«Եթե ցանկանում ես, որ մարդիկ գան քո հետեւից, գնա նրանց հետեւից»
Լաո-ՑզիԳիրքն այդպես էլ չտպագրվեց1999 թվականի մայիսի վերջին կենտրոնական զինվորական հոսպիտալում մեծարում էին ամերիկյան հայտնի բժիշկ-վնասվածքաբան Վարդգես Նաջարյանին եւ նրա տիկնոջը՝ Մերիին, բարեգործական մեծ գործունեության համար: Ջերմ խոսքեր ասաց Վազգեն Սարգսյանը: Նա ուրախ էր, ոգեւորված, անվերջ սրամտում ու բարձր քրքջում էր:
Մենք նստած էինք կողք կողքի: Հանկարծ, պահը որսալով, նա ինձ ասաց. «Մի գաղափար ունեմ: Պետք է ստեղծել գրողների եւ լրագրողների մի խումբ ու նախապատրաստել ակնարկների ժողովածու՝ գեներալների, հրամանատարների, հերոսների մասին: Սկզբում կարելի է տպագրել «Զինուժ»-ում, իսկ հետո հրատարակել գրքով: Եվ կարելի է սկսել հենց Սերժ Սարգսյանից. մեկ ամսից նա 45 տարեկան է դառնում: Թող դա լինի ե՛ւ անակնկալ, ե՛ւ իմ ու ձեր նախագծի սկիզբը: Գործն ամբողջովին ձեր ձեռքերում է, թեկուզեւ այն պատճառով, որ ձեր «Դժոխք եւ դրախտ» գրքում շատ են նրանց դիմանկարները, ովքեր տարիներ անց դարձան իսկական հերոսներ, հայտնի հրամանատարներ»:
Այդ գրքում սյուժե կա նաեւ հենց Վազգենի մասին: Ինչ վերաբերում է նրա նախագծին, ցավոք, մեզ մոտ ոչինչ չստացվեց: Ոչինչ չստացվեց նաեւ Սերժի առումով, թեեւ դժվար չէր գրել հոբելյարի մասին: Իմ գրքում զետեղված այդ սյուժեների մեծ մասը կապված է նրա հետ, որովհետեւ Ղարաբաղյան շարժման ամենասկզբից ես նրա հետ ավելի հաճախ եմ հանդիպել, քան ուրիշների:
Եվ այնուամենայնիվ Վազգենի խնդրանքը, կարելի է ասել՝ կատարեցի: Հավաքեցի Սերժի մասին սյուժեները, կենդանի դիտարկումները, որ տարբեր տարիներ գրի էի առել հուշատետրերում, թեեւ չէի հրատարակել դրանք եւ նյութը մնացել էր իմ արխիվում: Դա այն ժամանակ էր, երբ 1999 թվականի խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո հենց Վազգենի մասին այլանդակություններ էին գրում, ուղեկցելով դրանք անճոռնի ծաղրանկարներով: Սպարապետի մահից հետո ես «Անդունդ» գրքում տպագրեցի մեծ ակնարկ՝ «Անծանոթ Վազգեն Սարգսյանը», որպես բնաբան մեջբերելով Թոմաս Ջեֆերսոնի խոսքը. «Ես նախընտրում եմ, որ ինձ հիշեն այն գործերով, որոնք ես եմ կատարել ուրիշների համար, եւ ոչ թե այն գործերով, որ ուրիշներն են կատարել հանուն ինձ»:
Բայց Սերժի մասին անտպագիր ակնարկի պատմությունը դրանով չավարտվեց: Հինգ տարի անց նրա ընկերները, գործընկերները, զինակիցները եւ նույնիսկ նրանք, ովքեր նրա հետ մեծացել էին Ստեփանակերտում, որոշեցին նրա արդեն 50-ամյակի կապակցությամբ հրատարակել հուշերի ժողովածու: Եվ նորից խոսքն անակնկալի մասին էր: Նախաձեռնող խումբը առաջարկով դիմեց նաեւ ինձ: Հիշեցի Վազգենի չիրագործված նախագիծը եւ արխիվից հանեցի այն հիշարժան նյութը:
