ուղեկցվել է բռնությամբ, իսկ Ռուբեն, Վահագն եւ Արմեն Չախալյանների նկատմամբ ծեծ եւ սպառնալիքներ են գործադրվել:

Չախալյանի մայրը` Գայանե Չախալյանը եւս ձերբակալվել է: Նա ձերբակալվածի կարգավիճակով շուրջ մեկ ժամ պահվել է ոստիկանությունում, նրան հարցաքննել են, սակայն ցուցմունքը չեն արձանագրել: Վերջապես, նրան սպառնացել, այնուհետեւ ազատ են արձակել առանց որեւէ բացատրություն տալու:

Արմեն Չախալյանը, որը անչափահաս է, հարցաքննվել է առանց իր ծնողների կամ որեւէ անկողմնակալ չափահաս անձի մասնակցության:

Վերոնշյալ անձանցից բացի, որոնք շարունակում են մնալ կալանքի տակ, բազմաթիվ այլ անձինք ձերբակալվել էին, հարցաքննվել էին, նրանց բոլորին սպառնացել էին, շատերը ծեծվել, այնուհետեւ ազատ էին արձակվել առանց որեւէ բացատրության եւ նրանց ցուցմունքների համապատասխան կարգով արձանագրման:

«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքը 2006 թ. հոկտեմբերին մասնակցել էր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, նրան հաջողվել էր հավաքել ձայների 30%-ը եւ դրան համապատասխանաբար ստանալ 3 տեղ Ախալքալաքի սակրեբուլոյում (տեղական ինքնակառավարման մարմին): Այնուամենայնիվ, Դաշինքը չընդունեց ընտրությունների արդյունքները` հայտարարելով, որ դրանք կեղծված են: Դաշինքի առաջնորդները եւ հատկապես Վահագն Չախալյանը հետեւողական պայքար են մղում հայ փոքրամասնության իրավունքների համար: Հիմնվելով վերոնշյալ փաստերի վրա` «Երկիր» միությունը հաստատապես համոզված է, որ Չախալյանի ձերբակալությունը եւ դրան հաջորդած կալանքը բացառապես քաղաքական դրդապատճառներից են բխում:

«Երկիր» միությունը գտնում է, որ Ախալքալաքում տեղի ունեցած վերջին դեպքերը փոքրամասնությունների խնդիրներին իրական լուծումներ տալու վրացական իշխանությունների չկամության հետեւանք են: Փոխարենը վրացական իշխանությունները օրինական բողոքի ցանկացած դրսեւորում ճնշելու նպատակով գերադասում են բռնի ուժ կիրառել:

Արդ, «Երկիր» միությունը կոչ է անում վրացական իշխանություններին.

երաշխավորել Ախալքալաքի վերջին դեպքերի արդար եւ անկողմնակալ հետաքննությունը,

անհապաղ ազատ արձակել Վահագն Չախալյանի եւ Գուրգեն Շիրինյանի բոլոր ազգականներին,

անհապաղ հետաքննել մարդու իրավունքի խախտման բոլոր դեպքերը, որոնք տեղի են ունեցել Ախալքալաքի վերջին իրադարձությունների ընթացքում, եւ, հատկապես, մարդու իրավունքների խախտումները, որոնք տեղի են ունեցել ձերբակալությունների, հարցաքննումների եւ կալանավորման ժամանակ,

իրականացնել ազգությամբ հայ երկու ոստիկանների սպանության դեպքի արդար եւ անկողմնակալ հետաքննություն,

երաշխավորել արդար եւ անկողմնակալ դատավարության Վահագն Չախալյանի իրավունքը:

«Երկիր» միությունը նաեւ կոչ է անում Վրաստանում օտարերկրյա ներկայացուցչություններին, միջազգային կազմակերպություններին եւ կառույցներին, միջազգային եւ տեղական իրավապաշտպան կազմակերպություններին եւ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան պրն Սուբարիին.

ճանաչել Վահագն Չախալյանին եւ նրա բոլոր կալանավորված ազգականներին, ինչպես նաեւ Գուրգեն Շիրինյանի ազգականներին որպես քաղբանտարկյալների,

համապատասխան քայլեր ձեռնարկել դեպքի առիթով կալանավորված բոլոր անձանց կալանքի պայմանների դիտարկում կատարելու ուղղությամբ, որպեսզի այլեւս ապահովվի խոշտանգումների եւ նվաստացնող վերաբերմունքի չենթարկվելու, ինչպես նաեւ` մարդասիրական վերաբերմունքի եւ մարդկային անհատին ներհատուկ արժանապատվության հարգման նրանց իրավունքները:

«Երկիր» միությունը դիմում է վրացական լրատվամիջոցներին` վրացական եւ միջազգային հանրության տեղեկացված լինելու իրավունքը հարգելու, այս գործի տեղեկատվական շրջափակումը ճեղքելու, անկողմնակալ եւ մանրամասն լուսաբանումն ապահովելու կոչով:

«Երկիր» միությունն իր մտահոգությունն է հայտնում այն տագնապալի սոցիալ-քաղաքական եւ հոգեբանական հնարավոր հետեւանքների կապակցությամբ, որոնք կարող են ունենալ Ջավախքի հայ փոքրամասնության վրա վերջին իրադարձությունները: Մենք կոչ ենք անում վրացական իշխանություններին, ինչպես նաեւ միջազգային եւ տեղական կազմակերպություններին անհապաղ գործուն միջոցներ ձեռնարկել այս վերջին ճգնաժամային զարգացումների բոլոր բացասական հետեւանքները վերացնելու ուղղությամբ

Javakhk events shattered illusions about 'democratic and Europeanized Georgia'


With the recent violence in Javakhk, Georgian military and policing branch of government has demonstrated that the country can't become a member of western military and political blocs, an Armenian expert said.

"The events in Javakhk shattered illusions about a 'democratic and Europeanized Georgia'. Illegal intrusion into the houses and arrests as well as illegal detainment of elderly relations of Armenian activists create an impression that Georgia has become a medieval principality with no law and civil rights and where the local princes have full control over the residents," Eduard Abrahamyan, expert at Mitq analytical center told a PanARMENIAN.Net reporter.

"Akhalkalaki police chief Samvel Petrosyan acts as "prince" here. He actually ruined his part, incurring displeasure of the Georgian authorities and angering the Armenian population. The republic's leadership will never excuse blunders in the process of neutralization of Armenian activists. Petrosyan will apparently be replaced by a young mercenary official who will spare no effort to subdue the freedom-loving Armenians of Javakhk. The recent events are the start of Georgian lawlessness and forcible assimilation of Javakheti Armenians," he said.

"Due to complete lack of information, the Armenian population of Javakhk sometimes invents various versions of Gurgen Shirinyan's escape, the only fighter against Georgian illegal actions, who has become a hero for the Javakheti youth. Under the circumstances, Armenia should take the only outlet to the Black Sea under its political, economic and public control," Abrahamyan said