Սերժի մասին պատմող գրքի նմուշային օրինակը պատրաստ էր: Այնտեղ կային ահռելի քանակությամբ անգին ռազմաճակատային լուսանկարներ: Տպագրելուց առաջ նախաձեռնողներն այնուամենայնիվ որոշեցին ստանալ Սերժի հավանությունը: Մերժումը կտրական էր:
Սակայն այսօր սուր անհրաժեշտություն է առաջացել հրապարակելու (ներկա սերնդի հիշողության մեջ թարմացնելու) այդ նյութի որոշ էջեր, որոնք ըստ էության պատմության էջեր են եւ արտացոլում են այն ակնթարթները, երբ վճռվում էր մեր ողջ ժողովրդի ճակատագիրը: Դա մի ժամանակ էր, երբ ինքը՝ կյանքն էր առաջ քաշում առաջնորդներին: Երբ ոչ ոք ոչ մեկին չէր նշանակում պաշտոնում, երբ պետք էր անել միայն մեկ բան՝ առանց վարանելու ստանձնել պատասխանատվությունը: Մի խոսքով, դա այն ժամանակն էր, երբ հայտնվեցին նոր առաջնորդներ: Եվ նրանց մեջ էր Սերժ Սարգսյանը: Այն ժամանակ մտքովս էլ չէր անցնի, որ հուշատետրում արված այդ գրառումների հերոսները հետագայում այդքան արագ վեր կբարձրանան խառնակ ժամանակների ծառայողական աստիճաններով, դառնալով հրամանատարներ եւ իսկական հերոսներ:
Հունվարից հունվար
Երեւան, 28 հունվարի, 2002 թվական: Օպերայի եւ բալետի պետական թատրոնի մեծ դահլիճ: Նախօրեին այդ ահռելի տարածքն անընդմեջ տաքացրել էին հզոր ջեռուցիչներով, այնուամենայնիվ շատ ցուրտ էր:
Դահլիճում նստած ես մտաբերում էի 1992 թվականի հունվարը՝ նույնքան ցրտաշունչ ու սառնամանիքային. հենց այդ նույն օրը՝ 10 տարի առաջ, հերոսական Քարինտակի հաղթական պաշտպանությունից հետո գրեցի իմ օրագրում. «Ստեփանակերտում անսովոր ցուրտ է սառնաշունչ քամիների պատճառով, եւ միաժամանակ շոգ՝ դեմք այրող հրդեհներից: Թշնամու անհամար կրակակետերը օրվա մեջ ամբողջ 24 ժամ հուր են թափում քաղաքի վրա: Արցախն արդեն վաղուց ոչ թե շրջափակման, այլ պաշարման մեջ է: Մեծ խնդիր է ոչ միայն հացը, այլեւ դագաղների համար տախտակները»:
Այն օրը, երբ մենք հողին էինք հանձնում Արցախի ամրակետ Քարինտակի համար մարտերում հերոսի մահով զոհվածներին, Երեւանում կառավարությունը հիրավի պատմական որոշում էր ընդունում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ստեղծելու մասին»: Արդյոք գիտեի՞ն այդ որոշման հեղինակները, որ փաստորեն ստորագրում էին հայոց ազգային բանակի ծննդյան վկայականում: Ինձ թույլ եմ տալիս պատասխանել՝ «դժվար թե»: Քանզի այդ օրը մենք իրոք դժվար թե ենթադրեինք, որ ուղիղ տասը տարի անց ցրտահար Երեւանում եւ թատրոնի սառը դահլիճում նշելու էինք մեր սրտին թերեւս ամենաթանկ հոբելյանը՝ հայոց ազգային բանակի տասնամյակը: Հանդիսավոր նիստում զեկուցումով հանդես եկավ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Այնպիսի տպավորություն էր, ասես օպերային թատրոնի բեմից նախարարը հնչեցնում է Ղարաբաղյան շարժման կենդանի տարեգրությունը, որը դարձավ մեր սերնդի կյանքի իմաստն ու էությունը: Մեր ծանր ժամանակների եռուզեռում նույնիսկ խորամուխ չես լինում, որ մեր բանակի կենսագրությունը, ըստ էության, մեզանից յուրաքանչյուրի կենսագրությունն է:
Սաֆոնովը ոչինչ չգիտեր
1988-ի ամռանը, երբ Արցախի երկնքում արդեն զգացվում էր վառոդի հոտը, պատահում էր, որ ես օրական երկու անգամ «Յակ-40»-ով թռչում էի Ստեփանակերտ, փորձելով կարգավորել, ավելի ճիշտ՝ ամրապնդել կապը Ղարաբաղ գործուղված Կրեմլի ներկայացուցիչների հետ: Հենց այդ օրերին ԽՍՀՄ-ում առաջին անգամ շրջանառության մեջ մտավ «թեժ կետ» արյունոտ բառակապակցությունը:
Այն ժամանակ ես գիտակցում էի, որ Ղարաբաղը ոչ միայն եւ ոչ այնքան ցույցերն են, լրագրային հոդվածները, կարգախոսները, տեղեկատվությունն ու ապատեղեկատվությունը, խուճապն ու սադրանքները, այլեւ իրական պատերազմը. պետական զինված կառույցներով՝ մի կողմից, ֆիդայիներով, ընդհատակյա գործիչներով ու պարտիզաններով՝ մյուս կողմից: Ստեփանակերտի փողոցներում հանդիպելով երիտասարդ տղաների, նրանցից յուրաքանչյուրի մեջ տեսնում էի ֆիդայու, պարտիզանի, ընդհատակյա գործչի: Երբ լսում էի, որ ինչ-որ տեղ կամուրջ են պայթեցրել կամ էլ հետ խլել նախիրները, որ ադրբեջանցիք քշում էին իրենց կողմ, կրկին ու կրկին համոզվում էի, որ մենք ունենք ոչ միայն քաջ տղաներ, այլեւ նրանց ղեկավարող իսկական առաջնորդներ:
Ընդհատակյա առաջնորդներից առաջինը ճանաչել եմ Սերժ Սարգսյանին՝ այն ժամանակվա Հատուկ կառավարման կոմիտեի նախագահ Արկադի Վոլսկու օգնականին: Նստած էր նրա ընդունարանում, պատասխանելով հեռախոսազանգերին. մի խոսքով՝ թվում էր, զբաղվում է նրանով, ինչով զբաղվում են քարտուղարները: Միայն մի քանի մարդիկ գիտեին, որ նա առաջադրանք էր կատարում, խաղում, այսպես ասած՝ «նորին գերազանցության համհարզի» դերը: Ավելի ուշ, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարի նիստին, նստած լինելով Արկադի Իվանովիչի կողքին, ես հարցրեցի՝ գիտե՞ր արդյոք, որ Սերժ Սարգսյանը արցախյան ընդհատակի ղեկավարներից մեկն էր: Լայն ժպտալով մեզ լավ հայտնի իր խորամանկ ժպիտով, Վոլսկին պատասխանեց. «Այդ մասին գիտեի ոչ միայն ես, այլեւ արտակարգ իրավիճակի շրջանի միմյանց փոխարինած որոշ պարետներ»: «Սաֆոնովը նո՞ւյնպես գիտեր», հարցրեցի ես: «Սաֆոնովը ոչինչ չգիտեր, նա շատ կոպիտ էր աշխատում, եւ դա մեզ դուր չէր գալիս», պատասխանեց Արկադի Իվանովիչը:
«Գործ ունենք գրագիտորեն կազմակերպված ընդհատակի հետ»
1990 թվականի դեկտեմբերին ստեփանակերտցիները պատրաստվում էին ավտոբուսներով ու բեռնատար մեքենաներով ուղեւորվել օդանավակայան, որտեղ պետք է տեղի ունենար բողոքի ցույց: Արտակարգ իրավիճակի շրջանի պարետությունը՝ գնդապետ Վլադիմիր Շեւելյովի գլխավորությամբ, գերազանց հասկանում էր, որ ուժով մարդկանց հնարավոր չէր հետ պահել: Փորձը ցույց էր տվել. ամեն անգամ, երբ նրանք ուժ էին գործադրում, մեկ այլ տեղ անմիջապես պատասխան գործողություն էր կատարվում:
Իսկ այս անգամ Շեւելյովին ծայրաստիճան անհրաժեշտ էր, որ ցույցը տեղի չունենար, քանի որ նա արդեն զեկուցել էր մոսկովյան ղեկավարությանը, թե Արցախում ամեն ինչ հանգիստ է: Եվ ահա հանկարծ՝ արտակարգ դեպք: Մի խոսքով, խաղաքարտին էր դրված սպայի պատիվը: Պարետը խնդրեց օպերատիվ շտաբի պետ Վիկտոր Կրիվոպուսկովին հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ եւ համոզել՝ հրաժարվել այդ օրվա ցույցից: Փաստն ինքնին վկայում էր, որ պարետությունը (նույնիսկ Սաֆոնովի եւ Պոլյանիչկոյի օրոք) չէր կարող հաշվի չնստել ընդհատակի ղեկավարների հետ:
Ահա թե այդ կապակցությամբ ինչ է գրում Կրիվոպուսկովն իր «Խռովահույզ Ղարաբաղ» գրքում, ավելի ճիշտ՝ իր օրագրում 1990 թվականի դեկտեմբերի 13-ին. «Գնդապետ Շեւելյովին հաղորդեք, որ հուսով եմ՝ այսուհետեւ եւս օգտակար կլինենք միմյանց,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:- Ինչ վերաբերում է նրա խնդրանքին, ապա ես պետք է գտնեմ Սերժ Սարգսյանին, առանց որի դժվար է նման հարցերը լուծել օպերատիվ կարգով»:
«Խռովահույզ Ղարաբաղ» գրքի հեղինակը մեկ այլ տեղում մեջբերում է հենց պարետի խոսքը արցախյան ընդհատակի մասին. «Մեզ հարկավոր է հավաքել արիությունն ու անկեղծորեն բնութագրել այն, ինչ կատարվում է: Իսկ դա նշանակում է՝ ազնվորեն խոստովանել, որ գործ ունենք գրագիտորեն կազմակերպված իսկական ընդհատակի հետ՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներով... Ես նորից ու նորից համոզվում եմ, որ այդ ընդհատակի շարժիչները կամ, ինչպես ասում են՝ առանցքային դեմքերն են Ռոբերտը եւ Սերժը, որոնց հետ չի կարելի հաշվի չնստել»:
Կադրում եւ կադրից դուրս
...Վերջին տարիներին մենք շարունակ նշում ենք տարբեր հոբելյաններ: Հիրավի համաժողովրդական տոներ են դարձել Ղարաբաղյան շարժման սկսվելու օրը՝ փետրվարի 20-ը, ազգային բանակի ստեղծման օրը՝ հունվարի 28-ը, հիտլերյան Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի բերկրալից օրը, որը նաեւ Արցախի հինավուրց մայրաքաղաք Շուշիի ազատագրման օրը դարձավ եւ արցախյան բանակի ստեղծման օրը: Եվ ահա մենք մեկը մյուսի հետեւից տոնում ենք ժողովրդի համար սուրբ այս բոլոր տարեդարձերը:
Այսօր՝ 1997 թվականի մայիսի 8-ին, տարիներ անց լրագրողներն ու հատկապես հեռուստալրագրողներն առանձնապես նեղություն չեն կրում փնտրելու պատերազմի հերոսներին, որպեսզի նրանց հետ խոսեն անցյալի եւ ապագայի մասին: Շատ ավելի հեշտ է օգտագործել հին լուսանկարները եւ պատերազմական հեռուստատարեգրության կադրերը: Եվ ամեն տարի հոբելյանական օրերին մենք հեռուստաէկրաններին տեսնում ենք նույն կադրերն ու նույն դեմքերը: Երկու օր շարունակ՝ 1992 թվականի մայիսի 7-ի գիշերվանից մինչեւ մայիսի 9 լրագրողները կատարում էին տեսագրություն, որն ուղղակի մեր աչքի առաջ դարձավ պատմություն, լեգենդ: Բայց կադրերից ոչ մեկում չենք տեսնում Շուշիի գործողության գլխավոր դեմքերից մեկին՝ Արցախի ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանին:
Ապրիլի վերջին եւ մայիսի սկզբին Սերժը համարյա ամեն օր թռչում էր Երեւան՝ Վազգեն Սարգսյանի մոտ, եւ հետ: Այդ օրերին ես գրի եմ առել հուշատետրում. «Այս երիտասարդը լրջորեն մտահոգված է միայն մի բանով՝ մեր նորաստեղծ բանակի մարտունակության հարցով, եւ իր գործն անում է լուռ ու աննկատ: Սակայն ավելի լավ է վկայակոչել Կոմանդոսի խոսքերը. «Հիմա ես թեթեւություն զգացի: Այսօր Սերժը եկավ ուղղաթիռով: Հոգիս ավելի հանգիստ է»: Իսկ Արկադի Տեր-Թադեւոսյանի անաչառությունը ոչ ոք ու երբեք կասկածի տակ չի առել...
Ռազմական գործողությունների թատերաբեմը` ափի մեջ
Սերժի աշխատասենյակը գտնվում էր կուսակցության Ստեփանակերտի նախկին քաղկոմի շենքում: Այստեղ, ոչ մեծ սենյակում տեղավորված էին գլխավոր շտաբն ու կապի ծառայությունը, որոնք համակարգում էին Շուշիի ազատագրման մարտական գործողությունների բոլոր ուղղությունները:
Տարիներ անց ես՝ որպես Ղարաբաղյան շարժմանը եւ Արցախյան պատերազմին նվիրված բազմասերիանոց փաստագրական կինոնկարի («Տասներորդ նահանգ») վարող, այդ աշխատասենյակում խնդրեցի Հայաստանի պաշտպանության նախարարին պատմել, թե այն օրերին ինչպես էր իրականացվում գործողության ղեկավարումը: Հենց այստեղից էր Սերժը Երեւան՝ Վազգեն Սագսյանին զեկուցում բուն գործողության ընթացքի մասին:
Այն ժամանակ մուտքն այս աշխատասենյակ խստիվ արգելված էր: Լրագրողներից ոչ ոք չէր կարող այստեղ մտնել: Ներսում միայն Սերժն էր՝ իր օգնականների հետ: Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ արցախյան տարեգրության կադրերից ոչ մեկում չեք տեսնի նրա չսափրված դեմքը՝ մշտական անքնությունից կարմրած աչքերով: Այդ մարդը, նստած 5-րդ հարկի նեղլիկ սենյակում, զեկույցներ էր ստանում բոլոր ուղղությունների հրամանատարներից, Կոմանդոսից՝ Արկադի Տեր-Թադեւոսյանից: Եվ նա թերեւս միակն էր, որ տեսնում էր մարտական գործողությունների ողջ թատերաբեմն ասես ափի մեջ: Առջեւում էր ամենագլխավոր խնդիրը՝ Լաչինի ազատագրումը, որով բացվելու էր Արցախը մայր հայրենիքին միացնող «կյանքի ճանապարհը»: Իսկ աշխատասենյակի տերը ոչ մի օր չէր թողնում իր պոստը: Երբ Լաչինի ազատագրումից եւ միջանցքի բացումից հետո նա տուն վերադարձավ, երեխաները չճանաչեցին. դեմքին թավ մորուք էր աճել:
Պահեստային մարտիկներ
...Հասկանալով հանդերձ, որ Շուշիի հաղթանակն ավելին էր, քան հաղթանակ, շատերն էին սակայն գիտակցում, որ իսկական տոնը հեռու է: Երեւանում եւ սփյուռքում փառաբանում էին մեր մարտական հաջողությունները, իսկ թշնամին այդ ժամանակ օրեր շարունակ Աղդամից գնդակոծում էր Ստեփանակերտն ու շրջակայքը, ռազմական ինքնաթիռները խաղաղ բնակավայրերի վրա էին նետում 50 կիլոգրամանոց կասետային ռումբեր:
Օգոստոսի կեսին արտակարգ իրավիճակն ստիպեց արտակարգ միջոցներ ձեռնարկել՝ ստեղծել Պաշտպանության պետական կոմիտե, որին տրվեցին խորհրդարանի լիազորություններ եւ գործադիր իշխանության բոլոր իրավունքները: Կոմիտեի նախագահ դարձավ այդ օպերատիվ ռեֆորմի նախաձեռնողը՝ Ռոբերտ Քոչարյանը: Մի քանի օր անց արդեն նշանակված էին կառավարության անդամները: Հենց այդ ժամանակ Ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանը նշանակվեց արդեն ԼՂՀ պաշտպանության նախարար: Նորանշանակ նախարարին առաջինն այցելողը ես էի: Խոնարհված հսկայական քարտեզի վրա, որ ծածկոցի պես փռված էր սեղանին, նա ինչ-որ նշումներ էր անում:
- Ինչի՞ վրա ես աշխատում, - հարցրեցի ես:
- Ուզում եմ լուծել մի խնդիր, որը չլուծել չի կարելի:
Խոստովանեմ, ինձ անասելի զարմացրեց նրա հանգստությունը այդ մղձավանջային իրավիճակում. Արցախն ամեն օր այրվում էր ռումբերի եւ հրթիռների պայթյուններից: Դժվար էր կասեցնել փախստականների եւ հայրենիքից հեռացող մարդկանց հոսքը: Առավոտները, ելնելով նկուղներից ու բլինդաժներից, թաղում էին ոչ միայն մեծահասակների, այլեւ երեխաների, որոնք նախորդ օրը զոհվել էին «գրադի» հարվածից: Պարզվեց, որ տքնելով շտաբային քարտեզի վրա, Սերժը, բացի ամենայնից, հաշվարկում էր, թե Արցախի արեւմտյան սահմանները պաշտպանող մարտիկներից քանիսը կլրացնեն պահեստայինների շարքը, եթե մենք ազատագրենք այդ շրջանները: Դա 1992 թվականի սեպտեմբերն էր: Մինչեւ Քելբաջարի եւ Ղուբաթլուի ազատագրումը դեռ շատ ժամանակ կար:
Հիշողությունը պառակտման թշնամին է
...Տասը տարի անց` իր հոբելյանական զեկուցման մեջ Սերժ Սարգսյանը այն ժամանակների մասին կասի հետեւյալը. «Շատերի նյարդերը չէին դիմանում, շատերն էին հուսահատվում, վհատվում: Շատերն էլ, ինչպես ասում են՝ լվացել էին ձեռքերը: Որոշ քաղաքական ուժեր, ապահովագրելով իրենց, միմյանց մեղադրում էին հարազատ հողը ծախելու մեջ: Կասկածանքի որդը սողոսկել էր նաեւ ջոկատներ: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ղեկավարում էր շարժման առաջնորդներից մեկը՝ Վազգեն Մանուկյանը: Նրան հաջողվեց մեղմել հակամարտությունը հենց մեր ներսում, ընդունել մի շարք կարեւոր որոշումներ, բարելավել բանակի նյութական մատակարարումը՝ կարեւոր ավանդ ներդնելով այդ փուլում պատերազմի ընթացքի մեջ բեկում մտցնելու գործում»:
Վազգենն ինքն էլ խոստովանում էր, որ ամենադժվար պահերն իրենք ապրել են 1992 թվականի աշնանը: Այդ մասին, կարծում եմ, մենք պետք է հիշենք միշտ եւ անենք ամեն ինչ, որպեսզի հիշեն գալիք սերունդները: Եվ Սերժը հաճախ էր հիշում Հայաստանի պաշտպանության մյուս նախարարի՝ անմոռանալի Վազգեն Սարգսյանի խոսքերը, որ «պառակտման թշնամին միայն գործուն հիշողությունն է»:
Բալուջայի խռովությունը
...1-ը մայիսի, 1993 թվական: Արդեն ազատագրված են Քելբաջարը, Ղուբաթլին, Զանգելանը: Բայց Արցախի հյուսիսում եւ արեւելքում դաժան մարտեր են ընթանում: Աղդամը շարունակում է մնալ ահռելի, վերջնականապես սանձազերծ կրակակետ:
Հաթերքի մոտ շրջապատումից դուրս էր եկել ինքնապաշտպանության ուժերի ջոկատներից մեկը: Տանջահար, ցնցոտիավոր, մազակալած դեմքերով մարտիկները հասան մինչեւ Բալուջա գյուղ եւ կանգ առան նույնանուն գետի ափին: Ինչ-որ մեկը եկավ Ստեփանակերտ՝ ինձ փնտրելու եւ հայտնելու, որ «տանջահարների» թվից մի խումբ Բալուջայում խռովություն է բարձրացրել, հիստերիկ գանգատներով բարոյալքում է բնակչությանը: Նրանք պահանջում են, որ պաշտպանության նախարարն անմիջապես այցելի իրենց: Ես գնացի Սերժի մոտ եւ մենք միասին ուղեւորվեցինք «ապստամբների» մոտ: Բալուջա գետի ափին, թթենու պուրակում հավաքվել էին մոտ երկու հարյուր ֆիդայիներ՝ ոմանք սապոգներով, ոմանք ճտքակոշիկներով, ոմանք մաշված արտահագուստով, ոմանք ծովային բուշլատով: Մի մասի ձեռքին «Կալաշնիկով» էր, մյուսների՝ հրացան, երրորդների՝ միափամփուշտ հրացան: Բոլորը միաձայն խոսում էին հագուստի եւ սննդի պակասի մասին, բայց ամեն ինչից երեւում էր, որ ավելի շատ արդարանում էին: Նրանք չէին կարողացել պահել Հաթերքը (թուրքերը հրկիզել էին գյուղը), ընկել էին շրջապատման մեջ եւ մեծ կորուստներ կրել:
Այն ժամանակ ես առաջին անգամ լսեցի Սերժի հրապարակային ելույթը: Խոսում էր ընդգծված հանգստությամբ. իսկույն զգացել էր, որ այդտեղ չէին օգնելու կշտամբանքը, խրատը, բարձրագոչ բառերը: «Այստեղ գալու ճանապարհին ես մտածում էի, որ լինելով պաշտպանության նախարար, շարքի կկանգնեցնեմ հայկական բանակի մարտիկներին եւ կխոսեմ իսկական զորաշարքի հետ: Բայց տեսնելով ձեզ՝ հասկացա, որ մեր երկխոսությունը չի կայանա: Կարող եմ միայն հետեւյալն ասել. ես չեմ սկսի քննարկել այստեղ պատահածը: Ձեզանից յուրաքանչյուրը պարտավոր է վերադառնալ իր զինվորական ստորաբաժանման ենթակայության տակ: Իմ լեզուն չի պտտվում հրամայել ձեզ՝ «շարքի՛»: Քանզի դրա համար անհրաժեշտ է, որ բոլորդ միանման համազգեստով լինեիք, որն ինքնին կազմակերպում ու պարտավորեցնում է զինվորին: Ես ձեզ խոսք եմ տալիս: Այսօր մայիսի 1-ն է, ամսվա սկիզբը: Խոստանում եմ, որ այս ամսվա վերջին մեր բանակն ապահովված կլինի հագուստով ու կոշիկով»:
Երկու օր անց Սերժ Սարգսյանը իր տեղակալ Ա. Աբգարյանի հետ թռավ Մոսկվա: Ամսվա վերջին տեղի ունեցավ 40 տոննանոց «Իլ-76»-ի առաջին չվերթը: Սերժը կատարեց իր խոստումը: Մայիսի 31-ին Արցախի բանակի բազմաթիվ ստորաբաժանումներ արդեն կրում էին նոր զինվորական համազգեստ: Հենց այդ օրերին մեր բանակն սկսեց պատշաճ տեսք ստանալ: Եվ հենց այդ ժամանակ էր, որ Վազգեն Սարգսյանն ասաց, թե մենք արդեն պետք է փոխենք մեր բառապաշարը: Պետք է խոսենք ոչ թե ֆիդայիների մասին, այլ հայկական կանոնավոր բանակի զինվորների:
Ինչ է նշանակում` «հանձնել»
Ամեն անգամ, երբ ես լսում կամ կարդում եմ «հանձնել» բառը, առաջին հերթին մտածում եմ, թե ինչ տարիքի է դա արտասանողը կամ գրողը: Եվ համոզվում եմ, որ խոսքը, որպես կանոն, նրանց մասին է, ովքեր ոչ մի անգամ չեն այցելել պատմական Հայաստանի այդ նույն ազատագրված տարածքներ, որոնք իբր ինչ-որ մեկը պատրաստվում է «ՀԱՆՁՆԵԼ»: Միաժամանակ համոզվում եմ, որ ոչ ոք կարգին չի էլ պատկերացնում «հանձնել» բայի իմաստն ու էությունը գործողության մեջ:
Հաճախ Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի եւ ապա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ անցել ենք մեր ազատագրված հողերով: Դրանք պարզապես ուղեւորություններ չէին: Դա նախարարների իսկական աշխատանք էր, որոնք տեղերում՝ իրենց ենթակաների ուղեկցությամբ, զբաղվում էին գործով: Գործով էի զբաղվում նաեւ ես, համառոտ գրառումներ կատարելով հուշատետրում:
Նախ՝ խոսքը ոչ թե պարզապես տարածքի, այլ հայրենիքի մասնիկի մասին է: Երկրորդ՝ այսօր ազատագրված հայրենիքի այդ մասը անվտանգության փրկիչ գոտի է դարձել երկու կողմերի համար, խաղաղության ծանրակշիռ փաստարկ լինելով տարածաշրջանում: Բայց տվյալ դեպքում ավելի կարեւոր է այն, որ բոլոր նրանք, ովքեր պնդում են ազատագրված շրջանները վերադարձնելու մասին, դժվար թե աչքի ծայրով տեսած լինեն, թե որքան միջոցներ, որքան էներգիա են ծախսված եւ այսօր էլ շարունակում են ծախսվել այդ անվտանգության գոտին ամրացնելու վրա: Վերջիվերջո կարելի է մեքենա նստել ու ճամփա անցնել Արաքսի ափերից մինչեւ Օմարի լեռներ, սեփական աչքերով տեսնելու համար ոչ միայն թանկարժեք ամրությունները, այլեւ նայելու մեր երիտասարդ տղաներին, որոնք ծառայություն են տանում առաջավոր գծում: Մենք չենք կարող չգիտակցել, որ եթե չլինեին այս ծախսերը, այս էներգիան, այս տղաները եւ այս ամրությունները, թշնամին վաղուց արդեն գործողության մեջ դրած կլիներ իր բոլոր մահաբեր կրակակետերը, հրդեհելով Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ բոլոր շրջանները: Այդ թվում նաեւ Գորիսի շրջանի Տեղ գյուղը, որտեղ թաղված են Սերժի նախնիները: Այդ թվում նաեւ Ստեփանակերտը, որտեղ ապրում են նրա հայրն ու մայրը:
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